Հինգշաբթի, 25.04.2024, 13:57
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Դեկտեմբեր » 22 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
17:20
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ

Հրաչյա-Ժորա Հակոբյան

ՏԱՐԵՐՔ... (ջուր)

Իմ կենսական,
Անապական իմ մաքրություն,
Իմ թողություն
Ու թարմություն:

Թող որ փարվեմ
Քո ծփանքին,
Դառնամ փաթիլը,
Մի կաթիլը քո տարերքի:
Ձեռքդ բռնած, լեզու առած
Զիլ քրքջամ բերկրությունից,
Քեզ հետ խոսեմ,
Ու կյանք տալով
Հոսեմ քեզ հետ...

Անգույն կյանքս կապեմ հոսքիդ.
Դու իմ անգույն,
Անհոտ վարդս ջրիդ խառնեմ.
Դու իմ անհոտ երջանկություն...


4.11.12թ


ՏԱՐԵՐՔ... (կրակ)

... կարմիր առավոտ ես,
Դու անմար կրակ,
Վարդի թերթ շաղոտ,
Ու այրող համբույր ես:

Դու` կրակից ծնված
Ու կրակ ծնող
Եվ քո բոցերից անգամ
Խելագարվող
Մի խենթ տարերք ես`
Նման շանթի,
Որը պետք է օդում պարեր
Եվ անժամանակ
Մարեր հողում...

Խելագարող թեթևանք
Ու անտակ վայելք ես,
Երկինք տանող մի արահետ,
Հավերժացնող ակնթարթ ես...


1.11.12թ


Ազատվել եմ ուզում
Այն կապանքներից,
Որոնք գրկել
Ու սիրում են ինձ:
Խելագար սիրով
Ինձ են փաթաթվել,
Առել իրենց մեջ
Ու քարացել:

Իսկ ես ազատվել եմ ուզում
Խենթ փականքներից:

Ազատվել...
Ու թռչել եմ ուզում,
Անտակ ծովերում
Սուզվել եմ ուզում:
Սերը չեմ ուզում
Կողպեքի տեսքով...
Բանալին տվեք.
Փախչել եմ ուզում:


20.10.12թ


ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ

Ձմեռվա կեսին ծառերս ծաղկել են,
Ճյուղերը պատվել են ճերմակ թերթերով
Ու ճկվել են ծանրությունից ծաղիկների:

Աչքերիս առաջ ծաղկել են ծառերս,
Աչքերս սառել են հրաշք պատկերից
Ու քարացել են երազի թևով:

Այգուս դռները ես բաց եմ արել,
Կանչում եմ, բերում ամենքին ի տես
Ու խանդավառվում է հոգիս սիրակեզ:

Սրտիս այգու դռներն եմ բացել,
Դարձել պարծենկոտ, մանուկ եմ ասես,
Ասես ես էլ եմ ծառի պես ծաղկել...


29.12.12թ


ՀԱՎԱՏ
(«Մտորումներ» շարքից)

Ծնված օրից ում հավատամ-չհավատամ,
Չեմ կարող քեզ չհավատալ.
Չես թողել ինձ ծնված օրից,
Ինձ սիրել ու փայփայել ես բարուր օրից:

Քո թևերով առել ես ինձ
Ու տաքացրել քո գրկի մեջ
Ցուրտ օրերին...
Քո ժպիտով մղել ես ինձ
Առա՜ջ, առա՜ջ խավար ուղով
Բութ օրերի:

Երբ ցրտահարվել են ոտքերը իմ
Անգութ կյանքի ճամփաներին
Եվ կանգնել եմ շվարումով,
Բաց եմ թողել թելը կյանքիս,
Ուժ ես տվել բազուկներիս,
Որ երկնքից վար իջեցնեմ արևը հուր
Եվ տաքանամ ձմռան ցրտին:

Լույս ես տվել անհույս սրտիս,
Որ բաբախի նորե՜ն, ուժգի՜ն
Եվ իր զարկով հազար կապանք,
Հազար փականք փշրի թափի...

Չեմ կարող քեզ չգոհանալ,
Որ տվել ես դու ինձ թևե՛ր, դու ինձ թևե՜ր
Եվ տարել ես ավելի վե՜ր, վե՛ր ավելի.
Անհուն երկնի սերն ես տվել...

Տվել ես ինձ գանձեր անսպառ,
Անմար լույսի շողեր անմեռ
Եվ օրհնել ես քո զորությամբ,
Երկրորդ կյանք ես տվել, իրա՛վ:

Չեմ կարող քեզ չհավատալ գեթ մեկ վայրկյան...
Ո՞նց կարող եմ չհավատալ,
Երբ առնում ես մտքերը իմ
Ու խառնում ես արշալույսին,
Որն իր գալով կյա՛նք է բերում`
Ի՜նձ է բերում այգաբացին....

Ո՞նց կարող եմ չհավատալ
Ես ինքս ինձ:


09.12.12թ


Մ՜ի կտրեք ինձ իմ երազներից,
Ախր ես շատ եմ մեծացել:
Մեծացել եմ ես իմ երազներով,
Հեռվում տեսած իմ պատկերներով
Մեծացել եմ ես իմ երազներում:

Մ՜ի լռեցրեք երգը իմ մտքի
Ես կխենթանամ, եթե չերգեմ:
Չերգեմ. ուրեմն պետք է կուրանամ,
Ես իմ մատներով աչքերս հանեմ,
Որ չտեսնեմ. ուրեմն պետք է կուրանամ:

Մտածված խոսով մ՜ի կապեք դուք ինձ,
Ձեռքերս կապելով դուք ինձ չեք կապում :
Թե սիրում եք կապել,
Դե հապա բռնեք
Ու իրար կապեք թելերը մտքիս:


Ի՞ՆՉՆ Է ԿԻՍԱՏ

Երբ մտորում եմ իմ անցյալի,
Իմ ապրածի ուղիներում,
Երբ հիշում եմ բոլոր մարդկանց,
Ովքեր իմ անցյալի մասն են կազմում,
Երբ ժպտում եմ ուրախության
Եվ լրջանում իմ տխրության վերհիշումից,
Երբ հիշում եմ սրտիս կպած պատմությունը,
Հասկանում եմ, որ
Դեռ շնչում եմ:

Երբ քայլում եմ փողոցներում
Եվ զմայլվում աղջիկներով,
Երբ տեսնում եմ ակնահաճո
Քո կերպարը,
Երբ մի մեծ ոգի է իմ մեջ ծնվում և
Երբ այս ամենից ոգևորված`
Ինչ-որ երգ է իմ մեջ ծնվում,
Հասկանում եմ, սրտիս խորքում եղած
Դատարկ պատմությունը:

Երբ փորձում եմ երազանքով,
Երազներով լցնել սրտիս,
Երբ խնդում եմ ու խինդ պարգևում
Երբ սիրում եմ ու սեր տալիս
Եվ այս ամենով փորձում ապրել,
Հասկանում եմ, որ ինչ-որ մի բան
Դեռ կիսատ է:

Ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ շաґտ կիսատ է…

15.02.12

ԱՐԵՎԸ...

Ես արևը կկրեմ իմ մեջ:
Ու երբ որ մրսես
Այն կտամ քեզ,
Որ ջերմանաս
Դու ինձանով:

Ես արևը իմ մեջ կկրեմ:
Իսկ եթե չուզես
Ես այն կպահեմ
Ու կայրվեմ
Իմ արևից:

Իսկ թե չուզես...
....................

Իսկ եթե չուզե՞ս...


17.09.12

ԱՐՑԱԽ

Դու կանչում ես ինձ, երկի´ր իմ, Արցախ:
Մռավի լեռների առավոտներն են,
Թարթառի զրնգուն քրքիջն է,
Ժայռը պատռած հաստաբուն ծառն է,
Սուրբ Գևորգ վանքի ղողանջն է
Իր գիրկը կանչում...

Դու կանչում ես ինձ, ոգի´ իմ, Արցախ:
Ազատատենչության աննկուն կամքն է,
Մարտադաշտերը արյունով ջրած արինենրն են,
Նրանց արյունից ճաք տված նուռն է,
Ազգիս խոնարված գլուխների մուռն է
Եռում իմ երակներում...

Դու կանչում ես ինձ...
Եվ գալիս եմ ես,
Գալիս եմ գնանք
Մի Տիգրանակերտ էլ
Սև ծովի ափին
Վերակառուցենք...


սեպտեմբեր 2012


ՊՈԵՄ

Հետաքրքի՜ր.... զարմանալի՜...
Նստել սենյակում ` մթության մեջ,
Ու խմե՜լ, խմել անհագ:

Մենության մեջ խմել
Ու նայել աչքերիդ առջև փռված
Անծայր աշխարհին:

Նայել աշխարհին ու խմել ...
Աշխարհի կենացը խմել,
Աշխարհի մեջ տեսնել Նրան
Ու Նրա կենացն էլ խմել:

Հրճվել պատկերից`
Քո առջև բացվող,
Հրճվել բուրմունքից գինու`
Քո մեջ եռացող,
Հոտ քաշել գինուց
Ու առնել Նրա բո՜ւյրը պարանոցի...

Հետաքրքի՜ր.... զարմանալի՜...
Լինել պոետ ու տեսնել
Սեփական Պոեմին աչքերիդ առաջ,
Ուզենա՜լ... ամեն կերպ ջանալ
Քո իսկ պոեմի հանգույցը գտնել,
Ինքդ քո մեջ քեզ բացահայտել,
Քո իսկ խելագար ձգտումներում
Փորձել Նրա հոգու ջերմությունը զգալ:

Հետաքրքի՜ր.... զարմանալի՜...
Փորձել-չգտնել,
Լցնել ու խմել` էլի ու էլի,
Քո խելառ Պոեմի կենացը խմել,
Աշխարհին նայել ու հրճվել,
Նրա դեմքին
Չգրված մի պոեմ տեսնել`
Մի սիրո պոեմ.
Ու խմել կրկին...

Չգրված Պոեմի կենացը խմել
Ու զարմանա՜լ... ու զարմանա՜լ...


07.01.2013


ՄԱՐՏԸ Ա'ՊՐԻԼ Է…

Աշխարհի մեռած հին քարերի տակ
Կյանքն է սկսում նորից արթնանալ,
Սակայն մինչ նրա լույս աշխարհ գալը,
Նա պիտի անցնի երկար ճանապարհ:

Հենց այդ ժամանակ է, որ սկսվում է մարտը
Մարտը` ապրելու ու կյանք դուրս գալու…

Ճանապարհն այդ գոյատևելու`
Բնորոշ է բոլոր-բոլորին,
Սակայն, բոլորին չէ, որ բախտ է տրված
Փառքով դուրս գալու կյանքի այդ կռվից…


մարտ, 2009 թ.

ԱՐՑՈւՆՔՆԵՐԸ ՔՈ

Արցունքները քո
Տաք անձրևի պես են,
Բիբերը քո սև
Ամպոտ երկնքից նայող
Զույգ արևներ, ասես,
Արև` առանց շող,
Արև` խավարած...

Հուշերի հեռավոր մշուշում
Իրենց փայլը կորցրած,
Իրենք իրենց բոցերից
Բոցավառված,
Սևացած...

Արցունքները քո
Տաք անձրևի պես են,
Ցնդում են նրանք
Կես ճանապարհին:


08.01.2013


Ես հիշում եմ, երբ եկանք մեր տուն...
Մտանք բակ ու երբ տեսար այդքան ծաղիկներ, մի պահ կանգ առար, նայեցիր...
Շրջվեցիր ու ձեռքս բռնելով...
Հիշում եմ, թե որքան էր քեզ դուր եկել վարդերից մեկը...
Հիմա տանը միայնակ եմ...
Դուրս եմ նայում պատուհանից. ձյուն է գալիս...
Գալի՜ս է.... գալի՜ս...
Ուժեղ ու մեծ, չափից մե՜ծ փաթիլներով...
Չնայած այն բանին, որ արդեն ձմեռ է, բայց մեր այգում դեռ չբացված կոկոններ կան դեռ...
Դրանցից մեկը հենց քո վարդինն է...
Ձյունով է ծածկվում ու...
Դժվար թե էլ ծաղկի:

14.12.12/Բալահովիտ/


ՄԵԶԱՆԻՑ Ո՞Վ Է ...

Անխելք մի մարդ մի բան կասի.
Ես եմ մեղավոր,
Մի անբան մարդ գործ չի անի.
Ես եմ մեղավոր,
Աշխարհը գժվել ու զառանցում է.
Ես եմ մեղավոր,
Մեկը-մեկին հայհոյում է`
Էլի ես եմ մեղավոր...

Ծառերը պտուղ չեն տալիս.
Ես եմ մեղավոր,
Մանկան աչերից արցունք է գալիս.
Ես եմ մեղավոր,
Հառաչանքներ են հոգուց դուրս թռչում.
Ես եմ մեղավոր,
Ես եմ մեղավոր,
Որ չեմ դադարում մեղավոր լինելուց...

Թե սիրում եմ` մեղավոր եմ ես,
Թե վանում եմ` մեղավոր եմ,
Թե ծառա եմ արար-աշխարհին
Մեկ է, մեղավորը ես եմ,
Էլի ես եմ մեղավորը, թեպետ
Բարության ոստայն գործեցի,
Մեղավորը էլի ես մնացի, չնայած
Քեզ այդպես էլ չճանաչեցի...

Ես եմ մեղավոր...
Սակայն քեզ նայիր.
Մ՞ի թե դու ես անմեղը:


14.փետրվ.13 /Բալահովիտ/


Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Սեր անելը շատ լավ բան է-
Քեն պահելն է դժվար բան,
Թե սիրել ես` կհասկանաս.
Քինոտ մարդուն ի՞նչ ասես...

Լաց լինելը վշտոտ բան է-
Ծիծաղելը` անցողիկ,
Թե լացել ես` կհասկանաս.
Ծիծղան մարդուն ի՞նչ ասես...

Արդար խոսքը անիմաստ է-
Շողոքորթը` դուրեկան,
Թե արդար ես կհասկանաս.
Քծնող մարդուն ինչ ասես...

Թե ապրում ես-դժգոհում ես-
Թե մեռնում ես`էլ չկաս,
Ով մեռել է` կհասկանա.
Կյանքի գինը ինչ արժե...


04.հունվ.13


ԱՍՏՂԻԿ
/աստվածուհի/


...և խմեցի ջուրը բաղձանքիս,
Անմահացա արբեցումից քո սիրո,
Ես քո շուրթերի հյութը պարպեցի`
Անհետացա մշուշում:

Անհետացա քեզանով,
Մոլորվեցի աչքափակ
Ու զատվեցի աշխարհից,
Ու տիեզերք կերտեցի`
Ինձ էլ Արքա կարգելով:

Երբ աչքերս բացեցի
Մեկ վայրկյանում չքացար,
Ակնթարթում զորավոր
Կյանքս առար ու տարար...

Կյանքս տարար քեզ ծառա,
Հոգիս թողիր, որ հավերժ
Քեզ ընծայեմ աղոթքներ
Ու տաճարներ կառուցեմ
Ուր կդնեմ երկրային
Աստվածուհու արձաններ...

Կյանքս տարար քեզ ծառա,
Հոգիս թողիր, որ հավերժ
7 երկնքում թափառեմ,
7 ծովերում չքանամ
7-ը սարգեմ անմահ թիվ,
7 ընծաներ մատուցեմ...

Եղեգնուտից Եփրատի
Եղեգան իմ փողը կտրեմ,
Հնչեցնելով գովերգեմ
Աստվածուհուն սերընծա:

Փառավորեմ, զորացնեմ,
Որ քեզ սիրեմ զարմացած,
Մշուշներով պարուրված,
Որ քեզ սիրեմ խելագար
Ու մի քիչ էլ խենթացած...

Կյանքս տարար քեզ ծառա,
Հոգիս թողիր, որ հավերժ
Երկինք նայեմ ու գոչեմ.
-Օ՜ Աստղիկ`Աստվածուհի երկրային
Իմ շուրթերից առ համբույրդ թագակիր
Ու ազատիր անմահության շղթայից...
5-8.հունվարի 2013


ԽՈՍՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ես լսել եմ, իսկ դուք լսե՞լ եք,
Թի ինչ է ասում բահը-բանվորին,
Թե ինչ է երգում սելը-սելվորին.
Ես լսել եմ, իսկ դուք լսե՞լ եք:

Ես տեսել եմ, իսկ դուք տեսե՞լ եք`
Ինչպես է ծիլը հողը պայթեցնում,
Ինչպես է հասկը ազգին կերակրում.
Ես տեսել եմ, իսկ դուք տեսե՞լ եք:

Ես զգում եմ, իսկ դուք զգո՞ւմ եք`
Ինչն է պակասում մերօրյա բահին,
Ինչն է, որ այդպես խղճուկ է հնչում,
Ինչու, այլևս, հողս չի պայթում...
Այս ո՞ւր է գնում ազգս-ազգովին:

Ես, որ դարերով աչքս չեմ փակել,
Իմ զավակներին ճակատ եմ մղել,
Հանուն իմ կյանքի պայքարի կոչել
Եվ հաղթանակի պարծանք եմ ապրել,
Հիմա ինչո՞ւ եմ այսքան խեղճացել...

Կյանքս ինձ տվել, սակայն ո՞ւր եք գնում,
Այս ո՞ւմ եք թողնում ձեր տունը շահած:

Սակայն ո՞վ եմ ես` առանց ձեր կամքի:
Սակայն ո՞վ եք դուք` առանց իմ հենքի:

Առանց իմ լեզվի
Ծարավ կմնաք աղբյուրի եզրին,
Առանց իմ շնչի
Չեք վերածնի իմաստությունը ձեր,
Չեք վերագտնի
Արարումը արար-աշխարհի...
Առանց իմ ոգու կտկարանաք.
Ձեզ մ՜ի խեղճացրեք,
Առանց իմ բառի կարգելափակվեք.
Ձեզ մ՜ի բանտարկեք:
Տանջալի մահվան կապը կտրեցե'ք`
Դարձեք հաստատուն ու վճռակամ...
Տո՜ւն դարձեք
Ու դարման դրեք ցավոտ վերքերիս:
Վերադառնալով`
Աղբյուրներ բերեք պապակ շուրթերիս,
Հողս հերկեցեք ու ականջ դրեք,
Թե ինչ է ասում բահը-բանվորին,
Թե ինչ է երգում սելը-սելվորին,
Ինչպես է ծիլը պայթեցնում հողին,
Ինչպես է հասկը կերակրում ազգին...

Ձեր տունը դարձեք
Եվ սովորեցե'ք լեզուն իշխողի:


1 մարտ 2013

Ի՞ՆՁ Է ԹՎՈւՄ...

Ես խելագարվե՞լ եմ, թե՞ ինձ է թվում,
Այս վերջին օրերում հաճախ է թվում,
Թե խելագարվել եմ աշխարհի գրկում...

Եղած-չեղածս մի փուչ գրիչ է,
Որ վերցրել եմ ու
Միմոսություններ եմ անում
Աշխարհի դեմքին,
Ցատկոտում եմ` համառ քրքիջով,
Տեղս եմ նստում ու լաց եմ լինում,
Նայում եմ դեմքին բզկտված կյանքի,
Արցունքների մեջ` հարուստ ծիծաղում...
Մի ճերմակ թուղթ եմ հանձնում գրիչիս,
Դեղնած մտքերս հորդում են ծայրից
Եվ ամեն անգամ միտքս չավարտած`
Վերջանում է այն `թողնելով կիսատ...
Ես կոտրում եմ դա ու դեն շպրտում,
Իսկ հետո թուղթը ինքնաթիռ դարձած`
Փշրվում է դարի երեսին,
Լսվում է քրքիջս լացկան.
Ես ծիծաղում եմ դեմքին աշխարհի.

Ես խելագարվե՞լ եմ, թե՞ ինձ է թվում,
Սակայն հենց հիմա այնպես է թվում,
Թե առողջ եմ ես` աշխարհն է խելառ...


04 մարտ 2013

Հրաչյա-Ժորա Հակոբյանի ՛՛Ֆեյսբուքյան՛՛ էջից:

Просмотров: 1311 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/105
Всего комментариев: 3
3 Tllayd  
0
brand lipitor <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg without prescription</a> oral lipitor 80mg

2 Yylwxy  
0
lipitor for sale <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg without prescription</a> cheap lipitor 10mg

1 ՀՐԱՇՔ ԱՂՋԻԿ  
0
Արցունքները քո
Տաք անձրևի պես են,
Բիբերը քո սև
Ամպոտ երկնքից նայող
Զույգ արևներ, ասես,
Արև` առանց շող,
Արև` խավարած...

Հուշերի հեռավոր մշուշում
Իրենց փայլը կորցրած,
Իրենք իրենց բոցերից
Բոցավառված,
Սևացած...

Արցունքները քո
Տաք անձրևի պես են,
Ցնդում են նրանք
Կես ճանապարհին:

ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ:

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz