Հուշերս ողջ-ողջ պիտ հիմա թաղեմ...
Հուշերս մեղք են, մանուկ անպաշտպան:
Բայց թե մանուկ են,
Հապա ինչպե՞ս են այս հասուն ցավով
Սիրտս բզկտում...
Թե մեղք են նրանք,
Հապա ի՞նչ եմ ես,
Մեղսագո՞րծ միայն,
Որ խավար ժամին
Ինքս վառվելով՝ լույս եմ ճառագել
Քո ճանապարհին:
Մի կտոր ջերմ լույս...
Որ չի շողացել՝ լուսավորել է,
Չի փայլել, սակայն մեղմ ջերմացրել է...
Եվ, որ չի մարել,
Որ չի մարելու...
...Եվ աչքերիս մեջ լցվում է
Դատարկ անորոշություն...
Անորոշ մի ձեռք,
Անորոշ ինչ-որ բութ մի գործիքով
Հոգիս է խազում...
Բութ մի ցավ կա լոկ,
Որից գուցեև չեն ճչում, ճիշտ է,
Այլ հառաչում են...
Ինչպես որ հիմա հառաչում եմ ես...
Ու ինձ դնում եմ
Այս նեղլիկ, տձև կաղապարի մեջ,
Որից դուրս գալը մի քայլ է գուցե,
Շատ փոքր մի քայլ,
Քայլ, որ թռիչք էլ կարող է դառնալ...
Թռիչք՝ առանց քեզ...
Եվ այս անիծյալ մտքի սարսափից
Հոգիս է ցնցվում...
Գրողը տանի...
Երանի՝ կյանքը այսպես չզգայի...