0
ԲԱԴՈՒՄՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ ԿԱՐԱՊԵՏԻ /ծն. 19.08.1892 թ., Գավառ, գ.Վարդենիկ - 01.04.1968 թ., Երևան/: Կուսակցական, կրթական գործիչ: 1908 թ-ին ավարտել է Գավառի քաղաքային ուսումնարանը, 1910 թ.` ուսումնարանին կից ուսուցչական սեմինարյան, 1937 թ.` Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը /միաժամանակ ընդհանուր պատմություն է դասավանդել Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտում, Արևելքի ժողովուրդների կոմունիստական համալսարանում, ՀամԿ/բ/Կ կենտկոմի պրոպագանդիստների դասընթացը/: 1922-1933 թթ-ին աշխատել է կուսակցական մարմիններում. եղել է Գավառի կուսշրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ, Երևանի գավառային կոմիտեի հրահանգիչ, ՀԿ/բ/Կ Մեղրու գավառային կոմիտեի քարտուղար, ՀԿԿ կենտկոմի հաշվառման սեկտորի վարիչ: 1937-1938 թթ-ին եղել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1938-1943 թթ-ին` ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի պատմության և հնագիտության ինստիտուտի տնօրեն, ապա` գիտնական-քարտուղար, 1943-1948 թթ-ին` ՀԿԿ կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի սեկտորի վարիչ, դասախոսական խմբի ղեկավար, 1948-1961 թթ-ին` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ: Պարգևատրվել է խորհրդային Լենինի շքանշանով:
|