Սիրելի ընթերցող Հազարավոր տարիների պատմություն ու դրա մեջ խտացված փորձ ու իմաստություն ունի գրադարանը, Մարդ արարածի մեծագույն նվաճումը: Հազարավոր տարիներ շարունակ, այսօր էլ, այն մեկ առաքելություն է ունեցել, ունի և, հազարավոր տարիներ հետո էլ, այն դարձյալ մեկ գերագույն առաքելություն կունենա, այն է` գրքի ու տպագիր արտադրանքի պրոպագանդան: Գրադարանի դերը որևէ այլ հայտնագործությամբ ոչ կասկածի տակ կդրվի, ոչ կփոքրացվի, ոչ, առավել ևս, կբացառվի: Գրադարանն ու իր ծառայությունը միշտ շարունակական են եղել ու այդպիսին էլ մնալու են: Այդ խնդրի իրականացման ճանապարհին էլ մտածվում են գրքի ու տպագիր արտադրանքի պրոպագանդելու միջոցներ, որոնցից մեկն էլ ցուցահանդես-ցուցադրություններն են: Նման խնդիր է հետապնդում մեր գրադարանի սպասասրահում կազմակերպված թանգարանային ցուցադրությունը: Ցուցադրության գաղափարաբանությունը Սերն է: Այս դեպքում Սերն առ հարազատ ուսումնական հաստատությունը` Հայ մեծ լուսավորչի, մանկավարժի, հայրենասերի` Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանը: 1925 թվականի առաջին շրջանավարտներին, 1925-2009 թվականների շրջանավարտներին, այսօր այս հարկի տակ աշխատողներին ու սովորողներին միավորում է մեկ զգացողություն` Սերը: Սիրենք մեր համալսարանը: Սիրենք ու ապրենք նրա Պատմությամբ, նրա Այսօրով և նրա Ապագայով... Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանց 11.01.2010 թ. |