83-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Դեկտեմբերի 27-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 83-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի այս տարվա շրջանավարտ, հատուկ մանկավարժ-կենսաբան Մարիամ Գրիգորյանին:
Հանդիպման սկզբում Մարիամ Գրիգորյանը «Չորեքշաբթի» գրական ակումբին նվիրեց իր նկարած ծաղիկներով պատկերը, իսկ Արմենուհի Մելքոնյանը՝ «Հայաստան» մակագրությամբ գրիչ: Իր հերթին Տիգրան ՊետրոսՅանցը Հռիփսիմե Մարտինյանին նվիրեց ԱՄՆ-ում հրատարակված անգլերեն լեզվով գեղարվեստական գիրք:
Տիգրան ՊետրոսՅանցը մեկ ժամից ավելի խոսեց հայ ժողովրդի պատմության կնճռոտ ժամանակների ու դրանց պատմաբան հորջորջվող մարդկանց կողմից միտումնավոր այլ մեկնաբանություններ տալու շուրջ: Մասնավորապես խոսեց հայ ժողովրդի ծագման առեղծվածի ու կեղծիքների մասին, հայկական ժայռապատկերների ստեղծման իրական ժամանակի մասին, հայ ժողովրդի պատմության մեջ հայտնի անհատների և նրանց գործունեության մասին: Նա պատասխանեց մեկ տասնյակից ավելի հարցերի և կոչ արեց, որ ակումբի մասնակից ստեղծագործողներն ուսումնասիրեն իր մատնանշած թեմաները ու փորձեն դրանց շուրջ գեղարվեստական գործեր ստեղծել:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արարատ Խաչատրյանը /«Կարգն է այսպես», «Հաղթանակի մի լույս», «Անցան տարիները», «Էլ ինչ կամենամ»/, Վահե Խալաֆյանը /«Կնոջ սիրտը», «Էլ չունեմ ոչինչ ես ստանալիք»/, Արմենուհի Մելքոնյանը /«Սիրո նշույլ»/, Թեհմինե Մակոյանը /«Հարցերի շղթա»/, Մարինե Սահրադյանը /«Կանչ»/, Ռուզան Սարգսյանը /«Զարթնիր, ոսոխ»/, Միխայիլ Շահինյանը /«Գեղեցկուհուն», «Երազներ»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Քեզ համար»/, Աշխեն Մելքումյանը /«Ձոն Ամանորին»/, Մարիամ Գրիգորյանը /«Մարդացած կարոտ», «Ձեռքերը քո», «Ժամանակից այն կողմ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Կարոտ», «Ջորջիկին», «Մերիկոյին»/, Հրաչյա Հարությունյանը /«Հայկազունք», «Խորհուրդ ունեն», «Մորս հիշատակին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նանա Մկրտչյանը կատարեց «Աղունիկն իջնի մեր տան մոտ» երգը, Միխայիլ Շահինյան-Հռիփսիմե Մարտինյան զույգը՝ «Կարմիր կակաչներ» երգը, Արմենուհի Մելքոնյան-Հռիփսիմե Մարտինյան զույգը՝ «Ախպերս ու ես» երգը, Միխայիլ Շահինյան-Նանա Մկրտչյան զույգը՝ «Սարեր» երգը, Ռուզան Սարգսյանը՝ Սայաթ-Նովայի «Նազանի» և «Նժդեհ» երգերը, բոլորը միասին՝ «Գետաշեն» երգը:
Հանդիպումն ամփոփեց և բոլորին նոր ու հաջող Նոր տարի մաղթեց Տիգրան ՊետրոսՅանցը: |