Ուրբաթ, 29.03.2024, 07:47
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Դեկտեմբեր » 20 » ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽՈՀԵՐԸ
19:44
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽՈՀԵՐԸ

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ

ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, Գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս

Տարիքի առաջ գնալու հետ մարդ արարածը հաճախ է ինքն իրեն միտք անում, տալիս-առնում, մտածում երկրի ու իր անցած ճանապարհի մասին: Բայց ինչ եղել էՙ եղել է, չես կարող հետ բերել: Կարեւորը նոր սխալներից խուսափելն է, մանավանդ, երբ այդ սխալները քաղաքական երանգ ու հասարակական հնչեղություն են ստանում:

«Հայի ամենից աննպաստը,- գրում է Դերենիկ Դեմիրճյանը, - իր երկրի դիրքն է, սակայն ինքն ամենից համառ կառչեց նրան: Որքան անհայտ է թվում իր ապագան, բայց եւ որքան հուսացող է նա»: Քաջալերական այդ տողերի տպավորությամբ ես էլ ցանկանում եմ մի քանի խոսք ասել առաջին հայացքից սարսափելի չթվացող մարդկային բնավորության մի հատկանիշի` անհանդուրժողականության մասին, որի հետեւանքները երբեմն աղճատում են ժողովրդի ազգային նկարագիրը, վտանգում բարոյական արժեքները: Բայց մինչ դրան անդրադառնալը երկու խոսք մեզանում տարածված մի ուրիշ արատի մասին, որից ապաքինումը, անկեղծ ասած, շատ ավելի դժվար խնդիր է, երեւի թե այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով... Դա անսահման փողասիրությունն է, որի դրսեւորման եղանակներից մեկը սովորական կաշառքն է: Ընթերցողը կհարցնի` իսկ աշխարհի ո՞ր ծայրում դա չկա: Չեմ հակաճառում. միայն թե մեր փոքրիկ երկրում այդ երեւույթն իսկական «լայն սպառման» բնույթ է ստացել: Ինչու եմ ասում «լայն սպառման», որովհետեւ դա ընդգրկում է սոցիալ-հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառները:

Մեխանիկորեն ընդօրինակելով պատմասոցիալական զարգացման միանգամայն տարբեր աստիճաններում գտնվող եվրոպական երկրերի «փորձը», անտեսելով դարերի ընթացքում ձեւավորված մեր ժողովրդի ազգային առանձնահատկությունները, առավել եւս` վերջին 70 տարիներում ձեւավորված բնավորության գծերը, շուկայական հարաբերությունները մեզանում սկզբից իսկ ստացան հախուռն ու անկանոն բնույթ: Հետեւանքը եղավ այն, որ ժողովուրդը երկփեղկվեց, տարանջատվեց; Անսովոր արագությամբ ծնվեցին մեծահարուստներ` առաջ բերելով աղքատների զգալի մի խավ: Հարուստներն այսօր ավելի հզորացած` իրենց բոլոր խնդիրները լուծում են բարձր մակարդակով. նրանց երեխաները կարող են սովորել աշխարհի հեղինակավոր բուհերում. նրանք իրենց հանգիստը կարող են անցկացնել աշխարհի գեղեցիկ անկյուններում եւ, վերջապես, հիվանդության դեպքում` բուժվել արտասահմանյան գերլավագույն կլինիկաներում: Այստեղ են ասում` «փող ունես, մարդ ես, կապրես: Փող չունես, կորած ես»: Եվ իրոք, ոչ միայն չունեւոր, այլեւ միջին կարողության տեր մարդը` մտավորականությունը, ինտիլիգենցիան, իր կյանքը փրկելու համար չի կարող հազարավոր դոլարներ տալ լուրջ վիրահատության համար: Այսօր հիվանդ մարդը խուսափում է հիվանդանոց գնալուց, դեղատուն մտնելուց... սարսափելի գներ: Ընթերցողը թող Եվրոպան կամ Ամերիկան չհիշի. այնտեղ իրենց քաղաքացիների համար որոշակի արտոնություններ կան: Անարդար է, եւ մինչեւ ե՞րբ: Հետո ոմանք զարմանում են, որ արմատական ընդդիմության միջոցառումներին, որոնք ավելի պոպուլիստական են եւ չեն փայլում իրատեսական ծրագրերով, տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում: Ժողովուրդն իր սոցիալական վիճակը բարելավելու համար հույսը չի ուզում կորցնել: Ոմանք էլ, եւ ոչ քիչ թվով, իրենց եւ իրենց երեխաների ապագան տեսնում են օտար ափերում: Ի դեպ, երախտագիտության զգացում ես ապրում, իմանալով, որ մեր մի շարք հայրենասեր մեծահարուստներ, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ այլք, ամեն կերպ աշխատում են թեթեւացնել ժողովրդի հոգսերը` կազմակերպելով բարեգործական զանազան ակցիաներ: Ակցիաներով սակայն արմատական հարցեր չես լուծի:

Ինչպես հիմա ընդունված է ասել` մենք «ըմբռնումով» ենք մոտենում ստեղծված վիճակին` շրջափակում, ռազմական պարտադրված մրցավազք (այլապես մենք չենք կարող դիմակայել դավադիր թշնամուն): Դրանք ոչ միայն միլիոններ, այլեւ միլիարդներ են պահանջում: Միանգամայն հասկանալի է: Բայց երբ նայում ես մեր որոշ զորեղների կյանքին ու կենցաղին (արտասահմանյան շատ մեծահարուստներ կխուսափեն նման շռայլություններից), մտածում ես, որ կան ռեալ տարբերակներ, ռեսուրսներ ժողովրդական լայն խավերի վիճակը թեթեւացնելու համար: Հարկավոր է համարձակություն, վճռականություն... նույնիսկ չզիջելով փափուկ կյանք ապահովված մտերիմներին: Այդ սուրբ գործին պետությանը պետք է զորավիգ լինեն հայրենակցական ու հասարակական զանազան կազմակերպություններ, նաեւ, առաջին հերթին, եկեղեցին: Լավ է, որ ձախ ու աջ նոր եկեղեցիներ են կառուցվում (չեմ խոսում ճարտարապետական նկարագրի մասին, ավաղ, հնի պասիվ նմանակումներ), չնայած որքան շատանում է նորակառույց եկեղեցիների թիվը, այնքան աշխուժանում են աղանդավորները: Սպասենք առաքելական մեր եկեղեցու սպասավորների գաղափարախոսական աշխատանքների աշխուժացմանը, թող իրենք ընտրեն պայքարի ձեւերն ու միջոցները: Այսօր նորակառույց եկեղեցիներից ավելի կարեւորվում է ծանր վիճակում հայտնված հավատացյալներին նյութապես զորավիգ լինելը:

Հիմա անցնենք մեր հիմնական խնդրին` անհանդուրժողականությանը, որն ինչ-որ չափով համարժեք է հիշաչարությանը, այնտեղից էլ մի քայլ է վրեժխնդրությունը:

Այստեղ, իհարկե, չես կարող կախարդական փայտիկով մեկից ամեն ինչ փոխել: Այդ վտանգավոր հատկանիշները ամուր դիմակայություն ունեն բարոյական գործոնների ազդեցության նկատմամբ: Բայց հոգեւոր ժողովուրդ ենք համարվում եւ, այնուամենայնիվ, գաղափարական դաստիարակչական նպատակասլաց աշխատանքի դեպքում գուցե ինչ-որ բան կարելի լինի շտկել: Լուսահոգի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մահից մեկ տարի առաջ իմաստուն հոդված էր գրել «Հայաստանի Հանրապետություն» թերթում (22.XII.2009). «Խոսքը դանակից վտանգավոր է, - գրում էր նշանավոր բժիշկը, - բալասանից հզոր. նախանձը կարող է հանգեցնել մանր հիվանդությունների»: Բժիշկ հոգեբանը նկատում էր, որ նախանձը, հիշաչարությունն ու անհանդուրժողականությունը առաջին հերթին դրանք կրողին են վնասում: Հիշաչար ու նախանձ մարդիկ միշտ դառնացած են ինչ-որ բանից, որովհետեւ նրանց լափում են ոչ միայն սեփական անհաջողությունները, այլեւ` ուրիշի հաջողությունները: Հին խոսք է` մի թունավորի ուրիշի կյանքը, քանի որ այդ թույնից քեզ էլ բաժին է մնում:

Անհանդուրժողականությունը, հիշաչարությունը ուղեկցվում են (կամ` արտահայտվում) նաեւ սպանիչ բանբասանքով, մեկը տասը դարձնելով, մարդուն վարկաբեկելու, խայտառակելու եղանակով: Վերջերս թերթերից մեկում հանդիպեցի վրեժխնդրության մի տխուր փաստի: Ամբաստանում էին մշակութային մի ոչ մեծ հաստատության տնօրենին: Բարեբախտաբար, ես լավ գիտեմ այդ մարդուն` լայն ինտելեկտ ունեցող, բարեկիրթ անձնավորություն: Հոդվածի հեղինակն ինչ-որ մի բանից դժգոհ (գուցե եւ այդ ընթացքում տնօրենը մի սխալ թույլ տված լինի, հնարավոր է), սակայն մոռանալով այն լավը, եւ ոչ քիչ, որ տնօրենն արել է, մոռանալով նրա անցած կյանքի ուղին, անխնա պախարակում էր... Բերեմ մեկ ուրիշ օրիակ. Մանկավարժական համալսարանի կառավարական խորհրդի նիստում երկու վաստակաշատ գիտնականեր պատշպանեցին հանրապետության ղեկավարներից մեկի թեկնածությունը այդ խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Իրոք, ամեն ինչով արժանավոր անձնավորություն: Չարամիտների պատասխանը չուշացավ. հաջորդ առավոտյան ընդդիմադիր թերթերից մեկում կարդում ենք անպատասխանատու եւ շատ վիրավորական խոսքեր այդ գիտնականների հասցեին: Մի կողմ թողնենք հանրապետության ղեկավարների նկատմամբ տրաֆարետային դարձած ատելությունը (երեւի թե ոչ մի երկրում նման ծայրահեղություն չկա), սակայն այդ գրչակները եթե մի քիչ ծանոթ լինեին վերոհիշյալ դասախոս-գիտնականների վաստակին, նրանց հրատարակած տասնյակ գրքերին, նրանց միջազգային ճանաչմանը, երեւի թե իրենց զուսպ պահեին: Բայց հիմա մոդա չէ կարդալը: Նրանք տուրք են տալիս անհանդուրժողականությանը, անզսպվածությանը, վերժ լուծելու (թե ինչի՞ց) անհագուրդ կրքին:

Խոսքի ազատությունը բոլորովին չի նշանակում սանձարձակ պահվածք, վիրավորանք ոչ համախոհ մարդկանց նկատմամբ: Ինչպես չհիշես հայտնի ասացվածքը` «Հեշտութամբ վիրավորում են նրանք, որոնք գոհ չեն իրենցից»: Եվս մի օրինակ, որ խորապես վշտացնում է ինձ: Իմ լավ գործընկերներից մեկը, հիրավի շնորհաշատ եւ շատ համակրելի անձնավորություն, մի գեղեցիկ օր իմանալով, որ ես չեմ կիսում իր քաղաքական հայացքները, փոխեց վերաբերմունքն իմ նկատմամբ, թվում է, թե չի էլ ուզում տեսնել ինձ: Ափսոս, շատ ափսոս. նման անհանդուրժողականությունը խաթարում է կոլեկտիվի, նաեւ ժողովրդի միասնության ներքին հոգեկան կապը: Իմ լավ բարեկամ, տաղանդավոր գրականագետ Դավիթ Գասպարյանը մի առիթով գրում է. «Մարդկային լիակատար արժեքները ձեւավորվում են միմիայն պետական, հանրային, ընկերային, մշակութային եւ անձնային հասուն միջավայրում»: Ինչը, ցավոք, մեզ մոտ չկա: Թշնամության հասնող անհանդուրժողականությունը միայն լարում է, առանց այն էլ լարված մթնոլորտը:

Ցավալին այն է, որ անհանդուրժողականության, աններողամտության անհատական-անձնական հատկանիշները երբեմն վեր են ածվում խմբային-կուսակցական գաղափարական մոտեցումների, տիրապետող են դառնում նույնիսկ նրանց քաղաքական պլատֆորմում: Ըստ էության, այդ դեպքերում արդեն ակնառու է դառնում մեզանում դեմոկրատական բարեկիրթ փոխհարաբերությունների պակասը: Այս կամ այն լիդերի անհատական-մասնավոր կարծիքը, երբեմն նույնիսկ խոցելի, խիստ սուբյեկտիվ, ընդունվում է խմբավորման կողմից: Ընկերները չեն համարձակվում ասել` դա ճիշտ չէ: Մի ուրիշ վատ բան էլ կա: Բորբոքված ժողովրդի սերը կամ վստահությունը չկորցնելու համար լիդերները երբեմն չեն համարձակվում նրանց հակառակ բան ասել, կանգնեցնել վտանգավոր անհանդուրրժողականության ընթացքը: Հիշում եմ 90-ականների սկիզբը: Ինչպիսի վրիպումներ եղան: Լիցքավորված մասսաներին կանգնեցնել չէր լինում: Կարծես վերակենդանացել էր «քանդենք հինը, կառուցենք նորը» բոլշեւիկյան արատավոր կարգախոսը:

Երբեմն այնքան ենք լարում ժողովրդին, անառարկելիորեն համոզում, որ նա այլեւս ոչ մի բանի չի հավատում, չի հավատում` հակառակ արդյունքների, վերջում ապրում խոր հուսալքություն...

Այդ հախուռն ընթացքից փայ հասավ նաեւ մշակույթին: Խորհրդային համակարգը նույնացնելով ռուս ժողովրդի հետ (մոռանալով, որ խորհրդային կարգերը հաստատելու համար որքան ազնիվ հայ հեղափոխականներ կային), հունից դուրս եկած մասսաները փորձում էին ավերել արվեստի հուշարձանները, հանճարեղ գրողների արձանները: Իսկ լիդերները... լռում էին: Փառք Աստծո, ինչքան լավ էր, որ Ստալինի արձանը խորհրդային շրջանում հանվեց, այլապես նրա հոյակապ պատվանդանը` մեծն Իսրայելյանի հանճարեղ գործը, հողին կհավասարվեր, ինչպես դա արվեց Հանրապետության հրապարակում գտնվող Լենինի արձանի բարձրարվեստ ու սքանչելի պատվանդանի հետ: Դա աններելի էր... Սրանք արդեն մշակութային մարզում քաղաքական անհանդուրժողականության, եթե ավելի խիստ բառ չօգտագործենք, տխուր օրինակներից են: Ցարիզմի երդվյալ թշնամի, սարսափելի դաժան ու հիշաչար Վլադիմիր Լենինը ժամանակին զգուշացնում էր հեղափոխական մասսաներինՙ չոչնչացնել, չքանդել արվեստի գործերը, անկախ, թե դրանք ում են ներկայացնում: Լենինի արձանը մեզ բոլորովին պետք չէր, ընդհանրապես նա մեր ժողովրդի համար օգտակար որեւէ բան չի արել, եթե հակառակը չասենք, բայց այդ արձանի պատվանդանը արվեստի սքանչելի գործ էր եւ կարելի էր օգտագործել: Պետք է իրատես լինել, նաեւ հեռատես: Ժողովուրդն ասում է` թուրքը լավ չէ, խոսքը փորձաշատ է: Խորամանկ ու ծածկամիտ Իլհամ Ալիեւը, որը հոգու խորքում ատում է ռուսներին, այսօր ամեն մի առիթով պարծենում է ռուսների մոտ, թե անկախության խառնակ տարիներին Բաքվում ոչ մի ռուսական դպրոց չի փակել: Իսկ մեզ մոտ... մեր «հեղափոխականներին» թվում էր, թե նրանք են խորհրդային երկիրը կործանում (ականջները կանչի Տետչերի, Գորբաչովի, Յակովլեւի, Շեւարնաձեի, ամերիկյան հակահետախուզության ղեկավարների) եւ կարծում էինՙ ամեն ինչ պետք է քանդել, ինչը խորհրդային էր: Ավերում էինք մենք մեր տունը: Այդ տարիներին նույնիսկ մի հոսոսի բերած «փաստերի» հիման վրա կանգնեցրինք հայկական ատոմակայանը` միլիոնների վնաս տալով մեր ժողովրդին ու աղքատ պետությանը: Չեմ խոսում նրանց կատարած մյուս «հերոսությունների» մասին` հսկա կառույցների կոպեկներով սեփականաշնորհելը, «յուրատեսակ» բանկերի ծնունդն ու ժողովրդի ունեցվածքի հափշտակումը, որն ասեմ, որը թողնեմ... թվում է, նախկին խորհրդային ոչ մի հանրապետությունում նման անհեռանկար անհամբերություն չի եղել: Ընդդիմություն բոլոր երկրներում էլ կան, նաեւ մեր հարեւանների` Վրաստանում, Ադրբեջանում, բայց ոչ մի տեղ տնտեսությունն այդպես չավերվեց: Ոչ մի տեղ ընդդիմությունն իր սիրտը «բաց չի անում» եվրոպական կամ ամերիկյան «մարդասիրական» կազմակերպությունների առջեւ, ինչպես մերոնք: Իսկ ով է շահում եւ ով տուժում: Տուժում է Հայաստանը, օգտվում են նրա թշնամիները: Մի՞թե դժվար է տեսնել, թե Եվրոխորհուրդը ինչպես է վերաբերվում այլ երկրներում կատարված նման իրադարձություններին (մեծ ներողամտությամբ), եւ ինչպես մեզ` «պապայական» իրավունքով:

Փաստորեն մեզ մոտ գաղափարական քաղաքակիրթ պայքարը հեշտությամբ վերածվում է անհանդուրժողականության, ատելության, վերժխնդրության: Այսօր մեր հասարակայնությունը անհանգստացած է բանակում կատարվող սպանություններից: Մեղադրում ենք վերից վար բանակի հրամանատարությանը: Դե, իհարկե, չես կարող չմեղադրել: Բայց կա նաեւ բացարձակ մի ճշմարտություն: Մեծ հաշվով բանակը մեր հասարակության հայելին է. նույն բարքերով դաստիարակված երիտասարդներ, ցավոք, նաեւ ինտելեկտուալ շատ ցածր մակարդակով: Պարզ է, որ այստեղ անհանդուրժողականությունը, հիշաչարությունը պետք է պոռթկան, սահմաններից դուրս գան` վերածվելով գործնական վրեժխնդրության:

Ժողովրդին չի կարելի լարել այն աստիճան, որ այլեւս անկառավարելի լինի:

Շուտով սկսվելու են Ազգային ժողովի ընտրությունները. անհանգիստ եմ, մտավախություն ունեմ` չկրկնվեն նախորդ նախագահական ընտրությունների դեպքերը: Չեմ ուզում հիշել Ազատության հրապարակի մղձավանջային օրերը... սիրում ենք ամեն առիթով ասելՙ «հին քաղաքակրթության ժողովուրդ ենք», բայց քաղաքակիրթ ժողովրդի ամենակարեւոր հատկանիշը բարեկիրթ լինելն է, հանդուրժողականությունն է, մարդասիրությունը եւ բարոյական մյուս արժեքների գնահատումը: Ճիշտ կլիներ նախապես հանգամանորեն պատրաստվել ընտրական գործընթացին. ընդդիմության շարքերում, իրոք, շատ կան խելոք տղաներ... թող գտնեն տեխնիկական հնարանքներ` ամեն ինչ հսկողության տակ պահելու համար: Ես շատ կուզեի, որ մոռանայինք մեզ վերագրված եւս մի հատկանիշ. «Հայի չափը չափազանցնելն է, զարմանալի հավասարակշռություն, որը ծայրահեղության մեջ է»:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 20-12-2011


Просмотров: 1104 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/97
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz