ՆՈՐ ՇԱՐՔ. ՀՐԱՇՔ ԱՂՋԻԿ 2
ՀՐԱՇՔ ԱՂՋԻԿ /ՀԱՍՄԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ/
Մենք յաթաղանի վրա աղոթում ենք, մա'մ, կարմիր երկինքը հալվում է քո մեջ, և մի մեռելային մոխրաման վառում է մեզ, կաթիլ առ կաթիլ քամվում ենք մենք, խմում ենք ծարավը պատռված կոկորդներով, արև ճոճում անմայր որբի պես, մաշվում են մեր արցունքները առանց աչք, մերկանում են մեր հոգիները առանց մեզ, նետվում են ճահիճներդ, մա'մ, որ հողդ արյունով չսնվի, և' Տերը փշաքաղվում է մի պահ, և' Տերը տառապում է մեզ հետ, իսկ մենք յաթաղանի վրա շշնջում ենք Ամե'ն....***
Իմ երկինքները արև չտեսան, ու իմ արևը չունեցավ երկինք, ճերմակ օրերի փաթիլը հոսեց երեկո բուրող աշխարհի վրա, իմ գարունները գարուն չդարձան, լոկ սիրտը նրա իմ սրտի կողքին իմ սիրտը եղավ, և անցած կյանքի մաքուր ամպերում խոստացավ գարուն, որ ես , Ես լինեմ, աչքերում հույսի, որ ես, Ես լինեմ, կաթիլում լույսի, և միայնության պատերի ներսում գրկեմ ստվերը խոնավ հայացքի, որ արցունքների լուռ վարագույրից, ժպտամ ես նրան ծիծաղով վերջին մեր երկինքները արև չտեսան ու մեր արևը չունեցավ երկինք...
***
Ամենակարճը կյանքում երջանկությունն է , ամենաերկարը`հիշողությունը երջանկության մասին, թե փնտրես ինձ, բացի'ր հոգիդ հիշողության համար, մոխրացած թարթիչներիս արանքից մաքրի'ր այն աստղերը, որ պահում էր երկինքը քեզնից հետո... թառամած երազի շուրթերով համբուրի'ր հետքերս, սևագրիր մեզ արցունքներ չունեցող աչքերումս և իմացի'ր, որ կարոտի վերջալույսին տխրում են փշրված սրտերը փոքրի'կս....
***
Հարևան երկինքը նայում էր պատուհանից, սրճագույն աչքերս թարթում էին օրերը եվ սիրտս հոսում էր կապույտ փաթիլներ հետ, աշխարհը փոքրանում էր, որ մենք մեծ լինեինք ու մեծ աշխարհում երբեք չփոքրանաինք հուշերի թիթեռները լցվում էին մեր հոգիները, գտած ամեն ակնթարթ չունեցած կյանք արժեր, փոքրի'կս , ես գրկեցի ինձ քո ձեռքերով, որ երբեք չլինեմ ուրիշի ձեռքերում, եվ հոսեցի կապույտ փաթիլների հետ , որ մի օր նայեմ հարևան երկնքից ու ծնվեմ երբեք չմեռնելու համար....***
Վաղը կուշանա, մա'մ, երջանկությունս կարճ կերկարի, հույսի թարթիչներս կարցունքոտվեն և լուսանկարում ես կժպտամ, վարդեր կհոսեն երկնքից, հիշողությանս բույրը կթափառի դանդաղ, կարոտը կանշնչանա շուրթերիս, բայց նա երբեք չի գա..... ու լուսանցքում կավելանա էլի մեկ օր, նա ուրիշ էր, նա իմն էր, մա'մ, նա այնքա~ն հարկավոր էր ինձ այսօր.... Մանկությունը իմ լամպոտ օրերի դեմքը նկարեց ճակատիդ վրա, սոված սիրտը քո տվեց ինչ կուզեի, ինչը չէր կարող, ե'վ ձեռքերիդ մեջ մրսեց գոլորշին առանց երազի, ե'վ գիշերները աղոտ հեքիաթի սկիզբը եղան, ե'վ աչքերը իմ արև փնտրեցին, ձյունոտ մի արև, որ քեզ նայելիս ես փոքրիկ մնամ և ետ նայելիս սրբեմ արցունքս քո հոգնած դեմքից, ե'վ ինձ մոռացած ես քայլեմ, հայրի'կ, և' հիշեմ միայն փոշոտ աստղերը իմ պատուհանի, օդում թափառող մոմերի բույրը, որ փնտրում է ինձ կմաշվեն դանդ~աղ, կջնջվեն հայրի'կ, երկնագույն կյանքիդ մայրամուտներից…. Գարունը երազեց փաթիլներ, երբ աստղերը թրջվում էին մայթերին, երբ շունչս երկարում էր սրտից դուրս, և' սիրտս գժվում էր կրծքիդ տակ, ես մեղքի աղոթքն էի շուրթերիդ, և աղոթքի մեղքը միակ: Գարունը իմ շշուկը չլսեց, և' երկինքը սառեց ափիդ մեջ, և' ատեց գարունն էլ երկնքին ու երբե'ք, երբե'ք չիմացավ, որ ես էի քո արցունքը վերջին: Սիրտս կլինի, քանի սիրտը քո մի բուռ արև է փաթիլում մարող, քանի հետքը իմ շոյում է անզուսպ թարթիչներդ տաք, եվ երկնքի տակ հոգիները մեր հին կյանքն են ուզում, չհասած ձեռքը, քանի ներկում է օրերը մենակ: Կեղծ ժպիտները , քանի չեն փոխվել մի անկեղծ լացի, սիրտս կլինի թռչող հույսի մեջ, կարմիր աստղերում , և քո անունը լոկ կլինեմ ես երկնքից վերև բուրող թերթերում:
***
Ինչ կամենաս փշրի'ր,միայն սիրտս թո'ղ, Որ կիսատ սրտով էլի քեզ սիրեմ, Որ դառնամ երազային այգաբացի շող, Ու աչքերիս լույսը աչքերիդ նվիրեմ: Քաղցր ծիծաղդ լացիս սովորեցի խառնել, Լքված պահերիս ացունքոտ լուռ ժպտալ, Առանց քեզ վեհ բարձունքներին էլ հասնել Եվ կարոտատենչ ձայնով քո անունը տալ:
Գարունը կգա, երբ գարուն բերես Ձյունե թևերիս երկնքից պոկված, Թոշնած շուրթերիս կաթիլներ ցողես Լուրթ ներշնչանքի գույներով լցված: Գարուն կգա, երբ գարուն բերես Լուսյնակ աչքերիս հույով արբեցած, Քնքուշ ձեռքերիս համբույրներ թողնես Ձմռան երազից մեղմիկ արթնացած: Գարունը կգա, երբ գարուն բերես Փակ պատուհանիս բացված ճեղքերին, Դյութական շունչը զեփյուռով ցրնես Ու գորովդ շռայլես իմ ոսկե վարսերին: Գարունը կգա, երբ դու հայտնվես Աշնանն ընդհատված իմ ուղեծրում, Երբ վերջալույսին գարուն ավետես Ձնծաղիկ դարձած սրտիս թերթերում:
|