ՓԻԹԵՐ ՔԱՈՒԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԻ ՆՈՐԱԳՈՅՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
30
Նոյեմբեր 2011
Նոյեմբերի 30-ին Խ. Աբովեանի ան.
ՀՊՄՀ բանասիրական բաժանմունքի ուսանողների առջեւ «Ցեղասպանութիւնը 90-ական
թթ. ամերիկահայ գրականութեան մէջ» նիւթով ընդհանրական դասախօսութիւն կարդաց
Լոս Անճելըսի UCLA համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչ, ծագումով
շոտլանդացի Փիթեր Քաուին: Հայագէտն իր գիտական ուղին սկսել է նախ
յունահռոմէական մշակոյթի ուսումնասիրութեամբ, ապա անցել Միջին Արեւելք`
Երուսաղէմ, որտեղից սկսել է հայերէնի ու հայ մշակոյթի իւրացումը: Օքսֆորդի
Համալսարանում Չարլզ Դոուսեթի ղեկավարութեամբ ստացել է մագիստրական
կրթութիւն, ապա դոկտորական պաշտպանել Եբրայական համալսարանում: 1984-1996 թթ. աշխատել է Նիւ Եորքի Կոլումբիայի համալսարանում: 1996-ից մինչ օրս ղեկավարում է Լոս Անճելըսի UCLA համալսարանի հայագիտութեան ամբիոնը: Փիթեր Քաուին խօսեց կրթական երկխօսութեան մասին, որ ծաւալում է իր ամբիոնը:
Բանախօսն այնուհետեւ անդրադարձաւ բուն նիւթին` ցեղասպանութեան
արտացոլումներին: Ամերիկեան մայրցամաքում հայ երեք սերունդներ են ապրել եւ
ապրում: Վերապրողների հոգու վրայ մեծ ցաւ է ծանրացած, որը դիւրաբուժելի չէ,
աւելին` այն իր հետքն է թողնում գալիք սերունդների հոգեբանութեան վրայ:
Ցեղասպանութեան նկարագրութիւնը սկզբնական շրջանում` մինչեւ 1965 թ., մնացել
է ընտանեկան ոլորտում: Դրանից յետոյ է այն ձեռք բերել ազգային հաւաքական,
ապա միջազգային հնչողութիւն: Այդ նիւթով Հայաստանում շարադրուած
ստեղծագործութիւններից առանձնացրեց Գուրգէն Մահարու «Այրուող այգեստաններ»
եւ Հրաչեայ Քոչարի «Նահապետ» վէպերը: Մինչ ամերիկահայ գրական
արժէքներին անցնելը Փիթեր Քաուին անդրադարձաւ ֆրանսահայ եւ պոլսահայ
գրականութիւնների մէջ նիւթի արձագանգներին (Նիկողոս Սարաֆեան, Վազգէն
Շուշանեան, Զարեհ Խրախունի, Ռոպէր Հատտէճեան եւ ուրիշներ): Բանախօսը
ԱՄՆ-ում առանձնացրեց գիւղագիրներ Համաստեղին, Բենիամին Նուրիկեանին, Վահէ
Հայկին, օտարագիր գրականութեան կալուածում՝ Ուիլեամ Սարոյեանին, նոր
շրջանից` Փիթեր Բալաքեանին («Ճակատագրի սեւ շունը»), Նէնսի Գրիգորեանին
«Զապէլ», Քերոլ Եդգարեանին «Եփրատի մակընթացութիւնը», Հրանդ Մարգարեանին
«Հայելիներ», ծագումով ոչ հայ գրողների՝ թրքուհի Էլիֆ Շաֆաքին (ծն. 1971)
եւ լեհ Ռիչարդ Կալինոսկուն: Ի դէպ, աւելացնենք, որ առաջինը յայտնի է
«Իսթանպուլի ընկեցիկը» վէպով (2006), ուր խօսւում է հայոց ցեղասպանութեան
մասին, ինչի համար հեղինակը հալածուել է, իսկ երկրորդը անցեալ դարի վերջին
գրել է «Գազանը լուսնի վրայ» դրաման, որը թարգմանուած է 17 լեզուներով ու
ներկայացնում է 1895-ի ջարդերը։ Դասախօսութեան աւարտին բանախօսը
պատասխանեց ուսանողների ու պրօֆեսորադասախօսական կազմի հարցերին, որոնք
վերաբերում էին օտարագիր գրականութեան սահմանումին, ամերիկեան ընթերցողների
մէջ Ու. Սարոյեանի նորօրեայ նշանակութեան նուազումին: |