ՀԻՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԸ ՆՈՐՈՎԻ
Սեպտեմբերի 19-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները հերթական հաճելի նվերը ստացան: Համալսարանի բանձրահարկ շենքի յոթերորդ հարկում դռները բացեց ամբողջովին նորովի ձև ու բովանդակություն ստացած հին ընթերցասրահը:
Այստեղ տեղադրվել են նոր գրադարակներ /այդպիսիք առկա են գիտական գրադարանի մյուս ընթերցասրահներում/, տեղադրվել են համացանցին միացված 9 վերջին սերնդի համակարգիչներ:
Համալսարանի ղեկավարության մոտեցման համաձայն այս ընթերցասրահը ևս մասնագիտական բնույթ է ստացել: Մինչ այս բացվել էին հումանիտար գրականության, բանասիրական գրականության, պատմական գրականության ընթերցասրահներ: Այս ընթերցասրահում հավաքվել են բնագիտատեխնիկական գրքեր /քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, երկրաչափություն, կենսաբանություն, բնագիտություն, գծագրություն, տեխնիկա, բժշկագիտություն/, այդ առարկաների վերաբերյալ մասնագիտական հանրագիտարաններ, ինչպես նաև մանկավարժական գրքեր:
Ընթերցասրահի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, համալսարանի կառավարման խորհրդի անդամ, համալսարանի դասախոս, համալսարանի շրջանավարտ Էդուարդ Շարմազանովը: Նա ընթերցասրահում գտնվող ուսանողներին, դասախոսներին շնորհավորեց և ասաց. «Հազարամյակներ շարունակ մեր պետության հիմնական հարստությունը եղել է կրթված ու գիտակ մարդը, ով առանցքային նշանակություն է ունեցել բոլոր ժամանակներում: Հայաստանի ապագան կիրթ, գրագետ նոր սերունդն է: Ճիշտ ժամանակն է հնարավորինս շատ զինվել գիտելիքներով: 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ կրթության ոլորտում մրցունակ լինելը պարտադիր պայման է»:
Ընթերցողներին շնորհավորեց, հաջողություն մաղթեց համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: |