0
ՇԱՎԱՐՇՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՄԵՍՐՈՊԻ /ծն. 14.05.1884 թ., Գավառ - 11.09.1960 թ., Երևան/: Մանկավարժ: Պրոֆեսոր /1936/, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ /1954/: Տարրական կրթություն ստացել է Իգդիրում: 1898 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1906 թ-ին` Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1914 թ-ին` Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժության բաժինը: 1906-1910 թթ-ին եղել է Եկատերինոդարի /ներկայումս` Կրասնոդար/ հայկական ծխական դպրոցի ուսուցիչ, 1914-1918 թթ-ին` Էջմիածնի Գևորգյան ճեմարանի մանկավարժության և հոգեբանության դասատու, 1918-1920 թթ-ին` Երևանի տարրական դպրոցների տեսուչ: 1921-1934 թթ-ին դասավանդել է ԵՊՀ-ում: 1922-1925 թթ-ին եղել է մանկավարժական ինստիտուտի առաջին դիրեկտորը: 1934-1960 թթ-ին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: 1934-1940 թթ-ին եղել է դասախոս, 1940-1960 թթ-ին` մանկավարժության ամբիոնի վարիչ, միաժամանակ` 1943-1948 թթ-ին` ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն: Հրատարակել է 300 գիտական հոդված, ինչպես նաև` ,,Ղ.Աղայանը որպես մանկավարժ,, /Ե., 1941/, ,,Իսահակ Հարությունյանը որպես մանկավարժ,, /Ե., 1953/ աշխատությունները: Կազմել է ,,Հայ մանկավարժներ,, երկհատոր ժողովածուն /հ.1, Ե., 1958, հ.2, Ե., 1961/: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
|