Թեհրանում լոյս է տեսել պոլսահայ նշանաւոր բանաստեղծ Զահրատի
ստեղծագործութիւնների հատընտիրը՝ «Ակնթարթի մը չափ» վերնագրով, պարսկերէն
թարգմանութեամբ, որն իրականացրել է իրանահայ բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ
Խաչիկ Խաչերը: Հատորն ընդգրկում է 119 բանաստեղծութիւնների թարգմանութիւն՝ զուգադիր
հայերէն բնագրերով: Հրատարակիչ՝ «Էբթեքարէ նօ» (332 էջ, 1000 օրինակ):
Ժողովածուն բացւում է Խաչիկ Խաչերի ներածական խօսքով, որին հետեւում է բանասիրական
գիտութիւննրի դոկտոր Սուրէն Դանիէլեանի առաջաբանը («Զահրատի բանաստեղծութեան
անմիջականութեան բաց պատուհանները»): Նախքան հրատարակուելը թարգմանութիւնն
արժանացել է Իրանի ամենանշանաւոր գրական ամսագրի՝ «Գոհարան»ի հաւանութեանը. այս
մասին տեղեկանում ենք «Ալիք» օրաթերթից:
Թեհրանում լոյս տեսած Զահրատի
հատընտիրը Խ. Խաչերի թարգմանական առաջին գործն է առանձին գրքով հայ բանաստեղծութեան
բնագաւառում:
Ժամանակակից բանաստեղծ Ալի Բաբաչահին պարսկերէնով
հրատարակուող հայ մշակութային «Պայման» պարբերաթերթում վերլուծութեան է
ենթարկել Զահրատի մի շարք բանաստեղծութիւնները:
«Ազգ» օրաթերթ, 24
Յունուար, 2012, Երեքշաբթի, թիւ 11 (4863)
«Ալիք» օրաթերթ, Թեհրան, 28
Դեկտեմբեր, 2011, Չորեքշաբթի, www.alik.hyenet.ir