ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թարգմանիչ Ասատուր Սարյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանին նվիրեց իր հեղինակած և իր թարգմանած մի շարք գրքեր:
Այդ շարքում են Վիլիամ Սարոյանի «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» գիրքը /Ե., 2009 թ., 320 էջ/, որի մեջ ընդգրկված են վեպ, պատմվածքներ, հատվածներ վեպերից: Թարգմանությունն անգլերենից ամբողջովին կատարել է Ասատուր Սարյանը: Այս գրքում ընդգրկված բոլոր նյութերը հայ ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ: Վիլյամ Սարոյանի «Մարդկության տունը» գրքում /Ե., 2009 թ., 388 էջ/ ևս ընդգրկված են Ասատուր Սարյանի թարգմանություններից:
Առանձնահատուկ է Ասատուր Սարյանի կազմած «Գոգոլի դպրոցը 418 անգամ» ժողովածուն /Ե., 2012 թ., 688 էջ/: Ժողովածուն բացվում է 1940 թ-ի նոյեմբերի 30-ին «Սովետական դպրոց» թերթում դպրոցի մասին տպագրված հաղորդումը և ավարտվում 2012 թ-ին «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանում զետեղված Ասատուր Սարյանի կենսագրությունը: Կատարվել է մեծ ծավալի աշխատանք ավելի քան 72 տարում դպրոցի մասին մամուլում տպագրված նյութերը հավաքելու և մեկ գրքով ներկայացնելու համար: Դպրոցի պատմություն գրող պատմաբանների համար ստեղծվել է խիստ կարևոր նյութերի բազա:
Նվիրաբերված վերջին գիրքն Ասատուր Սարյանի գիտական մենագրությունն է «ԺԷ դարի հայկական ուղեգրությունները» վերնագրով /Ե., 2000 թ., 168 էջ/:
Գրքերը գտնվում են գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում և սպասում են իրենց ուսումնասիրողներին:
Տիգրան ՊետրոսՅանց |