ԽՈՍՔ ԱԲՈՎՅԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ
Մեծ ոգևորությամբ ծանոթացա Մանկավարժական
համալսարանի «Գրական ստուդիայի» աշխատանքներին ու ուսանող ստեղծագործողների
գործերին: Իմ լավագույն բարեկամներ , գրչության նվիրյալներ Տիգրան
Պետրոսյանցն ու Աբգար Ափինյանը, հիրավի, ազգանպաստ գործ են ձեռնարկել,
որովհետև որքան էլ զավեշտի մեր ժամանակաշրջանում ոմանց ջանքերով
խեղաթյուրվել է մեր արժեհամակարգը, ամեն դեպքում յուրաքանչյուր թե ներկա ,
թե ապագայի ազնիվ դպիր տաս ,քսան...հարյու՜ր զինվոր արժե:
Ես հուրախությամբ ընթերցեցի բոլորի ստեղծագործությունները: Իմ մոտ
գրանցեցի նրանց՝ Գոռ Բակումյանի, Արտյոմ Թաքիյանի, Սերինե Հովհաննիսյանի,
Էվելինա Միրզոյանի, Լիլիթ Ավագյանի, Մելինե Սիմոնյանի, Արարատ Խաչատրյանի,
Շուշանիկ Նահապետյանի, Հասմիկ Չախալյանի, Հրաչյա -Ժորա Հակոբյանի, Էմմա
Ղայթանջյանի, Ռեգինա Ճաղարյանի, Հրաչյա Պետրոսյանցի, Սերվեն Խաչատրյանի,
Անուշ Միքայելյանի ...անունները և այսուհետ անպայման կհետևեմ նրանց հետագա
ստեղծագործական որոնումներին ու հաջողություններին: Ջահելներ ջան, գրչի
աշխարհը ճշմարտության անընդմեջ պայքարի հրապարակն է: Այն հեշտ չի
լինում,դաժան պայքար է սպասվում ձեր սերնդին, որովհետև, կրկնում եմ,
համաընդհանուր խեղաթյուրվել է մեր ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Դուք ձեր
ապրելու, ծաղկելու, արարելու իրավունքի ձեռք բերմամբ էլ , բնականաբար,
կհաստատեք ձեր սերնդի ու հայ ժողովրդի շարունակելիության պայմանը: Կլինեն,
ավագներից կլինեն «թարս» ոտքի վրա արթնացածներ, ովքեր մոռացած իրենց
որոնումներն ու ինքնահաստատման ճանապարհի ողջ փորձարկումները, ձեզնից
կպահանջեն միանգամից Չարենցին ու Սևակին համարժեք դիապազոն: Այնինչ
գրականությունը, մասնավորապես հայ գրականությունը ևս տարրական դասարանի
այբուբենից սկսված հասնում է ակադեմիական բարձունքների: Այդ ամենը գրելուն,
ստեղծագործելուն զուգահեռ անպայման պետք է ուսումնասիրել:Կլինեն նաև
այնպիսի «ավագներ», ովքեր համոզված, որ իրենք այլևս երբեք չեն հասնի
դասական արժեքների մակարդակին և իրենց չնչին գոյությունը մեր ներկա գրական
անդաստանում ապացուցելու , արդարացնելու համար ձեզ ևս կփորձեն խեղաթյուրել
կեղծ արժեքների փայլունությամբ և հեշտությամբ: Իհարկե, ապակու փայլը և
ադամանդի շողանքը դուք պարտավոր եք տարբերելու: Իսկ ադամանդը, գիտեք,
դժվարությամբ է մշակվում: Եվ դուք պիտի խիզախեք, պարտավոր եք խիզախելու
դեպի թումանյանական անհունությունը, չարենցյան վիհերն ու սևակյան
ճկունությունը....Առանց խիզախման էլ ի՞նչ երիտասարդություն.... Բարի
ճանապարհ Ձեզ: Կանաչ ճանապարհ Ձեզ... Շնորհակալությունս Աբգար Ափինյանին և Տիգրան Պետրոսյանցին՝ այս հրաշք երիտասարդությանը համախմբելու համար:
|