Այցելուների համար - Մանկավարժ.do.am
Հինգշաբթի, 18.12.2014, 14:24
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 10208
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » FAQ [ Добавить вопрос ]

ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ (348 - 439)


4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ է: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել է իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:

Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ: ***

զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր
յԵրուսաղէմ` նոր եկեղեցի սուրբ,
Յաղթական երգով բարեբանեմք`
Օրհնեալ եկեալ անուամբ Տերառն:

Որ վասն մերոյ փրկութեան`
յԱւանակի նստիլ յանձն առեր
Ընդ մանկունսն բարեբանեմք
Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն:

Թագաւոր երկնաւոր,
զԵկեղեցի Քո անշարժ պահեա
Եւ զերկրպագուս անուանդ Քում
Պահեա ի խաղաղություն:

***

Թագաւոր գոլով քո յաշխարհ,
Մտեր ի քաղաքն Երուսաղէմ.
Նստեալ ի վերայ հողեղէն նոր յաւանակի,
Կոչել զհեթանոսս յերկրպագութիւն:

Ծերքն ոստովք ձիթենեօք,
Եւ տղայք ոստովք արմաւենեօք
Եւ երամ-երամ դասուքն աղաղակէին`
Ովսաննա, օրհնեալ եկեալ ի յանունն Տեառն:

Ցնծացաւ սուրբ Սիօվն,
Բերկրեցան սուրբ եկեղեցիք.
Եւ խնդութեամբ բազմաւ` ելին ընդ առաջ,
Օրհնէին զգալուստ քո, Փրկիչ, յաշխարհ:

***

Յորժամ եկն Յիսուս
Երուսաղէմ ի քաղաքն,
Ընդ առաջ ելին ծերքն`
Ոստովք ձիթենեօք
Եւ զաստուածորդին փառաւորէին:

Ի լեռնէ Ձիթենեաց`
Տարածանէին մանկունքն զհանդերձս իւրեանց.
Եւ ոստս ի ծառոց
Բերեալ մատուցանէին
Աստուածորդւոյն` սուրբ թագաւորին:

Ոստովք և տերևեալ ձիթենեօք
Եբրայեցւոց մանկունքն որհնէին`
ՈՒրախ լեր, Երուսաղէմ քաղաք,
Եւ ցնծա, Սիօվն,
Մայր եկեղեցի:

***

Ի յարութեան յաւուր գալստեան փրկչին,
Տարածանէին մանկունքն զհանդերձս
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:

Ոստս ի ծառոց բերեալ մատուցանէին
Աստուածորդւոյն առ ճանապարհաւն.
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:

Ի ծերոց բղխեալ օրհնութիւն
Եւ ի տղայոց` փառաբանութիւն.
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:

***

Այսօր գալով ի Բեթանիայ,
Քո ամենազօր հրամանաւդ
Ձայնեցեր Ղազարու,
Եւ դողացաւ մահ,
Դժողք պարտեցաւ,
Ապականութիւն լուծաւ,
ԿԵնդանարա՛ր Քրիստոս,
Կեցո՛ ըզմեզ:

Այսօր գալով ի Բեթանիայ,
Զքո զաշխարհակեցոյց
Սուրբ զյարութիւնդ
Յառաջագոյն ծանուցեր`
Անապականբար կոչմամբ
Զչորեքօրեայն ի թաղմանէ,
Կենդանարա՛ր Քրիստոս,
Կեցո՛ ըզմեզ:

Այսօր գալով ի Բեթանիայ,
Եբրայեցւոց մանկունքն
Սքանչացեալ ասէին`
ԸզՄարիամու զեղբայրըն
Ի թաղմանէ յարուցեալ`
Որդւոյն Մարիամու.
Կենդանարա՛ր Քրիստոս,
Կեցո՛ ըզմեզ:

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (361- 440)


Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենի ստեղծողն է, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը: Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.: Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի՝ Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում՝ տիրապետելով հունարենին, վրացերենին, ասորերենին և պարսկերենին: Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։
Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները. 1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն
3. հայությունը փրկել ձուլումից
4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։ Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել էր հատուկ ժողով։ Մոտ 404 - ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398—408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Ստեղծվում է հայերենի հնչյունական համակարգը՝ ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորոմ է օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416—429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։
Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը՝ դպրոցներ հիմնելով Հայաստանի թե՛ արևելյան և թե՛ բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր՝ Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում:
Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:
Մաշտոց նշանակում է սրբազան, սուրբ, ծիսական, աղոթագիրք:
Հայերեն տառերով առաջին նախադասությունը գրեց Մեսրոպ Մաշտոցը՝ «Ճանաչել իմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստություն ու խրատ, իմանալ հանճարի խոսքերը»): Շարականներ


Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս: ***

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր: ***

Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ,
Մեղայ, ողորմեա: ***

Ընդ առաւօտս կանխեցից՝
Յանդիման լինել քեզ,
Թագաւոր իմ և աստուած իմ:

Ընդ առաւօտս լուիցես
Ձայնի իմում, տէր.
Թագաւոր իմ և աստուած իմ:

Ես զքեզ աղաչեմ, տէր,
Նայեա յաղօթս իմ,
Թագաւոր իմ և աստուած իմ: ***

Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան,
Որ ողբալով կարդամ առ քեզ,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Հեղ յիս զգթութիւնդ քո,
Բազմումողորմ եւ մարդասէր.
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

***
Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Արեգակն արդարութեան,
Ծագեա ի հոգիս մեր
Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛:

Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն
Եւ փրկեա ի նեղչաց մերոց,
Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛: ***

Ի նեղութեան իմում օգնեա՛ ինձ, տէ՛ր,
Որպէս երբեմն Յովնանու, եւ ողորմեա՛:

Ի յանցանաց իմոց մաքրեա՛ զիս, տէ՛ր,
Որպէս երբեմն զմաքսաւորն, եւ ողորմեա՛:

Ի նենգաւոր շրթանց փրկեա՛ զիս, տէ՛ր,
Եւ յարենէ ապրեցո եւ ողորմեա՛: ***
Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն
Յապականացու կենցաղըս ծախեցի,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի՛չ,
Խնայեա" ի մեղուցեալ ծառայս:

Ըզցանգ հոգւոյ իմոյ քակտեցի
Եւ եղէ անբարունակ որթ,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի՛չ,
Խնայեա՛ ի մեղուցեալ ծառայս:

Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի
Պըտղակորոյս` որպէս ձիթենի,
Այլ առ անյիշաչար եւ անոխակալ փըրկի՛չ,
Խնայեա՛ ի մեղուցեալ ծառայս:

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ


Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի ծնվել է XV դ. վերջի կամ XVI դ. սկիզին, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592 թվականին, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը։ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից էր: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: Նա համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը: ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ - եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:
2.
Քանի դու ինձի էիր,
նայ կանաչ ու ցօղն ի վրայ.
Երբ դու որ յիսնէն ելար,
ձիւն երեկ` եղեմն ի վըրայ.
Թէ այլվ´ի ի յի´ս դառնաս
ու կենաս խելացդ ի վըրայ.
Երթամ, բարկ արե´ւ լինամ,
գամ, կանգնիմ կամարիդ վըրայ:
Լոյս ծագեմ ի քո վըրայ,
որ սաստի´կ ձիւնըն վերայ:
3.
Ուր էիր, ուսկի՞ց եկար,
քան զամէն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ւ´ի հոգիս մըտար,
չես ի տար պահիկ մի դադար.
Սըրտիս մէջն ի ժուռ եկար,
ւ´ելնելու ճարա´կ չի գըտար.
Զարկիր ի գըլխուս վերայ,
ւ´աչերուս ի վար թափեցար:
4.
Այս աստընվորիս վերայ
երկու բան ողորմ ու լալի.
Մէկ` որ սիրոյ տէ´ր լինի,
Մէկ` որ գա´յ ըրողն ու տանի:
Մեռածըն գէմ չէ´ լալի,
որ ունի զիւր խոցն ալանի.
Եկէ´ք, զողորմուկս տեսէք,
ոչ մեռած է, ոչ կենդանի
5.
Աչերդ է ծովէն առած,
եւ ուներդ է ի թուխ ամպէն.
Այդ քո պատկերքդ սուրաթըդ
ի վարդին կարմիր տերեւէն.
Ուր որ դու կանգնած լինիս,
չէ պատեհ վառեն մոմեղէն.
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,
գէմ ելնէ մեռելն ի հողէն:
6.
Սո´ւտ է, որ կ´ասեն, եղբա´րք,
թ´ընտանի կաքաւ չի լինի.
Մէկիկ մ´ես երէկ տեսայ, -
ւ´երնեկ է զիր տէրն որ ունի.
Իր օնքն էր ղալամով քաշած,
ւ´իր բերանըն շաքարով ի լի.
Զմեռելն այլ ի գիրկն առնու,
ի ծոցուն հանէ կենդանի:
7.
Լուսի´ն, պարծենաս, ասես.
Լուս կու տամ ես աստընվորիս:
Ահա´ հողեղէն լուսին
ի գըրկիս´ւ երեսն երեսիս.
Թէ չես աւատալ այս գերուս,
յե´տ տանեմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լուս պակա´ս տաս աստընվորիս:
8.
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ,
յո´ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
Թէ զյաւիտենից պատճառն
եմ ուսել, ես երթամ, ասեմ,
Զաղէկըն այլ գիրկս առնեմ,
ւ´աստուծոյ երթամ, ցըցընեմ,
- Զաղէկըն դո´ւ ստեղծեցիր,
ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ:
9.
Լուսինն ի սարէն փըրթաւ,
ի´նքն ու իւր աստըղըն ի հիտրաց.
Զաղուորն ի գիրկըս առի,
պագ առի երկուքս ի հիտրաց.
Ըստեղծողն իր բերնովն ասաց.
Մի´ թողուր զատ եարդ ի ձեռաց.
Հընցկուն պէլըման աղուոր
չե´մ ստեղծեր երկուքն ի հիտրաց:
10.
Հընցեղ եմ ի քո սիրուդ,
որ տըղեկըն ծիծ չէ կերել.
Մարիկըն վաղուց մեռել,
ու տըղեկն որբուկ մընացել:
Ջուր տուր իմ ծարաւ լերդիս,
քո սիրուդ ի տապն եմ ընկել.
Խօսէ´, որ առնում իխրար,
ես յետի նէֆէսս եմ եկել:
11.
Ես ան հաւերուն էի,
որ գետինըն կուտ չուտէի.
Թըռչ´ի երկընօքն երթ´ի,
թէ սիրոյ ակնատ չընկնէի.
Ակնատն ի ծովուն միջին`
էր լարած ‘ւ ես չգիտէի.
Ամէն հաւ ոտօքն ընկնէր,
ես ոտօքս ու թեւս աւելի:
12.
Ա´յ, գընա´, չի պիտիս դուն ինձ,
լուկ պեզա´ր իմ սիրտս ի քենէ.
Զերայ խոցեցիր դուն զիս,
լուկ վերցաւ սիրտըս ի քենէ.
Թէ գան ու զքեզ ջուր ասեն,
կամ ջըրին ճարակն ի քենէ´,-
Տարեկ մի ծառուած կենամ,
չի խըմե´մ կաթիկ մ´ի քենէ:
13.
Երբ որ ես պըզտիկ էի,
կանչեին ինձ ոսկի տըղայ.
Մեծցա, սիրու տէր եղայ,
երեսիս գոյնըն կու գընայ.
- Մանկտի~ք, ձեր արեւն ասեմ,
որ սիրուն` քարըն չի դիմնայ.
Սիրուն` քար ւ’երկաթ պիտի,
պողպատէ դըռնակն ի վերայ:
14.
Այդ քո ստեղծողիդ համար,
երբ քայլես, զուներդ մի´ շարժեր.
Այդ քո աչերուդ խընճերն`
շատ մարդու աիւն է խըմեր.
Խօշ եա´ր, արեւուդ համար,
որբուկ եմ, զիս մի´ լացըներ.
Տըղայ եմ, չեմ ի կենար,
զիս ի քո կրակըդ մի´ ձըգեր:
15.
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
16
Հանցգուն եմ ի քո սիրուդ,
զինչ ամպերըն կ’առնեն շառափ.
Զայդ երկիրն ամէն գիտէ,
սիրօյ տէր եմ հետ քեզ խարապ.
Այս իմ նենգաւոր աչերս
չի կենար մէկ պահ մի պարապ.
Կուլայ, զօրն ըզքե´զ կ’ուզէ,
չի´առներ այլ մարդու տօլապ:
17.
Կօզա´լ, մի´ հագնիր կապուտ,
մի´խաղար ու տար թեւերուդ.
Մի´ գար ւ’ի դըռնովն անցիր,
մի´ ճօճար, կօզա´լ, արեւո~ւդ.
քո հարն ալ շատ վարձկ արեր,
շատ կարմունճ կապեր գետերուն.
Դուն ալ մէկ վարձկունք մ´արա,
պագ մը տուր դընչիդ մօտերուն:
18.
Կարմի´ր ճերմակ երես,
ա~մ քանի՞ դու զիս պիտ էրես.
Քանի որ մէջիս նըստիս,
ուներովդ հետ ինձ զըրուցես.
Կոճկեկդ այլ արձակ այնես,
ու ճերմա´կ ծոցըդ ցըցընես.
Կու վախեմ` թողուս, ելլես,
ու ծոցէդ մահրում մընամ ես:
19.
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ,
տէր չունիմ, որ գայ զիս ձենէ.
Ո´չ ունիմ համբերութիւն,
որ լըռեմ սահաթ մի քենէ.
Հանցեղ եմ ի քո սիրուդ,
զինչ ամառ ծաղիկն ի ջըրէ.
Խեղճըն ի յերկինք ի վեր
պաղատէր թք կաթ մի կաթէր:
20.
Իմ սիրտս ի քո վառ սիրուդ`
զէտ աշնան ղազէլ կու դողայ.
Արտսունք ի յերեսս ի վէր`
զէտ գարնան անձրեւ կու ցօղայ.
Հոգիս ի յիսնէ ելաւ,
մէկ մի քո ծոցոյդ ճար արա.
Ծոցիկս է ծոցիդ սովոր,
այլ ընդ ո՞ր երթայ, մեկ ասա´:
21.
Պաղչայ մի տընկեր եմ ես,
թ’ի՞նչ աղէկ մորճեր կայի ի ներս.
Սընուցի ւ’ի հասք բերի,
խըլեցին զայն, ու կուլամ ես.
Զէտ մանկակորուստ կաքաւ`
ի լեռներեն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ` ակնա´տ ունիս,
բեր լարէ´, գամ ընկնիմ ի ներս:
22.
Երթա´մ, չի կենա´մ ի հոս,
ուր երթամ, հոն ա´լ չի կենամ.
Երթամ քանց Հոռոմն ի վար,
վըտարի´մ, այլ իսկի չի գամ.
Թէ գան զիմ տեղըն ասեն,
նայ, հեռու եմ, ա´յլ հեռանամ.
Թէ գան ու զքո տեղն ասեն,
նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ:
23.
Ե´ւ, ե´կ դու ի քո տանէն,
զինչ ելնէ արեւն ի մօրէն,
Ծագէ լոյս ի քո ծոցէդ,
զինչ գարնան կայծակն ի յամխէն.
Շատ երէց ու աբեղայ
իջուցեր քո սէրն ի բեմէն.
զիս այլ սիրու տէր արիր,
ու հանիր իմ հօրն ի տանէն:
24.
Դեղնել եմ խընկիդ նըման,
գունատել եմ զէտ ըզզաֆրան.
Չի գիտեմ` քո սէ՞րդ արել.
թէ՞ եկել է օրս ի մահուան:
Ասցին, թէ դու դեղ ունիս,
տուր ինձի, որ կենդանամ.
Թէ չէ` կու մեռնիմ, գընամ,
գան ասեն քեզ մարդասպան:
25.
իտես, որ դուն պարծեցար,
թէ` «Ճերմա´կ ծոցըս քեզ ծառայ»,
Յետև փոշման եղար.
խըրատն ո՞վ երետ` մեկ ասա:
Ինձ խիփն ու ղուսայ կու գայ`
քո ծոցուդ ա´յլ մարդ տիրանայ,
Պագնէ զիմ պագած տեղիքն,
լուկ դընէ զերեսն ի վերայ:
26.
Թուխ աչք եւ ունքեր ունիս,
լայն ճակատ ու կարմիր երես.
Այդ ճերմակդ որ դուն ունիս,
ըզշամամ ծըծերդ որ ի ներս,
Մեռնիս, այլ անդին երթաս,
զայդ ճերմակ ծոցիկդ ի՞նչ անես,
Զամէնըն որդե´րն ուտեն, -
դու է՞ր զիս մահրում կու պահես:
27.
Ելայ, ես ի քեզ եկի,
քեզ յիսնէ կարօտ գիտէի.
ալըս քեզ դիժար թըվաց,-
ես ի յիմ միտքս անդիճեցի:
Մի´ լար, մի´ տըրտում կենար.
մի´ հաշվիլ զօրըս քեզ տարի.
Ան ոտքն որ ի հոս իբեր,
նա կարէ, որ ա´յլվայ տանի:
28.
Քնաի~ ու քանի~ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»:
29.
Բանիկ մի ղալատ արի,
որ զօձո´ւն ձագըն սիրեցի.
Խիստ վըստահութիւն արի,
որ օձուն դո´րըն գընացի.
Ձագուն մայրն ի դուրս երեկ,
զիս խայթեց, և նըստայ լացի:
Արժա´ն եմ ես այս լացիս,-
ո՞վ եղեր օձուն սիրելի:
30.
Զաշխարհս ես ի ժուռ եկի,
ա´յ հոգեկ, որ այլ չի մընաց.
Ասցի, թէ գըտնում հանց եար,
ա´յ հոգեկ, որ այլ չէ սիրած:
Եկի հանց եարի մ’առի,
որ սիրած է’վ այլւ’ի թողած.
Զի՞նչ շահ է իմ շատ դատիլս,
երբ այլոց ի ծոց ես պառկած:
31.
Այ իմ մարգարտէ շարոց,
որ յոտից մատանց հուր ու բոց.
Կըրակն ըզքո մարն երէ,
որ տարաւ, երետ զքեզ այլոց.
Դատ ու դատաստան պիտէր
ի Հռոմանց տունըն ւ"ի Հայոց,
Երթի, դատաստան կանգնի,
չըթողի զքեզ այլ մարդու ծոց
32.
Ով որ ճերմակ ծոց ունի,
թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու,
ով տեսնու` սըրտիկն արունի.
Երթամ աղաչեմ զաստուած,
լեղակին հունտըն հատանի.
Ո"չ նա այլ կապոյտ հագնի,
ո"չ մանկան սիրտըն արունի 33.
Մահաօղքս ի վար կուգ´ի,
նայ տեսայ մոմեր դատըւած.
Ի յան մոմերուն տակըն
սիրոյ տէր մանուկ մ´էր պառկած:
Մոմն ալ գէմ հայրէն ասաց`
ողորմած, ու սրտէն իլաց.
«Սէրւն` կւտրիճըն ունէր,
կըրակն ի´մ գըլուխն է վառած»:
34.
Հավասար ի ճօշքն են առել,
ւ´ի ոտանց կամին զիս ուտել.
Ալ ղալատ բան չեմ արել,
իմ սըրտօվս ի եար եմ սիրել.
Թէ շատ, թէ ի քիչ ջանամ,
զինչ հախն իմ ճակատս է գըրել.
Զայս մէկս ալ կամիմ սիրել,
թէ հաւասար ի ճօշք են առել:
35.
Արե´կ, որ տամ քեզ խըրատ,
լօք առնում խըրատ ի քենէ,
Թոս թէ սիրու տէր եղաք,
ի՞նչ կ´ուզեն այս խալխս ի մենէ,
Յորտեղ որ կանգնած տեսնուն,
մատնացուց կ´անեն թէ` նա է.
Ասես թէ մարդ ենք սպանել,
կասեն թէ` արե´կ վըճարէ:
36.
Դեմ առաւօտուն լուսուն
ես ի ձեր երդիքըն եկել.
ըլխակս ալ ի բար դըրել,
լօք մըրափըն զիս է տարել.
Սունն ալ ի գերանն ասել.
«Սիրօյ տէրն երդիքն է եկել»:
Քանի մարըն զիս բերել,
ես փատէ խամազ ռէյ տեսել.
Փատն ալ ի մերին բուսել,
Խամզութիւն ո՞ւստից է ուսել:
37.
Սըրտիկս է մալուլ եղեր,
զիր ամէն մըլքեր կու ծախէ.
Խօշեար, ա~մ, յառաջ կացիր,
կամ գընէ´, կամ մապահաթէ.
Ըզգին ալ աւլով կըտրէ,
որ ամէն ոչինչ չի գընէ.
Հարցի´ր, թանկ´ւ աժան արա,
ամէն ապլեհ չի գայ, գընէ:
38.
Տեսայ իմ հոգուս հոգին,
որ կ´երթար հետ մէկի մըն ալ.
Ձեռկունքն ի վերան ձգել
ու գանգատ կ´անէր մեկի մ´ալ.
Սւրտիկս ալ ի յիս ասաց,
թէ` «Անոր թարկըն պիտի տալ.
Ան սէրն որ ճորով լինի,
հետ անոր խաղալն է մահալ»:
39.
Մահալովդ ի վար կուգ´ի,
ճուկ ու մուկ հազար սոխախով.
Լուկ եարաս ալ ի դէմ ելաւ,
ու բարեւ երետ շօհրաթով.
Բըռնեցի ու պինդ պագի
զիր երեսըն խիստ կարօտով.
Կ´երթար ու կ´ասէր լալով,
թէ` «Ի~նչ խաղք եղանք ցորեկով»:
40.
Խօշ եա´ր, դու հերի´ք արա.
քու սիրուդ հոգիս կու քակի.
Արեկ յայլ աշխարհ երթանք, -
այս աշխարհ մեզի չըպիտի.
Երթանք, յայն աշխարհ կենանք,
որ անվախ կենանք ալանի.
Քանի՞ տեղս ահով կենանք
ու դողանք, թէ ի´նչ կու լինի:
41.
Դաւի´թ մարգարէ, իմ յո´յս,
շատ մեղկունք ունիմ, թէ թողո՞ւս.
Եարուկ մի սիրեր եմ ես
պարապար հետ երկու լուսոյս,
Հընցկուն աղւորիկ եարուկ
թէ ի խուցըդ գայ, նա´յ թողուս.
Ցորեկըն սաղմոս ասես,
լօք գիշերն ի ծոցիկդ առնուս:
42.
Գիշերրս ես ի դուրս ելայ,
քիչ մի լուրջ ու քիչ մի գինօվ.
Իմ եարըն ինձ դէմ դիպաւ`
ծոցն ի լի կարմիր խընծորով.
Ձեռըս տարայ, ձա´յն տըւի.
նա կանչեց. «Տարա~ւ ճըղներով»:
- Մանկտի´ք, ձեր արեւն ասեմ,
կամ չառի ես իրմէն ճորով:
43.
Երէկ ցորեկով բարով
տանէին մէկ եար մի ճորով.
Ըզնա ճորով է տարած,
կամ խաբած է զինք դըրամով:
Սէրըն որ դրամով լինի,
զինք էրել պիտի կըրակով.
Սէրըն խընծորով պիտի,
ու դրամ-դրամ շէքերով:
44.
Իմ եա´ր, քեզ վատ չեմ ասեր,
դու հիմի է՞ր ես խըռովեր.
Ղամա´զ կայ ի մեր մէջըս,
քեզ ղալատ է հասկացուցեր.
Ղամազն է ի օձ նըման,
որ զԱդամ է ղալտեցուցեր.
Խաբեր, դըրախտէն հաներ,
ի լուսո´ւն է մերկացուցեր:
45.
Վաղվենէն ի դուրս ելայ,
արեգակն աչացս ի դիմաց.
Աղւորն ալ ի դեմս ելաւ,
զէտ հազար լուսին բոլորած.
Ասի, թէ` «Սիրե´մ ըզքեզ»:
Լուք պըռկունքն ալ ի դէմս իխած.
- Սիրես նայ, սիրէ´ դու մէն,
մի´ աներ այլ մարդու իմաց:
46.
Տեսայ իմ հոգուս հոգին
զարդարած ու բաղնէլուայ.
Ես ալ ի դէմիկն ելայ, -
նեղ սոխա~խ ու խիստ ղալապայ.
Պէչան ալ ի վեր տարաւ,
ուներովն արաւ, թէ` «ընա´»:
ընա ու գիշե´րն արի,
որ ամէն դժարս դուրանայ.
Քեզի գիրկ ու ծոց անեմ.
պագ հազար, մինչ որ լուսանայ:
47.
Աղուո´ր, քեզ բան մի կ’ասեմ,
հօրդ ահուն չեմ իշխեր ասել.
Անոր համար չեմ ասեր,
դուք հարուստ եք, ու մենք տառպել,
- Ասա´, կըտրի´ճ, մի´ վախեր.
շատ հարուստ է տառպելացել.
Անչափ հարըստի դըստրիկ
տառպելին ծոցիկն է օթեր:
48.
Զայդ պագդ որ ի քո բերնէն
դու տըւիր քո սըրտի կամով,
Հանցեղ անուշիկ պըտուղ`
ո´չ ցամաք երկիր կէր’ւ ո´չ ծով.
Նըման էր ի այն պըտղոյն
որ Ադամ կերաւ խաբանօք,
Կերաւ` ի դրախտէն ելաւ,
ես` ի քո ծոցոյն կարօտով:
49.
Գիշերս ես ի քուն էի
յիմ հալալ տեղացն ի վերայ.
Լուսին ալ կամար կապեր
յիմ ճոհար անձկանն ի վերայ.
Իմ եարն յերազիս եկաւ,
ի սիրուն զէտ հարբած եղայ.
Յանկարծ ի քընուս ելայ, -
լուսինկա~յ, ու խիստ կու ցոլայ:
50.
Ժամիկ մ’աչերուդ ի զատ
երբ կացի, նայ զիս մոռացար.
Ասիր դուն ի քո մըտիդ
թէ` գընա´ց, այլ իսկի չի գար:
էմ անդէնըն չի գնացի,
որ չլինայ ինձ դառնալու ճար.
Հազար եար փոխան կու տան,
չե´մ առնուր ու զքեզ չեմ ի տար:
51.
Իմ եա´ր, դու յերկիկն ի քուն,
ծոցըդ լո´յս կու տա աստղերուն,
Կամ ա´ռ զիս ի ծօցդ ի քուն,
կամ տէսթո´ւր տուր երթամ ի տուն.
- Ո´չ կ’առնում ի ծոցս ի քուն,
ո´չ տէսթուր տամ` երթաս ի տուն.
Հանցեղ երերուն պահեմ,
մինչ որ գայ լոյսն առաւօտուն:
52.
Ձեր տունն ի բանէ եկի,
զքեզ տեսայ, բանըս մոռացայ,
Ոտկունքս ոչ ի յետ կերթայ,
ո´չ յառաջ, սերկերտան եղայ.
Ես քեզի հազա´ր ծառայ,
ի՞նչ արիր, որ հընցկուն եղայ.
Շատոց սիրոյ տէր էի,
ի~նչ դիժար եղաւ այս տարպայ:
53.
Գիշե´ր, դուն յերկան կեցիր,
տարեկ մի եղիր, թէ կարես,-
Իմ եարն ինձ հիւր եկեր,
զետ հազար տարու, թէ գիտես.
Առաւօ´տ, դու յետ կեցիր,
որ ըզմեր խաղըն ռաւիրես.
Գաս, ըզլոյսն ի վրայ բերես
ու զիս իմ եարէս բաժանես:
54.
Ահա´ նշանեցաւ երկինք
ու գետինք` վանց լուսանալու.
Իմ եարն ի ծոցուս ելաւ,
լօք եդիր երես գընալու.
Ձիռկունքս ալ առաջ տարայ`
բըռնելու, վանց արգելելու.
Զերդումն ալ ի բերանն էառ.
«Գընալու եմ, չեմ կենալու:
55.
Այս ժողովական գիշերն ի բուն`
ես երկու շրջան մանեցի.
Խօշեարս այլ ի միտս ընկաւ,
թէզ մ’ելայ, զջահրաս վերուցի.
Փարչիկ մ’այլ գինի առի,
խօշեարիս դուռըն գնացի,
- Խօշեար, ա~մ, ըզդո´ւռըն բաց,
ձիւն եկեր, ոտվիս կու մըսի:
56.
Քո ծոցդ է ճերմակ տաճար,
քո ծըծերդ է կանթեղ կի վառ.
Երթամ ես, ժամկոչ ըլլամ,
գամ, լինիմ տաճարիդ լուսարար:
- Գընա, ծօ տըղա´յ տղմար,
չի վայլես տաճարիս լուսարար.
Երթաս դուն խաղո´վ լինաս,
ու թողուս տաճարս ի խաւար:
57.
Հոգե´կ, թէ տայիր տէսթուր,
որ զծոցիկդ ի յե´տ բանայի.
Զծոցիկդ պաղչայ անէի,
տէսթուրով ի ներս մըտնէի.
Երդուի, երդում տայի,
այն տէսթուրից դո´ւրս չըգայի.
Այն ի՞նչ անհաւաատ ըրող,
զիս ի քո ծոցուդ գայ, տանի:
58.
Թուխ աչք ու թուխ ունք ունիս,
թուխ մազեր, կուլակդ ի հոգիս.
Շալլայ կարճկըտուր լինիս,
թէ չի գաս գիշերս ի մօտ յիս.
Թէ դու գաս գիշերս ի մօտ յիս,
Գնայ դընեմ զերեսդ երեսիս.
Երեսդ երեսիս դընեմ,
որ դըպնու քո շունչդ ի հոգիս:
59.
Մըտիկ իմ եարին արէք,
զինչ հագեր` ամէնն է կանաչ,
Հագեր գոյնըզգոյն կապայ,
կոճակ ու օղակն է կանաչ.
առեր ու պաղչան մըտեր,
ջուր կ’երթայ, եզերն է կանաչ.
Մըտիկ ծառերուն արէք,
ծառն ծաղկեր, տերեւն է կանաչ:
60.
Նաղաշ մ’ըզղէլէմն առեր,
լուք զսուրաթն ի թուղթն է գըրեր.
Զէտ որ ի յուներն ելեր,
նայ ինկեր նաղաշն ու թուլցեր.
Մէկ մ’ըզնաղաշին նաղշածն
է տեսեր ու հէյրան եղեր.
Ես զիմ աստուծոյ ստեղծածն
ես սիրել, ‘ւի ճօշքն են առեր:
61.
Առին զիմ եարին սուրաթըն,
տարան Չին-Մէչին արմաղան.
Տարան եւ ի ժուռ ածին,
սուրաթին նըման չըգըտան.
Հինգ հարիւր ու վեց հազար
նաշխարարն ի մէկտեղ եկան.
Մէկըն չըկարա´ց գըրել
զիմ եարին սուրաթն ի նըման:
62.
Քանի մարըն զիս բերեր,
քահանի չեմ խոստովաներ.
Ուրեղ քահանայ տեսեր,
նայ ծըռեր ճամփուս ու ելեր.
Ուրտեղ մէկ աղւոր տեսել`
գիրկ ու ծոց ւ’ի դէմ գընացեր.
Ծոցիկն եմ ժամտուն արել,
ծըծերուն եմ խոստովաներ:
63.
Քո գունովըն գինի´ պիտէր,
խըմէի ու հարբենայի.
Քո ծոցդ Ադամայ դըրախտ,
մըտնէի, խընծո´ր քաղէի.
Քու երկու ծըծամիջին
խառկէի ու քուն լինէի.
Ան ժամն ես հոգի պարտ’ի
Գրողին, լուկ թող գայ, տանի:
64.
Սիրեմ զայդ սիրուն երեսըդ,
որ լուսին ի մոտն է գերի.
Պագնեմ զայդ բարկուկ պըռկունքդ,
որ շաքարն ի մոտն է լեղի.
Թուխ աչք ու կամար ունքերդ
քան ըզծով կու զարնէ ալի.
Բերնիկդ է շիշ նըման,
որ վարդին ջըրովն է ի լի:
65.
Մահալօքս ի վար կուգ’ի,
նայ տեսայ դըռնակ մ’ալ ի բաց,
Մըտայ ու բարեւ տըվի,
նայ տեսայ իմ եարն ալ ի հաց.
Կըթխակ մի գինով լըցած`
իմ եարին առջեւն է դըրած.
- Իմ եա´ր, խըմէ´ իմ դիաց,
որ ելնէ հոգիս քո դիմաց:
66.
Մահալօքս ի վար կուգ’ի,
նայ տեսայ լաթեր լըւացած.
Ի յայն լաթերուն միջին
լըւացած շապիկ մ’էր փըռած/
Իր կուրծքն էր ղալէմ քաշած.
ու թեզնիքն էր մատնեհարած.
Ատոր տէրն ի յի´ս պիտէր,
զիս հազա´ր դեկան` դա գընած:
67.
Ճերմակ ծո´ց ու լա´յն ճուպայ,
ի ծոցիկդ ի վա´յր սահեցայ.
Այդ խակ թեւերուդ միջին`
գի´րկ ածի, պահիկ մ’արգելցայ.
Թեռկունքս այլ ի վեր կալայ.
«Տէ´ր, արա զմահիկըս հոսայ.
Զմահիկս ու մատղի´կս արա
աղեկան կըրծո´ցն ի վերայ»:
68.
Ասես թէ եաղութն ես դու
կամ զըմրութ կամ ամբարինայ.
Թափած է ի քո վերայ
վարդեջուր հազար փիլայ.
- Հոգի´, թէ զայդ ինձ ասիր,
նա ճերմակ ծոցըս քեզ ծառայ.
Զկոճիկս այլ արձա´կ անեմ,
մուտ ի մէջըն յէշրաթ արա:
69.
Ասես թէ կըտրած ես դու
ի ճերմակ որթոյդ խաղողէն.
Վանց ըզքո մահպուպ սուրաթդ
ի վարդին սուլթան տերեւէն.
Ես ըզքեզ սիրել կամիմ,
թող ճօշան զիս երկիրս ամէն.
Ի’ի ծոցըդ մըտնուլ կամիմ,
թէ հազար թուրք ես ւ’անօրէն:
70.
Հա~յ իմ փոքրիկ շամամ,
քո ծոցուդ ա´մ ե՞րբ տիրամամ,
Քո ծոցդ է ի ծով նըման,
ծովըն դեղ կ’ասեն ի ջերման.
Փոքրիկ մըտերմիկ լինամ,
ու մըտնում ի ծոցդ ու լողամ.
Ծովուդ ալ ի դուրս ելնում,
ուներո´դ շուքըն քընանամ:
71.
Բազայ մի որդան փոկով`
կու որսար զորսըն ցորեկով.
Կաքաւ մի հազար փետրով`
էր նըստել աչոիին ճոթերով.
Կաքաւն ի զժբազան ասաց.
«Մի´ որսար զորսըն ցորելով/
Ես չը´մ ցորեկուան որսիկ,
զիս որսա` մութըն գիշերով»:
72.
Աչերըդ դու հանց ունիս,
աջն էրէ´, ձախըն խորովէ.
Ունքերըդ դու հանց ունիս,
որ Շիրազն ի հիմնէ քակեէ.
Հալապ ու Դըմըխ քաղաքք
ով որ ըզքո ձայնըդ լըսէ.
Տըւել զարեւուն ըզթարկըն,
հասրաթով ըզքեզ կու տէսնէ:
73.
Աչերդ է ի ծով նըման,
որ ի Մըսրայ դուռն է կանգներ.
Վարսերդ ի յալի նըման,
որ քամին կ’անէ տարուբեր.
Քան զուռ ես ի վեր վազեր,
քան զկարմիր խընծոր բոլորեր.
Պայծառ ես քան ըզքաֆուր վա´րդ,
որ հոտով զաշխարհս է լըցեր: 74.
Հա~յ եար, հա~յ եար,
Էպրըշում խալի ձըգիմ
ոսկիթել տօշակի վըրայ.
Բարձիկ մը սուֆրա դընիմ,
տապակած կաքաւ մի վըրայ.
Շուշայ մի գինի բերեմ,
ան խըմիմ քու սիրուն վըրայ.
Հագնիմ ի շարէ շապիկս,
որ շարէ ծիծերս երըւայ:
75.
Ամուր եմ քարիդ նըման,
որ մըրճիկն ի յիս չի բանի.
Բարձր եմ թուխ ամպիդ նըման,
որ ոչով ի յիս չի հասնի.
Աղեղն եղեւնի լինի,
ու լարն ի վերայ գալենի,
Քաշօղն քաջորդի լինի,
հապա թէ իմ սիրուն հասնի:
76.
Վարի վարճինակդ եմ ես,
արգելէ, ո´ մարդ, թէ կարես.
Թըռչիմ, ա´յլ երամ խառնիմ,
գաս ի հետ կանչել, թէ կարես.
Ոսկի խաֆէս այլ շինես.
զիս ի ներս դընել չըկարես.
Զերկիր բարեխօս բերես,
զիս ի տուն տանել չըկարես:
77.
Այս առաւօտուս լուսուն`
գայր ջըրին ձայնիկն զըղզըղուն.
Այն իմ պէօֆայ եարին`
ձայնն անուշ էր, քան զամենուն.
Բարակ սիրոյ տէր մարդիկ`
ինքն ու իր եարը մէն ի քուն.
Պա~գ տան ու պագ առնուն,
պագ պահեն մէկալ գիշերուն:
78.
Խօ´շ եարիկ, կարե՞ս գիտել
դու զիմ գալըս քեզ գիշերով.
Եկի, զքեզ ի քու գըտայ,
պագ առի հազար համարով.
Չըգիտեմ` ի քուն էիր,
թե՞ տըւիր դու սըրտի կամով.
կամ խիղճ ի մըտիդ բերիր,
թէ մանուկ մ’եկեր գիշերով:
79.
Իմ եա´ր, թէ ի վեր հայիմ,
թէ ի վայր, քան ըզքեզ չըկա.
Ամէնն աստեղաց նըման,
դուն ի մէջ պայծառ լուսընկա.
Կաղանդըն շնորհաւոր կ’ասեն,
ի տարին մէկ օր մի կու գայ.
Այսօր ինձ հազա´ր կաղանդ
աչերուս, որ ըզքեզ տեսա:
80.
Աղուո´ր, զքեզ աստուած ստեղծել,
մարդ օրհնած. որ զքէզ բերել է.
Ո´չ լուսին ի քեզ նըման,
ո´չ արեւ, որ դեռ կու ծագէ.
Զուհալ աստղ ի քեզ նըման,
որ ամէն առաւօտ կ’ելնէ,
Կ’երթայ ի Հոռոմք ի վար,
լուսըն մութն ի հօն բաժանէ:
81.
Իմ բարձրագընա´ց լուսին,
շատ բարե´ւ տար իմ կիւզելին:
-Զբարեւդ ես ի ո՞ւր տանեմ,
չեմ գիտեր ըզտունն կիւզելին:
- ընա ի վերայ թաղին,
բարձըր պատ ու ծառն ի միջին.
Նըստեր ի ծառ շըքին,
կը խըմէ իր լուրջ ապիկին,
Խըմէ ու հայրէն կ’ասե.
թ’ «Ի´նչ անուշ է սէրն ու գինին»:
82.
Իմ բարձրագընա´յ լուսին,
յո՞ւր երթաս գիշերըդ անհուն.
Շատ յերդիք ի վար հայիս,
կու տեսնես շատ կիւզել ի քուն.
Զկոճկիկն ալ յարձակս արեր,
լոյս դիպեր ի մէջ ծըծերուն.
Շառաւիղ յերկինս տուէր,
խաւարեր լո´յսըն աստղերուն:
83.
Ես տըղայ ու դուն տըղայ,
սիրուելուն ատենն է հիմայ.
Միջկունքդ աղեղան նըման,
քանի ես քաշեմ, նայ կու գա´յ.
Քու ծիծդ է խաղող նըման
ու տառեր կըրծոցդ ի վերայ.
Քու ծոցդ առաւօտ նըման,
քանի յետ բանամ, նայ լուսանայ:
84.
Ես շար շապիկ լինէի,
‘ւի անձինդ վերայ կանգնէի.
Ոսկով ւ’ ապըրշում կոճկեկ,
որ շըլնիդ ի գիրկ ածէի.
Կամ ջուր կամ նըռան գինի,
որ ի քո կըթղադ կենայի.
Առն’իր, բերանըդ դընէիր,
ցածնայի, զդունչըդ պագնէի:
85.
Եղէգն ի շամբին միջին
կու ճօճայ, այն քո´ւ անձըն է.
Քու մէջքդ է բարակ ւ’երկան,
եւ պօյկդ է սալւի րովան.
Զուր անմահութեան կ’ասեն,
այն ի քօ´ ծոցըն կու բըխէ.
Երնէկ ես անո´ր կու տամ,
որ դընէ զբերանն ու խըմէ:
86.
Հա´յ մեր մահալի մորճուկ,
մեր աղբիւրն ի ջուրն ես եկեր,
Լուսինն ի ծօցէդ ի վայր`
աղբըրին ի յակն է ցաթեր.
Երնէկ ես անո´ր կու տամ,
որ գիշերն ի ծոցդ է պառկեր.
ըրկիկ կուռ միջացդ ածեր,
ու զբերնիդ բոլորն է պագեր:
87.
Զիմ եարն ի գընալ տեսայ,
կանչեցի` Պագիկն ի քանի՞:
Դարձաւ ու ճուղապ ետուր,
թէ` «Քանի~ քո չարն ու քանի.
Պագն որ դըրամով լինի,
չեմ իտար, թ’աշխարհ աւերի.
Թէ ինձ մուրատով կ’ուզես,
եկո պա´գ` հաւասդ անցանի»:
88.
Եկո´ քեզի նուռ մի տամ,
կըտրէ, տես քանի՞ հատ ունի.
Ամեն հատի պագ մի տուր
աւելին հարա´մ թէ պիտի.
- ընա, ծօ տըղա´յ տըխմար,
ես ըզքեզ խելօք գիտէի.
Ամէն հատի պա՞գ մի տամ,
ո՞ւր եղեր կամ ո՞ւր տի լինի:
89.
Եկին ու խապար բերին,
թէ` «Ելեր քո եարն ու կու գայ»:
Եկէ´ք, մեք ի դէմ երթանք,
որ նորա սիրտըն չի մընայ.
Պագնեմք զիր կարմիր երեսն,
որ աշխարհս չէ ի գին նորա.
Առնումք ի ոտուց փոշուն,
ու քաշեմք աչուիս թութիա:
90.
Խալտեցայ, խալատ մ’արի,
ան գէշէն պագիկ մ’ուզեցի.
Ան գէշն ալ ի նազ ելաւ,
«Չե´մ ի տար, անունս աւըրի’:
Աղուոր մի ներսէն ի դուրս.
«Ի՞նչ միննէթ կ’ընես ատ գիշուն.
Պագիկն աղուորէ´ն ուզէ,
որ գիտէ խաթրը կըտրիճուն»:
91.
Եկին ու խապար բերին,
թէ քո եարն եղեր հաբեղա.
Փուշ արմացքըն զիս պատեց,
թէ նա ո՞նց եղաւ հաբեղա.
Բերնիկն էր շաքրի սովոր,
աճապ ո՞նց կերաւ նա բակլայ.
Անձիկն էր շապկի սովոր,
աճապ ո՞նց հագաւ նա վալայ:
92.
Լուսիկ բոլըրեր ւ’եկեր,
- Ես ի քու խարիպդ ի նըման:
- Խըպնէ´ ւ’ամչնէ լուսի´կ.
ո՞ր տեղդ իմ խարիպս նըման:
Խարիպըս թուխ աչք ուներ,
թուխ յուներ ու շուշան բերան.
Շըրթունք շուրթեղէն ունէր,
սըռմա թել պեխերն ի վըրան:
93.
Ես շէֆթալուի մորճ մ’էի,
ապառաժ քարը բուսնէի.
Եկին, քաշեցին, տարին,
զիս այլոց այգին տընկեցին,
Շէքրէն ալ շէրպէթ արին,
ու բերին ինձի ջըրեցին.
Եկէք, զիս տեղըս տարէք
ու ձընան ջըրով ջըրեցեք:
94.
Գիտեմ` շատ հայրէն գիտես,
լուկ ընտրե´ մէկիկ մի , ասա.
Ասա´ այս ամսուս վերայ,
այս խալխիս, զինչ որ հիմիկ կայ.
Խօսքըն մանէո´վ ասա,
մի´ ասեր մարդուս քու ճուպայ.
գիտես, որ ղարիպ եմ ես,
ղարիպին սիրտըն չի մընա:
95.
Մարիկն անիծեց զորդին.
«Իմ որդի, դուն ղարիպանաս,
Երթաս ի յօտար երկիր,
զղարիպին ղատրըն գիտենաս.
Ըզքարըն սընարք առնես,
ի վերայ աւզին քընանաս.
Վաղվենէ ի վեր ելնես,
քան զաստուած այլ ճար չունենաս»:
96.
Ով օտարին վատ ասէ,
ինքն այլ ղարիպ լինենայ.
Երթա ի յօտար երկիր`
զղարիպին ղատրըն գիտենայ.
Ղարիպն ի յօտար երկիր`
թէ ոսկի թաթաւ գա նորա,
Ի իւր սիրելեացն ի զատ
այն ոսկին մոխի´ր չարժենայ:
97.
Զաշխարհս այլ ի յափ առի
հայեցայ քան ըզհայելի.
Դարձայ ւ’այլ ի վայր դըրի,
չըգըտայ սըրտով սիրելի.
Հետ այս ժամանակի մարդոյն
աղ ու հաց ուտել չի պիտի.
Այնչափ կու ճօշան ըզմարդն,
որ սուտն այլ իրաւ կու լինի:
98.
Հոգիս ի մարմնոյս ելաւ,
նա նըստա առջևն ու լացի.
«Ա´յ հոգի, դու ո՞ւր կ’երթաս,
երբ քեզնո´վ եմ ես կենդանի’»:
Հոգիս ալ մարմնոյս ասաց.
«Ես ըզքեզ խիկար կու գիտ’ի.
Երբ տունն ի քակել առնու,
տէրըն ներսն այլ ի՞նչ բան ունի»:
99.
Մարդըս որ շատ անդէճ լինի,
յաշխարհիս հոգսըն կու մաշի.
Շաքա´րն իւր լեղի թըւի
եւ լեղին իւրան խըմելի.
Պաղ ջուրն իւր կըրակ թըւի
‘ւի ահէն քան զմոմ կու հալի.
Դիւր կեանքըն դիժար թըւի
‘ւի դիժարն իսկի չիհանգչի:
100.
Յաւուրն ի հազար պահուն,
տէ´ր, փըրկէ ի մարդոյ շառէն.
Մարդոյ շառն այնչափ չար է,
որ գազան յիրմէն կու փախէ.
Զառիւծն ի զէնճիլ դըրած,-
գազանաց գըլխաւորն է.-
Արծիւն ի հաւան ելեր
ու մարդուն ահէն կու վախէ:
101.
Խելօքին հարցուկ եցան,
թէ զպատճառն ո՞վ իսկի գիտէ.
Աստուած է՞ր հոգին ստեղծել
‘ւի հողէ մարմին կապել է:
- Կարծեմ վասն այնոր արար,
թէ ի վեր քարշել զնա կարէ.
Կամ զհոգին ի մէջ մարմնոյն
քան զխալաս ոսկի նա զուգէ:

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102 - 1173)


Միջնադարյան հայ բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս: Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի: Ծնվել է Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում: Ներսես Շնորհալին Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է,Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը: Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, երգեր, հանելուկներ` հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա): Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու զարթոնքը: 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ: Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը` լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել: Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Ողբ Եդեսիոյ» (1145-46)` հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ` բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ Վախճանվել է 1173 թ. օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
* * * Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում: (Արև) * * * Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում: (Կատու) * * * Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում: (Ցորեն) * * * Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի: (Կրիա) * * * Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած: (Գիրք) * * * Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի: (Մեղու) * * * Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ: (Մորեխ) * * * Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս: (Լուսին) * * * Տեսա իմ հոգու հոգին
Հողում թաղվեց, մահացավ,
Շատ չարչարվեց ու կրկին
Ծիլ արձակեց, բարձրացավ, Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ: (Ցորեն) * * * Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր: (Լուսին) * * * Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ: (Հովազ) * * * Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն: (Մեղու) * * * Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ: (Գետ) * * * Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին: (Գարուն) * * * Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն: (Դուռ) * * * Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն: (Ձուկ) * * * Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին: (Մրջյուն) * * * Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն: (Սագ) * * * Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան: (Երկինք) * * * Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն: (Նամակ) * * * Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում: (Արև) * * * Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր: (Միտք) * * * Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին: (Խնոցի) * * * Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս: (Սանր)

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (410 - 488)


Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, Տարոն գավառի Խորնի գյուղում: Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից: 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան ուրիշ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու» որտեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, դիցաբանություն, պատմություն: Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին, լինում են Հռոմում, ապա մեկնում են Աթենք և ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ. փետրվաից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»: Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր: Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան: Մովսես Խորենացու գրչին վերագրվում են մի շարք աստվածաբանական աշխատություններ: Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհույն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խերոնացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ: Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը: Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ: Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործությանը, որը V դ. հայ եկեղեցական գրականության ամենանշանակալի երկերից է: Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»): Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները: Պատմագրի անունով մեզ են հասել փիլ-դավանաբանակն մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ: Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը: Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումը: Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը: Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից է համարվում «Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթութիւնների) ժողովածու է: Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների՝): Գրքի ողջ բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով: Դրսևորել է Ս.Գրքի խոր իմացություն, ստեղծագործական մոտեցում, վարպետություն, երևակայություն:
Մովսես Խորենացուն են վերագրվում նաև Դիոնիսիոս Թրակացու քերականության մեկնությունը՝ «Մովսիսի Քերթողահօր մեկնութիւն քերականի» խորագրով, քերականական բովանդակություն ունեցող մի քանի փոքր գրվածքներ, «Աշխարհացոյց»-ի (1881) բնագիրը և այլն: Մինչև ծերություն տևականորեն զբաղվել է թարգմանչական աշխատանքով. ի թիվս այլ գործերի նրան է վերագրվում և Ալեքսանդր Մակեդոնացու պատմության թարգմանությունը: Խորենացին հայ բազմադարյան գրականության եզակի մեծություններից է, հետնորդների կողմից ըստ արժանվույն մեծարված Քերթողահայր և Պատմահայր պատվանուններով: Նրա տաղանդն ու մտքի ուժն իրենց արտահայտությունն են գտել մատենագրության տարբեր բնագավառներում: Սիւն լուսոյ և ամպ հովանի, սուրբ կոյս,
Որ ցօղեցեր ի մեզ ցզօղն երկնային,
զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս:
Անկէզ մորենի և սրովբէ հողեղէն, սուրբ կոյս,
Քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ,
զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս:
Անիծից լուծիչ և քաւիչ մեղաց, սուրբ կոյս,
Որ զանտանելին էից ի գիրկս քո բարձեր,
զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս:

***

Խորհուրդ մեծ և սքանչելի,
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ ( ~1120 - 1213)


Մխիթար Գոշը 12-րդ դարի նշանավոր կրոնական գործիչ է: Եղել է գիտնական, իրավագետ և առակագիր։ Ծնվել է Գանձակում: Երկար տարիներ ապրել է իր հիմնադրած Նոր Գետիկ վանքում, որն իր անունով հետագայում կոչվել է Գոշավանք։ Գոշավանքը գտնվում է Իջևանի շրջակայքի Գոշ գյուղում։

Մխիթար Գոշը ավելի քան տաս աշխատությունների հեղինակ է, որոնցից նշանավոր են նրա «Առակները» , հրատարակված 1790 թվակակնին:

Առակների թեմաները սոցիալական են, որը այն ժամանակ նորույթ էր: Առակներում հեղինակը գովերգում է բարին, աշխատանքը և դիմակազերծում է արատները:

Գոշը նշանավոր է նաև իր «Դատաստանագրքով», որն առաջին ամբողջական օրենսգիրքն էր Հայաստանում:

«Դատաստանագիրքը» կազմվել է 1184 թվականին: Գլխավորապես հայկական սովորական իրավունքի հիման վրա, ինչպես նաև բյուզանդական օրենսգրքի, հայ եկեղեցական կանոնների և հասարակական օրենքների հիման վրա:

«Դատաստանագիրքը» գրված է գրաբարով: Այն բաղկացած է ներածություից և 2 մասից՝ եկեղեցական կանոններ և հասարակական օրենքներ: Տարբերվում է սեղմությամբ: Հստակ սիստեմավորում չկա. տեսական դատողությունները զուգորդվում են հեղինակի առաջարկներով, իրավունքի նորմերով և նրանց բացատրություններով:

«Դատաստանագիրքը» ուղղված էր ֆեոդալական հարաբերությունները պաշտպանելուն, բայց այնտեղ կա նաև մի շարք բարոյական խորհուրդներ ֆեոդալների բռնակալության սահմանափակման մասին:

Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» պարտադիր օրենքի ուժ առաջին անգամ ստացավ XIII դարում, Կիլիկյան Հայաստանում: XVI դարում այն ճանաչեց լեհական թագավոր Սիգիզմունդ I-ը Լվովի, Կամենեցի և ուրիշ քաղաքների հայ թագավորների համար:

XVIII դարում «Դատաստանագիրքը» ավելացվեց Վախթանգի օրենքների ժողովածուին (IX, 723 – 4), որի կազմում գործում էր նաև, երբ Վրաստանը միացավ Ռուսաստանին:


ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)




Վարդան Այգեկցին միջնադարյան հայ առակագիր։

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Սիրիայում, որոշ ժամանակ ապրել է Այգեկ գյուղում ( Կիլիկիա), որի շնորհիվ էլ ստացել է իր անունը: Եղել է հոգևորական։

Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։

Այգեկցու հետնորդները նույնիսկ մինչև 17 դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և կատակներ: Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ: Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ «Աղվեսագիրք» ընդհանուր անվան տակ: Այն հրատարակվել է 1668 թվականին Ամստերդամում:

Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ


Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ական թ.թ. տեղափոխվում է Էջմիածնի վանքը, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում է որպես քահանա:
Մխիթարի շուրջ հավաքվում են մի խումբ հայ երիտասարդներ, և որոշում են միաբանություն հիմնել: Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը: Խաչատուր վարդապետը մերժում է նրա առաջարկը` այն համարելով անիրագործելի և իր ուժերից վեր: Մխիթար Սեբաստացին քաշվում է Կարմիր վանք, ուր ստանձնում է դպիրների կրթության գործը: 1699 թ. Մխիթարը Կարմիր վանքի առաջնորդ Մարգար եպիսկոպոսից ստանում է վարդապետի աստիճան: Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը` այդուամենայնիվ պահպանելով իր ազգային առանձնահատկությունները: Իր կրթական և գիտական ծրագրերն իրականացնելու համար Մխիթարը հարկադրված մեկնում է Արևմտյան Եվրոպա:
1700 թ. սեպտեմեբրի 8-ին` Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Կ. Պոլսում Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը: Շուտով իրավիճակը փոխվում է. Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները ծայրաստիճան լարվում են` հասնելով արյունալի բախումների, և Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը Հռոմի կաթոլիկ եկեղեցու 4 հայ ազդեցիկ համակիրներին` Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն ձերբակալելու համար: Մխիթարը հարկադրված է լինում փախուստի դիմել: Նա նախ թաքնվում է Գալաթայի հիսուսյան հայրերի մոտ, ապա` Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Օսմանյան հետապնդումներից խուսափելու համար Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել վենետիկյան իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի: Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա: Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը` վարդապետ: Հետապնդումների հետևանքնով Մխիթարը իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունասատանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք:
1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որը մշակում է Միաբանության Կանոնադրության նախագիծը` հիմնված Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված Սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից և այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից: Ժողովից հետո Մխիթարը, իր աշակերտներ հայր Եղիային և հայր Հովհաննեսին հանձնելով Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները և մշակված կանոնադրության նախագիծը, ուղարկում է նրանց Կղեմես XI-ի մոտ: 1705 թ. սեպտեմբերի սկզբներին նրանք հասնում են Հռոմ, ուր ընդունելություն են գտնում սկզբում Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի մոտ, ապա Պապի, որը կրոնական Հավատասփյուռ ժողովին է ուղարկում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը: Սուրբ Անտոնի կանոնների ոչ լիարժեք լինելու պատճառով, կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել Ս. Բարսեղի, Ս. Օգոստինոսի կամ Ս. Բենեդիկտեսի կանոններից մեկը: Մխիթարը ընտրում է Ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը: Առաջ անցնելով նշենք, որ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է Միաբանության Կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոս:
1706 թ. Մխիթարը Մեթոնում Վենետիկյան կառավարության օգնությամբ սկսում է միաբանության եկեղեցու շինարարությունը:
1714 թ. դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին: Մորեային սպառնացող պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին միաբանների մեծ մասի հետ լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ: Մխիթար վարդապետը իր և Միաբանության համար իբրև մշտական հանգրվան ընտրում է Վենետիկը, որտեղ արդեն կար հայկական փոքր գաղթօջախ` բաղկացած առավելապես վաճառականներից:
Վենետիկի ընտրությունը պատահական չէր. նախ Վենետիկում էր թաղված Մարկոս Ավետարանիչը, և դրանով իսկ Վենետիկը հակադրվում էր Պետրոս առաքյալի աթոռին: Բացի այդ` Վենետիկը անկախ հանրապետություն էր և տվյալ ժամանակաշրջանում Եվրոպայի մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկն էր հանդիսանում: Մխիթարը ընտրում է Վենետիկը` նախապատվությունը տալով գիտական ազատ գործունեությունը:
Վենետիկում Մխիթարը ջերմ ընդունելություն է գտնում թե՛ իշխանությունների և թե՛ հայ համայնքի կողմից: Նոր իրավիճակի մասին նա տեղեկացնում է Հավատքի տարածման միաբանությանը: Կարդինալ Սակրիպանտեն պատասխանում է ոգևորիչ խոսքերով և 1716 թ. հունվարի 14-ին Վենետիկի պատրիարքին մի նամակ է ուղարկում, որում խնդրում է փախստականներին օգնություն և պաշտպանություն տալ:
Բայց Մխիթարյան միաբաններն իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին: Մորեայի իշխանները Մխիթարին տալիս են վկայագրեր, որոնք Մխիթարյան միաբանությանն օրինական իրավունք են տալիս Վենետիկում հաստատվելու: Միաբանության համար մշտական նստավայր փնտրելու գործում նա ստանում է նաև Վենետիկի Սենատի աջակցությունը: Սակայն Մխիթարյանների համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության հաստատումը: Այնուամենայնիվ, Մխիթարի խնդրանքը նկատի է առնվում Սենատի կողմից և քննվում է: Վենետիկում հոգևոր նոր միաբանությունների հաստատելն արգելելով` Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել: Մխիթարն իր ուշադրություն ուղղում է Սուրբ Ղազար կղզու վրա, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը: Նա այցելում է կղզի 1716 թ. ամռանը:
Մխիթարի հակառակորդները` հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները, փորձում են ամբաստանել և արգելք հանդիսանալ նրա գործունեությանը, սակայն 1717 թ. օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Ս. Ղազար կղզին, որտեղ Մխիթարը և իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին` Միաբանության հիմնադրման տարեդարձի օրը:
Կղզին գտնվում էր լքված վիճակում: Նա անձամբ է նախագծում շենքերի վերականգնման և նոր շինությունների ծրագիրը և սկսում եկեղեցուց: 1718 թ. ապրիլի վերջին եղած շինությունների նորոգումը հնարավորություն տվեց վանական ողջ համայնքին հավաքվել կղզում, մինչ նոր վանքի կառուցման ծրագիրն աստիճանաբար ձևավորվում էր ըստ Մխիթարի ճարտարապետական նախագծի: Մինչ նրանք առաջ էին տանում աշխատանքները նոր վայրում, Մխիթարի հակառակորդները` մասնավորապես հայ կաթոլիկները մեկ անգամ ևս ամբաստանում են նրա դեմ: Պապը Մխիթարին կանչում է Հռոմ հարցաքննության համար: Անձամբ պատասխանելով հրավերին` Մխիթարն իր տված պատասխաններով շահում է պապի ու կարդինալների վստահությունը և իրավունք ստանում շարունակելու իր գործունեությունը: Այնուհետև Մխիթարը վերադառնում է Ս. Ղազար և սեփական գծագրություններով կարողանում է կառուցել իր ծրագրած մենաստանը, եկեղեցին և օժանդակ շենքերը:
Հակառակ կաթոլիկ եկեղեցու հավանությանը և հայ կաթոլիկ հակառակորդների կողմից Հռոմ հասած զրպարտություններին` Մխիթարը այդ պայմաններում իր հաստատակամության շնորհիվ կարողանում է պահպանել Մխիթարյանների միաբանության զուտ հայկական դիմագիծը:
1723 թ. եկեղեցու վերանորոգումն ավարտելով` Մխիթարը 1724 թ. սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը` սկսելով հյուսիսային թևից, ճահիճները չորացնելով և ավարտում վանական համալիրի շինարարությունը 1740 թ.` գրադարանով և սեղանատնով:
1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահանում և թաղվում է Սուրբ Ղազար կղզու Ավագ Խորանի առջև, իսկ նրա գերեզմանը դառնում է ուխտագնացության վայր:
Այսպիսով, հիմնադրվում և լայն հոգևոր ու գիտական գործունեություն է սկսում ծավալել Վենետիկի Մխիթարյան միաբանությունը:
Մխիթարյան միաբանությունը միշտ էլ վերապահումով է ընդունվել կաթոլիկների կողմից: Կաթոլիկները` ի դեմս Հռոմի Պապերի, միշտ մեղադրել են նրանց ընդգծված հայանպաստ և հայեցի գործունեության համար:
Մխիթարը դեմ է եղել հայ կաթոլիկ համայնքի ձևավորմանը,_թեև նրա կազմավորումից հետո երբեմն աջակցել է նրան: Նա երբեք չի իրականացրել քարոզչական առաքելություն, առավել ևս հովվապետություն, այլ միայն ծավալել է գիտական և կրթական գործունեություն: Նա շարունակել է պահպանել հայ առաքելական եկեղեցու ավանդույթները:
Մխիթար Սեբաստացին և «Մխիթարյան» միաբանությունը անգնահատելի դեր են կատարել Սփյուռքում հայագիտության զարգացման և հայ ինքնության պահպանման պատմական գործընթացներում:

ՐԱՖՖԻ (1835–1888)


ՐԱՖՖԻ (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835, գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան – 25.04.1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահաղացումներին։
50–60-ական թթ. Րաֆֆին արդեն ստեղծել էր բավական հարուստ գրական ժառանգություն։ Նա իր ձեռագիր տետրերում ուներ մի քանի տասնյակ բանաստեղծություններ, պոեմներ («Դժոխքի կապալառուք», 1874, «Արայն պատերազմի դաշտումը», 1874, «Սառա», 1874), «Սալբի» վեպը, «Հարեմ» (1874) վիպակը, ուղեգրություններ և այլն:Լուսավորական աշխարհայեցության այս սահմաններում էլ Րաֆֆին ի հայտ է բերել գրակականության հասարակական նշանակությունը։ Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստ. երկպլան կառուցվածք է տալիս «Հարեմ» և «Սալբի» գործերին՝ մի գծով պատկերելով ֆեոդալական իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։ 60-ական թթ. վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ական թթ. սկզբին Րաֆֆին հաճախակի է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխավոր աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875—1877-ին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877—79-ին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։ 70-ական թթ. Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869—70, հրտ. 1882—83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպերը։ «Կայծեր»–ը XIX դ. հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստ. հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է IV դ. կեսի սոցիալ–քաղական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետ. անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատականը։ Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։ Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երեվակայության, քննադատության մեթոդի, XIX դ. հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։ Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։ Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ
1850
ԶԱՐՄԱՅՐ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՀԸ
Ամպը եկավ ծածկեց սարերն ու ձորեր,
Չէր տեսնվիլ պատերազմի դաշտերը,
Մեգ մառախուղ կիջներ Իդա լեռներեն,
Գիշերային մութը պատեց դիերը:
Հյուսիսային հողմը փչեց սաստկագին,
Հազարամյա կաղնին շարժեց դողացուց,
Ամպի միջեն փայլատակեց փայլակը,
Ակոսի պես պատռեց խավար երկինքը,
Դիակներու հըռնչյունը չէր լսվիր,
Քամին հեռու կտաներ սաստիկ փչելով,
Ամպի գոռալն կդղըրդեր երկիրը,
Մրրիկ, կայծակ խառնակված էր օդումը:
Հեռվանց կու գայր լաց ու սգո ձայները,
Տրոյացվոց և կամ հունաց բանակին,
Ամենեքյան յուրյանց մեռելն կ’պտռեն,
Այն չար օրը շատ կոտորվածք էր եղել:
Ճրագներով, լապտերներով կու պտռեն,
Մարդոց, որդվոց մարմինները կանայքը,
Ոմանք շալկած կը տանեին մեռելը,
Որն որ առաջ կու գտնեին արյան մեջ,
Ով ուներ տեր կու գտնվեր դիակը,
Դագաղներով կը տանեին այրելու,
Մայրը, քույրը, կինը, դուստրը միասին,
Յուր մեռելի կու տան վերջին պատիվը:
Ամպերու մեջ չկան աստղեր, խավար է,
Սև քող պատյալ սգավոր է երկինքը,
Քամին փչեց լապտերներուն` մթնացավ,
Պատերազմի տեղը բռնեց լռություն:
Բայց հեռուեն այն ի՞նչ լույս որ կերևի,
Իդա սարի կողմեն մեկ լույս կը փայլե,
Լույսն անդադար շարժման մեջ է քամիեն,
Այլ կվառվի և չորս կողմը լույս կու տա:
Սարի տակը կու երևի մեկ ճրագ,
Որ լապտերով կախված էր այն կաղնիեն:
Արդյոք ո՞վ կա այն մութ գիշեր այն տեղը,
Երևի որ պտռող չունի, անտեր է:
Կաղնո տակը փռած էր մեկ լայն մորթի,
Կամ առյուծի էր այն, ընձու, կամ վագեր,
Վրեն պառկած էր կարեվեր քաջ զինվոր,
Մահու քրտինք տվել էր բոլոր մարմինը:
Երկու ձեռքով բռնել էր յուր մեկ կողքը,
Կամենում էր յուր արյունը դադարեցնել…
Միտքը բերեց յուր սիրելի Հայաստան:
Հոգվոց հանեց ցաված սրտի խոր տեղեն:
Միտքը բերեց յուր կարոտյալ հայրենին,
Նորոգվեցան յուր խոցերու ցավերը,
Արյունը հորդ բխեց խոր-խոր խոցերեն,
Այլ չմնաց այնուհետև կենաց հույս:
Վեր նայեցավ, տեսավ լուսով լապտերի,
Ծառի ճյուղքեն կախված էր յուր աղեղը,
Կապարճը լի նետյուք ընկած գետինը,
Սուրը մոտն էր, բայց անպիտան` յուր տիրոջ:
Մոտը կանգնած էր միայն յուր երիվայր,
Շուտ-շուտ շնչով խըրխնջալով կը փչեր,
Ոտքով հողը փորփըրելով վեր ու վայր,
Յուր տիրոջը ցավոց կլիներ ցավակից:
Առանց ձայնի, առանց լեզվի, որպես թե
Կասեր տիրոջ հավատարիմ կենդանին.
— Մի՛ պառկիր դու այս մութ, խավար ղաշտումը,
Մի՛ մնար դու այս կաղնու տակ այս գիշեր:
Վե՛ր կաց, հեծիր շուտ իմ վրեն, ի՛մ իշխան,
Ես կը տանեմ քեզ քո երկիր հայրենի,
Ես չորս ոտքըս կը տարածեմ գետինը,
Կը ցածացնեմ մեջքս, որ դու հեշտ նստիս:
Ես բերնովս կը բռնեմ քո թևիցը,
Կը բարձրացնեմ, կը լինիմ քեզ օգնական,
Մի՛ մնար այս օտար, հեռի երկրումը,
Երթա՛նք հասնինք քո հայրենին Հայաստան:
Ա՛խ քաշեց այն սաստիկ խոցված Զարմայրը,
Հուր բոց բխեց խորոց հոգվույն և սրտին:
Վազեց արյուն լայնաբերան խոր խոցեն,
Խավար մահու պատեց աչքին և սրտին:
— Ասաց` արի՛, իմ քաջ ընկեր մտերիմ,
Արի՛, ազնիվ իմ երիվար, իմ նըժույգ,
Ես չեմ կարող մյուս անգամ քեզ հեծնել,
Թամքիդ վերա առաջվա պես այլ նստել:
Ասպանդակիդ այլ չեմ կարող ոտ դնել,
Եվ ոչ ձեռքով սանձդ բռնել մետաքսյա.
Այլ չեմ կարող քեզ հետ շրջիլ սար ու ձոր,
Պիտի մնամ կարոտ կանանչ դաշտերուն:
Քանի՞ անգամ մենք պատերազմ ենք տեսած,
Քեզ հետ մտել, քեզ հետ ողջմամբ դուրս եկած,
Ինձ շատ անգամ ծառայել ես մտերիմ,
Մեկ անգամ ևս կատարյա իմ պաշտոնը,
Մեկ մոտ արի, ա՛ռ իմ հետին ողջույնը,
Սանձդ առնում այդ աներկյուղ քո գլխեն,
Մեկ համբուրեմ արտասվալից աչքերըդ,
Իմ ողջույնս տար հայրենի մեր երկիր:
Գնա՛, դարձի՛ր, շուտով հասիր Հայաստան,
Որուն կարոտ պիտի մընամ այս տեղը
Գընա մեր տուն, Արմավիրին տար համբավ,
Որ չըսպասե յուր իշխանի դառնալույն:
Որդվույս տեսնես, ասա` չունիս այլ դու հայր,
Հայաստանն է այսուհետև քո ծնող,
Ասա` հայոց ձեր նահապետը Զարմայր,
Գետին դրեց յուր երկսայրի սուսերը:
Ասա` հայոց ձեր նահապետ Զարմայրը
Ձեռին չունի ահեղ գեղարդ և վահան,
Ասա` հայոց ձեր նահապետ Զարմայրը,
Այլ չէ կարող հըրաման տալ յուր զորաց:
Ասա` հայոց ձեր նահապետ Զարմայրը,
Չէ առաջնորդ քառսուն հազար բանակի.
Քաջ հայերը ցիրցան եղան դաշտի մեջ,
Ոչ ոք տեսավ յուր իշխանի մեռնելը:
Բայց երբ տեսնես դու նորահարս սևորած,
Որ գրկի մեջ մեկ հատ տղա ունենա,
Որ աչքերեն թափում լինի արտասուք,
Ու դաշտի մեջ պտռում լինի գերեզման,
Ու իմ անունս հիշում լինի անդադար,
Ու երեխին ասում լինի մշտապես,
Թե դու որբ ես ու հայր չունիս աշխարհի,
Այսուհետև քեզ չի ճանչընար Հայաստան.
Այսուհետև դու մի՛ տեսնիր Արմավիր,
Այսուհետև մի՛ հիշիր դու այն օրը,
Որ քեզ իշխան ազգի կոչեց Հայաստան, —
Իմացի՛ր, որ նա իմ կինն է խղճալի:
Մենակ նըրան մի՛ պատմիր դու իմ մահը,
Նա չէ կարող լսել այդ սև համբավը,
Թող չկաթե նորա աչքեն արտասուք,
Թող թաց չանե նա արտասվոք սև հողը:
Նըրան ասա՛, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը օտար երկիր հեռավոր,
Ա՛յլ գեղեցիկ աղջըկան հետ պըսակվեց,
Քեզ մոռացավ, ո՛չ հիշեց քո անունը:
Ասա՛ նըրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը Իդա սարի տակումը,
Նըշանածին առավ գիրկը պառկեցավ,
Աչքը խըփեց, քաղցր քնով քնեցավ:
Ասա՛ նըրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը փեսայի պես պառկեցավ,
Հարսանիքն էր Իդա լերին հովտաց մեջ,
Հարսնարանը դիակներով զարդարած,
Առագաստն էր երկնից կապույտ կամարը,
Ճրագները` հրեղեն փայլակ և կայծակ,
Անկողինն էր սառն ու խավար գեջ հողը,
Նվագարան` ամպոց ահեղ գոռալը:
Մատանին էր լայնաբերան գեղարդը,
Հարսնացուն էր անհաղթելին Աքիլլես,
Փեսավերն էր հին բարեկամ Մեմնոնը,
Եվ հարսնաքույր` Պանթազեղե Ամազոն:
Իմ զարդարանք եղավ կարմիր արյունը,
Ողջագուրանք` դիոց մահու հըռընչյուն,
Նշանվեցա սուր սլաքոք նետերու,
Պսակվեցա պողովատիկ սուսերով:
1851
ՇԻՆԱԿԱՆԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՐԳԸ
Ա՛յ մարդ, այսօր շուտ քընեցար, ննջեցիր,
Առավոտյան հով ժամանակն անցուցիր.
Արեգակը ծովի ծայրեն ծագեցավ,
Ջերմությունը ձորն ու դաշտը փըռվեցավ:
Ընկերներդ վաղ արտերը գնացին,
Ցորեն, գարին գերանդիով հընձեցին,
Խուրձ կապեցին, բարդ բարդեցին դաշտումը,
Նըստան հանգչիլ կաղնիների հովումը:
Ա՛յ մարդ, վե՛ր կաց, սառը ջրով լվացվի՛ր,
Գոտիդ կապե, գերանդիդ ա՛ռ, դաշտ հասի՛ր,
Քանի հով է` հունձըդ արա արտումըդ,
Հունձըդ հընձե, մի՛ ծուլանար գործումըդ:
Խուրձըդ կապե, բարդըդ բարդե, տուն արի,
Հանգստացիր, երբ քո հունձըդ կատարի.
Բե՛ր գերանդիդ, կախե՛ պատեն քո տանը,
Ես իրիկվան կը պատրաստեմ սեղանը:
Ա՛ մարդ, հերիք ինչ որ այսօր քնեցար,
Աչքըդ մեկ բա՛ց, տես թե ո՛րչափ ուշացար,
Մեր դրացին վաղ անցկացավ կամուրջեն,
Վաղ լըռել է մեր գզիրը ձայնելեն:
Ի՞նչ ես պառկել, ի՞նչ ես քնել, սիրական,
Արեգական շողը հասավ մեր դըրան,
Մի՛ ծուլանար ժամանակդ խնայե՛,
Այն պիտի մեզ բոլոր ձմեռը կերակրե:
ՇԻՆԱԿԱՆԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԳԸ
Մարդըս եկավ, եկավ դաշտից` դաշտիցը,
Կանաչ դաշտից, դալար դաշտից տուն եկավ,
Տուն եկավ ու դուռը դըրեց` նըստեցավ,
Շալկին խուրձ էր, խուրձ` ցորենի արտիցը:
— Խուրձըդ վե՛ր դիր, թո՛ղ բաց անեմ թոկերը,
Մեջքեդ առնում այդ սուր, այդ սուր գերանդին,
Սուր այդ, սուր այդ գերանդիով հնձել ես,
Հընձել ես ու խուրձ կապել ես ցորենը:
Ա՛խ, ճակատըդ թաց է եղել քրտինքով,
Թո՛ղ ճակատըդ, թող որ սըրբեմ իմ ձեռով.
Իմ ձեռովըս գոտիդ բացեմ` խուրձըդ առնում իմ ձեռով,
Խուրձըդ առնում` ծանըր բեռըդ շալակեդ:
Սառը ջըրով ձեռըդ լըվա՛, ոտքըդ լվա, երեսըդ,
Ձեռքիդ, ոտքիդ ես ջուր կածեմ, երբ լվանաս երեսըդ.
Սըրբե՛ ձեռքով քո երեսեդ քըրտինքըդ.
Գլուխդ լվա` սառը ջըրով, ձեռքըդ, ոտքըդ, երեսըդ:
Ես քեզ համար հաց թխեցի, սիպտակ, փափուկ գարեհաց,
Ես քեզ համար պատրաստել եմ կաթն ու կարագ ու պանիր,
Գառան մըսեն շամփրի վըրա խորոված,
Կասկարայով գառան միսը տապակած:
Կուժը լիքը կարմիր գինին դըրած է,
Իմ ձեռագործ կըտավ սուփրան փըռած է.
Ձեռըդ լվա՛. հանգստացի՛ր իմ սիրակա՛ն ամուսին
Լուսնյակը երևում է երկնքումը փայլելով,
Պատուհանեն լույս է ձգել սուփրի վըրա շողալով,
Երևում է հացն ու կաթը, պանիրը,
Երևում է կարմիր գինվո սափորը.
Մեկ ես, մեկ դու, մեկ պահապան հրեշտակը,
Ուտենք, խմենք, ու գոհանանք արարչեն,
Հանգստանանք աշխատանքեն, որ քաշեցինք ցերեկը:
ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՅՐԻ ԿՆՈՋ
Քընե՛, քընե՛, սիրուն որդի, քու մոր սըրտին ըսփոփանք,
Քեզ օր կասեմ տըխուր ձենով, օր-օր, օրեր ու շատ կյանք:
Օրորոցըդ ձեռով շարժեմ, բերնով երեսդ համբուրեմ,
Քեզ շատ օր-օր, քեզ շատ օրեր, քեզ շատ արև կու երգեմ:
Աչքըդ փակե՛, այդ լուսափայլ աստղի նըման փայլածը,
Որ մինչև այդ երկնքումը երևում է ցոլածը:
Աչքիդ շողը սիրտս է ծակում, նորոգում է իմ խոցը,
Աչքըդ փակե՛, իմ սիրական հերի՛ք սըրտիս այրածը:
Աչքըդ փակե՛, քաղցր քընե՛, քեզ օր կասեմ ես լալով,
Հորըդ բանը իմաց կանեմ, դու ականջ դիր նիրհելով.
Հայրըդ զորեղ երիտասարդ, առավ բակեն գութանը,
Լըծեց երկու զույգ եզները իր սրածայր արորը.
Գընաց դաշտը երգ հնչելով, երգ ասելով և լալով:
— Ինչի՞ համար սուգ ես անում, սուգ արտասվոք և լալով,
Ասաց հորըդ հարևանը` աչքեն առուք վազելով.
Եզներըդ գեր, գեր ու պարարտ վազ ի վազ են դեպ դաշտը
Շա՛տ կու վարեն, շա՛տ կու հերկեն, շա՛տ կու կամեն քու արտը,
Արեգակը մայր չի մտած դու կը դառնաս արորեն,
Քեզ Զանանը առաջ կու գա գըրկում բըռնած երեխեն:
Գորգին երգով հարևանին այսպես տվեց պատասխան.
«Եզներըս չեն ինձ մնալու, իմ աչքի լույս հարևան.
Օրավարըս ես չեմ կարող այսօր վերջը հասցընել,
Պիտի մնա հող ու արտըս անվարուցան, անայցել.
Դիակիս մոտ գեր ու պարարտ իմ եզները վիզը ծուռ
Պիտի մնան, թե ո՞վ նոցա երեկոյին կու տա ջուր»:
Հարևանը աչքը արցունք մեզ սև համբավը բերեց.
Թե` շու՛տ արեք, եկեք տեսեք, թե ձեզ Գորգին ի՞նչ արեց:
Ի՞նչ ես արել, գանք ու տեսնենք, վա՛յ մեր անբախտ աչքերուն,
Նետը ցըցված է սըրտիդ մեջ, տակըդ ճապաղ քու արյուն:
Նետը ցըցված քու սըրտի մեջ, օդը ճեղքեց, գիծ արավ.
Գիծը սև էր երկնքումը, աչքըս ծառի մոտ տարավ,
Ծառի հետնեն թաք կեցած էր մեր գեղացվոց թըշնամին,
Մեր գեղացվոց հին ատելին, տավարի գող Եզիդին:
Դու սիրական սիրուն որդի, քընե՛, քընե՛, զորանաս,
Քու մոր համար մըխիթարիչ ու ըսփոփիչ մեծանաս:
Միտքըդ պահե քու հոր արտը, գեր ու պարարտ եզները.
Միտքըդ պահե մաճն ու սամիք և սըրածայր արորը.
Երբ մեծանաս, երթաս դաշտը, ուզես վարել քու արտը,
Քու մոր համար ուսով բերել ցորնի խուրձը ու բարդը,
Առաջ գընա՛, գետը անցիր այն սըրահոս Արաքսեն,
Գընա՛ գըտի՛ր այն Եզիդուն, որ այն ծառի ետևեն
Նետը քաշեց, օդը պատռեց, քու հոր կյանքը սև արեց.
Թո՛ղ Գորգիի եզները տա, որ այն օրը փախցըրեց:
Գեր ու պարարտ քու եզները սայլի՛ն լծե, սիրական,
Դարձի՛ր սրբե՛ քու մոր աչքեն այս արտասուք տըրտմության:
Քաղցր ձենով երգ հընչելով, երգ երգելով տու՛ն արի…
Ա՛խ, ե՞րբ կըլնի, որ մեծանաս — իմ բաղձանքը կատարի:
Այժմ քընե՛, աչքըդ խըփե՛, հանգստացի՛ր, օր-օր-օր.
Թող քու մայրը աչքեն թափե արտասուքը յուր հորդոր:
1854
ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ի՞նչ ես ջարդում անձըդ, է՛յ մարդ, ցավերով,
Գլխիդ բարդում գանձըդ անթիվ նավերով.
Արի՛, աղբեր, իմ խրատին դու մի՛տ դիր,
Հոգս ու ջաֆեդ ա՛ռ քեզանից ու ե՛տ դիր:
Մերկ ու թեթև դու էս աշխարհ եկել ես
Բեռան տակը մեջքըդ ինչո՞ւ թեքել ես,
Ժանգ արծաթի խաթրին դու քեզ գերել ես,
Դեղին ոսկու սիրուն հոգվով մեռել ես:
Դիպակ շորեր, անգին քարեր, գանձ ու գահ
Ե՞րբ ես տեսել, որ մարդուս անեն անմահ,
Նահախ պըտրում ես արծաթի մադանը,
Որ արժան է օխտը գազ քու քաթանը:
Էսօր, էգուց քեզ կու գրկե պատանքը
Ու չի փրկիլ մահից ոսկին, ո՛չ հանքը:
ԳԱՆԳԱՏ ԲԱՂԴԵՆ
Ա՛յ իմ չար բախտ, քեզ ի՞նչ ասեմ, արդյոք քեզ ի՞նչ անուն տամ,
Թե կույր ասեմ` իրավ կույր ես, բայց այդ դեռ չէ բավական.
Դու անմիտ ես, դու հիմար ես, նախանձոտ ես չափազանց,
Դու աստված չե՛ս, ինչպես կոչեց քեզ հին դարը դյուցազանց,
Կույր է և քո թշվառ կյանքը և այդ պաշտոն տվողը,
Ոչ բախտ, այլ աղբ քեզ չէի տալ` պարարտացնել կոշտ հողը,
Այդպե՞ս խըղճով կատարում ես Արամազդա պատվերը,
Ա՛խ, թե իջներ նա երկնիցը, տեսներ առատ հունձերը
Քու այլանդակ սերմնացանին, էլ ի՞նչ սուր-սուր նա սլաքներ
Պիտի շաղ տար քու գըլխին…
Քեզ շատ անգամ ես տեսել եմ երիզապինդ աչքերով,
Կու՞յր ես արդյոք, թե՞ գիտությամբ ման ես գալիս այդ կերպով.
Բայց կուզեի, որ դու մեկ օր հանգամանքե ըստիպված`
Այս աշխարհքը ծայրե ի ծայր մեկ ժուռ գայիր աչքաբաց,
Ի՞նչ ահարկու տեսարաններ պիտի բացվեր քո աչքին
(Ցընորամիտ արարքովըդ լի են երկիր ու երկին). —
Կը տեսնեիր մոլի վագրեր հովիվ դրած հոտերուն,
Նենգ աղվեսներ, անհագ գայլեր միշտ անպակաս մոտերուն.
Կը տեսնեիր դու ժիր մեղվանց բունը` արջի քանդելը,
Բյուր մի անմեղ միջատների հացը` ծույլի ուտելը.
Կը տեսնեիր դու վարուժան մենակ վու՛-վու՛ն կարդալիս —
Նա իր սիրուն աղունակի կարճիկ կյանքիկն է լալիս,
Ամպի մեջեն վեր սլացավ սըրաչ շահեն դեպի ծառ,
Բռնեց սիրուն աղունակին, անխիղճ արավ չորս պատառ:
Թողնենք մի կողմ անբաններին` բանականի մեջ մտնենք,
Նույն զըրկանքը, նույն նեղություն անշուշտ, և հոն կըգտնենք,
Տե՛ս դու, թշվառ հողագործի գարնանային վաստակը —
Լափլիզեցին մարախները ցորնու նործիլ հասակը.
Դորա ներհակ` նավահանգիստ մտավ նավը փարթամին,
Ո՛չ մի վնաս չի հասցրուց նորան ուռուցիկ քամին:
Տե՛ս այս խղճուկ իմ կըտրիճիս — առույգ, պարկեշտ ու գիտուն,
Բայց հորական փող չունելով` հաճելի չէ՛ ամենուն.
Սորան հավասար չեն հարգում իշխանին կամ հարստին,
Բացեիբաց հեռանում են, որ սորա մոտ չի նըստին,
Այլ նստում են նորա մոտը, որի ջիբը ոսկի կա,
Չեն ամաչիլ աստված ասել հարստին, թե խոսքի գա...
Ասա՛, խնդրեմ, ինչո՞վ մեղավ այն խեղճ գիտուն պատանին,
Մի՞թե աղքատ աշխարհ գալը մարդիկ հանցանք համարին.
Դըդմագլուխ իշխանորդին ինչո՞ւ ի վեր դասեցավ,
Սոկրատեսի՞ արդյոք լեզվով հանկարծակի խոսեցավ…
Ահա՛, այսպես չարութենով լցրել ես դու աշխարհքը,
Մի՞թե չես գալ սարսափանքի` տեսնելով քո արարքը:
1855
ԻՄ ՔՆԱՐԻՆ
Արի՛, քնա՛ր Ափրոտիտա, հնչե նորեն իմ ձեռքին,
Ինչո՞ւ ընդ վայր կախ ես կեցած դու գլխաքաշ մունջ պատին,
Ինձ պատվիրեց Անակրեոն լինել յուր ընտիր ժառանգ.
Եվ այն անմահ յուր տաղերուն տալ անընդհատ արձագանք.
Բայց ի՞նչ դու շուտ վհատեցար, կոշտ խուժանի խոսքերեն,
Որք եղել են միշտ անարդար հենց Արամի օրերեն.
Ուշ մի՛ դնիլ դատաստանին խակամիտ <հիմա>րին,
Թե չէ, դու էլ ընկնելու ես, խղճուկ սոխակի օրին.
Հնչե՛ ազատ, քեզ չէ դրած` ո՛չ նեղ սահման, ո՛չ կոպար,
Ձայնըդ ձըգե, դեպի երկինք, թող քեզ լսե դիփ աշխարհ,
Թո՛ղ ծիծաղի և կամ թո՛ղ լա, թո՛ղ սարսափի, զմայլի,
Իսկ անազատ մեր աստղիկը միշտ վառ ու վառ կըփայլի.
Նա կփայլի քանի ամպը նորան չի՛ ծածկել քողով,
Մի՛ զարհուրիլ, շուտ կըցրվի թեթև ամպը մեղմ հողմով,
Ա՛նձն իմ, օրհնե՛ այն աստվածը, որ շնորհել է քու բաժին`
Ո՛չ գանձ, ո՛չ թագ, այլ յոթնաղի անուշ քնար մուսային:
ԻՄ ԵՐԳԸ
Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից,
Սերտ բարեկամք անջատած են ինձանից.
Թառամում եմ ես այս օտար երկրումը,
Մենակ բըսած ծաղկի նման դաշտումը:
Կամաց-կամաց տարիները անցնում են,
Մեզ նորոգած գարուն ամառ դարձնում են.
Միայն մեր խեղճ կյանքը չունի ոչինչ նոր,
Ինձ երեկը կըրկընվում է միշտ այսօր:
Ասպարեզիս նեղ է ճամփան ու փըշոտ,
Խեղճությունս համարում եմ ինձ ամոթ.
Իմ վիճակին կարեկցություն մարդ չունի,
«Դա, ասում են, իր կյանքումը դարդ չունի»:
Ես դարդ ունիմ, դարդըս մեծ է ու պես-պես,
Բայց չեն տեսնում ձեր աչքերը կարճատես:
Երբ ես մըտա անհյուրընկալ այս աշխարհ,
Քանի րոպե բախտը ժըպտաց ինձ պայծառ.
«Հա, ասացի, դարձել է իմ անիվը,
Լըրացել է իմ վատ բախտի չար թիվը»:
Հանկարծ` փըչեց անտուժելի հյուսիսին,
Թառամեցուց վարդ, մանուշակ մայիսին.
Այսպես չորցուց իմ նազելի հասակը,
Իմ անողորմ, անագորույն վիճակը:
Ա՛խ, մոտեցիր, օրհասական օ՛ր մահվան,
Բե՛ր քու հետը սև հող ու նեղ գերեզման,
Թո՛ղ սառ լինի իմ նոր տանը հատակը,
Ծանր քարե` վրաս ծածկած վերմակը:
Բայց, ա՛խ, երբ որ կանցնի ամիս ու տարի,
Կը մամռոտի գերեզմանը այն քարի,
Հետը անգամ չի մընալու իմ խաչին,
Իմ անունը, իմ հիշատակ — կըկորչին.
Բայց կուզեի թողնել այստեղ մի արձան,
Որ դարեդար մընար ամուր, անկործան…
Ես երգեցի երգ ոլորուն ու անուշ,
Իմ քնարի ձայնն էր մեղմիկ ու քընքուշ.
Մի՞թե այնքան անգութ կլինի Լետա գետ,
Որ անունըս անգամ կանե նա անհետ:
ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ
Նմանություն
Նվեր Սիմիոն Ամբարդանյանին
Մեզնից շա՛տ առաջ կար մի թագավոր,
Հոգվով դեռ արի, գլխով ալևոր,
Մեծ ծով էր պատել նորա աշխարհը,
Ոսկի ասացին գիտունք այն դարը,
Ուներ նա երկու մատաղհաս աղջիկ,
Մինը խիստ տգեղ, մյուսը` գեղեցիկ:
Մի օր տգեղը ասաց մյուսին.
«Երթանք ծովի ափ, քույրի՛կ, միասին»:
Սիրունը գնաց առաջից տրտում,
Տըգեղը հետնից ոխ պահած սրտում.
Հազիվ թե ծովի ափին էր հասած,
Իր սիրուն քըրոջ գըլորեց նա ցած:
Կանչեց կիսամեռ սիրունը ջրից.
«Քուրի՛կ իմ, քուրի՛կ, փրկե՛ ինձ մահից.
Ես ունիմ տանը գեղեցիկ մանյակ,
Ա՛ռ, էն քե՛զ լինի, պարգևե ինձ կյանք»…
— Էն առանց քեզ էլ կարող եմ ստանալ,
Ինձնից փրկություն դու բնավ մի՛ հուսալ: —
«Քուրի՛կ, թե այդ էլ քեզ չէ բավական,
Կուտամ քեզ ոսկի պըսակ պատվական»:
— Էն առանց քեզ էլ կարող եմ ստանալ,
Ինձնից փրկություն դու բնավ մի հուսալ: —
«Քուրի՛կ, մի թողնիլ դու ինձ անտերունչ,
Քեզ սիրուն փեսաս կուտամ անտրտունջ»:
Տըգեղի սիրտը դարձել էր ժեռ քար,
Քըրոջ խնդիրքը թողեց անկատար:
Ձկնորսը ծովը ձգեց մեծ ուռկան,
Բըռնեց մարմինը սիրուն աղջըկան...
Ջըրից հանեց, դըրեց ափի մոտ,
Շատ ծաղիկ ցանեց վըրան ու շատ խոտ:
Մի աշուղ անցավ, տեսավ աղջըկան,
Լացեց ու առավ, դըրեց ուսի վրան,
Տարավ իրա տուն այդ անգին գյուտը,
Չորացուց նորա մարմնու դիփ հյութը:
Գեղեցիկ տավիղ շինեց ոսկերից,
Քաղցրաձայն լարեր հյուսեց մազերից.
Երբ որ ամեն բան պատրաստեց կարգին,
Գընաց արքունիք տավիղը ձեռքին:
Երբ մտավ դահլիճ շըքեղ զարդարած,
Տեսավ տըգեղին փեսի մոտ կայնած.
Բացեց բերանը, լարերին խփեց,
Հյուրերի առջև քաղցրաձայն երգեց.
«Հընչե՛ իմ տավի՛ղ, հնչե՛ համարձակ,
Հարազատ քույրըս խըլեց իմ պսակ.
Լըսե՛, իմ ծնո՛ղ, լըսե՛ սիրակա՛ն,
Հարազատ քույրս խլեց իմ փեսան.
Լըսե՛ ժողովու՛րդ, լըսե՛ անխըռով,
Հարազատ քույրըս գըլորեց ինձ ծով»:
Մյուս օր դահիճքը խարույկ շինեցին,
Մահապարտ քըրոջ մեջը գլորեցին.
Հուրը պըլպըլաց աղջիկը կանչեց.
«Իմ մեղաց համար աստված ինձ պատժեց»:
ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ
Քու՛ն էղիր, պալաս, աչքըդ խուփ արա,
Նախշուն աչքերուդ քուն թող գա վըրա.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:
Օսկի խաչ վզիդ` քեզի պահապան,
Նարոտ կապիլ է ծարեն տեր-պապան.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:
Մավի հիլուններ կախիլ իմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քու՛ն եղիր, մի՛ լալ.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:
Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:
Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըղկըտան ծանով սիրտըս չի մաշիս.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:
Դուն ալ քու՛ն էղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ աստվածամայր (այս անունին) քուն տուր:
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:
ԱՂԵՆ ՏԱ՞ՆՆ Է
(Նմանություն)
Զարմանք բան է, հենց գիտենաս
Աղեք տանը չեն նըստում,
Իսկի չելավ վուր մի գըթնիմ
Աղալոին իր տընում:
— Մի՛ արմանա, պարուն Սարգիս,
Էս աշխարքի ադաթին,
Իշխանք, գանա, դու խաբար չի՞ս,
Վուր քասիբին կու ատին:
Առ օրինակ, թե մեծավուր,
Ապալետնիրը ուսին,
Գա դըրան մոտ, հարցնե աղին,
«Տա՞նն է». — տանն է, կոսին:
Նըրա էդնից մի փեշաքար,
Էլի էն նոքրին հարցնե.
«Տա՞նն է աղեն». կընծին տալով
Խեղճին իսկույն դուս կոնե:
Թե աղի մոտ լավ շուրերով
Կու գաս` տանը կու գըթնիս.
Վա՛յ թե չուխեդ հընացած է,
Լավն էս է, տուն չի մըտնիս:
Թե սալոպով աղջիկ պարոն
Կու գա` թող ներս հրամայե,
Թե ղաթիպով պառավ Ձալոն
Հարցնե` կոսին տանը չէ:
Թե վուր ձեռիդ քիսա բըռնած,
Պարոնին փուղ բերիլ իս,
Փառք ու պատվով ներս մըտնում իս,
Գլխի վրա տիղ ունիս:
Թե դուքանդար իս, հիսաբով
Փուղի էդնից իս էկի,
«Տա՞նն է աղեն». կոսին — հալա
Ժամիցը տուն չի էկի:
Էս է հիմիկվա ադաթը.
Կուզիս ջիգրից տըռաքի.
Թե քասիբ իս` ջուրը նընկի,
Թե խոջա իս` տու՛ն մըտի:
ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ` որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ` պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ:
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից` չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում` բաց բերանն ու երես:
Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին,
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե զատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու:
Չէ, սի՛րելիս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով կամ թե յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը:
Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ հոգուդ:
Թե դու հայ ես` հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի ատիլ, մի էլ սիրիլ կուրորեն,
Բայց դու հայի օգուտները միշտ վեր դասե ամենեն:
Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե` հայ ազգի մեջ,
Բայց բընությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես` հոգին բըխել է հորից,
Կամ թե որդին հոգվով սրբով անսերմ ծընունդ է մորից…
Թող, սիրելի, այդ խընդիրքը, աչքըդ դարձուր դեպ հարավ,
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառով,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըդ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ:
Սիրե՛ ազգըդ ոչ լոկ խոսքով, սիրե ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե բոլոր քո գանձը.
Մի խնայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բեր նորան զոհ.
Ոչ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ:
Իստակ սերը չի պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը ետ առնվի` դորան կասեն առուտուր.
Բայց վայ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազար անեծք նոցա վերա, էրնեկ շան պես սատակին:
Թե դու հայ ես` գիտե՞ս արդյոք` ով էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգիս համար հայ աշխարհ.
Քանի՞ տարի անկախ մընաց հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից:
Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժըմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս սորա կրկին նորոգման,
Թե կա հընար` դու պատրա՞ստ ես անձըդ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել:
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծնողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան.
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ:
Այդ ժամանակ քեզ Հայ կասեմ…
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի:
1856
ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ
Նվեր Գևորգ Քանանյանին
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ:
Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջրով եզերքին
Դարիվ-դարիվ խփելով
Փախչում էին լալագին:
— «Արա՛քս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած
Սըգավոր ես ինձ նըման:
Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քո սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից:
Մի՛ պըղտորիլ հատակըդ,
Հանդարտ հոսե խայտալով,
Մանկությունը քու կարճ է,
Շուտ կը հասնիս դեպի ծով:
Վարդի թըփեր թող բըսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ:
Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին:
Ափերիդ մոտ երգելու
Հովիվք թող գան համարձակ, —
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ»:
Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նման գոռալով
Էսպես խոսեց հատակից.
— Խիզա՛խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր:
Սիրելիի մահից ետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտքից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին:
Որի՞ համար զարդարվիմ,
Որի՞ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին ես օտար եմ...
Իմ ազգակից գիժ Քուռը,
Թեև այրի ինձ նման,
Ստրկորեն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան:
Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ, հայիս կճանչնամ,
Օտար փեսա չուզելով,
Ես միշտ այրի կմնամ:
Կար ժամանակ, որ ես էլ`
Շըքեղազարդ հարսի պես
Հազար ու բյուր պըչրանքով,
Փախչում էի ափերես:
Հատակս պարզ ու վճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչև այդ
Ջրիս միջին էր լողում:
Ի՞նչըս մնաց էն օրից,
Ո՞ր ջըրամոտ գեղերըս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս:
Տուրքը ջըրի ամեն օր
Իր սուրբ ծոցին Արարատ
Մայրախընամ ինձ սնունդ
Պարգևում է լիառատ:
Բայց ես այս սուրբ ջրերով
Սուրբ Ակոբի աղբյուրին
Պիտի ցողեմ արտորա՞յքն
Իմ ատելի օտարին:
Մինչ իմ որդիք, — ո՞վ գիտե —
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխար հածում են
Թույլ ոտքերով կիսաշունչ…
Հեռու՛, հեռու՛ քըշեցին
Բնիկ ազգըն իմ հայկյան,
Նորա տեղը ինձ տվին
Ազգ անկրոն, մոլեկան:
Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եվ կամ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը:
Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ, —
Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…»:
Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին:
ՆԿԱՐԻՉ
Նվեր Հովհաննես Պատկանյանին
Ակնապիշ, անձայն, խորհուրդ ճակատիդ,
Պատանի, ո՞ւր ես մըտքով մոլորած,
Ներկ ու վըրձիններ ցիր ու ցան առաջիդ,
Վշյա կըտավը քու հանդեպ փըռած:
Շո՛ւռ տուր աչերդ, նայե՛ դես ու դեն
Տե՛ս, քեզ ծաղրում է անմիտ ամբոխը,
Զարթի՛ր, սիրելի, այդ անուշ քընեն,
Գոնե մի անգամ հանե՛ քու ոխը:
Բայց դու ներում ես նոցա վեհ հոգով,
Խուլ ես աշխարհի ունայն շըշուկին...
Հանկարծ աչերըդ փայլեց սուրբ շնորհքով,
Հըսկայի սիրտըդ թընդաց խիստ ուժգին:
Առիր վրձինը, թաց արիր ներկով,
Շունչ տվիր անշունչ կոպիտ կըտավին.
Երկնից խորհուրդը մեկնեցավ քեզմով,
Քեզ անկարելին անհայտ է բնավին:
Սեր, ատելություն, հանճար, բարկություն
Տըվիր պատկերին մատիդ շարժվածքով,
Ինչ որ չի հայտնեց ճարտարի լեզուն,
Դու պարզ հայտնեցիր անձայն խոսվածքով:
Ապշեց ամբոխը, վազեց, հառաջեց
Քու կենդանագիր պատկերի դիմաց,
Ծնկաչոք զմուռս ու հալվե խնկեց,
Գոչեց մեծաձայն` «դա՛ է իմ Աստված»:
Բայց ա՛խ, քու անքուն ժամերու ճիգը
Քանի մի արծաթ հազիվ գին դըրին,
Ստեղծողըդ դարձար քու խեղճ խըրճիթը,
Ակեր շարեցին շուրջ քու պատկերին:
ՀԱՅ ԱՂՋԻԿ
Դու տեսե՞լ ես երկնքումը:
Պայծառ լուսին ծագելիս,
Կամ թե կանաչ տերևի մեջ
Կարմիր ծիրան փայլելիս:
Դու տեսե՞լ ես ծաղկոցումը
Կարմիր վարդը փըթըթած,
Շուշան, մեխակ ու նունուֆար
Չորս բոլորքը պար բռնած:
Բայց լուսինը խիստ խավար է,
Հայ աղջըկա առաջին,
Ծիրան, մեխակ ու նունուֆար
Չարժե նորա մեկ պաչին:
Երկու թըշին վարդ են նստել,
Ճերմակ ճակտին` մեկ շուշան.
Ժպիտը բերնից ցած չի գալիս —
Անմեղության է նշան:
Տե՛ս, նա առավ կարմըրելով
Իր ընկերից դահիրան,
Դրըմդրըմբեցուց փափուկ մատով
Ու սկսեց լեզգինկան:
Նազուք մեջքը ծառի նըման
Տատանում է գեղեցիկ.
Մեկ` թըռչում է նա անգուման,
Մեկ` գընում է խիստ հեզիկ:
Հալվում է խեղճ կըտրիճների
Սիրտը` նորան տեսնելով,
Ծերը իրան անիծում է,
Որ ծերացավ խիստ շուտով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
I
ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բար աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,
Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս համար:
Վարձիդ համար միամիտ մընա՜,
Համա-համա շատ չուշանա:
―Աչքիս վըրա, քեռի Քուչի.
Մի գըդակ ա, հո մի քարք չի.
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.
Ի՛նչ մեծ բան ա, տո՜, հե՜ր օրհնած,
Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին՝
Ուստից առաջ՝ բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով՝ ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա... փափախս ո՞ւր ա...
— Մի քիչ կացի— հրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ... վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,
Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա՜ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,
Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ...
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գըլուխը բաց:
III
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար,
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն...
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկա:
Գըլուխն առավ ու մի գիշեր,
Հայդե՛, կորավ, էն կորչիլն էր...
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել.
Մըտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնամ ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ
ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես... որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան...
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ... ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին...
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա...
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք...
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք...
Թալան հո չի՞... մեղք եմ ես էլ...
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ...
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու...
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն...
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ...
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր...
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա...
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ... ես իմ հոգին...
Ես հույս ունեմ... ասենք պարտք ենք...
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք...
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա...
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը...
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ... ո՞ւմ մոտ գընամ....
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:
ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ
(Ժողովրդական ավանդության)
Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:
Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները
Վերև են քաշած մինչ արմունկները,
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:
Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ
Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.
Աչքերը սև-սև. մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա. անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.
«Գնացե՜ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՜հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ»:
— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
―Վա՛հ, չէ՛, ես պիտի գնամ ցերեկը,
Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջի՛կը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՜ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն, —
Հորդորեց մայրը յուր համառ որդուն, —
Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին
Բարկացած՝ դարձավ համառ Լուսնյակին.
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:
Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ
Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:
Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:
Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,
Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած
Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:
ԱԽԹԱՄԱՐ
Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:
Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:
Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ՝ մոտիկ դարանում:
Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն.
Նա կըռվում է կատաղի:
Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:
Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սև-սև մի ըստվեր...
Ահա և նա... իրար գըտան...
Խորհրդավո՛ր լուռ գիշեր...
Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են եզերքին.
Եվ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին:
Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից:
Բամբասում են կուսի սըրտում...
Ժամ է արդեն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին...
Բայց մի անգամ չարկամ մարդիկ.
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սև ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական:
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՛ւմ
Հառաչանքներն՝ «Ա՛խ, Թամա՛ր...»
Մոտ է ձայնը, սև խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՛խ, Թամա՛ր...»
Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՛խ, Թամա՛ր...»
Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար:
ՕՐՈՐՈՑԱԳՈՂ
(ժողովրդական առասպել)
Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն:
Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար՝
Օրորոցի մի չար գող,
Որ զավակի բուկը բռնած
Խեղդում էր սև ճանկերում,
Եվ երեխան աչքերը բաց
Չարչարվում էր ու հևում:
Խելակորույս իսկույն ևեթ
Վրա թռավ կատաղի,
Եվ բռնվեցան իրարու հետ
Օրրանի մոտ երեխի:
Կես գիշերին մութ խըրճիթում
Կիսակենդան մանուկին
Իրարից խլել են աշխատում
Ծնող մայրն ու չար ոգին:
Կռիվ են տալիս. նախատում են,
Եվ կըրծում են և թըքում,
Իրար սեղմում և խեղդում են,
Ճանկռում, ծեծում, ապտակում:
Եվ մայրական անհուն սերը
Ուժ էր տալիս գերբնական...
Եվ ուժասպառ, հաղթված չարը
Թողեց օրրանը մանկան:
ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ
Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր... և սիրահարվեց:
Երկիրը թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով.
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով...
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
Իրարից բաժան, իրարից հեռու
Երկինք ու երկիր...
Բայց ե՞րբ է սերը արգելք հարցընում.
Հենց որ գալիս է գիշերը հասնում,
Երկինքն աստղազարդ, անհամբեր, ագահ,
Իր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վըրա,
Մինչև լույս նայում ու չի կշտանում:
Եվ աստղ-աչքերը վառ-վառ ցոլանում,
Ընկնում են երկրի կրծքերը ջրային,
Որ փրփրում են, ուռչում, բարձրանում,
Ճգնում են հասնել վեր՝ սիրահարին:
Եվ սիրող երկինքն ավելի վառված,
Գիշերվա բոլոր զուգսով զարդարված,
Փռում է իրեն բոլոր փառքերը,
Իր բոլոր տենչերն, այրվող կրքերը,
Վառվում, բորբոքվում,
Փարում է, գըգվում...
Եվ երբ չի հասնում իր անհաս սերին,
Լուռ-լուռ ճպում է ցոլուն աչքերին,
Ցոլուն աչքերից գիշերվա մթնում
Երկրի երեսին ցողեր են ընկնում,—
Մարգարիտ ցողեր՝ արցունք երկնային...
Իսկ էդ ժամանակ երկիր-սիրուհին
Հազար շրթունքով սարերի ծերից
Համբույր է տալիս թխպոտ ամպերին,
Անհուն ծովերից, անթիվ ծովերից
Հազար կրծքերով ձգտում է յարին:
Տանջվում է ուժգին, վառվում է սերը,
Հուզվում են. փրփրում նըրա ջրերը,
Սակայն չեն հասնում քնքուշ փափագին,
Ծանըր տնքում են, հեծում մոլեգին...
Ամպերի տակից,
Իր մթին գահից
Բոլորը տեսնում լուսինը անքուն
Եվ բանաստեղծին պատմում է թաքուն,
Թե ինչպես ծովը գիշերվա մթնում
Ուռցնում է իրեն կուրծքը տարփալի,
Երկինքը հազար աչքերով ժպտում
Եվ գաղտնի սիրո համբույր է տալի.
Եվ իրար համար երգեր են ասում,
Իրար փայփայում, գգվում, արտասվում,
Ինչպես կենդանի, զգայուն մարդիկ...
Եվ բանաստեղծը տխրում է սաստիկ,
Նախանձում է նա, թե ինչո՞ւ չունի
Ինքն էլ էն տեսակ մի վեհ սիրուհի:
ԱՆԻԾԱԾ ՀԱՐՍԸ
Վաղ ժամանակ մի հայ շենում
Մի հարգևոր հարսն է լինում:
Նըրա բերնից՝ կեսուր-կեսառ
Չէին լըսել մի շունչ, մի բառ,
Չէին տեսել շուրթը մի օր...
Էսպես խոնարհ ու հարգևոր:
Մի օր մենակ օդում նըստած,
Իր ճոխ մազերն արձակ թափած,
Ազատ, անփույթ սանրում, հյուսում,
Հետն էլ ձենով երգ էր ասում:
«Աշխարքը բանտ,
Մեջը անբախտ
Ես մի գերի անխընդում.
Սիրուն շորեր,
Ջահիլ օրեր
Ի՛նչ եմ անում էս բանտում:
Երնե՛կ ծըտին,
ճյուղքի միջին
Ծըլվըլում է, թըռթըռում,
Թըռչում՝ սիրած
Ընկերն առած,
Ազա՛տ, կանա՛չ արտերում:
Ա՛խ, սև՜ ըլի,
Չըքվի, փըլվի
Ծընված օրը աղջըկա,
Ցավ ու Խընդում
Փակված սըրտում.
Ծիծաղ չըկա, «ախ» չըկա...»
Մին էլ հանկարծ բացվեց դուռը,
Ու ներս մըտավ ծեր կեսուրը:
— Հո՜, պո՜, պո՜, պո՜, կանչեց խեղճը,
Գետին պատռի՜, մըտնեմ մեջը...
— Հոպոպ դառնաս,
Անամոթ հարս:
Մի տե՜ս, մի տե՜ս,
Թե լըրբի պես
Գըլուխը բաց,
Ազատ նըստած՝
Ո՛նց է կանչում,
Չի ամանչում...
Լեզուդ լալկի,
Մազըդ թաղքի,
Գըլխիդ կըպչի
Սանրը միջի:
Ասավ-չասավ,
Մին էլ տեսավ՝
Սանրը գըլխին
Հարսն առաջին
Հոպոպ դառավ,
Երդկից թըռավ,
Ու վերացավ,
Վե՛ր, հեռացավ:
Էն էր ու էն.
Խեղճն էն օրեն
Հանդերն ընկած՝
Հոպոպ մընաց,
Միշտ էլ էն հին
Սանրը գըլխին,
Չալի՛կ-մալի՛կ,
Լեզուն լալիկ,
Անխոս ու լուռ,
Մոլոր, տըխուր:
Բայց երբ հանկարծ
Միտն է գալիս,
Որ գլխաբաց,
Երգ ասելիս՝
Իր կեսուրը
Բացեց դուռը,
Վեր է թըռչում
Սըրտատըրոփ
Ու դեռ ճըչում.
— Հո՜-պո՜պ... Հո՜-պո՜պ...
«ՊՈՂՈ Ս-ՊԵՏՐՈՍ»
Վաղո՛ւց, երբ մոտ էր երկրին երկինքը,
Ու լըսում էր դեռ մարդկանց տերն-ինքը,
Էն լավ ժամանակ երկու մանուկներ
Ունեին մի չար, մի անսիրտ խորթ մեր:
— Կորե՜ք, գընացեք, աշխատանք արեք,
Աշխատանք արեք ու եկեք կերեք.
Ի՞նչ եք վեր թափել անգործ ու անբան,
Հասած տըղերք եք հինգ-վեց տարեկան...
Էսպես բարկացավ մի օր խորթ մերը,
Ճիպոտներ տըվավ, ղըրկեց հորթերը:
Անհանգիստ հորթե՛ր, ամառվան շոգ օր
Կետ արին, փախան, ընկան սար ու ձոր:
Նըրանց ետևից՝ լալով, հևալով,
Փոքրիկ որբերը՝ քարեքար գալով,
Վազ էին տալիս անտաոի միջում,
Վազ էին տալիս ու իրար կանչում.
— Պողո՜ս, գտա ՞ր:
— Չէ՛է՛:
— Պետրո՜ս, գտա ՞ր:
— Չէ՛է՛:
— Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՜ւյ,
— Վա՛յ-վա՛յ, վու՛յ-վո՛ւյ...
Շատ որ ման եկան՝ խեղճերն հոգնեցին,
Եկան՝ խորթ մորը լալով պատմեցին.
— Նա՜նի, ա՜յ նանի, կորան հորթերը...
— Վա՛յ, գետինն անցնեք,— ճըչաց խորթ մեր
Թող դուք կորչեիք հորթերի տեղակ,
Անտակ ձորի մեջ, անժաժ քարի տակ:
Մի արջ պատահեր, մի գազան, մի գել,
Որ չէի տեսել ձեր շուքը մեկ էլ...
Դե՜, ետ գընացեք, գընացեք, կորե՜ք,
Մինչև չըգըտնեք հորթերը բերեք՝
Աչքիս չերևաք, ա՜յ աչքիս փըշեր,
Թե չէ՝ կըսպանեմ ես ձեզ էս գիշեր...
Ու ճիպոտն էլ ետ իրենց թաթերին,
Հոգնած ու սոված, արցունքն այտերին,
Փոքրիկ որբերը՝ անտառի միջում
Գիշերվան կիսին լալիս են, կանչում.
— Պողո՜ս, գըտա ՞ր:
— Չէ՛ է՛:
— Պետրո՜ս, գըտա ՞ր:
— Չէ ՛է ՛:
— Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՛ւյ,
— Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՛ւյ:
Անտեր հորթերը չըկան ու չըկան:
Ճարները կըտրած՝ խեղճերը եկան,
Լալով չոքեցին.
— Տե՛ր աստված, ասին,
Ի՞նչ կըլնի, գըթաս՝
Գոնե թևեր տաս,
Թևեր տաս՝ թըռչենք,
Թըռչենք ու կորչենք,
Որ էլ չտեսնի մեզ մեր խորթ մերը.
Մինչև որ գըտնենք կորած հորթերը...
Հենց ասին-չասին անմեղ բերանով,
Աստված որոտաց իր գըթոտ ձայնով.
— Ահա ձեզ թևե՛ր, սիրուն երեխե՛ք,
Թըռչուններ դառեք. թըռած ման եկեք,
Որ էլ չըտեսնի ձեզ ձեր խորթ մերը,
Մինչև որ գըտնեք կորած հորթերը:
Գիշերը քնեցե՜ք ծառերի ճյուղին,
Ծեղն ու ծղոտը արեք անկողին,
Ապրուստ էլ կերեք իմ լի սեղանից,
Երբ որ դադարգուն եղաք ձեր տանից...
Էսպես վերևից հենց կանչեց աստված,
Փոքրիկ որբերը փոխվեցին հանկարծ
Ու թևեր առան,
Թըռչուններ դառան:
Ու թևեր առած՝
Թըռչուններ դառած
Դեռ մինչև էսօր.
Ընկած սար ու ձոր,
Ծըվում են, մընչում,
Մեկմեկու կանչում.
―Պողո՜ս, գըտա ՞ր:
―Չէ՛է՛:
―Պետրո՜ս, գըտա ՞ր:
―Չէ՛է՛:
―Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՛ւյ:
―Վա՛յ-վա՛յ, վո՛ւյ-վո՛ւյ:
ԱՐԾԻՎՆ ՈԻ ԿԱՂՆԻՆ
Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
ժամանակ դըրին հինգհարյուր տարի
Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե ոոոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ
Դեպի ամպերը, դեպի ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՛ր ու խոր մըխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
Որ վայր չընկնի էլ հինգհարյար տարում:
Դարե՛ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
Տեղ հասավ մի կերպ, նստեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն,
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՛յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարտւր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:
ՈՐԲԸ
Հայ ժողովրդական ավանդություն
— Սըհա՛կ... Սըհա՛կ... գիշերն ի բուն
Կանչում է Որբն աղեկըտուր,
Աշխարհքն այնինչ մըտած խոր քուն,
Ինքը մենակ ու շուրջը լուռ:
Աղջիկ էր նա մի ժամանակ,
Էնպես աշխույժ ու գեղանի.
Թուրքը տեսավ, խելքը գընաց,
Ուզեց զոռով հարեմ տանի:
— Մի՜ վախենար, սիրուն քուրի՜կ,
Ես չեմ թողնի քեզ տանելու.
Քեզ կըթռցնեմ, ինչպես մըրրիկ,
Էս աշխարհքից հեռո՛ւ, հեռո՛ ւ...
Էսպես ասավ քաջ Սըհակը,
Քըրոջն առավ փախա՛վ, գընաց,
Թողած իրենց հոր աշխարհքը,
Թուրքի դաժան լուծը թողած:
— Տե՜ս, էն ձյունոտ, բարձըր սարեր,
Որ ձըգվում են հեռվում ահա.
Էն սարերն էլ անցնենք թե չէ՝
Դենը, քուրի՜կ, էլ թուրք չըկա...
Հենց էս խոսքում՝ թուրքը հասավ,
Սև ձին քըշած՝ սարի տակից.
― Իմն է աղջիկն, իմն է, ասավ,
Ո՞ւր եք փախչում դուք իմ ճանկից...
―Մի՜ վախենար, սիրուն քուրի՜կ,
Կանգնած եմ ես չար թուրքի դեմ.
Փախի՜ր, գընա՛... ինչպես մըրրիկ՝
Ես էլ կըգամ քեզ կըհասնեմ...
Ու ետ դարձավ քաջ պատանին,
Զենքի շաչյուն, զարկ ու աղմուկ.
Զարկ են տալիս, զարկ են առնում
Հայի անահ կըտրիճն ու թուրք...
Աղջիկն արագ վազ է տալի,
Շունչը հատած փախչո՛ւմ, փախչո՛ւմ.
Մին էլ նայեց՝ թուրքն է գալի,
Փընչում է ձին, զենքը շաչում...
―Ա՛խ, ի՛նչ կըլնի թռչուն դառնամ...
Կանչեց ահից խեղճը հանկարծ,
Ու, բաց էին դըռներն երկնից,
Լըսեց նըրա ձենը աստված:
Դարձավ թըռչուն մի թևավոր,
Երկինքն ելավ, թըռա՛վ, պըրծավ.
Մընա՛ց, մընա՛ց, մինչև էսօր
Քաջ ախպերը ետ չըդարձավ:
Էն օրվանից թըռչուն քույրը
Ցերեկն ահով կուչ է գալի,
Հենց հասնում է մութ գիշերը՝
— Սըհա՛կ... Սըհա՛կ... ձեն է տալի:
Ձեն է տալի գիշերն ի բուն
Կանչում տըխո՛ւր, աղեկըտո՛ւր,
Աշխարհքն այնինչ մըտած խոր քուն,
Ինքը մենակ ու շուրջը լուռ:
ՓԱՐՎԱՆԱ
I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ,
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ:
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թո՜ղ առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի...
II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի.
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:
Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՜ր, դստրի՜կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՜րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՜րն էլ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՜ր, զարկի՜ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվեց պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՜կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի...
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին: —
Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հո՜ւր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան...
Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՛ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց... տարիք են գալի՛ս, գընո՛ւմ,
Նըրանք չըկան ու չըկան...
III
— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդառան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:
―Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվնեոով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՛վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, Սև ջըրից.
Ո՛վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
―Ո՞ւր է, հայրի՜կ, ե՛րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:
Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա,
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է... ու չըկա:
— Կըգա, դըստրի՜կ իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ, շա՜տ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ...
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
―Հայրիկ, հայրի՜կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր...
Էլ չի խոսում, մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:
IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՛ց, նայե՛ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ... ու լաց եղավ,
Էնքա՛ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՛ց, կորա՛ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՛կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըըերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
***
Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուաց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա...
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:
ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:
Լույս է տալիս երկա՛ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:
Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին.
Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:
Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին,
Ով անմեղ է լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, —
Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ.
Հըսկում է ցած երկրնքից:
ՀՈԳԵՀԱՆ
(Լեգենդ)
Փոցխովի ձորում ծաղկում էր Շամոն,
Կուսական գարուն ու սեր շընչելով,
Փոցխովի ձորում թոշնում էր Համոն,
Ծաղիկ աղջըկա սիրուց տանջվելով:
Չէ՜, չեմ հավատում իսկի քո սերին,
Դու սուտ ես ասում, դու չես սիրում ինձ...
Ասում էր Շամոն սիրահար տըղին
Ու հեռո ՛ւ-հեռու հըրում իրանից:
Ու դարձյալ գընաց տըղան սիրակեզ.
Ո՞ր կըրակն ընկնեմ, Շամո, որ գըթաս.
Սիրտս չեմ կարող, թե հանեմ տեսնես —
Ի ՛նչ անեմ ուրիշ, որ ինձ հավատաս:
— Տեսնո՞ւմ ես, ահա, ասավ աղջիկը,
Ցույց տալով լեռան գագաթը ահեղ.
Ինձ դիր քո ուսին, սըրինգըդ փըչիր,
Ու վե ՛ր, պարելով՝ տար մինչև այնտեղ:
Երբ որ կըհսանենք էն սարի գըլխին,
Այնժամ կիմանամ, որ սիրում ես ինձ,
Այնտեղ կըլինեմ ես քո սիրուհին,
Ու սիրով կապված կիջնենք այնտեղից:
Ու դըրավ ուսին սիրած աղջըկան,
Սրինգը հընչեց, ըսկըսեց պարը,
Ճանապարհ ընկավ սիրահար տըղան
Դեպի ամպամած լերան կատարը:
Գընում է, գընո ՛ւմ սեպ ժայռերն ի վեր,
Ու պար է գալի, և անվերջ ածում.
―Դեռ շա՛տ է հեռու... ո՛րտեղ ես դու դեռ...
Դու ինձ չես սիրում, դու սուտ ես ասում...
Ծալվում են հոգնած ծընկները տակին,
Քըրտինքը վազում ճակատից ներքև,
Բերանն է հասել — թռչում է հոգին,
Աչքերը մթնում, շընչում հևիհև:
―Չէ ՜, չեմ հավատում ես դեռ քո սերին,
Դեռ շատ է հեռու գագաթը լերան...
Ասում է Շամոն նըստած ուսերին,
Ճըգնում է նորից ուժասպառ տըղան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՊՈԵՄՆԵՐ
ՄԱՐՈՆ
I
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ.
Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ...
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր.
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի:
II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին:
Էն առվակում կես օրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի...
Մարո՜, անբա՛խտ, վաղամե՛ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՛րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՛լ...
III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տանը երբ մի օր
Եկան երկու եկավոր:
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
— Շնորհակալ ենք մենք, ասին,
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից...
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց.
— Կամքըդ լինի, տեր աստված...
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:
IV
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
— Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր...
V
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը...
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց.
— Տե՞ր ես, որդյա՜կ, հարցըրեց:
— Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն...
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին.
— Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի...
Իսկ երբ հնչեց «տարան հա՛» — ն,
Նըրան փեսի տուն տարան:
Պըսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:
VI
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն...
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն.
Փախավ, եկավ ետ հոր տուն:
Եկավ լացեց նա վըշտոտ,
— Ես չեմ գնալ նըրա մոտ.
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին...
VII
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ.
— Դուրս իմ տանից, սևերե՜ս,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս...
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը:
VIII
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով:
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ:
IX
Շատ ամիսներ անց կացան...
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՜ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան...
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր:
Շատ լաց եղավ և Կարոն...
Մեռա՛վ, գընաց մեր Մարոն:
X
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին:
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին:
XI
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին...
— Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՛ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՛ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՛ն,
Տուն արի՜, տո՛ւն, Մարո ջա՛ն,
Խո՞ր ես քընել, Մարո ջա՛ն,
Չե՜ս զարթնում էլ, Մարո ջա՛ն...
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայլփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ:
ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ
I
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ:
Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թրքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
— Վա՛շ-վի՛շշ, վա՛շ-վի՛շշ...
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում գիժ-գիժ.
— Վա՛շ-վի՛շշ, վա՛շ-վի՛շշ...
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մըռայլ մի կյանքի գալով`
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ:
Էս տախտի վըրա աղոթում մի վանք,
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գըլխից, լուռ մարդու նըման,
Նայում է ձորին մի հին խաչարձան:
II
Էն ձորի միջին ահա մի տընակ:
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ:
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նըման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն: Սարերի չոբա՛ն —
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՜ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվաձե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել —
Ոչխարը թողել՝ գընացել է տուն:
Այնինչ` համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քըշեց իր հոտը:
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն-մենակ թըթվել:
III
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում:
Հապա մի նայիր հըսկա հասակին,
Ո՛նց է մեկնըվել: Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած:
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն արավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՜ գող, թե՜ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից:
Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր:
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար...
IV
Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր:
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա... ու մին էլ, հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին...
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմռով, միասին,
Ծառը ոտներով, գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց…
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբակ են զարկում...
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.
— Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՜ մեզ մոտ հարսանիք.
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն-ջահել հարսն-աղջիկ:
— Ինձ մոտ արի՝ ձվաձեղ անեմ...
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ...
Ես քու հոքիրն... ես քու նանն եմ...
Ես էլ ազիզ բարեկամ...
— Սաքո՛, Սաքո՛, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՛ս, ինչ լավն ա...
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՛... տարա-նի-նա՛...
Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես...
V
Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն դողում,
Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն, —
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց…
Ականջ դըրավ նա…
VI
— Ո՞վ հող թափեց բուխուրակից…
Էն ո՞վ նայեց լիսածակից…
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև…
— Ո՞վ ես, էհե՛յ… ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռում, ձեն չես հանում…
Պատասխան չըկա. Լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում:
— Հա՛, իմացա, Գեվոն կըլինի.
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի…
Վախեցնում է … հա՜, հա՜, հա՜, հա՜…
— Գեվո ՛ ՛….
Ձեն-ձուն չըկա:
Միայն ահավոր լռության միջում
Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում:
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին.
Քընած է աշխարհ, քընած է քամին.
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քըրքիջով... փարախը մըտնեն...
Աչքերը հանգչող կըրակին հառած՝
Ծանըր է շընչում հովիվն ահ առած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու:
— Չէ ՜, քամին էր էն... էն գիլի շըվաք…
Էն աստղեր էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել...
Ուզում է վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում:
Ականջ է դընում...
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ
Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
— Էստեղ է նա,
Հա ՜, հա ՜, հա ՜, հա ՜.
Տե ՜ս-տե ՜ս, տե ՜ս-տե ՜ս.
Նայիր էսպե ՛ս,
Մըտիկ արա՛,
Հա ՜, հա ՜, հա ՜, հա ՜...
Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց...
Շըրը՜խկ... հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
ճիչ-գոռոցով, հըռհըռոցով...
VII
Ահռելի ձոր է: Մի կըտոր լուսիկ
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում:
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում:
Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բըռնում են թևից,
Զարկում են, զարկո ՛ւմ օձի մըտրակով...
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.
— Սաքո ՛, Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՛ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո ՛ւն, ջահել հարսն-աղջիկ:
— Ինձ մոտ արի՝ ձվաձեղ անեմ...
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ...
Ես քա հոքիրն... ես քու նանն եմ...
Ես էլ ազիզ բարեկամ...
— Սաքո ՛, Սաքո՛, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե ՛ս, ինչ լավն ա...
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի.
Տարա-նի-նա ՛... տարա-նի-նա ՛ ՛...
Այնինչ Դեբեդից աչքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
— Բըռնեցե ՛ք, փախա ՛վ Սաքոն խելագար...
ՄԵՀՐԻ
I
«Սիրելի Մեհրի, չէ ՜, ամեն երկրում
Մարդիկ այսպիսի նեղություն չեն կրում.
Այս ի՞նչ երկիր է. տեր չըկա կարգին,
Ամեն ավազակ տեր է մեր գլխին...
Դողալով մնում է մարդ ամեն վայրկյան,
Թե ահա իսկույն, ուր որ են, կըգան,
Կնոջս տանից կառնեն-կըտանեն,
Որդիս կըխլեն կամ ինձ կըսպանեն...
Հալալ հաց չունենք թուրքիցն անկշտում,
Դառն աշխատում ենք ու դատարկ նստում.
Գետինը ձգած սերմը չենք վերցնում...
Այս ընչի՞ կյանք է, դե քեզ եմ հարցնում»:
— Ես գիտեմ, Մհե, ինձ ո՞ւր ես ասում,
Այսպես է, հոգիս, դուն ի՞նչ ես ուզում...
«Մեզանից հեռու, ասում են, որ մի
Աշխարհք կա, Մեհրի, բարեկարգ ու լի.
Այնտեղ չէ իշխում գազանի կիրքը,
Այնտեղ չէ հարգվում կեղծավոր դիրքը,
Եվ մարդիկ այնտեղ իրար հետ սիրով
Ապրում են հանգիստ, թուրքից ապահով.
Իսկ փողըն այնտեղ հողի պես լի է,
Ես էլ կըգնամ, շատ կարելի է»...
— 0 ՛, այս ցավերիցն ես դուն հեռանում,
Ապա ե՞ս, Մհե, ինձ ի՞նչ ես անում...
«Քեզ... քեզ կըհանձնեմ տիրոջ խնամքին,
Իսկ ես հնազանդ նրա սուրբ կամքին,
Կըգնամ, հոգի ՜ս, աշխատանք կանեմ,
Գուցե շուտով գամ ու քեզ էլ տանեմ»...
— Այստեղ աշխատի ՜ր, մի ՜ գնալ, Մհե,
Ինձնից հեռանալ չեմ թողուլ, չէ ՜, չէ ՜,
Լավ է միասին մեր ցավը քաշենք,
Քան իրար կարոտ, սիրտներս մաշենք...
«Սիրելի Մեհրի, ինձ հետ հավասար
Դուն քարշ ես եկել, ընկել քարեքար,
Միշտ պակաս օրով, կիսակուշտ փորով,
Շատ անգամ տկլոր, բոբիկ ոտներով:
Ի՞նչ ենք աշխատել, ցո ՜ւյց տուր ինձ, հոգիս,
Ի՞նչ, ի՞նչ ես տեսնում տանս կամ հագիս.
Բայց ուրիշ բան է, թե այնտեղ գնամ,
Տես ինչպես պիտի շուտ հարստանամ»:
— Այն հարստությանն ես ի՞նչ եմ անում.
Ա՛խ, Մհե, Մհե, դու չես իմանում,
Ինչն է ինձ տանջում, թե որ իմանաս...
Այն օտար երկրում որ հիվանդանաս,
Գոնե, ո՞վ պիտի քեզ սառը ջուր տա,
Պատռածդ կարի, կեղտդ լվանա...
Ազիզ օր կըգա, դուն անտուն, մենակ,
Կուչ կըգաս սրա-նրա պատի տակ...
Լցվեց, հեկեկաց Մեհրին դառնագին.
Սիրտ տվեց Մհեն, — Բան չըկա, ա ՜յ կին»…
II
Մի աշնանային ցուրտ իրիկուն է.
Ծխոտ ու փլեկ հին գլխատուն է.
Ածխակոթերը մլում են տխուր.
Օջախի շուրջը նստոտած են լուռ.
Ծեր սկեսար կողքին հարսն է կուչ եկած,
Մհեն նստած է երկուսի դիմաց:
Հազիվ են նկատվում նրանց դեմքերը.
Տխուր են մարդ ու կին, տխուր է ծերը,
Հոնքերի տակից փայլում էր թախիծ,
Եվ ահաբեկված մի գաղտնի վախից,
Բերանն անատամ, դողդոջուն ձայնով
Այսպես բաց արավ՝ իրան պահելով.
— Ո՞ւր ես կամենում գնալ, իմ Մհե,
Այնտեղ ի՞նչ կա, ի՞նչ, նպատակդ ի՞նչ է,
Ինչո՞ւ ես թողնում քո հոր օջախը,
Ալևոր հորդ, քո օղլուշաղը:
Ես ծերացել եմ, առաջվանը չեմ,
Որ ամեն ցավի ետևից թռչեմ.
Արդեն հասել են մահվանս օրերը,
Դուն էլ գնում ես, ո՞վ է մեր տերը:
Կաց այստեղ, որդի, հորըդ ականջ դիր,
Ձեռքդ չեն բռնում, այստեղ աշխատիր:
«Այստեղ ի՞նչ կա, հայր, որ ինչ աշխատեմ,
Հենց թեկուզ, ասենք, մնամ, աշխատեմ.
Ի՞նչը կըպրծնի անօրեն թուրքից, —
Մարդու հացն անգամ խլում են ձեռքից»:
— Ոչ ոք չի դիպչել քո արդար հացին,
Տուր փարեն՝ պրծիր չարեն, ասացին
Մեր լուսահոգի խելոք պապերը:
Կատարի ՜ր, որդի, նրանց պատվերը,
Սոված չես մնալ, բախտավոր կըլնես,
Թուրքն էլ քաղցր աչքով միշտ կնայե քեզ:
«Աշխատանք չըկա, հայրիկ, աշխատանք,
Եղած չեղածն էլ որ թուրքերին տանք,
Իսկ մե՞նք ինչ անենք, սոված կոտորվե՞նք.
Մինչև ե՞րբ պիտի այսպես չարչարվենք»:
— Մեր ցավն է, որդի, մենք պիտի տանենք,
Դուն ո՞նց ես ուզում, ուրիշ ի՞նչ անենք.
Եթե ձեռքիցդ մի բան է գալիս,
Դե արա ՜, ո՞ւմ ես էլ մտիկ տալիս,
Թե չէ, ինչո՞ւ ես կորչում հողեց հող,
Ո՞ վ է քեզ համար այնտեղ կտրել փող:
«Չգիտես, հայրիկ, այդ ինչ ես ասում,
Այն երկրում փողը թիով են դիզում.
Դուն չես հավատում Մկոյի խոսքին,
Որ այնտեղ խանով են չափում ոսկին»:
— Խանով ոսկին քեզ համար չեն չափում,
Ցնորքներ են, որդի, քեզ շլացնում, խաբում.
Դարձի ՜ր այդ ճամփից, լսի ՜ր ծեր հորդ,
Պանդխտության մեջ կըսևացնես օրդ:
«Ես չեմ ուզում, հայր, օրեր սևացնել,
Այլ մեր սև օրին մի ճար հասցնել.
Ես պիտի գնամ, և երբ որ աստծով
Կըվերադառնամ ջեբս լի ոսկով,
Կըգովես որդուդ, թե ինչպես ճարեց
Այդ հարստությանն, քեզ մխիթարեց»:
— Դու գիտես, որդի, գնա՛, տեր ընդ քեզ,
Բայց տե ՜ս, մտիցդ երբեք չըձգես
Պապիդ օջախը, քո հայրենիքդ,
Ծերունի հորդ, ջահել կնիկդ.
Թե սրանց, Մհե, դուն կըմոռանաս,
Իմացի ՜ր, թեկուզ թագավոր դառնաս,
Օր չես քաշելու քո արած մեղքից:
Բարի ճանապարհ, թող քեզ ուղեկից
Լինի այն հրեշտակն, որ երբեմն տարավ
Տովբիթի որդուն դեպի Մարաստան.
Իսկ ես հայրական սրտով վիրավոր
Քեզ համար աղոթք կանեմ ամեն օր —
Է ՛հ, գնա ՜, որդի, գնաս-գաս բարով...
Վերջացրեց խոսքը ծերունին զորով...
III
Տանջվում էր, տանջվում խղճալի Մեհրին.
Խառնվում էին նրա վշտերին
Եվ սնունդ էին տալիս անհամար
Կասկածանքները տխուր ու համառ:
Սարսափում էր նա, երբ ամեն վայրկյան
Մտաբերում էր ժամըն անջատման
Մի օր էլ մնաց, մի օրը վերջին,
Որ ճամփա դնե Մեհրին Մհեին:
Եվ արտասվելով խեղճ կինը կարեց
Մի սիրուն ղայլուխ ու վրեն շարեց
Գույնզգույն հուլունքներ վզի շարանից,
Մարդուն հիշատակ տվեց իրանից:
IV
«Դե ՜հ, մնաք բարով, ծերունի հայրիկ,
Նազելի Մեհրի, սիրուն հայրենիք,
Սրտակից տղերք, ընկեր-հարևան,
Մոտիկ բարեկամ, արյան-ազգական»...
Ասաց սրտաբեկ երիտասարդը,
Եվ, անիծելով իրան չար բախտը,
Ճանապարհ ընկավ. այնինչ ջրատար
Մեհրին ետևից նայում էր երկար:
Մհեի հայրն էլ, զառամ ծերանին,
Դողալով հենված յուր գավազանին,
Բերանը, բացած, ձեռքը ճակատին
Նայում էր ապշած Մհեի ճամփին:
Դեռ երևում էր սև կետի նման,
Այն էլ չքացավ, և ամենայն բան
Վերջացավ պրծավ. ծերուկն ու Մեհրին
Ապշած ու քշված կանգնած մնացին:
Մհեին ճամփա դնելու համար
Հավաքվածները, իբրև մխիթար,
Մեհրուն ու ծերին հուսադրական
Խոսքեր խոսեցին, կամաց հեռացան:
Բայց երկա՛ր, երկար, մի ձայն թույլ, չնչին,
Այսպես խոսում էր նրանց ականջին. —
***
«Սիրելի Մեհրի, մնացիր բարով,
Աչքերդ լցրած, տխուր երգերով
Չըհիշես էլ ինձ, մոռացիր, հոգիս,
Չըկանգնես երկար, չընայես ճամփիս.
Թե աչքդ մնա, կըխաբե նա քեզ,
Թե հանկարծ շեմքում ոտնաձայն լսես,
Հանգի՜ստ, սիրելիս, գիշերվան ժամին
Գիտե միշտ խաբել խաբուսիկ քամին:
Գուցե թե գիշերն անքուն աչքերով
Ուզես իմանալ վիճակս աստղերով,
Եվ հանկարծ մինը ծոր տա ու թռչի,
Մութ հորիզոնի սահմանում կորչի,
Խռոված հոգով և հազար ու մին
Մտածմունքներով մտնես անկողին,
Մի տխուր երազ կըգա կազդե քեզ,
Որ քո Մհեին էլ տեսնելու չես»...
***
«Իսկ դուն, ո ՛վ անբախտ և չարատանջ մարդ,
Դո ՛ւն, իմ ծերունի հայրիկ ալեզարդ,
Երբ որ կըխնդրես արդեն չորացած
Քո բազուկներդ երկինք տարածած
Ու չես գտնիլ ծերության նեցուկ,
Որքան արտասուք կըթափես ծածուկ
Ո ՛հ, ինչպես պիտի քո ճերմակ միրքի
Վրայից հոսեն հորդ արտասուքի
Աղի շիթերը, թրջեն վշտակոծ
Մազոտ, մերկ կուրծքդ, և ինչպես սև օձ,
Կըթունավորեն օրերդ ծերության
Գաղտնի կասկածներն Մհեիդ մահվան:
Քո որդու ձեռքի հողին անարժան
Կըխփես, հայրիկ, աչքերդ հավիտյան.
Անմխիթարանք և որդուդ կարոտ.
Բայց և քո տխուր գերեզմանի մոտ
Չի կանգնելու քո Մհեն երբեք...
Դուք այնտե ՛ղ, այնտեղ իրար կըգրկեք»...
V
«Վարդիթեր քույրիկ, գիշերս երազում
Դռնիցն ականջիս մի ձայն է հասնում,
Տնքում է երկա՛ր և ծանր հառաչում,
Հանկարծ մի կամաց Մեհրի է կանչում:
Դուրս եկա, տեսնեմ՝ Մհեն էր կանգնած
Մի սև ձի հեծած, թռավ ու գնաց.
Ետնուց կանչեցի՝ Մհե ՛, կաց, արի ՜.
Հենց այս կանչելումն աչքս բաց արի:
Էլ ետ չնայեց, սև ձիուն հեծած,
Սև շորեր հագած, սև ճամփով գնաց.
Քամու նման էր այն սև ձին վազում.
Ի՞նչ է, Վարդիթեր, սև ձին երազում»:
— Մեհրի, տեր աստված բարին կատարի,
Տիրամոր առաջ մի ջուխտ մոմ վառի:
«Երեք օր առաջ Շողերի գարին
Թեև մոտիկ էր ցույց տալիս բարին,
Բայց չար հարամին (նա այսպես ասաց)
Ճամփա չէ տալիս առաջը կտրած»:
— Մեհրի, տեր աստված բարին հառաջի,
Գրավ խոստացիր սրբի ու խաչի:
«Իսկ այս առավոտ մի ագռավ եկավ
Երդկին վեր եկավ, սիրտս դող ընկավ,
Երբ բերան բացեց, գլուխն ուտե իրան,
Բոթաձայն կռվեց ճիշտ երեք բերան»:
— Մեհրի, տեր աստված բարին կատարի,
Տիրամոր առաջ մի ջուխտ մոմ վառի:
VI
Ճամփա է տանում դեպի Հայաստան.
Այն ճամփու վրա կա մի գերեզման,
Որ միշտ հայացքով լուռ, ողորմելի,
Անցվորից խնդրում է մի ողորմի:
Չունի այն քարը չարաշուք դրած
Ոչ տապանագիր, ոչ անուն գրած,
Որ մարդ իմանա, թե այս վայրենի,
Ամայի վայրում ո՞վ պիտի լինի
Հանգստանալիս անտաշ քարի տակ:
Արդյոք խստակյաց մի սուրբ նահատակ,
Փախած աղմուկից մեղքոտ աշխարհի,
Եկավ և այստեղ, այս ճանապարհի
Վերա հաստատեց իրան օթևան,
Իբրև աստծուց կարգած պահապան.
Թե չար մարդիկը, դեռ կիսաճամփի,
Կտրեցին թելը ճամփորդի կյանքի.
Գուցե մարդկանցից քշված, հալածված
Ավազակը վես յուր գլուխը ցած
Դրեց այստեղ, և այս ճամփու տակին
Ավանդեց իրան մեղավոր հոգին...
VII
Մի օր մի քանի հայ անցվորական
Քրտնքամխած այն ճամփով եկան,
Կանգ առան այնտեղ ու շունչ քաշեցին,
Փոշոտած դեմքից փոշին սրբեցին:
Դեպ այն շիրիմը նրանցից մեկը
Երկչոտությունով մեկնեց յուր ձեռքը,
Եվ այսպես հորդոր կարդաց մյուսներին՝
— Եղբայրք, ողորմի տվեք Մհեին.
Սրանից առաջ մի քանի տարի
Եկանք տեսանք, որ այս ճանապարհի
Վերա հավաքված գիշակեր թռչուն,
Գիշատող գազան, մի լեշ են ուտում,
Քշեցինք նրանց, — տեսնենք մի դիակ
Ի ՛նչպես սոսկալի, ի՜նչպես այլանդակ
Շատ տգեղ էին և զարհուրելի
Սիպտակ շարքերը բաց ատամների.
Դատարկ աչքերի փոսից էլ, կարծես,
Տխուր հայացքով նայում էր նա մեզ:
Դեմքին ու լեշին երկար նայեցինք.
Վերջը շորերից միայն ճանաչեցինք,
Եվ պատառոտած նրա դիակը
Քարշ տվինք հասցրինք այն ծառի տակը,
Թաղեցինք այնտեղ և փախանք թաքուն,
— «Աստված ողորմի Մհեի հոգուն.
Մի բերան ամենքն ասացին սրտով
Եվ ահակալած հեռացան փութով:
VIII
Գնում է ճամփան մտնում մի ավան,
Տխուր, կիսավեր հայի բնակարան,
Եվ այդ ավանի նույնիսկ առաջին
Տան շեմքում կանգնած դեռահաս մի կին,
Երեսը ծածկած բարակ քուշուշկով,
Առաջի ճամփին նայում է ուշքով.
Այդ ճամփով մի օր նրա սիրելին
Գնաց հեռու տեղ, չդարձավ կրկին:
IX
Տարիներ անցան, և աչքը ճամփին
Մնաց նայելիս նորահարս Մեհրին.
Ձեռքերը ծոցին, աչքերը լցված
Նայում էր, խոսում նա տարակուսած.
«Ա՜խ, մի ծիտ դառնամ, թոչեմ ու գնամ,
Գտնեմ Մհեիս, տեսնեմ մի անգամ.
Բայց ո՞վ կըտա ինձ թռչելու թևեր...
Երնեկ իմանամ, երնեկ մինն ասեր,
Թե այս րոպեին նա ինչ է անում:
Գո՞րծ ունի արդյոք, հաջո՞ղ է գնում,
Արդյոք մի անգամ ինձ մի՞տն է բերում,
Գիտե՞, թե օրերն ինչպես եմ համրում.
Ով գիտե, գուցե այնտեղ մի սիրուն
Խանում կին սիրեց, մոռացավ Մեհրուն,
Կամ, գուցե, հիվանդ տնքում է հիմա,
Չորս կողմը նայում՝ յուր Մեհրին չըկա.
Թե չար թշնամին, ձեռքը չորանա,
Սուրը բարձրացրեց Մհեիս վերա.
Չըլինի թե վաղուց, Մեհրի ու աշխարք
Մոռացած, թողած, նա սև հողի տակ...
Ա՛խ, ինչո՞ւ է, ինչո՞ւ այսքան տանջանքը,
Միթե սա՞ է, տեր, քո տված կյանքը.
Միթե ա՞յս էր ինձ համար պատրաստած,
Ի՞նչ արի քո դեմ, անարդար աստված:
X
Գնաց ու գնաց, չըդարձավ կրկին.
Բայց, ահա, մի օր նկատեց Մեհրին,
Որ հեռվից մի բան սևին է տալիս.
«Ղարիբությունից ոքմին է գալիս»,
Մտքումըն ասաց Մեհրին և ծովծով
Աչքերի արցունքը սրբեց գոգնոցով:
Սիրտը սկսեց արագ բաբախել,
Վաղուց էր, խեղճ կինն այդպես չէր եղել,
«Օ ՛, տառապածի ողորմած աստված»,
Մրմնջաց Մեհրին աչքերը լցված,
Ուրախությունից արցունքը հետին
Ցավերը պիտի ողջ թափեր գետին:
Արդեն եկավորն եկավ մոտեցավ,
Քանի մոտեցավ, այնքան շատացավ.
Եվ ահա, մի խումբ թուրք ավազակներ,
Գյուղը քանդեցին, արին տակն ու վեր.
Լեղապատառ տուն ընկած Մեհրուն
Տանից հանեցին, նստեցրին ձիուն.
Նրա ալևոր սկեսարն ընկավ
Թուրքերի սրից և իսկույն հանգավ.
Ծերի անեծքի հետ ի միասին
Տարան թուրքերըն յուր խոնարհ հարսին:
XI
Ճամփա է տանում դեպի Հայաստան.
Այն ճամփու վրա կա մի գերեզման,
Գերեզմանի մոտ մի ծառ է կանգնած.
Այն հովանու տակ ահա մի հոգնած
Ձիավոր իջավ, և նորա թարքին,
Իրան փաթաթված, նստած էր մի կին.
Եվ տղամարդը զենքերում կորած,
Կանաչ խոտերում երբ ձիուն թողաց,
Դարձավ դեպի այն վաստակած կինը,
Ցույց տալով մատով մոտիկ շիրիմը.
— Մեհրի, ճանաչի ՜ր իգիթ Օսմանին.
Նայիր առաջիդ այդ գերեզմանին.
Այդտեղ թաղած է, մի քանի տարի
Առաջ, իմ ձեռքով մեռած գյավուրի
Հոտած մարմինը. երբ որ նրան ես
Թալանում էի, հայհոյում էր մեզ:
Շատ համարձակ էր այն լիրբ գյավուրը,
Բայց երբ Օսմանի կտրուկ կեռ թուրը
Նրա գլուխը ուսերից պոկեց,
Էլ բան չըխոսեց և խելոք պառկեց:
Գրպանում, ծոցում ոչինչ չըգտա,
Աղքատի մինն էր, միայն այս առա.
Ասաց, գրպանից հանեց ղայլուխը,
Մեհրու արյունը տվեց գլուխը.
— Ես պիտի քնեմ, Մեհրի, դու մնա,
Լավ նայի ՜ր, որ ձին հեռու չըգնա.
Մինչև հովն ընկնի, այնպես վեր կենանք,
Աստըծուն կանչենք, մեր ճամփեն գնանք:
XII
Մեհրին քարացած, որպես շանթահար
Այն գերեզմանին նայում էր երկար
Ուշքը վերացած, ոչինչ չէր տեսնում.
Ուրիշ երկրում էր ականջին հասնում
Անլուռ աղմուկը մոտիկ առվակի,
Արձագանքն իրանց պատող ծմակի.
Այնինչ աչքերը փայփայում էին
Զվարթ երեսով առողջ Մհեին:
Նայում էր Մեհրին, նայում էր միայն,
Եվ ահա բարակ, ողորմուկ մի ձայն
Հասավ ականջին այն գերեզմանից. —
«Առ իմ արյունը, Մեհրի, Օսմանից»:
Սարսափեց, դողաց և միանգամից,
Ինչպես որ հանկարծ զարթնում են քնից,
Սթափվեց Մեհրին, նայեց դես ու դեն,
Ինչպես նայում է վախեցած երեն,
Եվ մի միտք նրա դեմքըն այլայլեց. —
Խոշոր աչքերում վրեժը փայլեց,
Վայրենի ձևով, զգույշ ու կամաց
Մի քանի քայլով թուրքին մոտ գնաց,
Ձեոքերը փռած, քնած էր թուրքը,
Ծանր ու երկար շնչում էր կուրծքը.
Կամաց խանչալը պատենից քաշեց,
Օսմանը հանկարծ բազուկը շարժեց,
Թեթև թռիչքով ետ թռավ Մեհրին,
Խանչալը պահեց գոգնոցի տակին
Եվ անշարժ մնաց, մինչև որ դարձյալ
Օսմանը սկսեց հանգիստ խռըմփալ:
Փայլեց պողպատը վառ արևի տակ.
Եվ Մեհրին, ինչպես հոգեհան հրեշտակ,
Խանչալը ձեռքին մնաց խոր քնած
Իգիթի գլխին մի րոպե կանգնած.
Դարձյալ դես ու դեն խենթի պես նայեց,
Զգույշ կորացավ, շունչն իրան պահեց,
Խանչալի ծայրը դնելով կրծքին
Յուր բոլոր ուժով հարեց դաստակին:
Օսմանը գոռաց, վեր թռավ տեղից,
Մեհրին սարսափած փախս առավ վախից.
Վագրի թռիչքով ցատկեց Օսմանը,
Հասավ ու բռնեց թիկունքի ծամը.
Եվ դարձավ Մեհրին ահից կատաղած,
Դարձյալ թուրքի դեմ խանչալը շողաց,
Մռնչաց ուժգին. մազերը թողաց,
Կրակոտ աչքերն արյունը կոխած,
Կիսաշունչ թուրքը թուրը պտտեց.
Ծղրտաց Մեհրին, աչքերը մթնեց.
Վայր իջավ թուրը, նրա հետ Մեհրին
Մի թույլ ճիչ հանեց, խանչալը ձեռին,
Կուրծքը պատառած, արյունաթաթավ,
Մհեի շիրմի վերա վայր ընկավ.
Վայր ընկավ մեռավ, նաև Օսմանը,
Եվ երեք դարձավ մի գերեզմանը:
Դեռ իրար կողքի հանգչում են այնտեղ
Չար սպանողն ու սպանվողն անմեղ.
Եվ ամեն տարի գարունը գալով
Հավասար պճնում է նրանց դալարով:

ՀԱՌԱՉԱՆՔ
Հատվածներ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Լեռնե ՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:
Ձե՛զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տըխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:
Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՛ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն...
Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով, —
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ:
Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:
Ձորե՛ր, ա՛յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:
Դուք էլ խոսեցե՛ք, դուք Էլ պատմեցե ՛ք
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՛ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...
ՀԱՏՎԱԾ I
Մի քանի տարի սըրանից առաջ,
Երբ որ հայրենիք էի ես գնում,
Այն մըթին ձորում, ուր որ քաղցրավաչ
Մեղեդու ձայնով Դեբեդն է վազում,
Ժայռերի գլխին, ուր բազկատարած
Աղոթք են անում Հաղպատ-Սանահին,
Գիշերը հասավ, ու ես դադարած
«Ղոնաղ» մնացի ծեր այգեպանին:
Նա տրտնջալով ծերության ընդդեմ
Քըթքթում էր յուր ծառերի տակին.
«Բարի օր, պապի», ու խոժոռադեմ
Ծերը ետ նայեց ձեռքը ճակատին:
Մի կասկածավոր ու խիստ հայացքով
Զննելուց հետո հոնքերը կիտեց,
Սաստիկ սառնությամբ պատասխան տալով
Դեպի յուր դափեն ինձ առաջնորդեց:
Նրա ետևից անխոս գընացի,
Փընթփնթացնում էր նա իմ առաջին —
«Մեր բանը պրծավ, երբ էս ձորերի
Մըտերը սրանք էլ եկան սովրեցին:
Սա էր մնացել, սա էլ անպատճառ
Մեր գլխին մի նոր կրակ է բերում, —
Նոր դրած բեգյար, կամ իզուր մի շառ,
Թե չէ ինչ ունի էս խուլ ձորերում:
Եկած կըլինի, որ խաբար տանի,
Թե խելքը գլխին դեռ քանի գյուղ կա,
Ով յուր դռանը անասուն ունի,
Կամ որի կնգա աչքերում յուղ կա:
Կամ հին գերեզման քանդող կըլինի,
Կամ թե կըհամրի ծմակի ծառերը,
Կամ նրա համար, թե օրը քանի՞
Ձու են ածում մեր գյուղի հավերը...
Ո՞վ գիտի, հիմա ով վեր է կենում
Գլխին էս տեսակ գդակ է դնում...»
Լռեց ծերունին ծանըր տնքալով
Ու առաջ գնաց թին դիմհար տալով:
Իսկ երբ որ հասանք աղքատիկ դափին՝
Ինձ հըրավիրեց, և յուր ունեցած
Շորի կտորը փռեց իմ տակին,
Ինքը առաջիս մնաց լուռ կանգնած:
Ճերմակ գլուխը ապա բարձրացրեց,
Հոնքերի տակից ազդու նայելով,
Որոտող ձայնով այսպես հարցըրեց
Զզվանք ու զայրույթն հազիվ պահելով:
— Աղա ՜, հարցնելը ամոթ չըլինի,
Հրամանքդ ի՞նչ մարդ ես, կամ ո՞րտեղից ուր...
Եվ չըսպասելով մի պատասխանի՝
Ինքը շարունակ խոսեց կցկտուր.
— Ով էլ որ լինիս՝ բարով ես եկել,
Անփորձանք լինի քո ճանապարհը,
Աստված կյանք տա ձեզ, որ հարցնեք դուք էլ,
Թե ինչ ցավ ունի խեղճ ռանչպարը:
Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ
Անց ենք կացնում մեր սև-սև օրերը.
Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,
Էդ հաստատ գիտե ինքը — միայն տերը:
Բայց դու էլ խելոք մի մարդ ես գիտուն,
Քո բարի աչքով տեսնում ես էլի,
Տկլոր ու սոված էսպես տարին բուն
Քարի-հողի հետ կռիվ ենք տալի:
Թե որ ձեռներս էլ մի բան է ընկնում,
Չենք կարողանում բերան հասցընենք...
Էսքան տանջվելով քրտինք ենք անում,
Էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք...
— Ի՞նչիցն է, պապի, այսքան ճոխ երկրում,
Ինչպես ասում ես, դժվար եք ապրում,
Վարձատրություն չե՞ք ստանում հողից,
Թե՞ նեղություն է գալիս մի տեղից:
«Մեր նեղությունը... քեզ ինչպե՞ս հայտնեմ,
Թող հաստատ լինի մեր թագավորը.
Ես ընչի տեր եմ, խոսեմ նրա դեմ,
Բայց աստված կտրի մեր քաշած օրը...
Ի՞նչ անես, ախպե ՜ր, ումի՞ց խռովես,
Պետք է համբերել, թե լավ թե օսալ...
Բայց դու չասացիր հրամանքդ ով ես,
Ուզում եմ քեզ հետ լիասիրտ խոսալ»:
— Ես քաղաքումը կարդում եմ, պապի:
«Հա ՛, տիրացու ես, բա ինչո՞ւ չասիր...»
Կանչեց ծերունին ու իրեն դափի
Դռնից հեռացավ. «մի քիչ սպասիր»:
ՀԱՏՎԱԾ II
Մթնեց: Ծերանին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դըրեց կըրակին,
Նորիզ բարևեզ իր երկրի կարգով
Ու բարի մաղթեց ջահել ղոնաղին:
Ու նըստոտեցինք իրար դեմ ու դեմ
Սաստությամբ վառվող կրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում ձորերի շունչը:
Գիշերվան անքուն հավքերն են տըխուր
Ծըվում, ծըկլթում խավարի միջում,
«Որբն» է եղբորը կանչում ցավալուր,
Բուն է իր դաժան վայը կռընչում:
Ու ողջ միասին մի խորունկ թախիծ,
Մի մութ զարզանդ են գիշերին տալի...
Ահա տարածվեց հեռու ծըմակից
Եվ ձիգ ոռնոցը սովատանջ գիլի:
* * *
Ծանըր տընքալով թեք ընկավ ծերը,
Երկար կոթավոր չիբուխը լըցրեց.
Գիշերվա նըման կիտած նոթերը
Խուլ որոտալով էսպես հարցըրեց.
— Ի՞նչ կա քաղաքում, դե ՜ պատմիր տեսնեմ,
Իմանամ, ես էլ ուրիշին ասեմ.
Մեռնող-ապրողից, թանգ ու էժանից,
Կամ նոր դուրս եկած գազեթից, բանից…
Երեք թագավոր, ասում են, իբրև,
Խելքս չի կտրում, որ էսպես լինի,
Խորհուրդ են արել, որ այսուհետև
Իր թախտից զըրկվի, ով կռիվ անի:
Ո՞վ է իմացել էսպես հրաշք բան:
Էլ ի՞նչ թագավոր կամ էլ ի՞նչ իշխան,
Որ կռիվ չանի, ուրշին չըտիրի,
Մարդ չըկոտորի, երկիր չավերի...
— Է՛հ, աստված սիրես, թող դրանց, պապի,.
Ես շատ եմ զըզվել քաղքից, գազեթից,
Ի՞նչպես եք ապրում, դու ձեզնից պատմի,
Ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից:
— Ի՞նչ ես կորցըրել — ընչի ման գալի,
Խոսեց ծերունին դառը խնդալով,
Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,
Ամեն մեռնողի երանի տալով:
Մեր ապրուստն ի՞նչ է. — մի կտոր չոր հաց,
Էն էլ հըրեն հա՛ — երկընքից կախված:
Մի մարդ որ նըրա երեսը պահի՝
Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի…
Ես քեզ օրինակ: Էս խոր ձորերում
Էս է չորս քսան տարիս լըրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքըս լիացավ:
Ամռողջ ամառը առանց տաքիլեթ
Պըտիտ եմ գալի էս ձորի միջին,
Կըռիվս եմ տալի հազար ցավի հետ
Ու չեմ կարենում — չեմ հասնում վերջին:
Վազներից էնքան օգուտ չի գալի,
Ինչ նրանց համար ես փող եմ տալի.
Գըլուխը քարը, գոնե փող լիներ,
Էլ ինչո՞ւ էսքան մարդ գանգատ կաներ:
Ջախ եմ հավաքում, կրակ եմ վառում,
Սրա համար էլ փող եմ վըճարում:
Էս դափեն ի՞նչ է — մի երկու լատան,
Հինգ ու վեց անգամ տարան դատաստան:
Ասում են՝ գեջ ես կտրել դու մերին:
Իրանցն ասում են ու քեզ չեն լսում,
Մինչև չըտեսնես մեծին, պիսերին.
Հիմի տես նրանք ինչքան են ուզում:
Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,
Աչքըդ թեքեցիր — բանիդ տերը չես.
Քաշում են տանից, քաշում են դըռնից,
Ու չես իմանում որ կողմը թըռչես:
Թե տանուտերին գանգատ եմ գնում,
Բան չեմ վաստակում բացի դուշմանից.
Գողերի հետքը իր տունն է տանում,
Համեցե ՜ք դիվան ուզիր սըրանից:
Նստեցնում է քեզ մի երկու բաժակ
Տաք ջուր խմեցնում կամ մի թաս օղի.
— Դու գնա, պա ՜պի, միամիտ քընիր,
Ես աչքի լուսը կըհանեմ գողի...
Դարձել է աշխարքն, ա՜խպեր, առ ու փախ,
Սերը դարձել սուր ու ջուրը — արին,
Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է տարել տըկարին:
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան.
Տղեք են՝ փախած տանից, դիվանից,
Եկան ու ծեքին էլ ետ հեռացան:
Ո՞վ է մեղավոր... Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր:
Հենց էն եմ տեսնում — մութն, անգետ մարդիկ,
Էլ մենք ենք մեջտեղ տանջվում ամեն օր...
Մեր բանն էլ, ախպեր, էսպես է եկած,
Մենք լեզու չունենք — ուժեղը աստված:
Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկվել,
Նորն էլ չըգիտենք թե ինչ է եկել:
Էստեղ մեզ մոտիկ թավադներ ունենք,
Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք.
Փորներն ողողած, փոխկները թողած,
Կըռները կանթած՝ կըտերը կանգնած:
Մեկին մեր գյուղում մի թիզ հող ունի,
Թըքես մի ծերից մյուս ծերը կընկնի.
Ոչ ինքն է վարում, ոչ տալիս մեկին,
Բուռն է հավաքել գյուղացու հոգին:
Գնում է ուրշի ապրանքը տանում,
Թաքուն հավաքում իր հանդն է անում,
Աղմուկով քըշում իր հանդի միջից,
Շտրափ է առնում անմեղ տիրոջից:
Պարում է ձմեռն հարսանիքներում,
Կամ մեծավորի թեփշի է լիզում,
Մինչև մի քանի շահի է ճարում,
Էն էլ տանում է լափում Թիփլիզում:
Մի օր սա եկավ, թե չոբան Չատին
Ոչխարը թաքուն իմ հանդն է քաշել.
Չատին էլ կուլ չի գընաց թավադին.
— Թող գա մի տեսնենք — էդ ո՞վ է տեսել:
Աղաչանք արի, պաղատանք արի.
— Ա՜յ տղա, ասի, ետ քա՜շվի, հեռի ՜,
Բեր ձեռը վեր կալ, անեծք չար բանին...
Բայց ի՞նչ հասկացնես բըռի չոբանին:
— Չէ՛ որ չէ՛, ասավ, էն լեռ սարի պես
Գընաց դիք կանգնեց գեղի մեյդանում.
Էս դատաստանը, էս թավադն, էս ես,
Թող գա մի տեսնենք ինձ ինչ է անում:
Եկան իրարու, խոսք խոսքի հասավ,
Չատին մի քանի կոշտ խոսքեր ասավ.
Դե մարդիկ երբ որ կռիվ են անում,
Մեջտեղ փըլավ չեն իրար բաժանում:
Մեր տանուտերն էլ, աստված է օրհնել,
Էսպես մի բան էր պակաս նըրան էլ.
Մեկի պոչը միշտ մեկէլի տակին,
Եկավ տաքացած, ճիպոտը ձեռքին:
Եկավ էս Չատնիս հաչիցը կապեց,
Ինչքան որ գիտես՝ քո ասած թակեց,
Թե՝ պետք է կորցնեմ քեզ էնքան հեռու,
Որ էլ չըտեսնես արևը Լոռու:
Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խընդիրքով,
Ինչքան օր տվինք, ավել խընդրեցինք —
Բանը վերջացնի գեղական կարգով:
Ախպե ՜ր, ասացինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ըշտրափըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք:
Սա ոտը դրեց վերի թարեքին.
— Էսքա՛ն ու էսքան բերեք, որ ներենք...
— Էս է ունեցածն աստըծու տակին,
Էլ չըկա, ա ՜խպեր, ո՞րտեղից բերենք:
Ինչ արինք՝ չարինք, չեկավ հավատի,
Գընաց ավելի բարձըր գանգատվեց,
Թե՝ ինքըս թավադ, թավադի որդի,
Ու չոբան Չատին ինձ ուշունց տըվեց...
Վերևից մի մարդ եկավ քննություն,
Միրուքը հաչա, աստղը ճակատին,
Եկավ, վեր եկավ, մըտավ քյոխվի տուն,
— Ո՞րտեղ է, ասավ, էն չոբան Չատին...
Չատին էլ եկավ անճոռնի ու մեծ,
Էն փետի նըման մեջտեղը տընկվեց.
Ոչ օրենք գիտի, ոչ կարգն ու լեզուն,
Բերանը կապած սարի անասուն:
Քննությունն արին, բըռնեցին գյադին,
Թե` ի՞նչպես ուշունց կըտաս թավադին.
Բաց արին տեսան գըրած զակոնում,
Թե չոբան Չատին Սիբիր է գընում:
Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խնդիրքով,
Ինչ ուզեց տըվինք, հետն էլ խընդրեցինք՝
Բանը վերջացնի գեղական կարգով:
Ա ՜խպեր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ուզածըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք:
— Հո ՜ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր,
Չեմ ուզում ընկնեմ արինն էդ տըղի,
Դըրա խիզանը մենակ էս գիշեր
Պետք է որ գըցի տեղը էս աղի...
Մարդը խիղճ ունի՝ էսպես է ասում.
Սըրանից ավել էլ ի՞նչ եք ուզում.
Բայց տըղամարդը, որ նամուս ունի,
Լավ է իմանում ինչ պատասխանի...
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան:
Քանի ՛-քանի մարդ կորավ իր տանից,
Քանի ՛-քանի մարդ դառավ մարդասպան...
Ո՞վ է մեղավոր: Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում —
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր:
Մինը իր կամքին՝ ինչ ասես՝ անի,
Մյուսը խոսելու իրավունք չունի.
Ես չասեմ, դու հո կարդացող մարդ ես,
Էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես...
Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ,
Էլ ընչի մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ.
Նրա արինը կարմի՞ր է մերից,
Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից:
Թե չէ՝ թավադ ես՝ ինչ ուզես անես,
Ես չըկարենամ քեզ մի խոսք ասե՞լ...
Է ՛հ, մի ՜ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ...
Լըռեց ծերունին: Իրար դեմ ու դեմ
Թիկնած էինք թեժ կըրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում գիշերվան շունչը:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ: ԱՆՈԻՇ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐԸ
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:
— Եկե՛ք, քույրե՛ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՛ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին...
Ափսո՛ս, Անո՛ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՛ս իգիթ քու յարին.
Ափսո՛ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՛ս էդ ծով աչքերին...:
Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:
— Վուշ-վո՛ւշ, Անո ՛ւշ, վուշ-վո ՛ւշ, քուրի՛կ,
Վո՛ւշ քու սերին, քու յարին...
Վուշ-վո՛ւշ, Սարո ՛, վուշ-վո՛ւշ, իգի ՛թ,
Վո ՛ւշ քու սիրած սարերին...
— Եկե ՛ք, քույրե՛ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ...
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր:
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան:
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն:
ԱՌԱՋԻՆ ԵՐԳ
I
Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու՝ թևերն ահա փըռած տիրաբար՝
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղո՛ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նըստած՝
Խոսում են Լոռու հին-հին քաջերից:
Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՛ շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև-Ալ, Դև-Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցըրին բերին անառիկ Լոռի:
II
Է՛յ հին ծանոթներ, է՛յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան:
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՛լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,
Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում:
Ողջո՛ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջանում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես:
Դո ՜ւրս եկեք կըրկին շիրմից, խավարից,
Դո ՜ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ,
Կյանքով շընչեցե ՛ք, ապրեցե ՛ք նորից,
Լըցրե ՜ք պոետի հաճույքը վըսեմ...
III
Եվ մութ այրերից մամռուտ ժայռերի.
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա ՛րմ, ցողապատ լեռների լանջում...
Սո ՛ւս... ակա ՜նջ արա, — հովիվն է կանչում...
IV
— Աղջի ՜, անաստված, նըստի ՜ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր:
Ամա՛ն, էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա ՜յ սարի աղջիկ,
Ա ՜յ սիրուն աղջիկ,
Ա ՜յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
Ա ՜յ սև աչքնրով,
Ա ՜յ ծով աչքերով,
Ունքնրըդ կամար
Աղջիկ, քեզ համար:
V
Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
— Էն ո՞վ էր, նանի ՜, որ կանչում էր մեզ,
Դու չես իմանում... ականջ արա, տե ՛ս...
— Հերի ՜ք է, Անո ՜ւշ, ներս արի դագեն,
Քանի ՜ դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի — ի ՛նչ աղջիկ է սա...
Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա:
— Մըտի ՜կ, տուր, նանի ՜, էն սարի լանջին,
Ի ՛նչքան ավլուկ է տալիս կանանչին...
Նանի ՜, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլամ» ասեմ:
— Հանգի ՜ստ կաց, Անո ՜ւշ, դու հասած աղջիկ՝
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց, աղջի ՜, ամոթ է, ամո ՛թ:
— Ա ՛խ, սիրտըս, նանի ՜, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՛ծ, տըխու՛ր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ՝ թե ո՛ւր, չըգիտեմ՝ թե ուր...
Նա ՜նի ջան, նա ՜նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա ՜նի ջան, նա ՜նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ...
VI
Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր:
— Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:
Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից:
Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա ՛վ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի...
— Աղջի ՜, քու յարն եկավ անցավ
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն՝ եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով...
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Ա՛խ, իմ ազիզ յարն է լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:
VII
Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած.
— էն ե՛րբ էր՝ Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ...
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի...
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
— Ո՞ւր կորար, Անո ՜ւշ, ա ՜յ մազըդ կըտրած...
Ու ձորի գըլխին, ձեռքը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին:
— Աղջի ՛, սևասի՛րտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի.
Ամպը կոխել է, աշխարքը մըթնել,
Ի՞նչ ես կորցըրել՝ չես կարում գըտնել...
Աղջի, հե՛յ Անուշ, ա ՜յ աղջի՛, Անո՛ւշ...
Ծընկանը զարկում, հառաչում է «վո ՛ւշ».
Ու ձորի գըլխին մոլորված կանգնած
Նայում է ներքև սիրտը սևակնած:
Ամպերն եկել են սարերը պատել:
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի:
VIII
— Թո ՜ղ, կանչում են ինձ... մերըս կիմանա...
— Չէ ՜, Անո ՜ւշ, քի ՜չ էլ, մի ՜ քիչ էլ մընա...
— Չէ ՜, թող ես գնամ... ա՛խ, ի՛նչ խենթ եմ ես...
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում...
Վաղո ՛ւց, վաղուց ես դու ինձ մոռացել....
Ես ե՛րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՛ւմ, անիրա ՜վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չես ասում՝
Ինչ կըլնեմ ես...
Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ,
Ես կը հալվեմ,
Ջուր կըդառնամ,
Ես չըգիտեմ՝
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ...
Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով՝
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջըրերի վըրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՛նց է մոռանում...

— Ա՛խ, Անո՛ւշ, Անո՛ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում.
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում...
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում...
Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում...
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
էն ո՞ւմ եմ հիշում...
Ա՛խ, Անո՛ւշ, Անո՛ւշ, անաստվա՜ծ Անո՛ւշ...
Արբեցա՛ծ, անո՛ւժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցա՛վ, հանգա՛վ...
IX
— Անո՛ւշ, այ աղջի՛, Անո՛ւշ, տո՜ւն արի...
Կանչում է մերը, հառաչում, կանչում:
— Գալիս եմ, գալի՛ս, գալիս եմ, նանի՛...
Ձորից աղջըկա ձենն է ղողանջում:
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը՝ փախած եղնիկի նըման:
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին...
Ա՛խ, անհոգություն ջահել աղջըկա...
— Նանի՜, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի՜, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեցի՝ թուրքեր էին լողանում...
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած՝
Դատարկ ետ բերած հին կուժը ուսին:
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
X
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏԸ
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
— Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Սև սարեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:
Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Լավ օրեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:
Եկավ Համբարձում
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
— Ո՞վ է մեզ գըրված:
— Ա՜յ ջան տղա, չոբա՜ն տղա, ո՞ւմն ես դու:
— Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու:
Դե հանի՜ր, ա՜ղջի,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին:
Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՛նչ դարդ ունեմ քանի նա կա աշխարհի:
Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան. յա՜յլա,
Հուր սըրտեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:
Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում.
Ելնում է մեկին իր երազն ու սեր,
Մյուսի մուրազը սըրտումն է մընում:
XI
Պըտույտ է տալիս վիճակը նորից
Քուշուշքը գըլխին ծաղիկ Ծաղկամեր,
Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից.
Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր:
— Ա՜յ թուխ մազավոր աղջիկ,
Ա՜յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Քեզ սիրի ով որ, աղջիկ:
— Ո՛հ, ի՛նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Սևաբա՜խտ քարիկ, նազելի Անուշ.
Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր...
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ:
— Սուտ բան է, քուրի՜կ, դու մի՜ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի՜ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղը խաղա՜, ջան գյուլում ասա:
— Ա՛խ, չէ՜, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.
Ես երբե՛ք, երբե՛ք բախտ չեմ ունեցել...
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրից են դեռ ինձ անիծել...
Ասում են՝ մի օր, ես օրորոցում,
Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի,
Իր խաղն ասում է ու բաժին ուզում,
Իմ նանը նըրան բաժին չի տալի.
— Կորի՜, ասում է, կորի՜ մեր դըռնից,
Երեխաս ճաքեց, հեռացի՜ր, գընա՜...
Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ,
Թե՝ դըրա օրը լացով անց կենա...
Ա՛խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակին տեղյակ է աստված.
Սիրտըս էլ միշտ փա՛կ, սիրտըս էլ միշտ մո՛ւթ,
Ի՛նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված...
Մի՜ տըրտմիր, Անո՜ւշ, մի՜ լինիր համառ.
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սըրտաճա՛ք...
Հանգի՜ստ կաց, քուրի՜կ, մի՜ վախիր էդքան,
Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առաջև դեռ կան երջանիկ օրեր:
Սուտ բան է, քուրի՜կ, դու մի՜ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի՜ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա:
(Խումբը երգում է)
Աղջի, բախտավո ՜ր,
Երնե՛կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչերին:
Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Սեր-օրեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:
Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Սար-յարեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:
(Անուշը մենակ)
Ա՛խ, իմ բախտը կանչում է ինձ,
Չեմ հասկանում՝ դեպի ուր...
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:
Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:
Ա՛խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում են միշտ էսպես զուր,
Տըրորվամ են ու թառամում՝
Սիրտները սև ու տըխուր:
(Խումբը հեռվից)
Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Վառ ցավեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:
ԵՐՐՈՐԴ ԵՐԳ
XII
Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:
Հարա՛յ են տալի — «քաշի՛ հա, քաշի՛...»
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին:
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի:
Գոռում են, գոչում երկու բանակից.
Սըրտապինդ կացե՜ք, մի՜ վախեք, տըղե՜րք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարս ու աղջըկերք:
Ու տաքանում են տըղերքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին...
Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու մ՛իշտ հընազանւդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին:
Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում խոզապարկուկի.
Ընկնում են գետին, ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի:
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած,
Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր:
Անուշը կանգնա՜ծ... Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք:
Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի
Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն:
Ամբոխը թափվնց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ-գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին:
Ցընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք:
XIII
Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում,
Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից:
Վե՛ր չի գցել ինձ... ինձ խաբել է նա...
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա...:
Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.
Չե՜լավ, էդ չե՜լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ էլավ —
Խոզապարկուկ էր...
Հա՜, հա՜, հա՜, տըղե՜րք,
Շատ էլ լավ կանի.
Մեջքը թա ՜փ տըվեք,
Թող մին էլ բըռնի...
Հա՜, հա՜, հա՜, տըղե՜րք,
Մեջքը թա՜փ տըվեք...:
XIV
Եվ աղմկալի հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում էր ըշտապ, քայլերը մոլոր:
— Ամո՛թ քեզ, Մոսի՜, թո՜ւք ու նախատինք,
Ամո՛թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին:
Ի՛նչպես վեր ընկար դո՛ւ սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դո՛ւ... կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՛նց...
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին...
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին...
Դե մեռի՜ր, էլի՜, գետինը մըտի՜ր,
Տանը վե՜ր ընկիր՝ իլիկ պըտըտիր...:
XV
— Վա՛յ, վա՛յ, Մո՜սի ջան, ինձ մի՜ ըսպանիր,
Սըրանից հետո չե՜մ սիրիլ նըրան...
Վախենում եմ ես... ղամեդ տեղը դիր...
Սիրտըս դողում է տերևի նըման...
Խնդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին՝ փայլկըտուն խանչալը ձեռին՝
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց:
— Դե իմ անունով երդվի՜ր, անըզգա՜մ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
Թե չէ՝ տեսնո՞ւմ ես խանչալը հանած՝
Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու:
— Քու ոտի հողն եմ, Մո՜սի ջան, Մո՜սի,
Դու, քու եսիրին երդո՞ւմ ես տալիս...
Ես էլ Սարոյին չեմ սիրում՝ ասի,
Տեսնո՞ւմ ես չոքած ի՛նչպես եմ լալիս...
— Դու խաբո՞ւմ ես ինձ, սուտլի՜կ, խաբեբա՜.
Չե՞ս սիրում ասիր. էն ի՞նչ է հապա,
Էն ի՞նչ է հապա, որ տեղն ենք մըտնում՝
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
Էն ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՛... Սարո» ես ասում...
— Մո՜սի ջան, Մո՜սի, գըլխովըդ շուռ գամ,
Ինձ մի՜ ըսպանիր, ինձ թող էս անգամ.
Էլ չեմ սիրիլ ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում...
Ինձ մի՜ ըսպանիր, ղամեդ տար հեռու...
Քու քույրը չե՞մ ես... իմ Մոսին չե՞ս դու...
XVI
Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ՝ աչքը դեռ բաց, էս լուս աշխարքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում:
Գուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի:
Ո՛վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար:
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը, արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին, հըրով բըռընկած,
Երկնահաս բոցով աստղերը խանձի:
ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ
XVII
Ամպերը դանդաղ ուղտերի նըման`
Նոր են ջուր խըմած ձորից բարձրանամ.
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է արևը պըռունգը հանում:
Գյուղում աղմուկով իրար են անցնում,
Կըտեր ծերերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում՝
Հըրացանների կիսերից բռնած:
XVIII
Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ
Էսպես նա պատմեց զոռ տալով չիբխին.
— Էս գիշեր, կեսը կըլներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ.
Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ...
Հա՜, հալալ կեսը կըլներ գիշերվա,
Շունը վերկացավ էս կըռան վըրա.
Հեյ-հե՛յ, կանչեցի, ձեն տըվող չելավ.
Շունը գազազեց, շունը վեր կալավ...
Հե՛յ գիդի, ասի ինքըս իմ միջում,
Ի՛նչ է մընացել առաջվան տըղից.
Քընում էի վաղ մենակ արխաջում,
Մի ձեն լըսելիս վեր թըռչում տեղից...
Էն էի ասում, քընել չէի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած՝ ցած իջան դեսը...
Էս որ լըսեցին, դես ու դեն ցըրված
Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան,
Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան:
XIX
Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝
Չոբան Սարոյին գըտնելու համար,
Որ սարիցն իջավ, Անուշին փախցրեց:
Մի ամսից հետո տըղերքն եկան տուն,
Գովելով նըրա արարքը ճարպիկ.
Հալալ է տըղին, ա՜յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփախցնեն աղջիկ:
Մենակ Անուշի ախպերը — Մոսին
Մընաց հանդերում. երդում կերավ նա,
Ուր որ էլ լինին՝ նըրանց միասին
Գըտնի՝ կոտորի, սիրտը հովանա:
Մնաց հանդերում: Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթան հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր, գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն:
XX
Աղջի՛, Վա՜րդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցի՜ր, տես ի՞նչ է ասում.
Աչքըս խավարի, տեսիլ դառնամ ես, —
Տեսիլք եմ տեսել գիշերս երազում:
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված...
Մի գարիդ գըցի՜ր, թե որդով խընդաս,
Էս երագն իսկի ես լավ չեմ փորձել.
Ողորմած աստված, քու դուռը բանաս,
Քու ոտի հողն ենք — դու ես ըստեղծել...
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ էին կանչում ու ձենով լալիս,
Սարոյի նանն էլ նըրանց առաջին
Աղլուխ էր առել ու պար էր գալիս...
Աղջի՜, Մա՜նիշակ, վատ բան ես տեսել,
Գարիս էլ, ահա, էդպես դուրս եկավ.
Էս չարն, էս բարին... Սարոն է էս էլ...
Տե՜ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ...
Աստված խընայի ջահել-ջիվանին,
Աստված խընայի իր անբախտ նանին...
XXI
Ու ման է գալի սարերը ընկած
Սարոն փախցրած եղջերվի նըման,
Օրհասն առաջին, գընդակն ետևից,
Հանդերը` դըժոխք, ընկերը՝ դուշման:
Եվ երբ երեկոն հանդարտիկ ու լուռ
Սարերից իջնում, խավարն է պատում,
Նըրա բայաթին ողբում է տըխար,
Ընկեր սարերին խոսում, գանգատվում:
— Բարձըր սարեր, ա՜յ սարեր,
Ձեն եմ տալի «վա՜յ», սարե՜ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարե՜ր:
Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած:
Կորչեմ բեզար դատարգուն,
Քար-սարեսար դատարգուն,
Մեռնեմ պըրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար-քուն:
Ա՛խ, կըմեռնեմ՝ ամա նա
Վա՛յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մընա:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ
XXII
Լալիս է Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված,
Տարած, ետ բերած, անբախտ աղջըկան:
Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը
Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել,
Իսկ խոժոռադեմ ալևոր հերը
Ըսկսավ փըրփըրած թըքել, անիծել:
Դո՛ւրս գընա, կորի՜, ա՛յ լիրբ, անըզգա՛մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ.
Կորի՛, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մըտնի երկար հասակըդ:
Տեսա՜ր, որ նըրան ատում է Մոսին,
Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ.
Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին,
Որ վեր ես կենում փախչում նըրա հետ:
Խռնըված գյուղացիք կըտուրից իջան՝
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան,
Մի պատկառելի հըսկա ալևոր:
Դո՜ւրս գընացեք, դո՜ւրս, գոչեց տերտերը,
Անուշը թողեք ուղիղն ինձ ասի,
Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի:
Մի՜ լար, իմ աղջի՜կ, ինձ խոստովանի՜ր,
Սիրո՞ւմ ես նըրան, քու կամքո՞վ փախար...
Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՜ անիր,
Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ...
— Ի՛նչ են հառաչում... էն ո՜վ էր, մի տե՜ս,
Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես...
Ո՞վ է ըսպանել... Մոսի՞ն... ո՛ւմ... ո՛ւր...
Անո՛ւշ, հե՜յ Անո՛ւշ... ջուր հասցրե՜ք, ջո՛ւր...
XXIII
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ:
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում,
Թըշշում է ձորը արյունով լըցված:
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լո՛ւռ, սըրտատըրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև... ձեն չի գալիս դեռ.
Դեբեդն է մենակ անդընդում՝ հուզված՝
Խըլաձայն ողբով սողում դեպի ցած:
XXIV
Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը՝ սև օձի նըման:
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպըտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝
Հարա՛յ է կանչում, երեսը պոկում:
Մեռծ չոբանի պառվ նանն է նա՝
Ցավից խելագար բառաչում, լալիս.
Տարաբա՜խտ ծընող, վազում է ահա,
Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս:
XXV
Սըգավոր կանայք նըրա ետևից
Հարա՛յ կանչելով ձորը վազեցին,
Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝
Դիակի շուրջը կարգով շարվեցին:
Իգիթին վայել սըրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված.
Տըղերքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր,
Մընացին մոտիկ քարերին նըստած:
Ողբացին անշունչ դիակի վըրա՝
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նըրա
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Եվ նըրա մասին, որ ընկերները
Հանդը գընալիս Սարո կըկանչեն,
Որ սարից փախած սոված շըները
Կըտերը պիտի ոռնան, կըլանչեն:
Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած,
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
Երկար խանչալը, պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի...
Որ հով սարերի սովորած նանը
Էլ սար չի գնալ առանց Սարոյի:
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի:
Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն
Կըտրատում էին սիրտը ծեր նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝
Մի անգամ խոսի, աչքը բաց անի:
— Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան՝ որդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի՜ որդի, դավաճա՜ն որդի…
Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել, չորացել էին,
Նըրանց արանքից ատամները բաց՝
Սիպտակ շարքերով երևում էին:
Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս էին ձեն ձենի տըված...
— Կարմիր արևից ընկած, Սարո ջա՛ն,
Կանանչ տերևից ընկած, Սարո ջա՛ն...
Արևս հանգավ, Սարո ջա՛ն,
Գիշերս ընկավ, Սարո ջա՛ն...
Գիշերը ընկավ, թանձրացավ մութը,
Ու նըվաղեցին ձեները տըրտում,
Հոգնեցի՛ն, հանգա՛ն... Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում:
Սըգվոր գետը՝
Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքրած,
Ջուրը փըրփրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին,
Դեռ ծեծում է,
Հեծեծում է...
XXVI
Եվ մի քանի ընկեր-տըղերք
Ձորում, գետի եզերքին,
Փոս փորեցին ու սըրտաբեկ
Հողին տրվին հովվի դին:
Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բույր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դե-բեդն էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական:
Ու տըղերքը տըխուր ու լուռ
Վերադարձան դեպի տուն,
Ձորում թողած մի սև բըլուր,
Մի գերեզման անանուն:
ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ
XXVII
Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում է մոլոր,
Շըրջում է մոլոր, խընդում ու լալիս,
Երգեր է ասում ու ման է գալիս:
— Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՛նչ ես լալիս ու ման գալիս
Էս ձորերում ամեն օր:
Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՛խ, նա գընա՛ց, նա գընա՛ց...
Արտասվելով, լալով էդպես
Ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ:
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
Էսպես է կարգն աշխարհի:
— Շնորհակալ եմ, անցվոր ախպե՜ր,
Աստված պահի քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
Անուշ ծիծաղն աչքերին...
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառմ,
Ինձ արցունք է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ…
Ու ման է գալիս,
Երգում ու լալիս:
Երգերը անկապ, երգերը տըխուր,
Արցունքի նման հոսում են իզուր.
Բայց լալիս է նա ու երգեր ասում,
Ու միշտ էն անմիտ տրտունջն է խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մնացին որբ ու անչոբան,
Թե ի՜նչպես հանկարծ նա գընաց հեռու,
Էլչի դառնալո՛ւ, էլ չի դառնալո՛ւ...
— Ե՜տ դառ, ե՜տ, իգի՜թ,
Ետ դառ, անիրա՜վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տո՜ւն արի,
Փախի ՜ր գիշերով
Ու թաքուն արի...
Ա՜խ, էն կանաչ սարի լանջին
Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափընջին,
Կուռը հանած էն տըղեն...
Ջա՛ն, իմ յարն է, ջանի՜ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մուշ-մո՛ւշ, անուշ մըրափել:
Վե՜ր կաց, վե՛ր, իգի՜թ,
Վե՜ր կաց, անիրա՜վ,
Ոչխարըդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ...
Արի՛, ջա՜ն, արի՛,
Քու գալուն մեռնեմ,
Թուխ չոբան, արի՛,
Կարոտըս առնեմ...
Տեսե՜ք, տեսե՜ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի...
Աղջի՜, աղջի՜, մըտիկ արեք,
Էս ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ էր տեսել էսպես հարսնիք —
Ո՜չ հարս ունեն, ո՜չ փեսա...
Բերում են հըրեն,
Ամա՛ն, մեր տան դեմ...
Վե՜ր դըրեք, վըրեն
Հյուսերըս քանդեմ...
Ես էլ եմ գալի՛ս,
Էդ ո՞ւր եք տանում...
Ինձ էլ թաղեցեք
Իր գերեզմանում...
Ա՛խ, չէ՛, ամա՛ն, ասում են դա
Մի դիակ է լո՛ւռ, սառած,
Արյունը չոր դեմքի վըրա,
Աչքերն անթա՛րթ, սիպտակած:
Նա սիրուն էր, անուշահոտ,
Աչքերը լի ծիծաղով,
Նա գալիս էր ցողոտ, շաղոտ,
Հանաքներով ու խաղով...
Արի՛, ջա՛ն իգիթ,
Արի՛, անիրա՜վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Էլ մի՜ ուշացնի,
Ես շատ եմ կացել,
Էլ մի՜ լացացնի,
Ես շատ եմ լացել...
Տե՛ս, կըխոռվե՛մ,
Լաց կըլեմ ես է՛լ…
Չեմ խոսիլ քեզ հե՛տ...
Չեմ սիրիլ քեզ է՛լ...
XXVIII
Անլըռելի վըշվըշում է
Պըղտոր ջուրը Դեբեդի,
Նըրա ափին կանաչում է
Մենակ շիրիմն իգիթի:
Նըրա շուրջը հեգ սիրուհին
Թընդացնում է ողբ ու լաց,
Ձեն է տալիս իր Սարոյին
Ու պըտըտվում մոլորված:
Ու հոսում է գիշեր-ցերեկ
Արցունքն անբախտ աղջըկա,
Բայց իր սիրած տըղան երբեք
Չըկա՛, չըկա՛ ու չըկա...
Վըշվըշում է գետը — վո՛ւշ, վո՛ւշ,
Ու հորձանք է տալիս հորդ,
Ու կանչում է՝ «Արի՛, Անո՜ւշ,
Արի՛, տանեմ յարիդ մոտ...»
Անո՛ւշ, ա՜յ աղջի՛, Անո՜ւշ, տո՛ւն արի...
Կանչում է մերը վերևից, կանչո՛ւմ.
Լո՛ւռ են ձորերը, լո՛ւռ են ահռելի,
Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում:
Վուշ — Վո՛ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՛ւշ, քուրի՜կ,
Վո՛ւշ քու սերին, քու յարին,
Վուշ-վո՛ւշ, Սարո՜, վուշ-վո՛ւշ, իգի՜թ,
Վո՛ւշ քու սիրած սարերին...
XXIX
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքևում պապանձում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՛ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՛ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՛ւ, լազուր կամարում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1887
ԳՈԻԹԱՆԻ ԵՐԳԸ
Արի՜, գութան, վարի՜, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՛լ:
Քաշի՜, եզը, ուսիդ մատա՛ղ,
Քաշի՜ , քաշենք, վար անենք.
Ճիպտի՜ն արա, քըշի՜, հոտա՜ղ,
Մեր սև օրին ճար անենք:
Պարտքատերը գանգատ գընաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,
Կըբարկանա, կանիծի:
Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին...
Վարի՜, վարի՜, իմ գութան:
Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ:
Արի՜, գութան, վարի՜, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՛լ:
ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈԻՄ
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ:
Քընած է արդեն
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը:
Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա:
Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
ժըպտում է աստված:
ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը:
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում —
Տաղ էինք ասում:
Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»:
Ժամանակ անցավ, նըրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Եվ ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Խաղաղությո՛ւն ձեզ, մեր անբա՜խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՜զ էլ է պատել:
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ` օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»
1889
Ես նայում եմ. իմ առջև
Ահա տիրոջ աշխարքը.
Բերրի դաշտերը մինչև
Հեռու լերանց այն շարքը
Լայնարձակ, դալարագեղ
Տարածվում են և կորչում
Մշուշի մեջ, իսկ այնտեղ
Ճոխ անտառն է կանաչում:
Ուր որ ազատ շրջելով
Ապրում են երե, գազան,
Եվ թռչունքը ճախրելով
Երգ են ասում գոհության:
Ահա, շքեղ դաշտի միջով
Գալարվում է և անցնում
Հանդարտ գետը մրմունջով.
Հեռո՛ւ, հեռու է գնում:
Նրա դալար ափերում
Մինը հազար է բերում.
Սակայն ահա, մյուս կողմում
Կապույտ ծովն է մեղմ ծփում:
Ինչքա՛ն ճոխ է, հրաշալի
Այս աշխարհը լայն, արձակ,
Ամեն մի շունչ աչքը լի
Կապրի այստեղ համարձակ:
Ես նայում եմ, և մի միտք
Հղանում է ինձանում.
Ինչո՞ւ համար են մարդիկ
Իրար զրկում, սպանում:
* * *
Ների՜ր, ո՜վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան:
Այն մի անմեղ խաղ էր, հոգի՜ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի:
Ես գուշակել չըկարացի
Կյանքի վճիռն անարդար,
Անգիտությամբ ես հարուցի
Այդ փոթորիկն անդադար:
Ների՛ր, ո՜վ կույս, բուռն եռմունքին
Պատանեկան կրքերի,
Ների՜ր, հոգիս, որ մատնեցին
Քնքուշ սիրտդ վշտերի:
* * *
Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ:
Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին:
Կարճատև՛ ցնորք, որ անցար արագ,
Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրե մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին:
Դուն անցար, այո, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով:
Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
Զազիր գործերին կանգնած խնկարկու.
Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց:
Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի:
Ահա, խնդության ձայներ են թնդում,
Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատահսաները մարդկային ազգի:
— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր,
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար է. սակայն, ո՞վ գիտի,
Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն:
Ձեզ հավիտենական կարծում եք գերի:
Խեղճե՛ր, նայեցե՜ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին:
Երանություն էր խոստացել հույսս ինձ.
Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ:
Հառա՛ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան:
* * *
Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած, անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում:
Մահու ձայնը դառնալուր
Հասանում է ականջիս,
Մարդիկ մնում անհամբույր
Եվ խլանում են կանչիս:
Մի զորություն հզորեղ
Ինձ հուսադրում է հանկարծ.–
Եվ զգում եմ, ամեն տեղ
Դուն ինձ հետ ես, աստված:
ՄԱՆԿՈԻԹՅՈւՆ
Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
Հաճախ, մանկության, խռոված հոգուս
Ներկայանում ես ինչպես առավոտ:
Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում, չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկության, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք անհետ չըքացած:
Ինչպես արևի ճաճանչը վերջին
Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
Այնպես շողացիր և անցար կրկին,
Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար:
Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
Դառնալ քո գիրկը... ա՜խ, ի՞նչ եմ ասում,
Այդ անհնար է. — արդեն հանդերձյալ
Կյանքի ճամփան է իմ առջև բացվում:
Բայց մինչև այնտեղ, սոսկալի՛ ուղի,
Ահա բռնություն, պատիվ անարգած,
Ահա հառաչանք, արտասուք աղի,
Ահա սև նախանձ և սեր սակարկած...
Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ:
Մի տխրատեսիլ գուցե գերեզման
Անցվորականից խնդրե մի բերան
Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան...
ԿԱԼԻ ԵՐԳ
(Լոռեցոնց)
Կալ արա, գնանք,
Ա՛ եզը ջան.
Հորովե՛ լ,
Հո՛ րո՛ վելա՛ :
Արի՜, ման արա,
Այ քեզ մեռնեմ,
Դարման արա,
Ղադեդ առնեմ:
Ոտիդ արա,
Ոտիդ ղուրբան,
Ուսիդ արա,
Այ ախպեր ջան:
Էլել ա, էլել,
Կալն էլել ա,
Հարել ես, հալել,
Հորովելա:
ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ
Հեռո՜ւ, ո՜վ սուրբ խաղաղության,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում:
Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից:
Գնա՜, հանգիր այն դաշտերում,
Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով:
Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ
Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն:
Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՜վ քրդերի լուծը տանել,
Ե՜վ քեզ օրհնել, փառաբանել:
Հեռո՜ւ, ո՜վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով:
Դեկտեմբեր.
ՎԵՉԵՐՈԻՄ
Ա՜խ, երանի թե լիներ մի հնար-
Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար.
Ես վախենում եմ մի ժամից հետո
Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ
Մտածմունքներով դարձյալ դու տխրես...
Ա՜խ, երանի թե մնայիր այդպես...
1890
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Եվ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:
Ձե՛զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:
Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՛ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ, չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն...
Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ:
Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:
Ձորե՛ր, ա՛յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Քեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:
Դուք էլ խոսեցե՛ք, դուք էլ պատմեցե՛ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՛ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...
* * *
Այդ ի՛նչ սրտամաշ տխրություն է քեզ
Պատել, հայրենի գեղեցիկ աշխարհ.
Մինչև ե՞րբ պիտի չարչարվես այդպես
Տառապանքներով, առանց մխիթար...
Իմ հայրենիքս տխուր է, տխուր...
Ուր աչք եմ դարձնում՝ տխուր ավերակ,
Ամեն տեղ միայն, միայն ցավալուր
Հեծության ձայներ, երկչոտ աղաղակ:
Թե երկրագործն է հորովել կանչում,
Թե մայրը որդուն օրորք է ասում,
Թե հովիվն իրան սրինգը հնչում,
Մի հուսակտուր հառաչ եմ լսում:
Աշխարհից, մարդուց հույսերը կտրած
Գանգատվում է նա և ցավից տնքում,
Կյանքիցը զզված, սակայն դեռ չապրած,
Հանգիստ է խնդրում հեռո՛ւ, երկնքում...
Մի՞թե տրտմության թախիծըն այդպես
Խեղդեց նրա մեջ ապրելու հույսը.
Մի՞թե այլևս նա չէ երգելու
Իրան պապերի երգած խրախույսը:
Մինչև ե՞րբ պիտի մարդիկ կատաղի
Արցունքովն հայի կերածը թրջեն,
Եվ երկա՞ր պիտի մեռելաթաղի
Տաղերով ագահ ցերբերներ շրջեն...
Մի՞թե դեռևս անսիրտ հագարը
Այն ավերակաց վերա պիտ իշխե,
Անարգե, պղծե մեր սուրբ տաճարը,
Անարժաններին շնորհներ բաշխե...
Եվ չարագուշակ մտքերով հուզված
Քաշվում, մտնում եմ մի խաղաղ անկյուն.
Եվ երկար անշարժ ու խորասուզված
Հածում եմ նրա ցավերում անհուն:
Ավելի խորը, ավելի հեռու
Միտքս ինձ առնում, թռցնում, տանում է.
Թռչում է հանկարծ մի ծանր հառաչանք,
Եվ սիրտս կարծես հանգստանում է:
Մարտ.
* * *
Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար.
Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,-
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով:
Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը:
Ապրիլի 1.
* * *
Պանդուխտն երգեց օտար երկրում
Եվ սրտաբեկ հոգվոց քաշեց,
Երբ որ տխուր յուր երգերում
Անցած ուրախ օրերն հիշեց:
Մարմնով տկար, հոգով տխուր
Շուրջը նայեց, մեկը չըկար,
Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր, —
Ողբաց պանդուխտն անմխիթար:
Եվ նա խնդրեց անժամանակ
Հանգստության լուռ գերեզման,
Անհույս երգեց վերջին նվագ, —
«Արի՜ , չարքաշ կյանքիս վախճան.
Էլ ույժ չըկա. — բարյավ մնաք,
Դուք սև օրեր պանդխտության,
Դուն, հայրական հեռու տնակ,
Եվ երազներ պատանեկան:
Իսկ դուն արի՜, քաղցր հիշատակ,
Կորցրած սիրո, վայելչության,
Արի ինձ հետ իբրև սփոփանք
Գերեզմանիս լուռ տխրության»:
Մեռավ պանդուխտն. բարյավ մնաք...
Գիտեք, որքան ձեզնից թաքուն
Խեղճը հեծեց, ողբաց մենակ...
Գեթ ողորմի տվեք հոգուն:
Ապրիլի 2.
ՄԻ՜ ՈՐՈՆԻՐ
Մի՜ որոնիր՝ մի ժամանակ
Արհամարհածդ՝ այս կըրծքի տակ,
Հառաչանքով դուրս թըռավ նա
Ու դատարկ է տեղը հիմա...
Էլ մի՜ կանչիր, մի՜ լար իզուր.
Քո արցունքից միայն տըխուր
Հին-հին հուշեր պիտի զարթեն,
Եվ ի՛նչ օգուտ... ո՛ւշ է արդեն...
Ապրիլի 21.
* * *
Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոքրոգությանն եք պարսավում նրա:
Լռեցե՜ք, եղբարք, ի՞նչ գիտեք, ի՜նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ:
Տեսե՜ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան:
Ահա, վարում են մյուսին պատժարան,
Օ՛, մի՜ անվանեք նրան չարագործ.
Ի՞նչ գիտեք, գուցե մի միտք երկնարժան
Այս օրին մատնեց այդ մարդուն անփորձ:
Եվ դուք ի՞նչ գիտեք, թե երգիչն ուրախ,
Որ ձեզ համար միշտ երգեր է երգում,
Քարասիրտ մարդկանց ծաղրանքից ծածկած
Ի՜նչ ցավեր ունի յուր սրտի խորքում:
Ապրիլի 22.
ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹՅՈԻՆ
Ո՞րն է դրախտը, — վայրն երանավետ,
Ուր պիտի ապրեմ գերեզմանից ետ.
Մի՞թե մարդկային տառապած կյանքը
Չըստեղծեց այն սուտ մխիթարանքը.
Եվ մի՞թե նորա մահից սարսափած
Ագահությունը չէ իրան խաբած...
Սակայն բարի է. — մի տանջված արդար,
Կամ իրան արդար համարող մի չար
Երկրային կյանքի վերջին վայրկյանին
Հանգիստ ու խաղաղ կավանդե հոգին,
Համաձայն իրան ճաշակի, կամքի,
Վայելքն հիշելով խոստացյալ կյանքի.
Եվ ահա միակ, բայց մեծ օգուտը,
Որ մարդկությանը տվեց այս սուտը:
Ա՞յս է մեր կյանքը. — լոկ խաբեություն.
Ո՛հ, մի՞թե և ես, ինչպես մի հնչյուն,
Այս իմ հույսերիս, ձգտումներիս հետ
Պիտի մեռանիմ, չքանամ անհետ...
Չէ՜, սիրելի է խոստումն երկնքի —
Հույսն հավերժական, անվախճան կյանքի.
Հեռո՜ւ ինձանից, հոգեմաշ կասկած,
Ողջույն քեզ, ողջո՛ւյն, ո՜վ կյանքի աստված.
Արի՜, հայտնվի՜ր, նշկահիր մահու
Տարակուսանաց տագնապն ահարկու
Եվ կույր հավատով զորացրու հոգիս —
Անմահություն տուր լքացած կյանքիս...
Բայց ի՞նչպես պիտի կյանք առնեմ կրկին,
Արդյոք լուսակազմ, աննյութ, անմարմին
Պիտի սավառնեմ անծայր եթերքում,
Թե՞ իբրև մի հունչ շրջեմ աշխարքում,
Թե՞ անփույթ, անգործ թափառեմ պիտի
Մարդոց աչքերին անտեսանելի,
Թե՞ ամպերի մեջ պիտի ես հանգչեմ
Եվ ոտքիս տակից կայծակներ իջնեն...
Օ՛, ներիր, աստված՝ ծածկագետ, անհուն,
Ներիր մեծամիտ, գոռոզ պատանուն.
Աննշան ճճիս չարաչար մեղա,–
Հանդուգն խորհրդով խորամուխ եղա,
Ձգտեցի պարզել քո աստվածային
Անհասանելի, անմեկին գաղտնին:
Ապրիլ.
ՄԱՐԳԱՐԵ
Երբ որ վեհության կնիքը ճակատին
Եվ ճշմարտության սուրբ պատգամներով
Նա հայտնվեցավ մոլար աշխարքին
Եվ դարձ քարոզեց հրաթափ լեզվով,
Նրա աստվածային ձայնից սարսափած
Գիշերատեսիլ մարդիկ հուզվեցին,
Իրանց սեղանից վեր կացան հարբած,
Մոլեգնության մեջ աղաղակեցին.
Ո՞վ ես դուն, արի՜, այս մեր հանցավոր
Ուրախությանը մասնակից եղիր,
Կամ թո՜ղ վայելենք մեր կյանքն անցավոր.
Թե չէ՝ խիստ պատժի քարերից փախիր:
Սակայն անվհատ նա հառաջ գնաց
Անուշադիր յուր անձի վնասին,
Մոլորությունը ներելով մարդկանց՝
Հոգ տարավ նրանց փրկության մասին:
Եվ երբ որ լուսո նա ջահը ձեռքին
Մոտեցավ կորստյան փոսի եզերքին,
Ապերախտ ձեռքով ամբոխը խավար
Զարկեց, խորտակեց ջահը փրկարար:
ժամանակ անցավ. թշվառ ամբոխին
Արդեն փորձանքը վրա էր հասած,
Երբ ուշքի եկավ, վայ տվեց գլխին. —
«Նա մարգարե էր, նա իրավ ասաց»:
Մայիսի 1.
ՊՈԵՏԻՆ
A la Նադսոն
Թաքցրու, պոետ, վշտերդ ամբարված
Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ,
Ամբոխի առաջ մի՜ երգիր նրանց,
Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ.
Եվ դուն չես կոչված, որ փոքրոգության
Արտասուքներով քո վշտերն երգես,
Դուն պիտի ճնշված մարդկության առաջ
Սև ճակատագրի գոյությունն հերքես:
Թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքիդ,
Թեև դժվար է քեզ համար կեղծել,
Պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ
Ամբոխի համար հավատ ստեղծել.
Գուրգուրիր նրան ինչպես չար մանկան,
Պատժի ժամանակ անողորմ եղիր,
Ձեռքումդ ունեցիր փայլուն խարազան,
Հարվածիր նրան և հառաջ մղիր.
Հառաջ տար նրան և ձեռքդ մեկնիր,
Ցույց տուր փրկության արյունոտ ուղին,
Կովից փախչողին ծաղրանքով հեգնիր,
Փառագոչ երգով գովիր կռվողին.
Սիրտ տուր ընկածին, գետնից վեր քաշիր.
Մի՜ թողնիր երբեք որ մնա նա ցած,
Կենդանի երգով զարթեցրու, շարժիր
Զգացմունքները նրա վհատած.
Բարկության հրով շնչիր չարի դեմ,
Որ թույնով, փողով գահ է բարձրացել,
Եվ լուսավորի՜ր, ցույց տուր ամբոխին,
Թե ինչ ընթացքով չարիք է գործել.
Թող որ ճանաչե և պատուհասե
Նրա չարությունն ամենակատար,
Եվ այնուհետև կուրորեն չասե՝
Մեծ կամ մարդասեր, ազգի բարերար.
Եվ պատվանդանը հիմքից խորտակիր
Ոսկի հորթերի, ինքնամոլության,
Մարդոց սրտերում դարձյալ հաստատիր
Լրբությամբ մերժած գահն աստվածության.
Մենք այն ժամանակ և կըգանք քեզ հետ
Եվ քեզ կըսիրենք, կըփառավորենք,
Սրտի հրճվանքով կանվանենք «պոետ»,
Ամեն մի խոսքդ կընդունենք օրենք:
Մայիսի 7.
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՂԻ
ԴԻՄԱՑ
Արևը թռավ. երկինք ու երկիր
Առավ խավարը գիրկն համատարած.
Դուն, փայլան աստղիկ, դարձյալ շողացիր,
Արդյոք այս գիշեր ի՞նչ բերիր մարդկանց:
Դուն ավետեցիր ժամը տեսության
Այն սիրատենչակ սիրահարներին.
Որ սրտատրոփ անհամբերությամբ
Սպասում էին խաղաղ գիշերին:
Դուն երևացիր խավար երկնքից...
Օ՛, նա սպասում էր քո երևալուն.
Ահա հուսահատ, զզված յուր կյանքից,
Խեղդվելու գնաց մարդկանցից թաքուն:
Դուն երևացիր և բազկատարած
Պատրաստվում է մեկն աղոթք անելու,
Այնինչ, մի ուրիշն յուր զենքերն առած՝
Գնում է անմեղ մարդ սպանելու:
Իսկ մեծատունը, խնջույքից հոգնած,
Հանգստանամ է. ա՛խ, թե նա հիշեր,
Որ յուր պալատի պատի տակ կանգնած
Թշվառն օթևան չունի այս գիշեր...
Դուն, փայլուն աստղիկ, որ շողշողում ես,
Ինչպես սիրուհու թրթռուն տենչանք,
Ամեն գիշեր ինձ համար բերում ես
Կրքերի հուզմունք և հոգու տանջանք:
Մայիսի 12.
ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻՆ
Դո՜ւք, մեծ հայրերի ընկած զավակներ,
Դո՜ւք, ո՛վ ստրուկներ մոլի կրքերի,
Դո՜ւք, ո՛վ զեխության խղճալի հյուրեր,
Որ շվայտ կյանքին դարձել եք գերի.
Դո՜ւք, որ ընկնում եք ոչ պատերազմում
Թշնամու սրով և ոչ ձեր մահով,
Որ եղբայրադավ ժողով եք կազմում
Եվ տեսնող աչքից կարծում ապահով.
Դուք, որ պատրաստ եք անմեղին կապած
Սեղանավորի ոտքի տակ զոհել,
Որ ավազակի առջ սարսափած,
Ճշմարտությունն եք ուրանում խոսել.
Դո՜ւք, որ ուզում եք աշխարքին խաբել,
Եվ դատաստանի առաջ դողալով
Գիտեք կեղծավոր արտասուք թափել
Չարությամբ լեցուն, հանցավոր սրտով.
Դո՜ւք, որ մարդկերանց աչքերն եք կապում,
Ո՛վ սպասավորներ բանտի, խավարի,
Որ հարազատի արյունն եք թափում
Եվ ձեր եղբոր գույքն առնում ավարի.
Դո՜ւք, որ այրիի դառն արտասուքով
Շաղախեցիք ձեր սեղանի հացը,
Որ հպարտացած անօրեն գործքով
Հարցանում եք թե՝ ո՞ւր է աստվածը. —
Կըհասնի նա ձեզ, բարկությամբ արդար
Արժանի մահով պատուհասելու,
Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ
Նորա բարկության պատժից փախչելու:
Մայիսի 20.
ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ
Երանի է ձեզ, որ չեք հասկանում,
Թե մարդիկ ինչու ինչեր են անում,
Երանի ձեզ, որ մարդու չեք զրկում,
Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք:
Հունիսի 12.
* * *
Ո՜հ, խնայեցեք, մի՜ հիշեցնեք ինձ,
Թե ինչպես էր նա արտասուք թափում,
Երբ, արդեն խաբված նենգավոր խոսքից,
Անձնուրաց սիրույս էլ չէր հավատում:
Ո՜հ, մի՜ հեշտացնեք, այդ խոսքեր են լոկ
Եվ չեն դարձնելու կորուստս անգին,
Անտարբեր եք դուք, դեռ ձեզ անողոք
Բախտը չէ մատնել սիրո վտանգին:
Մի՜ հիշեցնեք, մի՜, թե ինչպես դաժան
Մարդիկ իրարից անջատեցին մեզ,
Թե ոնց եմ ապրում նրանից բաժան...
Թողեք ինձ հանգիստ, — ես գոհ եմ այսպես...
Ոչ, ես չեմ կարող չարչարվել անվերջ,
Ուզում եմ խնդալ ցավերից հեռի,
Եվ մոռացության ալիքների մեջ
Թաղել հիշատակն անցած օրերի:
Հունիսի 25.
ՀԻՇՈՂՈԻԹՅՈԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ
Այս կրծքի տակ ապականված,
Հեռու կյանքի ժըխորից,
Դեռ մի հնչյուն կա պահպանված
Իմ մանկության օրերից:
Եվ երբեմն պատահում է,
Որ հնչում է նա հստակ,
Կյանքի ձայնը նշկահում է —
Ես շնչում եմ համարձակ:
Պայծառ շողերն հիշողության
Մտնում են ծոցն անցյալի,
Լուսավորում իմ մանկության
Անհոգ պատկերն անձկալի: —
Ահա երկինքն իմ հայրենի, —
Հայի սրտի նման պարզ,
Ահա երկիրն իմ հայրենի —
Կանաչազարդ հանապազ:
Ողջույն ձեզ, ո՜վ ուրախ, ազատ,
Անցած օրեր իմ մանկության...
Ա՜խ, ձեզանից ինձ մի բացատ
Անջատել է հավիտյան:
Ահա փոքրիկ իմ քույրերը
Խաղ են անում միասին,
Օ՛հ, անհանգիստ, չար եղբայրը
Նրանց ծեծում է կրկին...
Մորս ձայնը մեղեդիական
Ահա հնչում է քնքուշ,
Նրա հայացքը մայրական
Ինձ հետևում է զգույշ:
Ահա կանգնած է իմ առաջ
Մեր բազմահոգ գյուղացին,
Մեծամարմին և քաջալանջ,
Ծիծաղ չըկա երեսին:
Ո՛հ, լսում եմ նրա երգը
Միանման ու տխուր.
Լայնաբերան նրա վերքը
Մեծանում է օր –ավուր...
Ահա թշվառ հայ գեղջկուհին,
Դեմքը վշտոտ ու նիհար,
Պատառոտած մի շոր հագին,
Չարչարվում է անդադար:
Ահա ծերուկը, շարժելով
Ալիքները առաջվան,
Կյանքն է հիշում հառաչելով
Եվ մտնում է գերեզման...
Եվ պարզ աչքով ես տեսնում եմ
Հայրենիքս ծաղկավետ,
Այն ճոխ երկրից ես լսում եմ
Անհոգ ծիծաղ լացի հետ...
Դալարագեղ նրա հովտում
Ի՛նչ աղմուկ է վայրենի, —
Գետի գոռոց և որոտում
Հազարավոր ձայների:
Ահա նրա լուռ, ահավոր
Խաղաղ գիշերն աստղաշատ,
Ահա նրա հանդիսավոր
Առավոտը ցողապատ.
Նրա ձորերն անդնդափոս
Եվ բարձրաբերձ քարափը,
Նրա սարերն ու հորդահոս
Սովորական տարափը.
Երբ որ կայծակը շեշտակի
Ահեղորոտ իջնում է,
Անտառապատ և վիթխարի
Լերանց կրծքին հանգչում է:
Ի՛նչ սիրուն է և հոյակապ
Հայրենիքս վշտակիր,
Եվ դու, մերժած սեր իմ հրատապ,
Այն լեռների մեջ հանգիր:
Հուլիսի 5.
* * *
Ո՜հ, մեղմացնել չես կարող դուն
Սաստկությունը տանջանքիս,
Եվ հաշված են թույնով լեցուն
Սակավ ժամերը կյանքիս.
Բայց տեսնում ես, ես հանգիստ եմ,
Մի՜ լար և դուն, իմ անգին, —
Քո արտասուքն ես կարող չեմ
Փոխարինել այս կյանքին.
Օ՛, գերությունն ես ատում եմ,
Եվ ցոփ կյանքը հեշտասեր,
Այժմ, ահա, թոթափում եմ
Նրանց լուծը մահաբեր.
Սակայն գիտե՞ս թե այսքան
Ինչն է տանջում ինձ այսպես —
Արտասուքի և տրտմության
Համար չէի ծնված ես.
— Ես ուզեցի ազատ երգել
Ե՜վ օրհնություն, և անեծ,
Սիրով սրտերը բորբոքել,
Որ նախանձը բաժանեց. —
Կյանքի աղմուկն և գոյության:
Պատերազմը տմարդի
Արգելեցին լիաբերան
Երգել զեղմունքն իմ սրտի.
Ես լռեցի. կատաղությամբ
Սիրտս ուժգին տրոփեց,
Ոգևորված և համարձակ
Մտա կռվի ասպարեզ.
Բայց իմ խնդրած այն սրբազան:
Կռիվը չէր բորբոքված,
Ուր կռվում են ազատության,
Պատվի համար անարգված.
Անհավասար և վաղաժամ
Կռվում ուժերս վատնեցի.
Հափշտակված, հոժարակամ
Ինձ գերության մատնեցի.
Ո՜հ, չես կարող մխիթարել,
Հոգիս անչափ է տրտում,
Աչքս դեռ նոր եմ բաց արել՝
Գերեզմանս եմ նկատում:
Հուլիսի 5.
ՏԱՊԱՆԱԳԻՐ
Կյանքի տղմի մեջ գլխովին թաղված
Եվ փոքրիկ հոգին կասկածներով լի,
Մտքերն ամեն օր արնով շաղախված
Անցկացրեց նա կյանքն յուր ողորմելի.
Զորեղի առաջ ծունր խոնարհեց,
Իշխանավորի ոտքերը լիզեց,
Ուրացավ պատիվն և արհամարհեց,
Յուր անձը վատնեց և ոսկի դիզեց.
Տկարից խլեց, խեղճից գողացավ,
Արդարին խաբեց, անմեղին ծեծեց,
Հարուստի առաջ ծառա ձևացավ,
Կողոպտեց մարդոց և ոսկի դիզեց.
Կեղծավոր դեմքով, շողոքորթ խոսքով
Հռչակեց իրան մարդոց սրտացավ,
Միամիտներին շլացրեց ոսկով,
Ավազակների հետ ընկերացավ.
Կուրացած մարդիկ առաջ վազեցին,
Բարձրացրին նրան աթոռն աշխարքի,
Իսկ երբ որ մեռավ՝ դառն արտասվեցին,
Կանգնեցին արձան անվախճան փառքի:
* * *
Դեռ անհիշելի վաղ մանկությունից
Անհայտ ըղձերով թռչում էի վեր,
Միաժամանակ քարշում էին ինձ
Գետի ստորև ախտավոր կրքեր:
Հնազանդվեցի մոլություններիս,
Ոչ ոք էլ նրանց մասին չըխորհեց,
Իսկ կյանքը գրկեց և, փաղաքշելով,
Հեշտասիրությամբ սիրտս տոգորեց:
Սակայն ի՞նչ է նա, ինձ ոչ ոք չասաց,
Մեզ ի՞նչ է տալիս կամ ո՞ւր է տանում,
Որ, մեկը միամիտ, իսկ մյուսն ստիպված,
Անվերջ սիրելով կյանք են անվանում:
Եվ ես, անգիտակ նրա խորհրդին,
Անձնատուր եղա բոլոր ուժերով,
Մինչև որ հասա ինձ խաբող կետին,
Մինչև որ տեսա հոգնած աչքերով. —
Վարդերով ծածկած կորստյան անդունդ,
Քաղցրավենիքով պատած մահադեղ.
Մարդիկ հառաջ են վազում սրտաթունդ,
Եվ օրապակաս ընկղմում այնտեղ.
Մեռելի վրա բարձրաձայն սգում,
Վաղաժամ մահ են ողբում անդադար,
Տեսնում, շոշափում, բայց դեռ չեն զգում,–
Եվ դարձյալ շուտով մեռնելու համար...
Ա՜խ, որքա՛ն շատ են ճանապարհները,
Որ մեզ տանում են դեպի գերեզման,
Եվ ինչպես մոլի մեր թարմ ուժերը
Մենք սպառում ենք ձեռքով սեփական....
Սեպտեմբերի 30.
ՆՐԱՆ
Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես:
Ես ուզում եմ, որ քո անմեղ
Սիրտը թնդար ինձ համար,
Եվ հավիտյան վառվեր այնտեղ
Միայն իմ սերը բոցավառ:
Ես ուզում եմ, որ օրնիբուն
Ապշած նայեմ աչքերիդ,
Ինձ մոռացած, կորչեմ անհուն
Խորության մեջ հայացքիդ:
Իսկ եթե մահն այն ժամի մեջ
Ինձ մոտենար, օ՛, սեր իմ,
Ես կուզեի քո սիրատենչ
Կուրծքդ լիներ ինձ շիրիմ:
Հոկտեմբերի 5
«ՈՉ ՅՕՐԻՆԱԿ ԱՅԼՈՑ»
Ազատ, համարձակ բարձրացի՜ր, արատ,
Քո պատվանդանի վերա ոսկեղեն,
Բարձրացի՜ր, իշխի՜ր... թող մարդիկ անպարտ.
Հորդ արտասուքով ոտքդ ողողեն:
Դո՜ւրս արի, հանցա՜նք, մեծատան շեմքից,
Խեղդի՜ր, խորտակի՜ր անմեղ տըկարին,
Մի քաշվիր տիրոջ փառավոր միրքից —
Նա ընկեր է քո առած ավարին:
Եվ քաջալերված լրբենի բազուկ,
Ճեղքիր ճակատը ճշմարտախոսի,
Արդեն արծաթով վաճառվեց ծածուկ
Եվ ճշմարտության խոսքը Հիսուսի:
Դու, սեղանավոր, ձեռքդ տարածիր
Դեպի սեղանը մարդոց սրբության...
Մի վախիր, — ամեն բողոք ու խնդիր.
Պիտի սին օդում անկատար մնան:
Հոկտեմբեր.
ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին:
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջըրի աղմուկին.
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մըտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լըսում է նըրան:
Դեկտեմբերի 2.
ԵՐԳՉԻՆ
Ապա, այն երգն ասա՜, երգիչ,
Որ հեծեծանք է միալար,
Այն սրտատանջ և մորմոքիչ
Երգը երգիր ինձ համար:
Սիրտս լիքն է լուռ վշտերով,
Շո՜ւտ, այն տխուր երգն հնչիր.
Եվ քո երգի նուրբ ձայներով
Արցունքներըս դուրս կանչիր:
Շատ թաքցրի սրտիս միջին
Զգայազուրկ մարդկանցից,
Այժմ ուզում եմ քո առաջին
Ողջ դատարկել իմ սրտից:
Դե շո՜ւտ արա, որ ինչպես թույն
Ինձ չըտանջեն հավիտյան,
Երգի՜ր, երգիչ, և նրանք իսկույն
Իմ աչքերում կերևան:
Դեկտեմբեր.
ՆԿԱՐԻՉ Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԻ «ՁՈՐԱԳԵՏԸ ԳԻՇԵՐՈՎ»
ՆԿԱՐԻ ԱՌԱՋ
Արտի՜ստ, քաջերի այս ձորն ահարկու
Յուր բնավայրից փոխադրել ես դու.
Մե՜ծ է արդարև, մեծ է քո հոգին,
Որ ընդգրկել է ժայռերն ահագին
Իրենց սեփական խոր մտածմունքով.
Փրփրուն գետը փայլուն ծփանքով,
Լուսին-աստղերով կամարը երկնի
Եվ համատարած խավարն ահռելի...
Լո՛ւռ հանգստություն — գիշեր է մթին.
Հանգստանում է նաև իմ հոգին:
Բայց ահա, այնտեղ, ձորի խորքերում
Մի մենակ վառվող լույս է երևում.
Այո՜, մի խուղ կա այն ձորի միջին,
Դու ճանաչո՞ւմ ես նորա բնակչին...
Օ՜հ, չես ճանաչում — անծանոթ ես դու
Բայց թե գիշերը և նրա հոգու
Կարողանայիր տեսնել և զգալ —
Հանգստություն չէիր նայողին դու տալ:
* * *
Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում.
Ես մնում եմ անշարժ, ինչպես լուռ արձան,
Միտքս թռչում դեպի երկինք և սուզվում
Տիեզերքի խորության մեջ անսահման...
Ամփոփում է հանկարծ երկիր բովանդակ,
Եվ սիրատենչ կուսի կուրծքին է փարում,
Խոնարհվելով իջնում մինչև ոտնատակ —
Արհամարհված սրբությունը համբուրում...
Ետ է թռչում և մոլորված դեգերում
Քաղցրահուշիկ խոր անցյալի լուռ ծոցում,
Եվ թրթռում արդեն լռած երգերում,
Սառն ու տխուր շիրիմները շոշափում...
Հետաքրքիր ցանկությունով թևառած
Ապագայի մթության մեջ խարխափում,
Եվ, մի սաստիկ տենչով լեցուն, սավառնած
Երջանկության սահմանները թևածում...
Թռչում է միտքս,
Կորչում է միտքս,
Եվ չեմ հասկանում,
Ինչ եմ ցանկանում:
* * *
Քրիստոս հարյավ հըրաշափառ,
Հարյավ աշխարքն էլ նորից,
Դու էլ, սե՜ր իմ, հարություն առ
Մոռացաթյան խավարից:
Դու, որ ազատ միտքս ու հոգիս
Կախարդեցիր այնպես վաղ,
Հայտնվեցար խոստումներով
Եվ հեռացար անհապաղ:
Արի՜ դարձյալ, որ առանց քեզ
Կյանքը դառն է և անձուկ,
Քեզ կանչում եմ, որ նորոգես
Մեր վայելքը վաղանցուկ:
Հիշի՜ր, որ քեզ դեռ սիրում եմ,
Եվ այժմ, ընկած պատրանքից,
Ձեռքս, ահա, տարածում եմ —
Ինձ ազատիր այս կյանքից:
ՏԱՐՈՆԻ ԳԱՐՈԻՆԸ
(Հատված պոեմայից)
Գարունն եկավ և թևերը
Հովիտներում տարածեց,
Հայաստանի խիստ ձմեռը
Լերանց ծայրերն հալածեց:
Ժպտաց երկնից արեգն աչեղ
Եվ ձյուները հալվեցան,
Հով սարերի վերա տեղ-տեղ
Վրանները շարվեցան:
Մուսաբեկի գազան օբեն
Դարձյալ իջավ յուր ուրթում,
Նրա մարդիկն առած ջիդեն՝
Մարդազոհ են պտըրտում:
Հանկարծ տիրեց ահ ու սարսափ
Խաղաղանիստ վայրերին,
Միմիայն երեն մնաց ազատ
Բարձըր լերանց ծայրերին:
Հարյավ կյանքով գարնանաբեր
Եվ հըրճվում է ողջ Տարոն,
Բայց չէ լսվում աշխատասեր
Հայ գյուղացու հորոլոն:
Գարունն եկավ, սարերն ելավ
Ազատ քյուրդը հաղթական,
Գարունն եկավ, յուր ցուպն առավ
Հայ գյուղացին գաղթական:
ՏԱՐՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ
(Հատված պոեմայից)
Կարմիր արևն առավոտյան
Պայծառ ցոլաց դեպի Մուշ,
Ծավալվեցավ ծովի նման
Մշո դաշտը քաղցրահուշ:
Նրա շուրջը խոշոր դեմքով
Կանգնած, լեռներն ահագին,
Քնաթաթախ, լուռ աղոթքով,
Նայում են վեր — երկնքին:
Արածանին օձապտույտ
Ծաղկադալար ափերում,
Մշուշի մեջ, ազատ, անփույթ
Խաղ է անում, փրփըրում:
Բայց հարսներ չեն հավերժական
Խայտաճամուկ շորերով,
Եվ չեն եկել, որ լողանան
Արածանու ջըրերով,
Որ սիզավետ տափաստանում
Վազվըզելով մանրաքայլ,
Երգ ասելով քաղ են անում
Մարգերի մեջ ցողափայլ:
Արեգակի շողերի հետ
Ահա շողաց և մի բան, —
«Ո՛վ զորավոր սուրբ Կարապետ,
Ո՛վ ավազանդ հայության...»
Հանգի՜ստ կացիր, բարեպաշտ մարդ,
Այն խաչը չէ քո պաշտելի
Սուրբ Կարաաետ շքեղազարդ
Հայոց վանքի գմբեթի:
Ծայրն է քրդի սուր նիզակի.
Որ ճոճում է մշուշում.
Ահա և ձին ավազակի, —
Ի՛նչ արագ է նա քըշում:
Տեսավ հեռվից քաջ աշիրը
Զվարթ խումբը քաղվորի,
Եվ ցոլացին սուր աչքերը
Ցանկությունից վայրենի.
Եվ սլացավ, ինչպես բազեն
Խոյանում է ամպերից,
Ա՛հ, խեղճ կանայք, էլ ո՞ւր վազեն,
Ի՞նչ է գալիս ձեռքներից...
Հասավ, ճանկեց... բռնեց թուրքին–
Օրիորդին ուշաբարձ,
Ասպանդակեց, տաքացավ ձին,
Եվ հեռացավ սրընթաց:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ: ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ
 
1. ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...
1903
 
2. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
1903 3. ԵՐԳ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞...
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։
1903-1904 4. * * *

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ...
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս...
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ...
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս...
1904 5. ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
1904 6. ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...
1904 7. ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
1904 8. * * *

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...
1904 9. * * *

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ...
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք...
Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի...
1904 10. * * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
1904-1905 11. * * *

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...
1904-1905 12. ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...
1904-1905 13. ԱՂՈԹՔ

Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Սի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ ...
ՍԱՖՈ
Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ ... Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...
1904-1905 14. ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...
1905 15. * * *

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր...
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
— Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց...
1905 16. * * *

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող...
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման...
1905 17. ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...
1905 18. ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...
1905 19. ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...
Շիրակ, 1905 20. * * *

Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի...
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե...
1905 21. * * *

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան...
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին...
1905 22. ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
1905 23. ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ...
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...
1905 24. 14 ՏՈՂ

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում...
1905 25. * * *

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր. —
Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։
Սողում են դանդաղ օրերը անծիր,
Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.—
Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր,
Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։
Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր,
Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն
Կորցըրած հավետ և՛ երազ, և՛ հուր,
Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում։
Դժկամ նայում են ժայռերը խոժոռ.
Տխուր խաղում են ալիքները ժիր.
Փայփայիր սիրտըս հավետ մենավոր,
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր...
1905 26. ՍՈՆԵՏ

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։
Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
Վառվեց իմ ամուլ գոյության վերա —
Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝
Ես նորան տեսա ու բախտից մեռա...
Նա իր բոցերով այրեց ու գընաց.
Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—
Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք...
1905 27. * * *

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
1905-1906 28. * * *

Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս,
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում...
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ...
1905-1906 29. * * *

Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...
էլ ոչ մի թև ինձ, չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ ...
Ցուրտ է դարձյալ, մութ՝իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...
Միայն ք՛եզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատվիր...
1905-1907 30. ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի...
1906 31. FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...
1906 32. ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...
1906 33. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...
1906 34. ԼՈԻՍՆՈՏ

Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։
Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։
Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող.
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,
Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ...
1906 35. ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
1906 36. ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր...
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող...
1906 37. * * *

Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ...
Ես ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։
Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից...
1906 38. ԱՇՈԻՆ

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
— Մահացողի տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի, սև կամար...
— Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...
Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...
1906-1907 39. * * *

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ...
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս...
Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...
1906-1907 40. * * *

Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում...
Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։
Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում...
1907 41. * * *

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։
Շողում են, դողում աղմուկով զվարթ,
Անխոս քարանում ու նորից խաղում,
Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
Խուլ շառաչում են — լարում են թակարդ...
Նավը ճեղքում է ջրի հայելին,
Ւր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,
Կտրված եմ ես երկնից ու հողից —
Ւր թելն է մանում անխուսափելին։
Գերի է նավըս անակնկալին.
Մութով կտրված երկնից ու հողից...
1907 42. ԻՐԻԿՆԱԺԱՄ

Շուտով կըլռե աղմուկը դաժան,
Ու սիրտըս կզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մ ութով գգվող-խուսափուկ։
Տխուր թևերըդ անձայն կըփռես,
Կըգրկես հողը կանացի նազով,
Երկնքում անուրջ աստղեր կըվառես,
Կըլցնես հոգիս անուշ երազով։
Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝
Սիրտս կարոտ է քո գգվանքներին.
Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո,
Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ...
Կընստեմ անվերջ, կընստեմ մենակ,
Դու կըփարվես ինձ թևերով ճկուն,
Քնքուշ կըգգվես հույս ու հիշատակ,
Կըպարզես մեղմիկ ցոլքըդ իմ հոգուն։
1907 43. * * *

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում
Երեկոն վառեց լույսեր դժգունակ.
Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
— Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ...
Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ,
Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ.
Հավետ լռում է մի տխուր խորհուրդ,
Վառվում է հավետ մի անանց կարոտ
— Սի՛րտ իմ ցնորող, սի՛րտ իմ անհագուրդ...
Տխուր ու մենակ լուսնյակն է վառվում,—
Ւմ սիրտն է լալիս մենակ ու ցավոտ.
Լուսնյակն արևի ըստվերն է աղոտ,
Արևի ցոլքն է լուսնյակը տրտում.
— Փառքիդ ստվե՛րն է իմ կյանքը կարոտ։
1907 44. * * *

Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի...
Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կվախճանեն,
Վերջին հույսերդ կըդավաճանեն, —
Դու որոնածըդ բնավ չես գտնի...
Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս. —
Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի...
1907 45. 14 ՏՈՂ

Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։
Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին,
Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս,
Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,—
Ւմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։
Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ —
Հավերժում կորած մի մոլոր ասուպ.
Սահում Է կյանքը հյուսելով ժանյակ,
Անցնում եմ վիհեր, լեռներ երկնահուպ,
Ւնձ համար չըկա ժամ ու ժամանակ,
Ես մի մոլորված, մի տխուր ասուպ...
1907 46. ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹՅՈԻՆ

II pleure dans mon cœur
Comme il pleut sur la vil e...
Paul Verlaine
Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ...
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ...
1907 47. ՀԻՎԱՆԴ

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։
Օտար դաշտերի անանց մշուշում
Տըխուր լռության գիշերն է իջել —
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել...
Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս...
1907 48. ԹԱՓԱՌԱԿԱՆ

Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կըմարի երեկոն աղոտ,
Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։
Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կբերի...
Հեռավոր մարղոց ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի լացը կըլսեմ.
Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։
Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ...
1907-1908 49. ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ւնձ համար չկա այսօր ու երեկ։
Կես գիշերն անցավ... Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։
Ձմեռ, 1907-1908 50. * * *

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին...
Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։
Օտար, երկիր, օտար հող, թախիծով լի երազներ,
Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։
Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ.
Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։
Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս,
Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։
Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ .անգին...
1907-1908 51. ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։
Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։
Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում —
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...
1907-1908 52. * * *

Հեռավոր, անել լեռնագագաթներ,
Պայծառ արևի գահեր հիասքանչ,
Սիրտըս մեռնում է, լեռնագագաթներ,
Ներքևում նիրհող դաշտերում կանաչ։
Ւմ երազները ձեր գիրկն են թռչում —
Բա՜րձր, դեպի վե՜ր, արեգակին մոտ,
Ուր խենթ բոցերի խուրձեր դողդոջուն
Լուռ դալկանում են երկնում անաղոտ։
Հեռո՜ւ, օ՜, հեռո՜ւ այս ունայնաշունչ
Տխուր դաշտերից, հանդարտ ու անկյանք.—
Գրկի՛ր ինձ, անել գագաթների շունչ,
Սիրտըս բորբոքի՛ր, բարձրության բերկրանք։
Թող իմ աչքերը լույսից կուրանան,
Թող սիրտըս լցվի արևի բոցով.
— Օ՜, երջանկություն անել բարձրության,
— Լուսեղեն երկնի անեզրական ծո՜վ...
1907-1908 53. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
1908 54. * * *

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...
1908 55. * * *

Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն...
Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։
Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ...
1908 56. * * *

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում...
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...
1908 57. * * *

Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայր՚ենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...
Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված...
Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.
1908 58. * * *

Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
—Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
— Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու...
Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ,
—Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ.
Կրցրե՞ս սրտիս թախիծը խավար,
Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս...
Թափառում եմ ու կարոտով կանչում,
— Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն.—
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
— Բայց անհայտ ես դու, դու չունես անուն...
1908 59. ԵՐԵԿՈ

Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ...
1908 60. * * *

Ես չըգիտեմ` ո՛ւր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։
Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե,
Գուցե մի օր դու երևաս լուսերես.
Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։
Օձանըման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս,
Հանդիպումի երջանկության պայծառ օր...
1908 61. * * *

Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
Քո գիշերային մեղմաշունչ մութով
Եվ զարդարեցիր քո անուշ սուտով
Իմ տըխուր կյանքի մշուշը խավար։
Սրինգե ձայնըդ հնչեց մութերում
Աղբյուրի նըման զվարթակարկաչ.
Գարնան խոսքերով կարմիր ու կանաչ
Դու ինձ կանչեցիր դեպի քո հեոուն։
Ուրիշ ափերի թովիչ ձայնի պես,
Քո շարժումները ուրվականային
Ստվերապաճույճ իրիկնապահին
Շղթայեցին ինձ օղակով անտես...
Իրար ձուլվեցին իմ մեջ մահ ու կյանք,
Հոգիս մատնեցի քո մառախուղին,
Ընղմիշտ օրհնեցի անհաստատ ուղին,
Ուր փարոսում ես դո՛ւ, քաղցր պատրանք...
1908 62. ԴԱՐՁ

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս —
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...
25/I 1908 63. * * *

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն...
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ...
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Հեռանալ...
1908 64. ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
1908 65. * * *

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս...
Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի ալլ եզերք։
Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոդում...
1908 66. * * *

Արծաթ -կարկաչուն
Աղբյուրն է խոսում հավիտենաբար,
Իմ ուղիների հեռվում անկոպար,
Հավիտենաբար
Քո սերն է հնչում։
Անձրևային ե՜րգ —
Աստղերի ուղին մշուշ ծովերում —
Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում,
Մոլորումներում՝
Հայրենի՜ եզերք...
Լույսերը մեռան,—
Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ —
Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ,
Քնքուշ ու թովիչ
Պայծա՜ռ հանգրվան...
1908 67. * * *

Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
— Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող...
Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,
Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.
— Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,
Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի...
1908 68. * * *

Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Ւմ հոգու վրա իջել է մի ամպ,
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։
Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում.
Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.
Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին —
Հեռավո՛ր, քեղնից սեր չեն աղերսում։
Իմ սրտում միայն սառած հեկեկանք
Բայց արցունք չըկա իմ սև օրերում.
Մեռնում է սիրտըս անհուն խավարում,
Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք...
1908 69. * * *

Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ,
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ...
Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խոսքերի զանգակները զվարթաձայն.
Շռւրթերըդ — վարդ բոցավառված են իմ առաջ
Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։
Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում,
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում,
Քո խավարում — մոռացության մի ակնթարթ...
1908 70. * * *

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...
1908 71. ԿԱՆՉ

Կանչում ես անվերջ
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։
Թփերն ես շարժում,
Շրշում անուշ
Շշուկով պայծառ
Ու փաղաքուշ...
Անհայտ է ուղին
Քաղցր երկրիդ,
Ուր բախտ է անանց
Անանց ժպիտ։
Ուր ծաղիկ ու երգ
Ուրիշ են, այլ,
Ու անմահական
Փառք է ու փայլ։
Այս իրիկնային
Կապույտ երկրում
Դու ես միշտ շրջում
Ու մեղմ երգում։
Ու կանչում ես միշտ
Անհայտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։
1908 72. * * *

Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։
Անցած օրերի հուշերն եմ թերթում
Եվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ,
Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ,
Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում։
Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝
Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր,
Պիտի ողջունես ուղիս հեռավոր.
— Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ...
1908 73. * * *

Արդյոք ո՞ւր ես դու... Ա՜խ, արդյոք դու ո՞ր
Ճանապարհների հեռուն ես մաշում.
Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր
Անդարձ օրերի գարունն ես հիշում։
Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում,
Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ,
Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում
Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։
Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ,
Արդյոք անցյալի լույսերը մեռած
Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ,
Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։
1908 74. ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ: ՓՇԵ ՊՍԱԿ
 
1. ԱՂԲՅՈԻՐ

Ալ. Ծատուրյան
Մահու պես դաժան ձմեռն է իջել,
Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր.
Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ,
Հավետ կենդանի, կարկաչո՜ւն աղբյուր...
Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում,
Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում,
Ծաղրանքով ձյունի երեսն ես թրջում,
Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։
Քո մեջ ապրում է հույսը չըմարող...
Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր,
Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող —
Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր...
Շիրակ, 1905
 
2. ԿՅԱՆՔԻ ՈՐԲԵՐԸ
Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր,
Կյանքի որբերն են անցնում համրորեն.
Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
Մենակ, դժնադեմ...
Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար
Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց,
Որ մենակ շավղով օրորում են հար
Նոր արևի բոց....
Կյանքի որբերը.... վշտերով սնված,
Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ,
Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
Ճակատներ կնճռոտ...
Ուրուրների պես մտքերի հետքին
Գնում են անդուլ, գնում են անվերջ —
Անլուր աշխարհի անմիտ անեծքին
Գնում են հավերժ...
Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
Եկեք իմ գիրկը, գուրգուր եմ ես ձեզ,
Մենակ ոգիներ...
(1906)
 
3. * * *
Свой подвиг ты свершила прежде тела
Безумная душа.
Е. Баратынский
Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա'գ, օ~ , արշալույս արյունոտ)։
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ,..
Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում
(Սիրտը նրան շշնջում էր՝ անիծի՜ր),
Լուսածագի ծիրանավառ մշուշում
Ցայտում էին ճաճանչները ցան ու ցիր...
Մըռայլ սպան լուռ շրջում էր աջ ու ձախ
(Արդյոք հիշե՞ց նա իր մորը հեռավոր),
Գունատվում էր սև գիշերը և ուրախ
Արեգակն էր ոսկեզօծում սար ու ձոր...
Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՛գ, օ՛, արշալույս արյունոտ),
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ...
 
4. * * *
Ողշույն քեզ, տանջանք, ահեղ հիացում
Գրկիր իմ սիրտը, քեզ օրհնում եմ ես,
Մանուկ օրերից իմ դուռն ես ծեծում,
Եվ հոժար հոգիս ընդունում է քեզ....
Փռեցեք այստեղ մարմինըս հլու,
Խաչեցեք նորից իմ խոցված հոգին,
Սիրտըս բացված է անանց սիրելու
Եվ տառապելու կրկին ու կրկին...
Ո՜վ գերագույն փառք, վերջի՛ն հիացմունք,
Արյունի՛ր սիրտըս քո համբույրներում։
Թափվե՜ք, իմ երգեր, արցունք առ արցունք
Այնտեղ, ուր մարդկանց տանջանքն է լռում...
 
5. * * *
Երանի՜ նրանց, որ մութ բանտերում
Եվ չարչարանքում դժնի, որպես մահ,
Մաշե՛ցին այնքան օրեր հրահրուն,
Գերված թշնամուց անսիրտ ու ագահ։
Երանի՜ նրանց, որ սրտով եռուն
Մնացին տռկուն, հըպարտ ու. անահ,
Պարզած աչքերը դեպի լույս հեռուն,
Արհամարհեցին և՛ երկունք, և՛ մահ,
Երանի նրանց, և՛ փառք, և՛ օրհնանք...
 
6.* * *
Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով
Աղմկում եք դուք, պողպատե դևեր,
Նետվում եք ներքև, ցատկում դեպի վեր,
Օրորում եք ինձ ձեր ահեղ երգով...
Մանուկ օրերից, սև կամարի տակ,
Ես ձեր երկաթե խոսքերն եմ լսում,
Եվ կարճ քնի մեջ, մռայլ երազում
Հռհռում է ձեր երգը դժնդակ...
Արդյոք ո՞վ հյուսեց ձեր դժկամ լեզուն,
Ո՞վ շղթայեց մեզ ձեր մեռած կամքին,
Մի՛թե վերջ չկա մեր տառապանքին,
Եվ մի՞թե արդեն մենք չենք երազում...
Մեկ ժիր ցատկում եք, մեկ հանդարտ սահում
Չըգիտեք հանգիստ և գութ չըգիտեք,
Գ՚իշեր ու ցերեկ, գիշեր ու ցերեկ
Խուլ մռնչում եք, ՛անսիրտ ծիծաղում...
 
7. * * *
Լռել են արդեն երգերը հզոր
Ու էլ չեն հնչում խոսքերը հպարտ,
Խավարն է գերել մեր հոգին այսօր
Եվ լռությունը հավետ մահապարտ։
Սև գնդերն ահա կազմել են շարքեր
Արյունված երկրում, ուր երեկ այնպես
Շաչում էիք դուք, հրեղեն երգեր,
Եվ ալեկոծում փողոց ու կրկես։
Դաժան ցնծությամբ թշնամին ահա
Իր սև հաղթության խնջույքն է տոնում,
Հռհռում է մեր տանջանքի վրա,
Արյունով հարբած՝ արյուն է խմում...
Լցված է արդեն բաժակը թունոտ,
Համբերելու ժամն անցել է արդեն.
Ելնե՜նք ճչալու խնդությամբ քինոտ
Ու հպարտ կանգնենք մութ բռնության դեմ։
Այս դառն օրերի մթնում մահաբեր,
Արնոտ խնջույքի այս սև զնդանում
Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,
Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում...
 
8. * * *
Կանչում են ինձ գիշերն ի բուն, աղաղակում իմ հոգում,
Իմ սրտի մեջ ճիչ են ճչում, իմ սրտի մեջ հեկեկում...
Արշալույսը դեռ չբացված նոքա կըգան՝ կըտանեն
Սվիններով շրջապատած, շղթայակապ ու անզեն։
Ոչ ոք, ոչ ոք չի ճչալու գիշերում այն ահավոր,
Լռելու են համր ու հլու — անարթուն ու խոր...
Արևավո՛ր իմ պատանի, կարմիր է քո հարսնացուն,
Սիրտըս քո մոր, սիրտըս քո մոր հեկեկանքով է լեցուն...
Դահիճների մթին խմբում կլինես դու միայնակ,
Եվ ամեն խոսք կըլինի թույն, ամեն ժպիտ՝ մի դանակ...
Ընկերներըդ չեն լսելու գիշերում այս դառն ու խոր,
Մենակ պիտի ընդունես դու Գողգոթան մեր նոր...
Եվ թշնամին պիտի ժպտա դեմքիդ՝ հանգիստ ու անահ,
Սիրտըս քեզ հետ, սիրտըս ահա ընդունում է խաչ ու մահ...
Հրահրուն ես և բոցավառ, արևածագ ալ-բոսոր,
Ո՞ւմ արյամբ ես ներկել կարմիր-կարմիր թևերըդ այսօր...
Շողերից ու ծաղիկներից չեմ հյուսի քեզ, երգ իմ, ո՛չ,
Արյան շիթ է ամեն մի վարդ, արցունք՝ ամեն մի բողբոջ...
 
9. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Հեռացի՛ր, աշուն, համրորեն լացող,
Ողջույն քեզ, մրրիկ ահեղաշաչյուն,
Ողջույն քեզ, կռվի առաջին հնչյուն՝
Լույսի պես կարող, խոսքի պես խոցող...
Գրկիր իմ հոգին մարտի ցնծությամբ,
Բորբոքի՛ր սիրտըս, ազատության երգ,
Շողա՛ մռայլում, ըղձալի եզերք,
Որոտա՛, շաչիր, փոթորկավետ ամպ...
(1907)
 
10. ՔԱՂԱՔ
Ձեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ,
Ձեր ահեղ բերդերի համրությամբ վերամբարձ,
Քաղաքնե՜ր, ձեր մեջ կա դժոխքի մի շշուկ,
Քաղաքնե՜ր, ձեր բանտից արդյոք կա՞ վերադարձ։
Ե՛վ գիշեր, և՛ ցերեկ հղփացող պաղ կուռքեր,
Զնդաններ ու բուրգեր չարությամբ անողոք,
Քաղաքնե՜ր, ձեր բանտում մեռնում են երգ ու սեր,
Քաղաքնե՜ր, մոռացա ես երգերըս անհոգ...
Դղյակներ, պալատներ կերտելով ոսկեզօծ,
Հեռուները մեռած շենքերի անտառում։
Քաղաքնե՜ր, իմ հոգին ձեր վիհում ալեկոծ,
Քաղաքնե՜ր, իմ հոգին արեգակ է խնդրում...
Կրկնակի գալստյան զանգերն եմ ես լսում,
Հատուցումն է գալիս — ես զգում եմ նորան,
Քաղաքնե՜ր, զարթնում է ահավոր մի ցասում,
Քաղաքնե՜ր, զարթնում են այն մարդիկ, որ մեռան...
(1908)
 
11. ՔԱՂԱՔ
Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն,
Դու երկարում ես արձակ դաշտերում,
Քո, պաղ շենքերի մութ նկուղներում
Դու, կույր, պահում ես, մի ահեղ ցիկլոն։
Քո ցուրտ լույսերի անխոս խնդությամբ
Դու դաժանորեն նայում ես հեռուն,
Քո պալատների ներքնահարկերում
Դու, խենթ, սնում ես մի պայծառ վիշապ։
Եվ այնտեղ, այնտեղ քո դղյակներում,
Ուր օրգիաների կոշմարն է խոսում,
Քո խնջույքների լպիրշ քաոսում —
Ալ-ուրվականն իր դաշույնն է սրում։
(1908)
 
12.* * *
Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր
Անուղիներըդ, բաց է հոգիս,
Ով թափառում է ուղեմոլոր.
Ում սիրտը չունի քուն ու հանգիստ...
Ում հոգին խոց է, ում օրը` մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ,
Եկե՛ք բոլորըդ — որբ ու անզոր։
Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես,
Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
Հոգիս բացված է ծաղկի նման,
Իմ սերը խորն է և անսպառ,
Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար...
 
13. * * *
Արեգակը հուր ոսկի է մաղում
Արտերիս մաքուր ոսկեծովի մեջ.
— Սի՛րտ, արտերիս պես եղիր միշտ բեղուն,
Արևի նըման հրահրիր անշեջ...
Եվ որպես վճիտ լճերն են ցոլում
Ցրտում աշնային — մշուշների տակ,
— Դո՛ւ էլ, սի՛րտ, մընա հարության գալուն
Տրտմությամբ անչար, և՛ խոր, և՛ հստակ...
Կանցնեն հուշերըդ — մշուշների պես,
Կըգա խնդություն — խոր ու անարատ,
Կըցրե մեգն ու կըզարդարե քեզ —
Որպես երկիրն իմ — արեգակն առատ...
 
14. * * *
Ես ձեզ բերի բարի լուր,
Իմ եղբայրներ, արթնացե՛ք.
Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր,
Մեռած-քնած, վե՛ր կացեք...
Ձեզ կոչում է անդադար
Նոր միացման մոռացում.
Առվակ, արև ու անտառ
Ձեր երգին են սպասում։
Լույս է, լույս է ամենուր,
Պատանիներ և կույսեր,
Ես ձեզ բերի բարի լուր,
Նոր հիացում, նոր հույսեր.
Շիրիմներից ելեք վեր,
Մահիճներից հեշտանքի
Թևեր առեք, լույս թևեր
Նոր արբունքի, նոր կյանքի։
 
15. * * *
Գայլերն են ոռնում... քամին է շաչում...
Կալանավորը նայում է հեռուն —
Մարդիկ լռել են, պատերն են լռում,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։
Կարծես թե քամին նոցա է կանչում,
Քամին պատմում է նրան մի գաղտնիք,
Գայլերն են ոռնում, լռել են մարդիկ,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։
Քամին քուն մտած մարդկանց է կանչում,
Ահավոր քամին դռներն է թակում,
Գալարվում, լալիս, անվերջ հեկեկում,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում...
Քնած են մարդիկ, գայլերն են ոռնում,
Քամին է թակում դռները մարդկանց,
Բորբոքիր, վառվիր, ազատության բոց,
Զարթնեցեք, մարդիկ, գայլերն են գոռում...
 
16. * * *
Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին...
Օտ՛ար դաշտերում, պաղ կյանքերի մեջ
Ընկնում են անվերջ,
Վաղաժամ մեռնող թերթերի նման
Թափվում են անձայն...
Նոցա արյունից կվառվի մի օր
Վրեժն ահավոր,
Նոցա խոսքերը նորից կըհնչեն,
Կռվի կըկանչեն,...
Կըլինի մի օր՝ զայրույթը կ՛արող,
Երկինք, ծով ու հող...
Լաց,, լաց,, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին,
Ե՛վ քո երգերում, և՛ տխուր լացում
Կոչիր հատուցում։
 
17. ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄ
Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն...
Պաղ լռությունը մռայլ է ու չար.
— Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
— Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
Մեկը թախծագին նայում է հեռուն,
Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
Ու շղթաներով աղմուկ է հանում...
Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն...
Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
— Շողա, վրեժի մահաբեր դաշույն
— Հնչիր, փոթորիկ ժողովրդական...
 
18. * * *
Արևն արթնացավ, արևը մեզ ի՜նչ,
Նա մեզ չի բերում իր շողերը ջինջ,
Մեր վրա մռայլ կամարն է հեգնում,
Անսիրտ մեքենան ելնում ու ընկնում։
Գիշերն է իջնում հեզ ու հանդարտիկ,
Գազանն է ննջում, ննջում են մարդիկ,
Անվերջ կարիքն է մեր դուռը բախում,
Սովից մեր հոգնած սիրտը նվազում։
Անվերջ աշխատիր, տանջվիր անդադար,
Ու աշխատանքըդ ուրիշի համար.
Բավական է, վերջ. մենք էլ չենք ուզում
Սիրո երգ, անրջանք, վայելք ու հուզում,
Վեր կաց, իմ ընկեր, վե՛ր կաց,, մուրճըդ առ,
Նոր կյանք, նոր վայելք կռենք մեզ համար...
 
19. * * *
Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց,
Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների.
Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց,
Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։
Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել,
Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին,
— Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել,
— Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։
Ես որոնում եմ ինձ նմաններին — իմ ընկերներին,
Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ,
— Եկե՛ք, խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին,
— Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ...
 
20. * * *
Արևելքը ալ քող նետեց ուսերին,
Լույսը վառեց կատարները լեռների,
Մնաս բարով ասենք մենք էլ գիշերին,
Ալ շողերը տանենք ներքև — թող վառի...
Ե՛լ, իմ եղբայր, արշալույսի շողի հետ
Ճամփա ընկնենք լույսի երգով կենսավառ,
Տե՜ս, մութ է դեռ ձորի միջին արահետ,
Դեռ նիրհում են ճամփին ձորակ ու անտառ...
 
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՓՇԵ ՊՍԱԿ:
Այս բաժնի բանաստեղծություններից 6-ը (№ 3—8) Տերյանն է դրել «Փշե պսակ» խորագրի տակ, մյուս 13-ը (№ 1, 2, և № 9—19) նոր ենք ավելացրել. դրանք գրված են նույն շրջանում և ունեն նույն բնույթը։
Առաջին անգամ լույս է տեսել «Հուշարարում», 1908 թ. № 8, երկրորդ անգամ՝ «Մ. ա.» գրքում, «աղբյուր», «հույս», «սեր», «մահ» բառերը՝ մեծատառերով։
Առաջին անգամ լույս է տեսել «Ընկերում», 1906 թ, № 9, Վահան Շվին ստորագրությամբ։
3—8 Գրված են 1906—1908 թթ, ««Փշե պսակ» գրքից» վերնագրով։ Այդ շարքի առաջին բանաստեղծությունն է՝ «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան»։ Ձեռագրի հիման վրա №3 բանաստեղծության 10-րդ տողի «սգավոր» բառը փոխարինված է «հեռավոր», 11-րդ տողի «մութ»-ը՝ «սե» բառերով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1 )։
Տերյանի ձեռագրի հիման վրա ուղղված է 1923—25 թթ. և 1940 թ. հրատարակություններում թույլ տրված սխալը, 5-րգ տողի «սիրով» բառը փոխարինված է «սրտով» բառով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1):
12-րդ տողի «արթուն» բառը ինքնագրի հիման վրա փոխարինված է «արդեն» բառով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, №1)։
Ուղղված է 16-րդ տողում թույլ տրված սխալը. «բնության» բառը փոխարինված է «բռնության» բառով, ինչպես՝ ձեռագրում (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1)։ Սխալը կատարված է 1940 թ. հրատարակության մեջ։
9. Առաջին անգամ լույս է տեսել «Երկրի ձայն» շաբաթաթերթում, 1907 թ. № 28, Վահան Տերյան ստորագրությամբ։ Այս բանաստեղծությունը Տերյանը դուրս է թողել «Մ. ա-ից», 1923—1925 թթ. և 1940 թ. հրատարակությունների մեջ դրված է «Սևագրություններ» բաժնում։
Առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթում», 1935, № 1, առանց վերնագրի, «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ։ II-րդ անգամ 1940 թ. հրատարակության մեջ (էջ 383)։ 1950 թ. հրատարակության մեջ դրվում է «Փշե պսակ» բաժնում, ենթադրվելով, որ այն գրված է 1906—1907 թթ.։
Առաջին անգամ լույս է տեսել «Երկրի ձայնում», 1908, № 16, «Քաղաքի երգեր» ցիկլից վերնագրի տակ, նվիրված Ցոլակին։
8, 12, 13. Լույս են տեսել մոսկովյան ուսանողական շրջանում՝ 1906— 1913 թվականներին, 1940 թվականի հրատարակության մեջ դրված են «Սևագրություններ» բաժնում։
14. Առաջին անգամ լույս է տեսել 1935 թ, «Գրական թերթում», № 1, ենթադրվում է՝ գրված է 1906 թ.։ 1940 թ. հրատարակության մեջ դրված է «Անտիպ էջեր» բաժնում։ 15—20. Առաջին անգամ լույս են տեսել Վ. Տերյան, «Բանաստեղծություններ» ժողովածուում, Պետհրատ, Երևան, 1940 թ., էջ 415, 423, 430, 431, 434, 436։ Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Վահան Տերյան - Երկեր։ Հայպետհրատ - Երևան, 1956թ.։
Տրամադրել է՝ Արման Գալստյան
Scanned: Կարեն Վրթանեսյան
OCR: Արմեն Այվազյան
Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ:  ՎԵՐԱԴԱՐՁ
 

1.
Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին...
Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։
Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։
Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք...
2.
Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։
Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
Շարժում են առաջ օրը ժրաջան —
Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ,
Ալեկոծությամբ մի խայտանկար
Խենթ փողոցների բավիղներն անթիվ
Ջրերի նըման խառնում են իրար։
Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ —
Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։
Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
Այրում է սիրտըս սրբազան մի դող,
Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
Եվ սարսափելին՝ թվում է դյութող...
Մաշված է կյանքըս վշտում անաղարտ
Եվ տառապանքի օրերում համառ,
Բայց ցաված սիրտըս բացել եմ հպարտ,
Նորից ու նորից սիրելու համար։
Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝
Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
Վառե՜լ երգերըս, որպես դրոշակ,
Ու մեռնե՜լ, որպես հերոսն է մեռնում...
Զարթե՛ք, երգեր իմ, ժամ է հնչելու,
Զինելու նորից գնդերը ցրիվ,
Մեռած սրտերը կյանքի կոչելու
Եվ բորբոքելու, զայրույթ ու կռիվ...

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԵՐԱԴԱՐՁ
- 1. Առաջին անգամ լույս է տեսել 1910 թ. «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախի I գրքում։ Բանաստեղծության սևագիր տարբերակներից է հետևյալ անտիպ հատվածը.
Ես լուռ կըսպասեմ այն ահեղ ժամին,
Արթուն կըմնամ
Եվ երբ լուսածագ ավետող քամին
Անտառում դողա
Եվ երբ սարերի կատարները սև
Արծաթը շողա,
Դուք դեռ մշուշում քնած կըլինեք,
Սիրտըս կըճչա վսեմ հուզումից,
Ես ձեզ մոտ կգամ — որ զվարթ ճչամ
— Եղբայրնե՛ր, ելեք...
Այս հատվածը, որ հավանորեն մնացել է «Նորքի» արխիվից, մեզ հանձնել է Գրականության և արվեստի թանգարանի կրտ. գիտ. աշխատող Պ. Սիմոնյանը։
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Վահան Տերյան - Երկեր։ Հայպետհրատ - Երևան, 1956թ.։
Տրամադրել է՝ Արման Գալստյան
Scanned: Կարեն Վրթանեսյան
OCR: Արմեն Այվազյան
Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

Փնտրել
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2014 Хостинг от uCoz