Երեքշաբթի, 17.05.2022, 04:51
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11338
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Դեկտեմբեր » 1 » ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ
13:10
ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ

ՄԵՐ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Օրերս լրանում է պատմաբան, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնադիր նախագահ Վարդգես Համազասպյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ մոտակա օրերին լույս կտեսնի փաստավավերագրական շքեղ հատոր, որտեղ ամփոփված կլինեն ազգային-պետական ականավոր գործչի ավելի քան 200 կարեւորագույն նամակները: Գրքի առաջաբանի հեղինակը Վ. Համազասպյանի ամենասերտ գործակից Ռոմեն Կոզմոյանն է, նույնպես կոմիտեի աշխատակից: Ստորեւ առաջաբանը` ամբողջությամբ:

Ինձ հաճախ հարցնում են. այնպիսի ունիկալ հիմնարկում, ինչպիսին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն էր, երկարամյա իմ աշխատանքի ընթացքում ո՞ր ղեկավարի հետ էր ավելի հեշտ ու արդյունավետ աշխատել:

Պատասխանս լինում է. բախտ պետք էր ունենալՙ աշխատանքային գործունեության ընթացքում Վարդգես Համազասպյանի նման ղեկավարի, ապաՙ նրան փոխարինող Կարլեն Դալլաքյանի հետ հանդիպելու համար:

Տարիքի, ժամանակի բերումով, անձամբ չեմ կարող գնահատել Վարդգես Համազասպյանիՙ մինչեւ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ լինելու տարիներն ու գործունեությունը, սակայն Վ. Համազասպյանի մասին, ինչպես ասում են, միայն աջից ու ձախից չէ, որ դրվատական, գովեստի ու գնահատանքի կարծիքներ եմ լսել. նա ծնողներիս ժամանակակիցն էր, նրանց մասնագիտություններն ու կրթությունը նույնն էին, եւ լավ եմ հիշում ծնողներիս գնահատանքը: Գիտեմ նաեւ, թե ինչ դժվարին ժամանակներում է Համազասպյանը եղել Հայաստանի գրողների միության քարտուղարը, ինչ հավասարակշիռ քաղաքականություն է վարել եւ, որ կարեւորն է, միշտ պատնեշ ու պատվար է եղել ազգային արժեքների դեմ կատարվող ոտնձգություններին:

Համազասպյանի մանկավարժական ու վարչական կարողությունների առհավատչյան են առ այսօր մանկավարժության, գիտության եւ այլ ասպարեզներում գործող նրա բազմաթիվ ուսանողները, որոնք անցել են Համազասպյանի դպրոցը Մանկավարժական ինստիտուտում նրա ռեկտոր աշխատելու տարիներին:

Եթե Վարդգես Համազասպյանի աշխատանքային ողջ գործունեությունը նման էր այսբերգի, որի միայն կատարը կարելի էր տեսնել մինչեւ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահությունն ստանձնելը, ապա վերջին ակորդը դժվարին, լրջագույն, պատասխանատու, լարված, երբեմնՙ արտաքինից չընկալվող, չհասկացվող ազգանվեր ու ազգօգուտ գործունեությունն այսբերգի անտեսանելի խորքն էրՙ իր ծանրակշռությամբ, իր քաղաքական, ազգային ու, կասեի, պատմական նշանակությամբ:

Չնայած հասարակական կազմակերպություն կոչվելուն ու կարգավիճակինՙ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն կարճ ժամանակում դարձավ հանրապետության առաջատար հիմնարկներից մեկը, քանզի նրա աշխատանքի ծիրն ընդգրկեց հանրապետության կյանքի տարբեր ոլորտներ, իսկ արտերկրին առնչվելու նրա առաքելությունը կոմիտեին դարձրեց ավելի քան քաղաքական օրգան:

Կոմիտեի դերն ավելի մեծացավ ու նշանակալի դարձավ, երբ Մոսկվայում ստեղծվեց «Ռոդինա» միութենական ընկերությունը, որի առաջատարը, բնականաբար, դարձավ Հայաստանը:

Մոսկվա-Երեւան հարաբերություններն օր օրի աճեցին ու ամրապնդվեցին, հատկապես Համազասպյան-Պատրիարքի շնորհիվ, քանզի իր ոչ միայն փորձն ու տարիքը, այլեւ բացառիկ հաղորդականությունն ու առինքնող անհատականությունը մեծապես գնահատվեցին «Ռոդինա»-ի ղեկավարության կողմից, եւ արտասահմանյան գործուղումների, հատկապես հայրենիք հյուրեր ընդունելու հարցում, Հայաստանը սկսեց ստանալ «գայլի բաժինը»:

Ներկայացվող նյութի ծավալի մեջ անհնար է ներկայացնել այն ամենը, ինչ տվեց ու կատարեց Վ. Համազասպյանն իր, ես կասեի, աշխատանքային գործունեության բարձրակետՙ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ եղած տարիներին: Օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են, պատմության մեջ մնալու արժան, որոնցից միայն մեկը հիշեմՙ ասելով սակայն, որ չնշված օրինակները պակաս կարեւոր ու բախտորոշ չեն եղել Սփյուռքի համար:

Բեյրութը կրակի մեջ էր, իսկ հայ համայնքըՙ երկու կրակի: Հայությունը մնացել էր իսլամ ու քրիստոնյա կոնֆլիկտի կիզակետում, եւ ճշտագույն, ոսկերչական նրբություններ էին հարկավոր նրան փրկելու, երկու մեծագույն ուժերի բախման ժամանակՙ մեկին կամ մյուսին չհարելու:

Այդ օրերի մասին կան որոշումներ ու փաստաթղթեր, սակայն, ինչպես հաճախ, գործի արտաքին, երեւացող կողմը, փաստաթուղթն այլ է լինում, իրականությունըՙ այլ:

Մոսկվա, ՀՀ Կենտկոմ, մեկ խոսքով ասածՙ իդեոլոգիա, քաղաքական շահ եւ ազգային շահ մեկ գլխարկի տակ չէին մտնում:

Առավելՙ Սփյուռքի քաղաքական կուսակցությունների, մեղմ ասած, ոչ համահունչ կարծիքները: Ահա այստեղ էր, որ Վարդգես Համազասպյանը խաղաց մեծագույն դերը, եւ նրա մաքոքային դիվանագիտությունը թնջուկ հարցը քակեց, որդեգրվեց դրական չեզոքության քաղաքականությունը, որը եւ ապահովեց հայության խաղաղ կեցությունը Լիբանանում մինչեւ այսօր...

Սիրո, գնահատանքի, երախտագիտության, հարգանքի ու ակնածանքի Համազասպյանն արժանացավ իր անկեղծ ու անաչառ հայրենասիրության շնորհիվ, ազգային շահերի անզիջում պաշտպան լինելու շնորհիվ, չնայած Սփյուռքի հատվածականությանն ու ժամանակների դժվարին պայմանների ճնշմանըՙ հավասարակշիռ գործունեություն ծավալելու շնորհիվ, իր բարի ու կամեցող բնավորության շնորհիվ, եւ ամենակարեւոր հատկանիշիՙ պետական մտածողության շնորհիվ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 01-12-2011
Просмотров: 907 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/61
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz