Երեքշաբթի, 28.09.2021, 14:05
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16456
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հունվար » 26 » ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
09:46
ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

              ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՐՊԱՐ

                                           Շավարշ Սիմոնյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Կան առաքինավարք անհատականություններ, լուսեղեն դեմքեր, որոնք իրենց գիտակցական կյանքը, գործունեությունը ամբողջապես նվիրաբերել են իրենց ծնած ու սնուցած ժողովրդինՙ դառնալով նրա անցած ու անցնելիք ճանապարհի լուսաշող ջահերից մեկը: Նմանօրինակ մարդիկ երեւացել ու երեւում են միայն կատարած ու հանուրին օգուտներ պարգեւած գործերով, հանրօգուտ տքնանքով ու վաստակով, վարքագծի ազնվագույն հատկանիշներով եւ ոչ թե մեծ կամ փոքր պաշտոններով, գիտական կոչումներով ու տիտղոսներով: Եվ սրանք մեծարանքի սոսկական արտահայտություններ չեն, այլ լուսավոր ու հայեցի կերպարի իրական բնութագրումներ, որոնք, անշուշտ, լրացումների ու մեկնաբանումների կարիք ունեն:

Այդ լուսավոր կերպարներից մեկն էլ արժանահիշատակ Շավարշ Ստեփանի Սիմոնյանն է, որի ծննդյան 100-ամյակը լրացավ 2012 թ. հունվարի 25-ին:

Շավարշ Սիմոնյանը Հայաստանի կրթական գործի, մանկավարժական ու հոգեբանական գիտությունների նվիրյալներից մեկն է, որն իր մեջ խտացնում էր անցյալ դարերի ու նոր ժամանակների կրթական-լուսավորական շարժման առաջավոր միտքն ու փորձը, կրթական-դաստիարակչական ոլորտը բանիմացորեն կառավարելու շնորհներն ու եղանակները: Նա ժողովրդական կրթության ու լուսավորության սրբազան գործի կատարյալ վարպետ էրՙ այդ բառի խորունկ իմաստով:

Շավարշ Սիմոնյանը ծնվել է Տավուշ աշխարհի Պառավաքար գյուղում: 1930-ին հաջողությամբ ավարտել է Դիլիջանի 2-րդ աստիճանի դպրոցըՙ իրեն նվիրելով հասունացող սերնդի կրթության ու դաստիարակության բարդ ու դժվարին, բայց ազգօգուտ գործին: Նա շուտով ստանձնում է Դիլիջանի շրջանի Մարտունի գյուղի տարրական դպրոցի վարիչի պարտականությունը, 1931-1932 ուսումնական տարումՙ Զարխեչի դպրոցի վարիչի պաշտոնը: Իսկ 1932 թ. ամռանը նշանակվում է Ղազախ քաղաքի հայկական օրինակելի դպրոցի ուսումնական մասի վարիչ: Այդ տարիներին նա իրեն լիովին դրսեւորում է որպես օրինակելի մանկավարժ ու դաստիարակ:

1933 թվականից սկսածՙ Շ.Սիմոնյանն ուսանում է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Նրան դրական իմաստով նկատում են ինստիտուտի առաջավոր դասախոսները, ղեկավարները: Եվ ավարտելուց հետո նրանց առաջարկով ու երաշխավորությամբ Շ.Սիմոնյանը նշանակվում է հանրապետության լուսավորության նախարարության դպրոցական տեսուչ: Սակայն մի քանի ամսից հետո նա զորակոչվում եւ ուղարկվում է Հեռավոր Արեւելքՙ Խասան լճի մոտակայքում ճապոնական ինտերվենտների դեմ մղվող մարտական գործողություններին մասնակցելու համար:

1938 թ. նա զորացրվում եւ նշանակվում է Երեւանի հ. 29 հանրակրթական միջնակարգ դպրոցի դիրեկտոր: Նա միաժամանակ հոգեբանություն է դասավանդում Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում եւ կատարում հասարակական մի շարք աշխատանքներ:

Շ.Սիմոնյանը Մեծ հայրենականի առաջին օրերին կամավոր մեկնում է ռազմաճակատ եւ կռվում ֆաշիստների դեմ: Նա արդեն սպայական կոչում ուներ, եւ երբ ձեւավորվում է 390-րդ հրաձգային դիվիզիան, նշանակվում է գումարտակի հրամանատարի տեղակալՙ ակտիվորեն մասնակցելով Ղրիմի եւ Հյուսիսային Կովկասի ահեղ մարտերին: 1942 թ. մարտի 27-ին Կերչի Կոպեչ բնակատեղին ազատագրելու կռվում Շ.Սիմոնյանը ծանր վիրավորվում եւ տեղափոխվում է Սոչի քաղաքի ռազմական հիվանդանոց: Ապաքինվելուց հետո նա նորից վերադառնում է Կովկասյան ռազմաճակատ: 1945 թ. հոկտեմբերին Շ.Սիմոնյանը զորացրվում էՙ ունենալով կապիտանի կոչում: Նա մարտական ծառայությունների համար պարգեւատրվում է մի քանի մեդալներով:

1945 թ. հոկտեմբերին Շ.Սիմոնյանը նշանակվում է հանրապետության կառավարությանն առընթեր կուլտուր-լուսավորական հիմնարկների կենտրոնական մեթոդական կաբինետի վարիչի տեղակալ, ապաՙ վարիչ: Միաժամանակ նա շարունակում է դասախոսական աշխատանքը Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:

1947 թ. Շ.Սիմոնյանը նշանակվում է «Սովետական դպրոց» թերթի խմբագիր: Հետո նա ընտրվում է մայրաքաղաքի Լենինյան կուսշրջկոմի քարտուղար եւ զբաղվում հատկապես շրջանի մշակութային-լուսավորական հիմնարկների աշխատանքով: Այնուհետեւ նա տեղափոխվում եւ նշանակվում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի դպրոցական բաժնի վարիչ (1951-1955 թթ.):

1955-ին Շ.Սիմոնյանը նշանակվում է հանրապետության լուսավորության մինիստր: Այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը նա արդյունավետորեն վարում է մինչեւ 1973 թ. կեսերը, մոտ 18 տարի: Շարունակելով իր նախորդիՙ Սուրեն Միքայելյանի (նրան նշանակել էին պրոֆտեխկրթության պետական կոմիտեի նախագահ) լավագույն ավանդները, ունենալով լայն ու խոր աշխարհայացք, մանկավարժական, պետական աշխատանքի հարուստ փորձ, արտակարգ քաղաքակիրթ բնույթ ու վարքագիծ, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հատկանիշներ եւ այլ բարեմասնություններՙ Շ.Սիմոնյանը կարողանում էր արդյունավետորեն կառավարել ժողովրդական կրթության բազմամարդ համակարգըՙ իր բազմաճյուղ բաղադրիչներով: Նա մաքուր էր բյուրեղի պես եւ զօրուգիշեր ամեն ինչ անում էրՙ ի շահ աճող սերնդի կրթության ու դաստիարակության վերելքի, ի շահ կրթական ամբողջ համակարգի բովանդակության ու կշռույթի բարձրացման, որ հմտորեն նպատակաուղղում էր փոխհաջորդող սերունդների հոգեմտավոր զարգացմանն ու կատարելագործմանը: Հմտորեն գործի դնելով կրթադաստիարակչական համակարգի բոլոր օղակների ջանքերը, ստանալով նրանց լայն աջակցությունըՙ նախարարությունը կարողանում էր մշտատեւ օգտակար շարժման մեջ պահել բոլոր կրթօջախները, կրթադաստիարակչական ոլորտի ղեկավար մարմինները:

Հաջողությամբ ավարտելով ութամյա պարտադիր կրթությունըՙ 1960-ական թվականների վերջերից իրականացվում էր տասնամյա պարտադիր կրթությունը: Հանրապետությունում լայնորեն տարածված էր նաեւ նախադպրոցական կրթությունը: Նախադպրոցական տարիքի գրեթե բոլոր երեխաներն անցնում էին մսուր-մանկապարտեզների բովով: Հանրապետության շրջաններում ու քաղաքներում գործում էին հարյուրավոր արտադպրոցական հիմնարկներ, հատուկ գիշերօթիկներ, մարզադպրոցներ: Տարբեր ձեւերով անընդմեջ վերապատրաստվում ու կատարելագործվում էին մանկավարժական բոլոր կադրերը, ամեն ինչ արվում էր կրթության ու դաստիարակության որակի բարելավման ու բարձրացման ուղղությամբ:

Դպրոցաշինության լայն ծավալի շնորհիվ 1970-ական թվականներին հանրապետությունում վերացան եռահերթ, երկհերթ պարապմունքները: Հայաստանի կառավարության նախագահ Բադալ Մուրադյանի դպրոցասեր ջանքերի շնորհիվ այդ տարիներին կառուցվեց 300 դպրոցական շենքՙ 150 հազար աշակերտական տեղերով: Աննախընթաց չափերով հարստացավ բոլոր տեսակի կրթօջախների նյութալաբորատոր բազան: Ամենուրեք տարածվում էր ոչ միայն հանրապետական, այլեւ մյուս հանրապետությունների ու արտերկրի առաջավոր մանկավարժական փորձը: Տարեցտարի վերափոխվում ու կայունանում էին դպրոցական ուսումնական պլանները, ծրագրերը, դասագրքերն ու ձեռնարկները: Մեծ տեղ էր հատկացվում մանկավարժական կադրերի ինքնակրթությանը:

Անվարան կարելի է ասել, որ 1960-1970-ական թվականները եղել են հայ դպրոցի, կրթական ամբողջ համակարգի վերելքի ու ծաղկման, կատարելագործման տարիներ: Եվ այդ վերելքի մեջ իր ծանրակշիռ ու արդյունարար դերակատարումն է ունեցել նախարար Շավարշ Սիմոնյանը:

Լինելով արտասահմանյան տարբեր երկրներում, հանդիպումներ ունենալով սփյուռքահայ առանձին համայնքների ներկայացուցիչների հետՙ Շ.Սիմոնյանն առաջինն էր, որ նախաձեռնեց եւ գիտակ մասնագետների միջոցով ստեղծեց սփյուռքահայ դպրոցների հայոց լեզվի (արեւմտահայերենով) դասագրքեր ու ձեռնարկներ: Հայաստանում ամեն տարի նաեւ կազմակերպվում ու անցկացվում էին սփյուռքահայ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ու կատարելագործման բարձրորակ դասընթացներ:

Առողջության վատացման պատճառով 1973-ի կեսերին Շ.Սիմոնյանը թողնում է նախարարի պաշտոնը եւ նշանակվում մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: 1974 թ. հունիսի 12-ին խզվում է նրա վաստակաշատ ու իմաստալից կյանքի թելը:

Շ.Սիմոնյանն իր բարդ ու դժվարին պաշտոնեական գործունեությանը նպատակամետ զուգակցում էր գիտահետազոտական արդյունարար աշխատանքը: Նա մամուլում հաճախակի հանդես էր գալիս կրթադաստիարակչական ուղենիշ հոդվածներով: Նաեւ այդ կերպ էր դպրոցին, ուսուցչին, կրթության կառավարման այլ օղակներին առաջադրում հարցեր ու առաջադրանքներ, որոնք ուղենշում էին կրթության ու դաստիարակության առաջընթացը:

Թբիլիսիի պետական համալսարանի գիտխորհրդում, որին մասնակցել է նաեւ տողերիս հեղինակը, 1967-ին Շ. Սիմոնյանը փայլուն պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունՙ «Միքայել Նալբանդյանի հոգեբանական հայացքները» թեմայով: Շ.Սիմոնյանը բազմաթիվ գիտամեթոդական աշխատությունների հեղինակ է: Հայտնի են նրա «Դպրոցը եւ լուսավորությունը ժողովրդական Չինաստանում» (1957 թ.), «Միքայել Նալբանդյանի անհատականության մասին» (1959 թ.), «Միքայել Նալբանդյանի հոգեբանական հայացքները» (1969 թ.), «Մանկավարժական տակտ» (1975 թ.) եւ մի քանի այլ աշխատություններ, որոնք զգալի չափով հարստացրել են հայ մանկավարժական ու հոգեբանական մտքի գանձարանը:

ԽՍՀՄ մանկավարժական-գիտական աշխարհը բարձր էր գնահատում Շ.Սիմոնյանի գործունեությունը կրթության եւ մանկավարժական գիտության ոլորտում: 1967 թ. նա միաձայն ընտրվեց ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Կրթությանը մատուցած մեծ ծառայությունների համար նա 1960-ին պարգեւատրվեց Լենինի շքանշանով, հետագայում երկու անգամՙ «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով:

Շ.Սիմոնյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 4-րդ եւ 8-րդ գումարումների պատգամավոր, ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի (1952-53 թթ. եւ 1968 թ.), ՀԿԿ կենտկոմի (1955-1964 թթ.) անդամ: Ընտրվել է նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Եվ այս բոլորը երբեք ու երբեք չշփացրին Շ.Սիմոնյանին, նա մնաց պարզ, համեստ, անաղարտ ու անշահախնդիր, անընչասեր, ծայրահեղ բարեկիրթ, անչափ հոգատար ու բարեսիրտ մարդկանց նկատմամբ: Պատկերավոր ասածՙ նա իր էության մեջ խտացնում էր կատարյալ Մարդուն ու Քաղաքացուն, իսկական մտավորականին ու մանկավարժին, կրթության նվիրյալին, պետական-հասարակական երեւելի գործչին: Ահա թե ինչու նրան ջերմորեն սիրում, հարգում ու գնահատում էին ո՛չ միայն հայ աշխարհում, այլեւ Ռուսաստանի, ազգային հանրապետությունների գիտամանկավարժական ղեկավար օղակներում: Նա լուսավոր կերպարի իրական օրինակ էրՙ իր առինքնող շնորհներով, պայծառ ու վեհ մարդկային հատկանիշներով:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 25-01-2012

Просмотров: 1390 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/176
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz