«ՔԻՄԻԱՆ ՄԵՐ ԿՅԱՆՔՆ Է, ՄԵՐ ԱՊԱԳԱՆ» Գիտաժողով Մանկավարժական համալսարանում Դեկտեմբերի
5-ին եւ 6-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանում տեղի ունեցավ քիմիայի մագիստրոսների հանրապետական առաջին
միջբուհական գիտաժողովը: 2011 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի 63-րդ նստաշրջանում հռչակվել է որպես քիմիայի միջազգային տարի,
որի կարգախոսն էՙ «Քիմիան մեր կյանքն է, մեր ապագան»: Գիտաժողովը բացեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Շնորհավորելով ներկաներին` նա հիշեց, որ ինչպես բոլոր ժամանակներում,
այնպես էլ այսօր դպրոցում ամենասիրելի դասասենյակներից դեռեւս շարունակում է
մնալ քիմիայինը. հետաքրքրական, բազմազան եւ հեռանկարային այդ աշխարհը:
«Այսօր համագործակցելով մի քանի առաջատար համալսարանների հետ առաջին անգամ
կազմակերպել ենք մագիստրոսների հանրապետական նման միջբուհական գիտաժողով:
Քիմիայի զարգացումը մեզանում պայմանավորված կլինի, ինչու ոչ, նաեւ այսօրվա
մեր մագիստրոսների, նրանց ներկայացրած գիտական հետազոտությունների որակով
եւ մակարդակով: Քիմիան ունի մեծ ավանդույթներ, հետեւապես նաեւ մեծ ապագա»,
ընդգծեց Ռուբեն Միրզախանյանը: Այնուհետեւ հանդես եկան ՀՀ ԳԱԱ քիմիայի եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լեւոն Թավադյանը ` «Քիմիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով զեկուցմամբ, իսկ Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիրգորյանը անդրադարձավ մագիստրոսական կրթությանը Երեւանի պետական համալսարանում: «Նման
գիտաժողովը նպատակ ունի խթանել երիտասարդ մագիստրոսների հետագա գիտական
գործունեությունը: Շատերի համար սա առաջին պատասխանատու քայլն է այս
ոլորտում, որը հետագայում լուրջ գիտական գործունեությամբ զբաղվելու առիթ
կհանդիսանա եւ կազդարարի նրանց մուտքը գիտական աշխարհ: Այս գիտաժողովն
աննախադեպ էր, եւ հուսով եմ, որ կկրի շարունակական բնույթ», ասաց
Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության
ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը : Գիտաժողովի
ընթացքում տարբեր բուհերի 35 մագիստրոսներ ներկայացրին բազմաբնույթ
զեկուցումներ: «Բոլոր ներկայացվող աշխատանքները բացառապես փորձարարական
էին: Ունենք պայմանագրեր գիտահետազոտական քիմիական մի շարք ինստիտուտների
հետ, որտեղ էլ մեր մագիստրոսները կատարել են իրենց աշխատանքները:
Վերջիններն աչքի են ընկում ե՛ւ նորույթով, ե՛ւ արդիականությամբ, իսկ
հետագայում դրանք կարող են դառնալ թեկնածուական ատենախոսություններ», նշեց
Սվետլանա Հովակիմյանը: Զեկուցումների ավարտից հետո
ծավալվեցին բուռն քննարկումներ, որոնց ընթացքում արծարծվեցին բոլոր այն
խնդիրներն ու թերությունները, որոնք տեղ էին գտել ներկայացվող
աշխատանքներում: Գիտաժողովին ներկա էին քիմիայի բնագավառի հայտնի գիտնականներ, ակադեմիկոսներ, դասախոսներ եւ ուսանողներ: Վերջում բոլոր մագիստրոսներին մասնակցության համար տրվեցին հավաստագրեր եւ քիմիայի գրքեր: «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 07-12-2011
|