0
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՄԱՆՈՒԿԻ /ծն. 08.03.1924 թ., Երևան - 16.01.1996 թ., Երևան/: Կուսակցական, կրթական գործիչ: Պատմական գիտությունների դոկտոր /1972/, պրոֆեսոր /1973/: 1940 թ-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1948 թ-ին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՄՊՀ պատմության ֆակուլտետը, 1951 թ-ին` նույն համալսարանի ասպիրանտուրան: 1954 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել դոցենտի կոչում /1970/: 1942-1945 թթ-ին մասնակցել է խորհրդային Հայրենական մեծ պատերազմին:1948-1962 թթ-ին կոմերիտական-կուսակցական աշխատանք է կատարել, եղել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՄՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Լենինյան կուսշրջկոմի 2-րդ քարտուղար, ՀԿԿ Երևանի Կիրովյան, ՀԿԿ Արտաշատի կուսշրջկոմների առաջին քարտուղար: 1962-1965 թթ-ին եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, 1965-1975 թթ-ին` նույն նախարարության նախարարի առաջին տեղակալ, 1975-1979 թթ-ին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՄՊՀ ռեկտոր, 1979-1980 թթ-ին` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Մշտապես դասավանդել է Երևանի ԲՈՒՀ-երում, հատկապես` Խաչատուր Աբովյանի անվան ՀՄՊՀ-ում: Հրատարակել է ,,Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմությունից,, /Ե., 1961/, ,,Զեյթունի պատմությունը,, /Ե., 1969/, ,,Սասունի պատմությունը,, /Ե., 1985/ աշխատությունները: Պարգևատրվել է խորհրդային Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով:
|