Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է
02.12.2012 թ.
Հովհաննես Բաղրամյանը (ծն. 2.12.1897 թ. - 21.09.1982 թ.) 1917 թ-ին ավարտել է Թիֆլիսի պրապորշչիկների դպրոցը,
1925 թ-ին՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) հեծելազորային հրամկազմի
կատարելագործման, 1931 թ-ին՝ բարձրագույն հրամկազմի դասընթացները, 1934
թ-ին՝ Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան, 1938 թ-ին՝ Գլխավոր
շտաբի ռազմական ակադեմիաները: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.)
տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական էքսպեդիցիոն
2-րդ սահմանապահ գնդում: 1918 թ-ին մասնակցել է թուրքական զորքերի դեմ
մղված կռիվներին, մայիսի 22–26-ին՝ որպես Հայկական 1-ին հատուկ
հեծելազորային գնդի դասակի հրամանատար՝ Սարդարապատի ճակատամարտին:
1920 թ-ից հետո եղել է Հայկական հրաձգային
դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, 1923–31 թթ-ին՝ հեծելագնդի հրամանատար,
ապա՝ 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ: Խորհրդային հայրենական պատերազմի (1941–45
թթ.) նախօրեին գնդապետ Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական
օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի
պետի տեղակալ: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և
Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային
ուղղությամբ զորքերի հակահարձակումը և 1941 թ-ի նոյեմբերին Ռոստովի
ազատագրումը: Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական
գործողությունը: 1942 թ-ի սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ
խմբի (մայիսից՝ շտաբի) պետ, 1942 թ-ի հուլիսից՝ ռազմական
գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը
պաշտպանել է Մոսկվայի մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում,
1943 թ-ի հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք
հարձակողական ռազմագործողություններում:
1943 թ-ի նոյեմբերի 19-ից,
որպես 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսական
ռազմական գործողություններին, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը,
1944 թ-ին Մերձբալթիկայում մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել է Ռիգային:
Մեմելի (այժմ` Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ՝ հնարամիտ
գործողությամբ ջախջախել է թշնամու Կուռլանդական խմբավորումը (38 հետևակային
և տանկային դիվիզիաներ): Բաղրամյանի ղեկավարած այդ ռազմագործողությունն
ուսուցանվում է զինվորական ակադեմիաներում՝ որպես ռազմաճակատի զորքերը մի
ուղղությունից մեկ այլ ուղղություն անցնելիս վերախմբավորվելու և հաղթանակ
ապահովելու օրինակ:
1-ին մերձբալթյան ռազմաճակատի լուծարումից հետո
բանակի գեներալ Բաղրամյանը գլխավորել է Զեմլանդական զորախումբը (3-րդ Բելոռուսական ռազմաճակատի կազմում): Նրա հրամանատարությամբ զորքերը
վերացրել են հակառակորդի՝ Արևելյան Պրուսիայի խմբավորումը և 1945 թ-ի
ապրիլի 6–10-ը գրավել դրա կենտրոն Քյոնիգսբերգ ամրոց-քաղաքը (1946 թ-ից՝
Կալինինգրադ): Ապա նշանակվել է 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի հրամանատար,
իրականացրել ֆաշիստական զորքերի վերջնական ջախջախումը Արևելյան
Պրուսիայում:
Պատերազմից հետո՝ 1945–54 թթ-ին, Բաղրամյանը եղել է
Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 1954 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության
նախարարության գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախարարի տեղակալ,
1956–58 թթ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, 1959 թ-ից՝ ԽՍՀՄ
զինված ուժերի թիկունքի պետ, 1968 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության
գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար:
Գրել է
ռազմագիտական աշխատություններ և հուշագրություններ ու հոդվածներ
(թարգմանվել են գերմաներեն, հայերեն, լեհերեն, ռումիներեն, հունգարերեն),
խմբագրել ռազմագիտական ուսումնասիրություններ ու դասագրքեր: Նրա
գործունեության մասին գրվել են գրքեր:
Բաղրամյանի անունով կոչվել են
փողոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Մոսկվայում, իսկ
Երևանում՝ մետրոպոլիտենի կայարան, պողոտա, որտեղ կանգնեցված է Բաղրամյանի
ձիարձանը: |