ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՀՊՄՀ
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ
Խաչատուր
Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ստեղծվելով 1922 թվականին, որպես անկախ
կառույց գործել է մինչև 1925 թվականը: Այս թվականին ինստիտուտը մտցվել է Երևանի
պետական համալսարանի կազմի մեջ որպես հասարակագիտական ֆակուլտետ: 1930 թվականին
Երևանի պետական համալսարանը կազմացրվել է մի քանի ինստիտուտների և նրա բոլոր
կառույցները տրվել են կրկին բացված մանկավարժական ինստիտուտին: 1933 թվականի
սեպտեմբերին Երևանի պետական համալսարանը վերականգնվել է, իսկ այդ թվականից սկսած
մանկավարժական համալսարանը գործում է առ այսօր:
Մանկավարժական
ինստիտուտն իր հերթին դարձել է նոր ուսումնական հաստատությունների սկզբնավորող:
1931
թվականի մարտի 16-ին ՀԽՍՀ լուսավորության ժողկոմատի /նախարարության/ որոշմամբ
ինստիտուտի կազմից հանվել է հեռակա ուսուցման բյուրոն և վերածվել Երևանի պետական
հեռակա ուսուցչական ինստիտուտի:
1937
թվականին մանկավարժական ինստիտուտի մի քանի ֆակուլտետների բազայի վրա ստեղծվել են
Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտը, Երևանի երեկոյան ուսուցչական
ինստիտուտը, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը/ 1967 թվականին այս վերջին
ինստիտուտը փոխադրվեց Վանաձոր և ներկայումս հայտնի է Վանաձորի Հովհաննես
Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ անունով/:
1945
թվականին ֆիզիկական կորլտուրայի ֆակուլտետի /բացվել է 1943 թվականին/ բազայի վրա
ստեղծվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
Իր
հերթին մանկավարժական ինստիտուտին կից ստեղծվել են Գյումրիի և Գորիսի
մասնաճյուղերը:
ԳՅՈՒՄՐԻԻ
ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՀԽՍՀ
ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ, հանրապետության հյուսիսային հատվածում
ուսուցիչների խիստ պակասը մեղմելու, դպրոցական կրթության առաջընթացը խթանելու
նպատակով, 1934 թվականի նոյեմբերի 4-ին
բացվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը՝ միայն
երեկոյան բաժնով: Այն շատ արագ դարձել է ուսումնագիտական կենտրոն և ծանրակշիռ
դերակատարություն ունեցել մասնավորապես Շիրակի և Ջավախքի հասարակական-մշակութային
կյանքում: Մասնաճյուղն ուներ լեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական, պատմական
ֆակուլտետներ: Մանաճյուղին տրվել է քաղաքի շքեղ շինություններից մեկը՝ 19-րդ
դարավերջին կառուցված Առևտրային ուսումնարանի երկհարկանի շենքը: Հիշարժան է, որ
այս շենքում է իր գործունեությունը 1919 թվականին, Հայաստանի Առաջին
Հանրապետության օրոք, սկսել Երևանի պետական համալսարանը /ավելի ուշ փոխադրվել է
Երևան/:
Առաջին
ուսումնական տարում մասնաճյուղն ունեցել է 100 ուսանող /նրանց թվում էր ապագա մեծ
բանաստեղծ Հովհաննես Շիրազը/:
Նրանց
դասավանդում էին 16 դասախոսներ:
Հիմնադիր
տնօրենը /ռեկտոր/ Սամվել Մովսիսյանն
էր: Նա պաշտոնավարել է մինչև 1937 թվականը:
Նրան
փոխարինել է Մովսես Մարգարյանը:
Վերջինս պաշտոնավարել է երկու անգամ՝ 1937-1947 և 1956-1960 թվականներին: Հենց նրա
առաջին պաշտոնավարման վերջին՝ 1947 թվականին, մասնաճյուղը հանվել է Երևանի
մանկավարժական ինստիտուտի կազմից և վերածվել առանձին ինստիտուտի: Հատկանշական է,
որ հենց նույն տնօրենի /ռեկտոր/ երկրորդ պաշտոնավարման վերջին տարում՝ 1960
թվականին, Գյումրիի մանկավարժական ինստիտուտը կրկին դարձվել է Երևանի պետական
մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: Այս անգամ մասնաճյուղի կարգավիճակը
պահպանվել է մինչև 1966 թվականը: Այդ թվականից սկսած Գյումրիի մանկավարժական
ինստիտուտն առ այսօր գործում է որպես անկախ կառույց:
1960-1966
թվականներին մասնաճյուղի տնօրենն է եղել պրոֆեսոր Կարապետ Հովսեփյանը: Նա պաշտոնավարել է նաև ինստիտուտին անկախ
կարգավիճակ տալուց հետո մինչև 1994 թվականը:
Իր
գոյության առաջին տարիներին մասնաճյուղը տվել է ավելի քան 350 շրջանավարտ, որոնք
լծվել են քաղաքում և հարակից շրջաններում մատաղ սերնդի կրթության ու
դաստիարակության գործին:
Մինչպատերազմական
տարիներին մասնաճյուղը ինքնահաստատվել է: Ձևավորվել են ամբիոնները, պատրաստվել են
ուսումնագիտական անհրաժեշտ ծրագրերը:
Երկրորդ
համաշխարհային պատերազմի տարիներին մասնաճյուղի շատ ուսանողներ ու դասախոսներ
մեկնել են ռազմաճակատ: Նրանցից 65-ը զոհվել են, մյուսները վերադարձել շքանշաններով
ու մեդալներով /վերջիններիս թվում էր Սովետական
Միության հերոս, ապագա գեներալ-մայոր Աշոտ Ամատունին/:
Մասնաճյուղ
եղած տարիներին՝ 1934-1947 և 1960-1966 թվականներին, այդտեղ դասավանդել են
նշանավոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ Ա.Ղարիբյանը,
Գ.Սևակը, Մ.Ներսիսյանը, Ա.Շահինյանը, Ա.Տեր-Մկրտչյանը, Գ.Ղարիբջանյանը,
Մ.Մազմանյանը, Է.Աղայանը, գիտության դոկտորներ, վաստակաշատ պրոֆեսորներ
Ա.Առաքելյանը, Բ.Թումանյանը, Ս.Գասպարյանը, Ս.Սարգսյանը, Վ.Բրուտյանը,
Ա.Գալստյանը, Խ.Գուլանյանը, Ս.Սողոմոնյանը, Գ.Մինասյանը, Հ.Գաբրիելյանը,
Ն.Դաբաղյանը, Ս.Աբրահամյանը, Ա.Աբրահամյանը, Հ.Ռշտունին, Վ.Քոսյանը, Հ.Ամալյանը,
Հ.Փարսադանյանը, Ֆ.Ղազարյանը, Գ.Բուտաևը, Ց.Բրուտյանը, Լ.Սամվելյանը և
ուրիշները:
Այդ
տարիներին ընդարձակվել է մասնաճյուղի նյութատեխնիկական բազան, ստեղծվել են փայտի և
մետաղամշակման արհեստանոցները, կազմակերպվել են ֆիզիկայի և այլ լաբորատորիաները,
սկսել է գործել գրադարանն իր ընթերցասրահով: Բացվել են նոր՝ ռուսաց լեզվի և
գրականության, պատմության, տարրական կրթության մեթոդիկայի, ընդհանուր տեխնիկական
առարկաներ մասնագիտությունները: Ստեղծվել են նոր՝ մաթեմատիկական անալիզի,
հանրահաշվի և երկրաչափության ամբիոնները: Ավելացել է ուսանողների թիվը:
Մասնաճյուղի
հնագույն ֆակուլտետներից է ներկայիս պատմաբանասիրական ֆակուլտետը: Այն բացվել է
1935 թվականին և սկզբնապես կոչվել է լեզվագրական, ավելի ուշ՝ բանասիրական,
ներկայումս՝ պատմաբանասիրական: Առաջին դեկանն է եղել գրող Անդրանիկ Հովսեփյանը: Նա պաշտոնավարել է 1935-1938 թվականներին:
Ֆակուլտետի կազմում հնագույն ամբիոնը հայոց լեզվի ամբիոնն է: Այն հիմնվել է 1934
թվականին, առաջին վարիչը եղել է Մկրտիչ
Մկրտումյանը: Հայ գրականության հիմնադիր վարիչն է եղել Արշավիր Մխիթարյանը: Պատմության ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Հրանտ Գևորգյանը:
Հնագույն
ֆակուլտետներից է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Առաջին դեկանը Գագիկ Գրիգորյանն է: Ընդհանուր և տեսական
ֆիզիկայի ամբիոնը գործում է 1942 թվականից: Հիմնադիր վարիչն է Գալուստ Բադալյանը: Մինչ այդ գործել են
ֆիզիկայի կաբինետը /վարիչ՝ Սամվել
Չիլինգարյան/, ապա՝ ֆիզիկայի լաբորատորիան /վարիչ՝ Հակոբ Շահրիմանյան/: Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնը գործում է
1930-ական թվականներից: Ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Մակար Կարապետյանը:
Ռուսաց
լեզվի ամբիոնը գործում է 1940 թվականից: Այն առաջինը ղեկավարել է Մեխակ Հարությունյանը:
Մասնաճյուղի
գրադարանը գործում է հիմնադրման պահից՝ 1934 թվականից: Գրադարանի հիմնադիր վարիչը Արտակ Սաֆյանն է: Ստեղծման ժամանակ
գրադարանին տրվել են նաև հնատիպ գրքեր, որոնցից հնագույնը 1650 թվականի
հրատարակություն է:
ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՀԽՍՀ
Մինիստրների խորհրդի որոշմամբ, հանրապետության հարավային հատվածում դպրոցական
կրթության առաջընթացը խթանելու նպատակով, 1967 թվականին բացվել է
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գորիսի մասնաճյուղը՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի
ֆակուլտետներով:
Ի
սկզբանե յուրաքանչյուր ֆակուլտետ տեղավորվել է հարմարեցված շենքում: Դասախոսական
կազմը 90 տոկոսով դրսեկ էր:
Բացման
երրորդ տարում մասնաճյուղ ընդունելության համար դիմել է 300 շրջանավարտ, նրանցից
դրական գնահատական է ստացել 118 մարդ:
Բուհի
ղեկավարության միջնորդությամբ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 2000 ուսանողի համար մասնաճյուղի շենք
կառուցելու մասին: Եվ 1971 թվականի մայիսին սկսվել է համալիրի կառուցումը: 1979
թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտվել է ու համալիրը շահագործվել:
Ուսումնական մասից զատ կառուցվել է 250 տեղանոց դահլիճ և 600 տեղանոց
հանրակացարան:
1972
թվականին մասնաճյուղի գործող ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների կողքին բացվել
է նաև մանկավարժության ֆակուլտետը: Գործել են 5 ամբիոններ: 1974 թվականին բացվել է
ևս մեկ ամբիոն:
1972
թվականին մասնաճյուղը տվել է առաջին 54 շրջանավարտները:
Մասնաճյուղի
տնօրեններ են եղել
-
Լ.Մինասյանը /հիմնադիր/,
-
Շ.Սահակյանը,
-
Ռ.Մովսիսյանը,
-
Շահեն Օհանջանյանը,
-
Տիգրան Այվազյանը:
Մասնաճյուղի
ստեղծման տարում բացվել է գրադարանը, որին փոխանցվել է 25.000 միավոր դասագիրք,
ուսումնական ձեռնարկ, տեղեկատու ու գեղարվեստական գրականություն:
1988
թվականին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ մասնաճյուղը հանվել է ՀՊՄՀ կազմից:
Այսօր
Սյունիքի մարզի 100-ից ավելի դպրոցների տնօրենների մոտ 35 տոկոսը Գորիսի
մասնաճյուղի շրջանավարտներ են: Զգալի թիվ են կազմում ուսուցիչները և տնտեսության
այլ բնագավառներում աշխատողները: Մասնաճյուղի շատ շրջանավարտներ կամավորական ջոկատների,
ՀՀ նոր կազմավորված բանակի կազմում մասնակցել են Արցախյան ազտագրական շարժմանը և
Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին: Նրանցից կարելի է առանձնահատուկ նշել Առնո Մկրտչյանին, որ 1988-1990
թվականներին կազմակերպել է Բերդաձորի հատվածի ինքնապաշտպանությունը: Նա 1990
թվականին խորհրդային օմոնականների կողմից ձերբակալվել ու տարվել է Բաքու՝ Բայիլի
բանտ, որտեղ էլ 1991 թվականին մահապատժի է ենթարկվել:
գիտական գրադարանի տնօրեն
Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ
|