ՆՈՐ ՇԱՐՔ. ՀՐԱՉՅԱ-ԺՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ 2
ՀՐԱՉՅԱ-ԺՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ Անծանոթուհի Դու, որ ոտքով աշխարհ ես շրջել, Հազար հոսող գետ ես մտել, Բյուր մարդկանց ես հաճախ տեսել, Որ ձմեռվա կտրող ցրտին Մերկ մարմնով ջուրն են սուզվել, Բազմատեսակ հրաշքներ են քեզ ցույց տվել, Քո ուզածը դեռ չե՞ս գտել: Դու, որ հազար գետ ես տեսել, Ի՞նչ ես եկել, Իմ սեփական առվում կանգնել Եվ տիրաբար մտածում ես, Թե այս գետը իր հոսանքով` Ալ վարդերով գունազարդված, Եվ գույներից խելագարված` Խենթ ծփացող ալիքներին Քո ոտքերի տակ կբերի, Որ կգրկեն քեզ ցայտերով, Կողողեն վարդաջրով... Եկել, կանգնել, տիրացել ես... Աչքերդ փակ մտածում ես, Պատկերացնում... Իսկ իմ գետը վաղուց արդեն Ցամաքել է, Որից հիմա մնացել է Լոկ մի առու, Ընդամենը փոքրիկ առու... Իսկ դու կանգնած երազում ես Վարդաջրով գետի մասին... 26.10.2012
Ազատվել եմ ուզում Այն կապանքներից, Որոնք գրկել Ու սիրում են ինձ: Խելագար սիրով Ինձ են փաթաթվել, Առել իրենց մեջ Ու քարացել: Իսկ ես ազատվել եմ ուզում Խենթ փականքներից: Ազատվել... Ու թռչել եմ ուզում, Անտակ ծովերում Սուզվել եմ ուզում: Սերը չեմ ուզում Կողպեքի տեսքով... Բանալին տվեք. Փախչել եմ ուզում: 20.10.2012
ՀՈւՆՎԱՐՅԱՆ ...
գրված դեկտեմբերին Ծաղկում են ծառերը` Միատեսակ ծաղիկներով` Երկնային ճերմակ ծաղկաթերթերով: Ծառերն են ծաղկում Հունվարյան ցրտոտ շնչով արբեցած Մեղմ օրորվող փաթիլներով.............. Հարազատ փողոց, Ձյունոտ ուղիներ. Ճռճռում է ձյունը ոտքներիս տակ: Քայլում ենք անհոգ, Իրար թևանցուկ. Քայլում են մեզ հետ երազները մեր... Քայլում են... Ու նրանցից մեկը կաղին տալով Փորձում է հասնել ու հասկանալ, Թե ինչո՞ւ են Մեծերը միշտ ուտում Փոքրերին... 05.12.2012
ԵՐԿՈւ ՆԿԱՐԻՉ Մի ամբողջ գիշեր հարբելուց հետո` Արևածագին, հազիվ դուրս եկանք Գույների հրաշք արվեստանոցից: Արևը ծագել ու մեզ էր նայում- Ծափահարեցինք ծագող արևին Ու ճամփա ընկանք... Քայլեցինք երկա՜ր-երկա՜ր քայլեցինք Մշուշ հայացքով աշխարհը տեսանք, Տեսանք բնության գույները շքեղ, Գունեղ արևի փայլը կերտեցինք- Ծափահարեցինք կիզող արևին Ու ճամփա ելանք... Իրիկնադեմին հասանք Վանա ծով Եվ ակամայից արցունք հեղվեցին Կարոտյալներիս աչքերից լուսե, Դողդոջ ձեռքերով վանքը կերտեցինք- Երկնքի լազուր ճամփան բռնեցինք... Այս անգամ արևը մեզ ծափահարեց: 25.02.2013
ԿԱՐԴԱ ՈՒ ԱՆՑԻՐ Երբեք չփորձես փախչել քեզանից, Շինծու ձևացնել, թե շատ ես փոխվել, Թե այլևս այն չես, ինչ որ եղել ես, Թե այժմ, միանգամայն, ուրիշ մարդ ես դու: Չփորձես փախչել այն հին երդումից, Որ տվել ես ինձ տարիներ առաջ, Եվ որ այրել ես երդումով անշեջ Սիրուդ կարոտած սիրտն իմ հնամաշ: Չփորձես փախչել ինքդ քեզանից, Հրաժարվել քո իսկ շրջանից Եվ ինչ-որ նոր շրջան գծել քեզ համար… Հարազատ ասել նույնիսկ այն մարդկանց, Որոնցից այնժամ գարշում էիր այդքան: Չփորձես անգամ անունդ փոխել ու վիրահատվել. Մեկ է, չի օգնի… Չես կարող փախչել ինքդ քո մտքից: Չփորձես փախչել ինքդ քո կյանքից, Մեկ է, ելք չէ դա... Չես կարող զրկել ինքդ քեզ` կյանքից: Ապրիր ձեռք բերած սեփական կյանքով, Քանզի անառակ կյանքն այդ հաստակող Մի օր շուռ կգա և իր հին ձեռքով Սիրունիկ դեմքիդ մի ապտակ կտա: Ապրի՛ր, քանի կաս, Հետո, այլևս, էլ չես լինելու… 06.11.2011թ |