24.12.2012 թ.
Դեկտեմբերի 24-ին Հայաստանի նկարիչների
միության շենքը բազմամարդ էր: Իր բացումն էր ազդարարում նախադեպը չունեցած
մի ցուցահանդես, որը անպատճառ կմնա Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի պատմության մեջ: Հարազատ բուհի
90-ամյակի կապակցությամբ իր ստեղծագործական ժառանգության մի մասն էր
ներկայացնում գեղարվեստական կրթության ֆակուլտետը:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետն իր
սկզբնավորման օրից մինչև այսօր հայկական մշակույթին տալիս է տաղանդավոր
արվեստագետների անուններ, որոնք աշխարհի տարբեր ծայրերում բարձր են պահում
մանկավարժական բուհի պատիվը: Այսօր այդ անունները մեկտեղվել էին Հայաստանի
նկարիչների միության սրահներում` ֆակուլտետի հիմնադիրներից մինչև այսօր
սովորող ուսանողներ, ովքեր հանրությանը ներկայացրեցին գեղանկարչական,
քանդակագործական, խեցեգործական, փայտյա աշխատանքներ, գոբելեն, մետաղյա
զարդեր և այլն:
Ցուցահանդեսի
բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՊՄՀ
ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի
տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Փարավոն
Միրզոյանը, վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանը և այլ պատվավոր ու արվեստասեր
անձիք: Բացման խոսքում ասվեց այն մասին, թե որքան մեծ է գեղարվեստական
կրթության դերը հասարակության գիտակցության, գեղագիտական ճաշակի ձևավորման
գործում: Վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանն իր խոսքում նշեց, որ այս
ցուցահանդեսը մեր ֆակուլտետի ավանդույթների վերականգնում է, որն, անշուշտ,
պետք է շարունակական լինի:
Առաջին հարկի սրահը նվիրված է անվանի
վարպետների և գեղարվեստական կրթության ֆակուլտետում այժմ դասավանդող
դասախոսների աշխատանքներին: Երկրորդ հարկում ցուցադրված են գեղարվեստական
կրթության ֆակուլտետի շրջանավարտների և ներկայիս ուսանողների աշխատանքները:
Ուսանողները նշեցին, որ մեծ պատիվ է իրենց համար ցուցադրվել անվանի
արվեստագետների կողքին, դա թերևս առավել քան ոգևորիչ, միևնույն ժամանակ
պարտավորեցնող է:
Ցուցահանդեսն իր տեսակով իսկապես եզակի էր և արժանի մեծ գնահատանքի: Ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 27-ը:
Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան |