ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
Մարդիկ կան, որ չեն ծնվել կայսր կամ կայսրուհի, պետական կամ հասարակական գործիչ, գիտնական կամ տիեզերագնաց, գրող կամ նկարիչ:
Այսպես կարող ենք անվերջ թվարկել: Խասքը պատմական եզակի անհատների մասին չէ, որոնց անուններով կոչվել են տարիներ, դարեր ու ամբողջ ժամանակաշրջաններ: Նույն այդ անհատների կողքին Երկիր մոլորակի վրա առաջին մտածող մարդուց սկսած առ այսօր [ու այսուհետ ևս] ծնվել են, ծնվում են ու ծնվելու են միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ, որ եզակի չեն դարձել, սակայն միշտ եղել ու լինելու են նույն Երկիր մոլորակի բնակիչն ու հիմնական տարող ուժը, մեղվափեթակի այն հազարավոր անանուն մեղուների նման, որ նեկտարից մեղր են պատրաստում ու սնում առաջին հերթին հենց Մայր մեղվին:
Այդպիսի մարդիկ բազում ու միլիոնավոր են: Նրանց գործը առօրյա ու շարքային է: Բայց հենց դրանով է արժեք ստանում դրանց լինելությունը:
Այդ բազում մարդկանցից է ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանվար Վեներա Զատիկյանը, տիկին Վեներան: Նրան հիշելու այս առիթը կապված է տիկին Վեներայի ծննդյան օրվա հետ: Նա վաթսուն տարեկան է:
Ծնվել է Գյումրի քաղաքում, բայց դեռ թոթովախոս` դարձել է երևանցի: Անցել է աշակերտ, ուսանող ճանապարհը: Եղել է հենց մեր համալսարանի կենսաքիմիական ֆակուլտետի 1974 թվականի շրջանավարտ:
Համալսարանի շրջանավարտի համար աշխատանքի ընտրության այն օրերի մեխանիզմը մեկն էր` ուսուցչությունը: Բայց իր համար դրան համազոր մեկ այլ ասպարեզ է բացվել: Հորաքույրը` Գրետա Աջամյանը աշխատում էր համալսարանի գրադրանում [իսկ ուսանողական այդ չորս տարիներին ինքն էլ է կրթվել ու դաստիարակվել գրադարանում] և նրա առաջարկը աշխատել գրադարանում ընդունելի է դարձել նախ իր համար, ապա ընտանիքի և 1974 թվականից առ այսօր նրա ամենօրյա, ,,սովորական,, աշխատատեղը գրադարանի գրապահոցն է: Աշխատանքային այս երկար տարիների ընթացքում սովորական գրադարանավարից դարձել է ավագ, դարձել է ընտանիքի մայր, տատիկ: Բայց ինչպես այն օրերին, երբ ինքն էր ուսանող ու ընթերցող, անցած տարիների, տասնամյակների ու այսօրվա ուսանողների սիրելին է ու խորհրդատուն: Գրապահոցում, որ գրադարանի սիրտն է, ամենածանր աշխատատեղն է: Միայն կամ առաջին հերթին այստեղ է, որ գրադարան ոտք դնողը, անգամ մասնագիտական կրթություն ունեցողը, դառնում է իրական գրադարանավար: Այստեղ է գրադարանավարը ,,ճանաչում,, գիրքը և իմանում նրա տեղը գրադարակի վրա: Դժվար է եղել կենսաբան քիմիկոսի համար, բայց աշխատասիրությունը նրան դարձրել է պրոֆեսիոնալ: Իսկ նրա աշխատանքից գոհ է գրադարանի ղեկավարը, գոհ են ուսանողները:
Բաժնի գործընկերները նրա մասին ասում են.
Շուշանիկ [գրապահոցում աշխատում է 19 տարի]. ,,Վեներան բարեհամբյուր, մարդամոտ, մեղմ բնավորությամբ անձնավորություն է: Հեշտ է աշխատել երբ կողքիդ բանիմաց և բարյացակամ Վեներան է,,:
Մերի [գրապահոցում աշխատում է 13 տարի]. ,,Տիկին Վեներան բարեխիղճ է, նրբանկատ, խորն ու իմաստուն,,:
Անահիտ [գրապահոցում աշխատում է 6 տարի]. ,,Իմ ճանաչած մարդկանցից Վեներա Զատիկյանն առանձնանում է շիտակությամբ, պատրաստակամությամբ, պահանջկոտությամբ: Վատ, թերի արված աշխատանքի նկատմամբ անհանդուրժող է, բայց ճիշտը նկատելու, ընկալելու բնածին առանձնաշնորհ ունի,,:
Աննա [գրապահոցում աշխատում է 6 տարի]. ,,Տիկին Վեներան ապրում է գրադարանի հոգսերով, հրճվում, ուրախանում է ձեռքբերումներով, տխրում ամենաչնչին անհաջողությունից: Իր սրտացավությունը փոխանցել է մեզ` գործընկերներին և, անգամ, ուսանողներին: Հրաշալի գիտի կանանց հուզող խնդիրները և գործնականում պատրաստակամ է օգնել յուրաքանչյուրին,,:
Ահա այսպիսին է մեր գործընկերը` սովորական ու առտնի: Աշխարհ եկած այն միլիոնավոր մարդկանցից մեկը, որ կայսրուհի, իշխանուհի, գրող ու նկարչուհի չի ծնվել: Բայց իրեն վիճակված կենսագրությունը գրել ու գրում է պատվախնդրորեն ու սիրով:
Տիգրան ՀԱՅԱԶՆ
20.10.2010 թ.