0
ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՄԿՐՏԻՉԻ /ծն. 05.05.1910 թ., Ախուրյանի շրջան, գ. Գետք - 11.04.1988 թ., Երևան/: Կուսակցական, կրթական գործիչ: Տնտեսագիտության թեկնածու /1941/, դոցենտ /1943/: 1928 թ. ավարտել է Գյումրիի գյուղատնտեսական տեխնիկումը, 1938 թ.` Մոսկվայի Ն.Գ.Չերնիշևսկու անվան պատմափիլիսոփայական ինստիտուտի փիլիսոփայության բաժինը, 1941 թ.` նույն ինստիտուտի ասպիրանտուրան:1928-1944 թթ-ին աշխատել է Մարալիկ և Փանիկ գյուղերի երիտասարդական դպրոցների վարիչ, Ախուրյանի շրջանի լուսբաժնի տեսուչ, Գյումրիի քաղաքային ժողկրթբաժնի վարիչի տեղակալ, զուգահեռ քաղաքատնտեսություն է դասավանդել Գյումրիի մանկավարժական տեխնիկումում, ՀԿԿ կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, ՀԽՍՀ քաղհրատի տնօրենի պաշտոնակատար, պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ: 1944-1951 թթ-ին եղել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ դիրեկտոր, 1951-1973 թթ-ին` նույն համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ: Հրատարակել է գիտական հոդվածներ և գրքեր /,,Միքայել Նալբանդյանի սոցիալ-տնտեսական հայացքները,, 1955/: Նրա օրոք, 1948 թ-ին, ուսումնական հաստատությունը կոչվել է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունով:
|