Նոր ուսումնական ձեռնարկ իրավաբանների համար
17.02.2012
Այսօր տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի
ղեկավար, հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Աշոտ Եսայանի
հեղինակած «Կրթական իրավունք» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:
Շնորհանդեսին հրավիրված էին կրթության, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, իրավաբաններ, դասախոսներ: 720
էջից կազմված հայալեզու գիրքը ճանաչվել է որպես ուսումնական ձեռնարկ
բուհերի համար: Գիրքը իրավագիտության դասընթացը համակարգված շարադրելու
առաջին փորձն է, բաղկացած է ընդհանուր և հատուկ մասերից: Գրքի
նորամուծությունն այն է, որ կրթական իրավունքը նոր ճյուղ է, ուր իր
արտահայտությունն է գտել նախադպրոցականից մինչև հետբուհական կրթության
իրավական կարգավորման խնդիրները, այդ ոլորտում օրենսդրության
հաջողությունները, դրանց խոցելի կողմերը:
ՀՀ
գործող օրենսդրության հիման վրա դիտարկված են կրթական իրավունքի հիմնական
ինստիտուտների հասկացությունները, կրթական տարբեր աստիճանների, կրթության
ձևերը, կրթական ոլորտի կառավարման տեխնոլոգիաների իրավական կարգավորման
հիմնահարցերը: Աշխատության մեջ անդրադարձել է նաև կրթական իրավունքի
միջազգային փորձին: Այն ընդգրկուն և ստվարածավալ ձեռնարկ է նաև ոլորտին առնչվողների, դասախոսների և վերապատրաստվողների համար: «Գիրքը
հնարավորություն կտա Ձեզ առավել մանրամասն իմանալ կրթության ոլորտում ձեր
պարտականությունների, իրավունքների մասին,- հավաստեց Աշոտ Եսայանն ու
ավելացրեց,- շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ոգևորեցին գրքի
աշխատանքները ավարտին հասցնելու համար»:
|