ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ԱՌԻՆՋԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ
Աբովյանի տարածաշրջանի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդներ: Բերդապարսպի ստորին շարքերը մասամբ շարված են անտաշ, իսկ վերին շարքերը և մուտքի հատվածը՝ կոփածո սրբատաշ քարերով:
Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ: Բերդի տարածքում
պահպանվել են նաև միևնույն՝ 1501 թվականի պատրաստված երկու զինանշան:
Բերդի մուտքի զինանշանը: Այն փորագրված է մուտքի բարավորի
երեսին: Միակտոր քանի ներքևի հատվածը գոգավոր մշակում ունի: Ներքին մասում
կոր է գծվել, որով ստեղծվել է կիսաշրջան կամ կիսագնդի պատկեր: Կիսագնդի
վերևում պատկերված են վիշապներ, որոնց գլուխները քարի կենտրոնական
հատվածում են: Բացված երախները համաչափորեն հպված են իրար, յուրաքանչյուրի
բերանում երևում են չորսական իրար սեղմված ատամներ (երկուսը՝ վերևում,
երկուսը՝ ներքևում), որոնց արանքում տեսանելի է լեզուն: Կլորավուն
գլուխների կենտրոնական մասում տեղադրված են նշաձև աչքերը, գլխի վրա
պատկերված են երկու փոքրիկ կոտոշներ, որոնք թագի տպավորություն են
ստեղծում: Գլուխների շարունակությունը կազմող հզոր մարմիններն իրար վրայով
անցնելով՝ հպվում են կիսագնդին և, արդեն քարի վերին մասում երկրորդ գալարը
տալով՝ սրածայր պոչով ձգվում են մինչև քարի ուղղահայաց եզրերը:
Վիշապները պատկերված են հարթաքանդակի եղանակով, իրականացված են առանց
մանրամասների ընգծման, բայց խոսուն ու արտահայտիչ են, և թվում է՝ աչքերից
հուր է ցայտում:
Կիսաշրջան-կիսագնդի առկայությունը պատկերային համակարգում վերջինիս զինանշանային հաստատումն է:
Զինանշանի կոնկրետ պատկանելիությունն անհայտ է: Մուտքի բարավորի
աջակողմյան հենարան քարին փորագրված արձանագրությունից պարզվում է, որ
վիշապներով զինանշանը 1501 թվականին ձևավորել է Մանվել քարգործը:
Ստեփանոս եպիսկոպոսի զինանշանը: Բերդի տարածքում շարաքարի երկու բեկորների վրա քանդակված է դիմահայաց, ճանկող արծիվ:
Արծիվը կիսաբաց թևերի եզրերով, հզոր պոչով հենված է գետնին և ճանկերով
ողնաշարաջարդ է անում ինչ-որ կենդանու (վերջինս թեև ամբողջովին ջարդոտված
է, բայց, ամենայն հավանականությամբ, գառ է): Արծվի գլուխն, ըստ պահպանված
մասի, եղել է կլոր, մարմնի վերնամասն ու կուրծքը ձևավորված են իրար վրա
շարված եռաշար ռմբափոսիկներով: Թևերի մնացած հատվածները ձևավորված են
եռաշարք ուղղահայաց զուգահեռ փոսիկներով, իսկ ոտքերը՝ զուգահեռ բարակ
գծերով: Զինանշանն իրականացված է կլոր քանդակի եղանակով:
Արծվապատկեր զինանշանը երեք կողմից առնված է երկաթագիր արձանագրության
շրջանակի մեջ: Ահա այն, <<Ստեփանոս եպիսկոպոս նկարող յիշեցեք, ի թվին
ՋԾ (1501թ.)>>:
Արձանագրությունից պարզ չէ, թե ով է այս Ստեփանոս եպիսկոպոսը: Հնարավոր
է, որ այս Ստեփանոս եպիսկոպոսը 1501 թվականին հաստատվել է Առինջի բերդում,
նորոգել բերդը, այստեղ գտնվող եկեղեցին, կառույցները և փորագրել է տվել
բերդի վիշապներով և իր՝ ճանկող արծվի զինանշանները:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 89-91
ՄԵԼԻՔ ԵԳԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
17-18-րդ
դարերում Արցախական աշխարհի երբեմնի հզոր իշխանատիրույթում ձևավորվեցին
հինգ մելիքություններ, որոնք իշխանատիրույթի նոր ձև էին: Դրանց թվում էր
նաև Դիզակի մելիքությունը:
Դիզակի մելիքության տարածքն ընգրկում էր նույնանուն լեռներից մինչև
Արաքս ընկած հողերը և Հասան-Ջալալի երբեմնի հզոր իշխանատիրույթի մասն էր
կազմում:
Դիզակի իշխանավորները Մելիք-Եգանյաններն էին: Այս իշխանատոհմի ծագման և
Խաչենում հաստատվելու մասին հայտնի է հետևյալը. նրանք սերում են Լոռի
գավառի Լոռիս-Մելիքյաններից: Ընտանեկան ընդդիմություն է ծագել տոհմի երկու
ներկայացուցիչների՝ Մելիք Էլիզբարի և Մելիք Եգանի միջև՝ հողային
ժառանգության կապակցությամբ: Մելիք Էլիզբարն ուժով տիրել է Մելիք Եգանի
հողաբաժնին՝ Փամբակ ձորին և Լոռիի մի մասին: Չկարողանալով ընդդիմանալ Մելիք
Էլիզբարին՝ Մելիք Եգանը 18-րդ դարի սկզբներին իր ամբողջ գերդաստանով,
ժողովրդով հեռանում է Լոռուց և, կտրելով Արցախական աշխարհը՝ հաստատվում է՝
Դիզակ գավառում:
Մելիք Եգանի տոհմաճյուղի մասին Տող գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու
խաչակալի արձանագրությունից հայտնի են հոր՝ Ղուկաս վարդապետի, մոր՝
Մարիամի, եղբոր՝ Արամի, քրոջ՝ Խանումի, կնոջ՝ Խանումի, որդիների՝ Արամի,
Եսայու, Բաղդամի, Վերտի և այլ ազգականների անունները:
Հայրը՝ Ղուկաս վարդապետը և որդին՝ Մելիք Եգանը, ձեռնարկում են նոր
իշխանատիրույթի վերաշինությունը: Զբաղեցնելով մի շարք վարչական պաշտոններ՝ ի
վերջո Մելիք Եգանը հաստատվում է Դիզակի մելիքական պաշտոնում: Նա
մայրաքաղաք է դարձնում Տող գյուղը, իսկ հոգևոր կենտրոն՝ Գտիչի վանքը, որի
առաջնորդ է նշանակում հորը՝ Ղուկաս վարդապետին: Վերջինս նորոգում է վանական
համալիրը և միաբանություն հաստատում այդտեղ:
Մելիք Եգանն ամրացնում է Տող գյուղը, կառուցում պաշտպանական կառույցներ:
1707 թվականին գյուղի կենտրոնում կառուցվում է նրա ապարանքը: Այն ի
սկզբանե ունեցել է բրգավոր շրջապարիսպ, որը մասամբ պահպանվել է դարպասի հետ
միասին: Շենքը կառուցված է սրբատաշ քարով, երկհարկանի է, ներքին հարկը
քարածածկ է, վերին հարկն ունի պատշգամբներ: Գյուղի բարձրադիր թաղում Մելիք
Եգանը կառուցել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը ծառայել է որպես
Մելիք-Եգանյան իշխանատոհմի տապանատուն:
Մելիք Եգանի իշխանության ժամանակահատվածը համընկավ ազգային և՛
մտափայալատակումների, և՛ խռովքի ծանր ժամանակներին: Մի կարճ պահ փայլատակեց
Դավիթ Բեկի ստեղծած հայկական անկախ իշխանապետությունը, որի դրոշի տակ
կռիվներ մղաց նաև Մելիք Եգանը: Այնուհետև գոյատևման համար նա մշտական
բախման մեջ էր թուրքական թափառիկ ցեղերի հետ: Այդ իրադրության մեջ հանդես
բերելով դիվանագիտական հեռատեսություն՝ Մելիք Եգանը ընդունում է
Պարսկաստանի Նադիր շահի գերիշխանությունը: Նադիր շահը 1736 թվականին նրան
շնորհում է խանի տիտղոս և նշանակում Արցախի հինգ մելիքների գերագահ իշխան,
որը իրավունք էր վերապահում նրան հավաքելու և շահի գանձարան հանձնելու
մելիքությունների՝ ժողովրդից գանձվող հարկերը: Փաստորեն, այդ քայլով
ապահովում է նրանց կիսանկախ վիճակը և Արցախի մելիքությունների հողերը զերծ է
պահում պարսկական ոտնձգություններից:
Մելիք Եգանի օրոք էր, որ Արցախական աշխարհում իր նենգ գործունեությունը
ծավալեց հայկական մելիքությունների մեծագույն թշնամի՝ թուրք Իբրահիմը: Այս
մարդակերի զոհերը դարձան բազմաթիվ հայորդիներ, ինչպես նաև Մելիք Եգանի
տոհմի շատ անդամներ: Եվ այդ նաև այն պատճառով, որ 1744 թվականին իր
մահկանացուն կնքեց մեծ հայրենասեր և քաջամարտիկ հայը՝ Մելիք Եգանը, իսկ նրա
հաջորդները չկարողացան դիմագրավել Իբրահիմի խարդավանքներին: Մելիք Եգանին
թաղեցին Տող գյուղի տոհմական տապանատանը և գերեզմանին փորագրեցին.
Այս է տապան քաջ իշխանին
Եկան անուն մեծ Մէլիքին,
Որ է որդի բարեպաշտին
Ղուկաս անուն վարդապետին :
Եղև սիրեցեալ ամենայնին
նատիր անուն թագաւորին:
Տիրապետեց սայ ի երկրին
Ի Աղուանից ի նահանգին
Յոյժ պատուեցավ պարսից ազգին
Քան զիշխանս հայոց երկրին...
Մելիք Եգանը, որ ինչպես տապանագիրն է հաստատում, տիրում էր բուն Աղվանքից՝
Քուռ գեռից մինչև Արաքս ամբողջ երկրամասին և հայոց երկրի իշխանն էր, ուներ
իր իշխանությանն արժանի զինանշան: Մեզ հասած օրինակը պահպանվել է
Կաքավաբերդի եկեղեցու ներսում: Եկեղեցին գտնվում է Տող գյուղի մոտ,
Իշխանագետի մի լայնանիստ և բարձր բլրի գլխին: Այն վերակառուցվել է 1742
թվականին, երբ Մելիք Եգանը գտնվում էր իր փառքի գագաթնակետին:
Զինանշանում պատկերված է երկգլխանի արծիվ: Թռչնի մարմինը վահանաձև է:
Մարմնի վերնամասից դուրս են գալիս երկու համաչափ, աղեղնաձև երկար վզեր,
որոնք ավարտվում են կլոր գլխով, ընդգծված աչքերով ու սուր կտուցով:
Արծվագլուխների վրա եռաճյուղ թագեր են: Թռչունը հենված է եռանկյունաձև պոչի
վրա: Նույն համաչափությամբ մարմնի վերնամասից մինչև պոչն են իջնում
ներքևում սրացող թևերը: Թռչունը ձախ ոտքի ճանկերով թևի վրա պահում է
գնդավոր գլխով իշխանության նշան-մականը, իսկ աջ ոտքի ճանկերով թևի վրա
պահում է փոսիկավոր խաչը՝ հոգևոր նշանը;
Մելիք Եգանն իր զինանշանի համար ընտրելով երկգլխանի արծվի պատկերը,
հավաբար հաստատել է իր կապը Մամիկոնյան-Համազասպյանների հետ: Թեև պետք է
նկատել, որ հակառակ Մամիկոնյանների երկգլխանի արծվի, որը մագիլների մեջ
բռնել է գառ, այստեղ արդեն արծիվը մագիլներում պահում է աշխարհիկ և հոգևւոր
իշխանության նշանները՝ մականը և խաչը:
Մելիք Եգանի զինանշանը որոշ նմանություն ունի նույն ժամանակաշրջանի
ռուսական գերբանշանի հետ, որտեղ առկա է գրեթե նույնական պատկերը, միայն այն
տարբերությամբ, որ ռուսական արծիվը թևաբաց է, և գլուխների արանքում առկա է
ռուսական կայսրության թագը:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 92-95 ՀԱՍԱՆ - ՋԱԼԱԼԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Հայոց
Արևելից երկրամասը՝ պատմական Արցախը, իր բարձրագահ լեռներով, իր ազատատենչ
որդիների ուխտով, երբևէ գլուխ չի խոնարհել որևէ նվաճողի առջև: Թշնամիներն
արնախում գայլերի պղտոր գետի պես եկել են Արցախի վրա, բայց ծեծված, թրջված
կատվի նման՝ պոչները ոտքերի մեջ առած, գլխապատառ փախել են, որ կարողանան
փրկվել:
Երկրամասի իշխանավոր տերեը, որ սերում էին Հայկյան տոհմի
Առանշահիկներից, թշնամիների դեմ մղած դարավոր կռիվներում մաս-մաս
կորցրեցին հայրենի հողերը հյուսիսում, արևելքում, բայց 11-րդ դարի կեսերին,
երբ Մայր հայրենիքում թշնամիների հարվածներից կորսվեց անկախությունը,
Արցախ աշխարհում այն կարողացան պահել:
12-րդ դարի երկրոդ կեսին Ներքին Խաչենում իշխում էր Վախտանգ-Տանգիկը:
Նրա իշխանատիրույթի մայրաքաղաքը Խոխանա բերդն էր, իսկ իշխանատոհմի հոգևոր
կենտրոնը՝ Գանձասարը:
12-րդ դարի 80-ական թվականներին Զաքարյան Սարգիս Բ-ն, սկսելով
Հայաստանի անկախության համար պայքարը, դեռևս իրենց անկախ կամ կիսանկախ
վիճակը պահպանած հայ իշխանների ուժերը միավորում էր ոչ միայն քաղաքական
ճանապարհով, այլև ազդեցիկ իշխանական տների հետ խնամիական կապեր հաստատելով:
Նա իր դուստրերից Դոփին ամուսնացրեց Վերին Խաչենի իշխանաց իշխան Հասան
Ա-ի, Վանենուն (հայտնի է նաև Նանա անունով)՝ Լոռու Կյուրիկյան Աբաս
թագավորի, Նրջիսին՝ Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան իշխանական տան
իշխանազուններից մեկի հետ, իսկ Խորիշահին կնության տվեց Ներքին Խաչենի
իշխան Վախտանգ-Տանգիկին:
Վախտանգ-Տանգիկի և Խորիշահի որդին ու իրավահաջորդը նրանց ավագ որդին՝
Հասան-Ջալալն էր: Նա հորը հաջորդեց 1214 թվականին: Հայրենասեր իշխանապետի
գործունեության սկզբնական 20 տարիներին, մինչև մոնղոլ-թաթար նվաճողական
արշավանքները, բարձրացավ իշխանատիրույթի տնտեսական հզորությունը, ծավալվեց
մշակութային աննախընթաց վերելք: Հասան-Ջալալը մեծ խորաթափանցությամբ ճկուն
քաղաքականություն ծավալեց թաթար-մոնղոլների տիրապետության շրջանում և
հիմնականում զերծ պահեց իր իշխանատիրույթն ավերածություններից: Մոնղոլ
նվաճողների բարեհոգի վերաբերմունքին արժանանալու նպատակով՝ նա 1236
թվականին իր դուստր Ռուզուքանին ամուսնացրեց մոնղոլ զորավար Չարմաղանի որդի
Բորա-Նոյինի հետ:
Մոնղոլների իշխանության հաստատումից հետո՝ 1230-ական թվականների
վերջերից, Հասան-Ջալալը դուրս է բերել իր իշխանատիրույթը Զաքարյան Ավագի
ենթակայությունից, այն դարձրել ինքնօրեն վարչական միավոր՝ հարկատու ուղղակի
մոնղոլներին: Հասան-Ջալալն ինքն իրեն կոչում է <<ինքնակալ բարձր ու
մեծ Արցախական աշխարհի, ինքնակալ Խոխանաբերդի>>: Ժամանակակից
հիշատակությունների մեջ Հասան-Ջալալը պատվվում է <<ինքնակալ>>,
<<արքա>>, <<բարեպաշտ արքա>>,
<<թագավոր>> տիտղոսներով, որոնք բնավ էլ ձևի համար չեն
օգտագործվել, այլ տրվել են Արցախական աշխարհի կողմակալ Հասան-Ջալալին:
Հասան-Ջալալի շինարարական գործունեության գլուխգործոցը Գանձասարի վանքն
է: Հոյաշեն այս կառույցը համարվում է համաշխարհային մշակույթի գանձարանը
մտած հայկական հինգ ճարտարապետական հուշարձաններից մեկը, հայ
ճարտարապետության հանրագիտարանը: Կաթողիկե եկեղեցու կառուցումը 1216
թվականին սկսել են Հասան-Ջալալը, մայրը՝ Խորիշահը, կինը՝ Բաղաց թագավորի
դուստր Մամքանը: 22 տարի է տևել շինարարությունը: Եկեղեցու օծումը տեղի է
ունեցել 1240 թվականի հուլիսի 22-ին, Վարդավառի տոնի օրը, բազմահազար
հյուրերի մասնակցությամբ:
Հասան-Ջալալի տոհմի զինանշանի մասին ոչինչ հայտնի չէ: Իսկ ահա իր՝
Հասան - Ջալալի զինանշանը, փորագրված է Գանձասարի գավթի հյուսիսային մուտքի
վերևում, շրջակալի երկու կողմերում: Պատկերված են դեպի իրար կողմ շարժվող
երկու առյուծներ: Կենդանիները պատկերված են կողքից՝ հարթաքանդակ եղանակով:
Քանդակագործն ընգծել է կենդանիների իշխանատենչ, կամային հատկանիշները,
որոնք արտահայտված եմ բացված երախով, կատաղի աչքերով, դեպի վեր ցցված
պոչերով, սուր մագիլներով: Պետք է նկատել նաև, որ եթե չլինեն կենդանիների
վզի ակոսավոր փոսիկները, որոնք ներկայացնում են առյուծների բաշերը, նրանց
կարելի է շփոթել ցանկացած կենդանու, հատկապես գայլերի հետ, քանի որ
անհավաստի են պատկերված առյուծների գլուխները: Իրար մոտեցող առյուծները
հայր ու որդի Հասան-Ջալալն ու Աթաբեկն են: Անգամ համոզված կարելի է պնդել,
որ Հասան-Ջալալը ներկայացված է ձախակողմյան պատկերում, որտեղ առյուծի
դիմաց փորագրված է վեցթև աստղ՝ իշխանության նշանը:
Զույգ առյուծների այս պատկերը, հավանաբար, դաջված է եղել նաև Հասան-Ջալալի դրոշին, իսկ հետագայում փոխանցվել է Աթաբեկին:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 86-86
ԱՎԱՆԻ ՍՈւՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈւ ԽՈՐԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Երևան քաղաքի հյուսիս-արևելյան եզրին է գտնվում Ավանի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն տեսքով շինություն է: Կառուցված է տեղական սրբատաշ տուֆ քարով:
Եկեղեցու կտուրն ամբողջովին ավերված է: Տեղում պահպանված մանրամասները
թույլ են տալիս ճշտելու, որ այն սկզբնապես կառուցվել է 4-5-րդ դարերում և
այնուհետև մի շարք անգամներ նորոգվել, ունեցել է միաթռիչք երկթեք ծածկով
կտուր: Եկեղեցին ավերվել է 1679 թվականին ահեղ երկրաշարժից և այլևս չի վերականգնվել:
Եկեղեցու արևմտյան արտաքին պատին պահպանվել է շինության հնագույն
վիմագիր արձանագրությունը: Այն փորագրված է 1271 թվականին: Ցավոք,
արձանագրությունը կիսատ է, և պարզ չէ, թե ով է հեղինակը: Եկեղեցու խորանի ճակատային մասը շատ հետաքրքիր ձևավորում ունի: Գլանաձև
եզրակալով ուղղանկյուն հարթության կենտրոնական մասում քանդակված է կլոր
գունդ, որը ձևավորված է մանրաքանդակ նախշերով և իր վրա ունի տարբեր
կտրվածքներով խորացումներ: Գնդի երկու կողմերին փորագրված են արծիվներ:
Արծիվներն ունեն միատեսակ, համաչափ կառուցվածք: Ոտքերով, բաց թևերի եզերով և
պոչով հենված են գնդի վրա: Արծիվների թևերի գլխամասային հատվածները և
ընդգծված կրծքամասերը մշակված են իրար վրա նստած ռոմբավոր խորացումներով,
իսկ պոչը և թևերի եզրային մասերը՝ զուգահեռ ակոսներով: Արծիվների հզոր
ճանկերը խրված են գնդի նախշերի մեջ: Արծիվների գլուխները կոտրված են:
Ամբողջ քանդակն իրականացված է կլոր քանդակի եղանակով և ավարտուն ու
կատարյալ է: Պատկերը
հարդարանքի մաս չէ: Այստեղ գունդը իշխանության, իսկ զույգ արծիվները ուժի
խորհրդանիշ են, այն ներկայանում է իբրև զինանշան:
Դժվար է ասել, թե զինանշանն ո՞ւմ է պատկանել և ե՞րբ է ստեղծվել: ժամանակի
հարցը, թերևս, կարող է լուծել զինանշանի ձախ կողմում փորագրված
արձանագրությունը: Այն նույնպես փորագրվել է 1271 թվականին:
Արձանագրությունը փորագրվել է Մեվանի որդի Ավանշահի անունից՝ եկեղեցու
հերթական նորոգման առթիվ:
Ամենայն հավանականությամբ, խորանի ճակատակալ քարն իր վրա փորագրված
զինանշանով այդ նորոգման արդյունքն է և պատրաստվել ու տեղադրվել է 1271
թվականին: Զինանշանը պատկանո՞ւմ է այս ոչ այնքան հայտնի Ավանշահին, թե՞
Երևանի բնակավայրի այդ ժամանակի տերերից մեկ ուրիշին, առայժմ դժվար է
ճշտել:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 84-85
ՄՇԿԱՎԱՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Մշակավանքի (կամ Մշակավանքի) եկեղեցական համալիրը գտնվում է Լոռու մարզի Կողբ գյուղի մոտ:
Պատմականորեն Կողբ գյուղի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի,
իսկ 11-12-րդ դարերում՝ Տաշիր-Ձորագետի կամ Կյուրիկյան թագավորության կազմի
մեջ՝ ընգրկելով Կողբափոր գավառը և Կանգարքի մի մասը: 1113-ին Կյուրիկյան
թագավորությունն ընկավ և Կողբափոր գավառը միացվեց սելջուկյան Գանձակի
ամիրայությանը: 1124 թվականին Վրաց Դավիթ թագավորն ազատագրեց այդ
տարածքները և միացրեց Վիրքին: 12-րդ դարի վերջին Կողբափորը և հարակից
հողերն անցան Իվան Զաքարյանի տիրապետության տակ:
Մշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը կառուցված է անտառապատ
բլրի բարձրադիր հարթակի վրա: Այստեղ պահպանվել են Սուրբ Աստվածածին
եկեղեցին, սրա արևմուտքից կից գավիթը՝ անկյունային խեցերով:
Պատմիչ Վարդան վարդապետի հաղորդման համաձայն՝ 1119 թվականին այստեղ եղած եկեղեցին երկրաշարժից փլվել է:
Ե՞րբ և ո՞վ է կառուցել ներկայիս եկեղեցախումբը՝ հայտնի չէ:
Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է՝ ծածկված կիսագլանաձև թաղով՝ բարձրադիր երկթեք կտուրով:
Եկեղեցու արևելյան ճակատին առկա է կոմպոզիցիոն բարդ պատկեր:
Խորանի պատուհանի կենտրոնից ուղղահայաց բարձրանում են երկու զուգահեռ
եզրակալներ, որոնք չմիանալով՝ գծում են կլոր շրջանակ, ապա կրկին բարձրանում
և նետի ծայրակալի տեսք ընդունելով՝ կազմում են խաչի հիմքը: Նույն
եզրակալները, դեպի վեր բարձրանալով. անթերի ոճավորված խաչի կառույցի մաս են
դառնում:
Այլ եկեղեցիների վրա ևս այսպիսի ոճավորված խաչեր կան: Այստեղ
առանձնահատկությունն այլ է: Խաչն իր կառույցով վերածվել է զինանշանի: Խաչի
վերին թևի վերնամասում պատկերված է դիմահայաց ցուլի գլուխ: Տեղի
եռանկյունաձև տարածքին համապատասխան՝ հարթաքանդակի եղանակով իրականացված
քանդակն արտահայտիչ երևում է. կարճ կոտոշներ, կլոր գլխամաս, նեղացող
դնչամաս, նշաձև աչքեր:
Այս պատկերի զինանշան լինելը (այլ կերպ այն չէր հայտնվի խաչի վերին թևի
ներսում) հաստատող մյուս մանրամասնը խաչի հիմքի և պատուհանի միջև գտնվող
կլոր շրջանակն է, որը փոխարինում է օղակին՝ իշխանության նշանին: Շրջանի
ներսում փորագրված հնգաթև աստղի թևերի միջև ռոմբաձև տարածքում առկա հինգ
գնդերը ևս հաստատում են, որ ամբողջ պատկերը զինանշանային է:
Երկրամասի թե՛ նախկին տերերը՝ Կյուրիկյանները, թե՛ եկեղեցու կառուցման
ժամանակակից տերերը՝ Զաքարյանները, իրենց զինանշանին ցուլ չեն պատկերել:
Ամենայն հավանականությամբ, սա տեղացի որևէ իշխանի զինանշան է:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 82-83
ՇԱՀՈւՌՆԵՑՈՑ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Օրբելյանների իշխանատիրույթում ճանաչման է արժանացել Շահուռնեցոց տոհմը: Այս տոհմի
նշանավոր ներկայացուցիչը Վահրամ Շահուռնեցին է, որ Օրբելյանների
զորաբանակի սպարապետն էր: Հավատարիմ ծառայության համար այս քաջազուն
զորավարը 13-րդ դարի 70-ական թվականներին Տարսայիճ Օրբելյանից որպես
կալվածք ստացել է Վայոց Ձորի Հերհեր գյուղը՝ իր շրջակայքով:
Վահրամ Շահուռնեցուց հետո նրա գործը շարունակել են որդիները՝ Ուքանը,
Ամատը, Հասանը: Թե՛ Վահրամը, թե՛ որդիները նահատակվել են թշնամիների դեմ
մղած մարտերում:
1340-ական թվականներին իշխանատիրույթի գահերեց տերերից Բաշքեն
Օրբելյանն իր որդի Կուկային ամուսնացնելով Ամատի միակ դուստր Նաթիլի հետ՝
տիրացավ պատմության թատերաբեմից հեռացած Շահուռնեցոց տիրույթներին:
Հերհեր գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արևելք, երկու ձորերով եզերվող
բլրի գագաթին գտնվող հնագույն Սուրբ Սիոն միանավ եկեղեցու հարավային պատին
կից, Վահրամ Շահուռնեցու օրոք, 1282-83 թվականներին կառուցվել է Սուրբ
Աստվածածին միանավ, թաղակապ եկեղեցին:
Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատի միակ պատուհանի պարակալի գլխին տեղադրված է Շահուռնեցոց տոհմի զինանշանը:
Դիմահայաց արծվի արձանային քանդակը հիմնականում կրկնում է գահերեց
տերերի՝ Օրբելյանների զինանշանը: Արծիվը թևաբաց դիրքով, մարմնի միջնամասից
սկսվող ամուր մագիլներով հենված պատուհանի պսակին: Մարմինը լիքն է,
ծավալուն, ձևավորված պարուրաձև կլորացող շրջանակներով: Գլուխը կլոր է, հզոր
կտուցը մի փոքր խոնարհված է, խոշոր աչքերով հետևում է իր մարմնի տակ
սեղմված ու ողնաշարաջարդ արված խոյին: Արծվի բաց թևերը, ընդհանուր
բացվածքին համապատասխան, ձևավորված են զուգահեռ ակոսներով: Գլխով դեպի ձախ
ուղղված խոյի մարմինը չի երևում. արծվի մարմինն այն ամբողջովին ծածկել է,
ձախ կողմի թևի բացվածքի վրա երևում է խոյի առավել մանրամասն մշակված
գլուխը, որ ուղղված է դիտողին: Խոյի անպաշտպան ու տառապագին վիճակն
արտահայտվում է վերջինիս դուրս ընկած աչքերով:
Շահուռնեցոց զինանշանային արծիվը մատնանշում է վերջինիս ուժը,
հզորությունը և թշնամիներին ճզմելու, ոչնչացնելու համոզմունքն ու
վստահությունը:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, Տիգրան ՀայազնՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Զաքարյանների իշխանապետության հզոր, ինքնօրեն իշխանատոհմերից են
Օրբելյանները: Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ
տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին
հայտնվեցին 12-րդ դարի վերջին:
Էլիկում Ա-ն, հավանաբար, 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի,
Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ
բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր: Նա ամուսնացավ տեղական
մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝
Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեց նրա քաղաքական կողմնորոշման գործում
դեպի հայկականն ու հայությունը: Նա զոհվում է 1184 թվականին, Գանձակի
ճակատամարտում: Միակ որդին՝ Լիպարիտ Գ-ն, մոր հետ արգելափակվում է
Նախճավանում:
Իսկ հայ-վրացական զորագնդերն արդեն մոտենում էին Սյունիքին: Ստեփանոս
եպիսկոպոսը դիմում է Իվանե Ա Զաքարյանին, Թամար թագուհուն, վերջինիս որդի
Գեորգի Լաշային և նրա հովանավորությամբ կազմակերպում քրոջ որդու փախուստը
Նախճավանից: Իվանե Ա Զաքարյանը Լիպարիտ Գ-ին նշանակում է Սյունիքի վրա
հարձակվող զորաջոկատներից մեկի հրամանատար: Լիպարիտ Գ-ն կռվում է քաջաբար և
Սյունյաց լեռնաշխարհն ազատագրելուց հետո Իվանե Ա-ից տիրույթներ է ստանում
Գեղարքունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Ուրծում: Այս Լիպարիտ Գ-ով էլ
սկսվում է Օրբելյան իշխանատոհմը:
Օրբելյան իշխանատոհմը հայ իրականությանը տվել է ականավոր ռազմական,
քաղաքական և հոգևոր գործիչներ: Լիպարիտ Գ-ի որդի Սմբատ Բ-ն, որ մոնղոլների
տիրապետության պայմաններում այնքան հզոր դիրք ուներ Հայաստանում և
մոնղոլական արքունիքում, որ իր իշխանատիրույթում ինքնօրեն արքա էր
ճանաչված, Տարսայիճ Ա-ն, վերջիններիս ժառանգներն ավելի քան երեք ու կես
հարյուրամյակ տիրեցին երկրամասին՝ կռվելով բազում թշնամիների դեմ, անխարդախ
ծառայելով հայ ժողովրդի հարատևության գաղափարին:
Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես
նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում,
Ցաղաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդևանքում, Մամասի
վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք
ձեռագրեր: Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների
նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը
վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի
սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում:
Մեծ է Օրբելյանների իշխանատոհմի ծավալած շինարարական
գործունեությունը: Ավելի քան մեկ դարի ընթացքում Օրբելյան տան տարբեր
իշխանավորներ (Լիպարիտ Գ, Սմբատ Բ, Տարսայիճ Ա, Բուրթիլ Բ) կառուցել են
Նորավանքի հոյաշեն եկեղեցիները, գավիթը, տոհմական տապանատունը: Այստեղ
աշխատել ու շինությունները կառուցել են միջնադարյան Հայաստանի հանճարեղ
ճարտարապետներ Սիրանեսը և Մոմիկը: Օրբելյան տան պատվերով են կառուցվել
Արենիի հոյաշեն եկեղեցին, Սելիմի իջևանատունը, Սուրբ Կարապետը, բազմաթիվ
բերդեր, պալատական շինություններ:
Օրբելյանների տոհմը խնամիական կապերով կապված էր ժամանակաշրջանի մյուս
հայկական իշխանատոհմերի հետ, իսկ Տարսայիճ Ա-ի Էլիկում որդու շառավիղ
Բաշքեն Բ-ի դուստրը 15-րդ դարի առաջին կեսին Վրաստանի թագուհին էր, իսկ
որդին՝ Ռուստամը, հասավ կարա-կոյունլու թուրքմենների պալատական վեզիրի
պաշտոնին և նպաստեց Սյունիքում ու Այրարատում իր տոհմի իշխանությունը որոշ
ժամանակով ամրապնդելուն:
Օրբելյանների իշխանատոհմի առաջին ներկայացուցիչների շրջանից զինանշանային
պատկերներ չեն պահպանվել: Այն օրինակները, որ հասել են մեզ, վերաբերվում են
14-րդ դարի սկզբին և առաջին կեսին:
Զինանշանանյին երկու պատկերներ պահպանվել են Օրբելյանների տոհմական տապանատանը՝ Նորավանքում:
Կառուցման թվականով վաղագույնը Սմբատ Բ-ի դամբարանում գտնվող Տարսայիճ
Ա-ի որդի Էլիկում Դ-ի տապանաքարի բարձրաքանդակն է: Այն պատրաստված է
1310-ական թվականներին: Տապանաքարի վրա փորագրված է հասակով մեկ կանգնած
առյուծ, որը մարմնի վերնամասով շրջվել ու նայում է դիտողին: Առջևի թաթերը
հպված են կողերին: Դեմքը տիրական է, խորն ընկած աչքերը՝ վեհ ու հերոսական,
մեջքին առկա է բծավոր բաշը: Պոչը ոտքերի միջնամաով փաթաթված է ոտքին:
Առյուծի պատկերով զինանշաններ ունեն Զաքարյանները, Վահրամյանները,
Պռոշյանները, Հոնենք, սակայն այստեղ այլևս պայմանականություն չկա, և
որպեսզի պարզ լինի, որ իրոք, տապանաքարի վրա զինանշան է պատկերված,
ընթերցենք տապանագիրը. <<Թվիս ՉԽԹ (1300): Զգեղեցկատիպն Էլիկում,
որդի մեծի Տարսայիճին որ առյուծորեն խրոխտ մռընչեր ընդէմ այլասեռ
գնդին...>>:
Արձանագրությունից հետևում է, որ Էլիկում Դ-ն առյուծաբար կռվել է
այլացեղ թշնամիների դեմ: Հավանաբար, նույն պատկերը եղել է նաև նրա դրոշի
վրա: Բուրթելաշեն եռահարկ եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում,
պեղումների ժամանակ գտնվել է մագիլներով գառ բռնած արծվի արձանային քանդակ:
Պատմաբանները կարծում են, որ քարը նախապես եղել է եկեղեցու վերնամասում,
երկրորդ հարկի ճակատային մասում: Զինանշանը պատրաստվել է եկեղեցու
կառուցման ժամանակ՝ 1330-ական թվականներին: Զինանշանը, ինչպես և եկեղեցին,
հավանաբար, կերտել է Մոմիկ ճարտարապետը: Արծիվը պատկերված է դիմահայաց,
հզոր, տիրական գլխով, ուղղորդված, սուր հայացքով: Թևերը մարմնից հեռացած ու
ուղղահայաց իջնում են ներքև: Հոդերի մասում ձևավորված են կլոր վարդյակով,
իսկ ընդհանրապես՝ զուգահեռ փոսիկներով: Մարմնի ներքնամասից սկիզբ առնող
ոտքերը մշակված են թեփուկաքանդակային եղանակով: Հզոր մագիլներով հենված է
գառան ողնաշարի վրա: Թեև վերջինիս մարմնի ոչ մի մանրամասնը շեշտված չէ,
բացի ականջներից, բայց պատկերված է իրական գծերով: Կենդանու վիզը մարմնի
համեմատ երկար է, ինչը երբեմն գառը եղնիկի հետ շփոթելու պատճառ է դառնում:
Կենդանին պատկերված է առջևի ոտքերը ծալած, ծնկած վիճակում և լիովին
արտահայտում է Օրբելյան իշխանավորի գերագահ դիրքը շրջապատի թշնամիների
նկատմամբ, որոնց պահել է ծնկաչոք վիճակում: Հիշատակարաններում հենց այդպես
էլ խոսվում է Բուրթել Բ-ի մասին, որ ժամանակակիցներից ստացել է Մեծ
հորջորջումը:
|
Սելիմի իջևանատուն: Օրբելյանների զինանշանը (Լուսանկարը՝ Մերի Մամյանի) |
Սակայն արծվաքանդակի այսօրինակ մոտիվով զինանշանը Օրբելյան տոհմում առաջինն
օգտագործել է Բուրթել Բ-ի հորեղբայր Ջալալ Օրբելյանը: Ջալալը Տարսայիճ Ա-ի և
Մինախաթունի որդին է: Նրա տիրույթները գտնվում էին Ուրծաձորում և Արած
գավառներում (ներկայումս՝ Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջաններում):
Իշխանատիրույթի մայրաքաղաքը Չիվա գյուղն էր, որը 1298 թվականին նա վաճառեց
ավագ եղբորը՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Ջալալի կինն էր Զաքարյան տոհմի
Իվանե Բ-ի դուստր Գոնցան: Նրանք միասին ներկայիս Արածո գետի (Արարատի
տարածաշրջանում) վերին հոսանքում կառուցեն են Սուրբ Կարապետ վանքը, որ
կոչվել է նաև Սպիտակավոր Աստվածածին: Ահա այս կառույցում էլ պահպանվել է
արծվի բարձրաքանդակով զինանշանը: Այն առանձին քարի վրա է: Արծիվը
դիմահայաց, կիսաբաց թևերով է, մշակված թեփուկաքանդակային եղանակով,
մագիլներում ճզմել է գառան ողնաշարը: Զինանշանակիր քարը նախապես ագուցված է
եղել եկեղեցու պատի մեջ ու հետագայում շենքի քանդվելու պատճառով ընկել է
եկեղեցու ներսը Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1301 թվականին: Այդ նույն
ժամանակ էլ, հավանաբար, պատրաստվել է զինանշանը: Տարիներ շարունակ
հավատացիալները արծվակիր քարի վրա մոմ են վառել, որի հետևանքով զինանշանը
ծածկվել է մոմի մնացորդներով ու սևացել:
Փաստորեն, նույնապատկեր արծվակիր զինանշան ունեցել են Տարսայիճ Ա-ի որդիներ Էլիկում Գ-ի և Ջալալի ճյուղերը:
Իսկ ահա Տարսայիճ Ա-ի եղբոր Իվանե Գ-ի թոռը՝ Լիպարիտ Դ-ի որդի Չեսար
իշխանը, որի տիրույթները տարածվում էին ներկայիս Գլաձորի և Վերնաշենի
սահմաններում, զինանշանի համար ընտրել է այլ կենդանու՝ ցուլի պատկերը: Այն
քանդակված է 1332 թվականին կառուցված Սելիմի իջևանատան մուտքի ձախ կողմում,
վերնամասում: Ցուլը պատկերված է զոհի վրա հարձակվելու պահին: Առջևի ոտքերը
համաչափորեն ծալված են, պոչը ցցված է մեջքի վրա: Կենդանին դեմքով նայում է
դետողին: Կիսակլոր եղջույրները նույնպես շեշտում են ցուլի կատաղությունը:
Խաղբակյան իշխանատոհմի ներկայացուցիչները, որ Օրբելյանների հարևաններն
էին, ի սկզբանե որդեգրեցին Սյունյաց իշխանատան զինանշանային պատկերասրահի
կենդանիներին (առյուծ, արծիվ, ցուլ)՝ դրանով հաստատելով իրենց ժառանգական
իրավահաջորդությունը Սյունյաց իշխանատան նկատմամբ: Մինչդեռ Օրբելյանների
իշխանատան առաջին ներկայացուցիչները, որոնք եկվոր էին, գիտակցաբար չդիմեցին
այդ պատկերասրահին, իսկ մեկ հարյուրամյակ անց նրանց ժառանգներն
օգտագործեցին դրանք:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 74-79
ԽԱՂԲԱԿՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Զաքարյան եղբայրների մղած ազատագրական կռիվներին մասնակցեցին Խաղբակ Խաչենցու զավակները:
1201-1203- ական թվականներին Վասակ Խաղբակյանը, նրա եղբայրներ Գրիգորը,
Ջաջուռը, որդիներ Պապաք Ա-ն, Մգդեմը, Պռոշ Հասանը մասնակցել են Բջնիի,
Դվինի, Վայոց Ձորի համար մղված մարտերին: Հաղթական պատերազմներից հետո
Զաքարյան Իվանե Ա-ն Վասակ Խաղբակյանին հանձնեց Կեչառիսից մինչև Վայոց Ձոր,
Արփա գետի վերին հոսանքներն ընկած հողերը՝ շնորհելով նրան իշխանական կոչում
և տալով կողմնակալ-կուսակալի պաշտոնը: Վասակ Խաղբակյանն իր իշխանության
մայրաքաղաքը դարձնում է Սրկղունք ավանը (ներկայումս՝ Եղեգնաձորի
տարածաշրջանի Վերնաշեն գյուղը): Գրիգոր Խաղբակյանին տրվեց Ուրծ գավառի մի
մասը (ներկայումս՝ Արարատի տարածաշրջանի հյուսիսային մասը):
Նոր իշխանատունը տոհմի հիմնադիր Վասակի հոր անունով ի սկզբանե կոչվեց
Խաղբակյան, սակայն ի պատիվ Վասակի որդի ու իրավահաջորդ Պռոշ Հասանի՝ ստացավ
Պռոշյան անվանումը:
Զաքարյան իշխանապետությունը և բովանդակ հայ պատմությունը շատ աղքատ կլիներ առանց այս առնական, շինարար, մշակութանպաստ տոհմի:
Անկախ նրանից, թե երկրում ինչպիսի իրադրություն էր, հարմար թե անհարմար,
միևնույն է, հայը պետք է կառուցեր և կառուցեր հիմնավոր: Կառուցեր բերդեր,
որ պաշտպաներ իր ինքնությունը, կառուցեր եկեղեցիներ, գրատներ, դպրանոցներ,
համալսարաններ, որ իր ոգուն հավերժություն ապահովեին: Եվ Խաղբակյան տան
բոլոր սերունդները իրենց իշխանատիրույթում կանգնեցին ազգանպաստ այդ մեծ
գործի գլուխ: Արդեն 1214 թվականին Վասակ Ա-ի պատվերով ավարտվում է Կեչառիսի
Կաթողիկե եկեղեցու կառուցումը: Սրան հաջորդում են Գլաձորի սուրբ
Ստեփանոսը, Ոծոպը, Կուչին, Վանստանը, Աղջոց Սուրբ Ստեփանոսը, այլ
կառույցներ: Բայց այս տոհմի շինարարական գործունեության գլուխգործոցը,
անշուշտ, 13-րդ դարի 40-ական թվականներին Պռոշ Հասան իշխանի կողմից
Զաքարյան Ավագից գնված Գեղարդավանքում 1280-ական թվականներին փորված
վիմափոր եկեղեցիներն են:
Իշխանական այս տոհմից են սերվել բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և հոգևոր գործիչ Զաքարիա Գնունյաց եպիսկոպոսը:
Խաղբակյանները մինչև 13-րդ դարի սկիզբը հողային տիրույթներ ունեին
Խաչենում, իբրև իշխանական տոհմ՝ հնարավոր է ունենային նաև զինանշան, սակայն
այդ մասին հավաստի տեղեկություններ չկան: Իսկ երբ նրանք տեր դարձան
Կեչառիսից մինչև Արփա գետն ընկած հողերին և ստանձնեցին կուսակալի պաշտոն,
որդեգրեցին նոր զինանշան:
Նոր զինանշանը ընդունվել է Վասակ Ա-ի օրոք և առաջին անգամ հանդիպում է
Կեչառիսի Կաթողիկե եկեղեցում: Պատկերագրության առանցքը դիմահայաց արծիվն
է, որը մագիլներով բռնել է խոյի ողնաշարից: Զինանշանը կրող քարը նախապես
եղել է Վասակաշեն Կաթողիկե եկեղեցու պատին, բայց հետագայում ցած է ընկել:
Զինանշանային այս պետկերագրության ընտրությունը, հավանաբար, կայանում է
նրանում, որ Վասակ Ա Խաղբակյանը ցանկացել է հաստատել, որ իրենք՝
Խաղբակնանները, հանդիսանում էն Սյունյաց թագավորության իրավահաջորդները, և
այդ ժառանգականությունը ապացուցում են վերջիններիս զինանշանը սեփականելով:
Խաղբակյան տոհմի հաջորդ ներկայացուցիչները հետագայում լրացնելով,
հարստացնելով պատկերավորման մանրամասները՝ հավատարիմ մնացին որդեգրած
զինանշանին:
Գլաձորի համալսարանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի հարավային
պատուհանի պսակից վեր, արտաքուստ, կառուցման ժամանակ տեղադրվել է
իշխանատիրույթի զինանշանը: Այստեղ ևս արծիվը պատկերված է դիմահայաց: Գլուխը
տիրական տեսք ունի, աչքերը խիստ են, կտուցը՝ զորեղ: Թռչնի թևերը
ամբողջովին բաց են, վերնամասում դրանք ձևավորված են զիգզագ նախշազարդերով,
որոնք այնուհետև զուգահեռ ակոսներով իջնում են մինչև թևերի ծայրը: Կուրծքը
լիքն է, ամուր, ձևավորված անկանոն՝ մեծ ու փոքր շրջանակներով: Հզոր
մագիլներով սեղմել, գամել է գլխով դեպի աջ դարձած խոյին: Կենդանու՝
դիտողին ուղղված հայացքը, ցավից բնականորեն ձգված ոտքերն ավելի են
ընգծում արծվի կամքը, ուժը: Արծվի մարմնի չորս անկյուններում գեղագիր
տառերով փորագրված է եկեղեցու կառուցման թվականը՝ <<Թ (վին) ՉԻԲ
(1273)>>:
Խաղբակյանների զինանշանային տարբերակներից մեկը Գեղարդի վիմափոր
գավիթում է: Սրահի երկու կամարները միացնող սյան գլխին երևում է ցուլի
գլուխ՝ բերանից օղակ կախված, որից շղթայված են երկու իրար դեմ-հանդիման
կանգնած և դեմքով դիտողին դարձած առյուծներ, որոնց պոչերի ծայրերն
ավարտվում են վիշապի գլուխներով: Շղթայի տակ, կենտրոնական մասում
պատկերված է դիմահայաց, թևերը կիսաբաց, կուրծքը բնականորեն դուրս ցցված
արծիվը, որը մագիլներով պահում է խոյի ողնաշարից: Գլաձորի պատկերաքանդակին
հակառակ՝ այստեղ խոյը գլխով դարձած է դեպի ձախ, իսկ ամբողջ քանդակաշարքը
մատուցված է առանց մանրամասների ընգծման, հարթ մշակմամբ: Սակայն ամբողջական
պատկերը խիստ ազդեցիկ է ու խոսուն: Առյուծները կերպավորում են Պռոշ Հասանի
Պապիկ Բ և Ամիր Հասան Ա որդիներին, որոնք հավերժորեն կապված են հայրենիք
պաշտպանության շղթային:
Խաղբակյանների
իշխանանիստ-մայրաքաղաքում՝ Սրկղունք գյուղում, կառուցվել է պալատ
(դարբաս): Պալատի մուտքի բարավորին քանդակված է եղել տոհմական զինանշանը՝
դեմ-դիմաց կանգնած զույգ առյուծներով, սակայն այդ քարը հետագայում
օգտագործվել է այլ նպատակով, և առյուծների պատկերները փշրվել են:
Հետաքրքիր լուծում է տրված պատմական Գոմբ գյուղում, 1277 թվականին
կառուցվածորմնփակ խաչքարին: Գոմբ գյուղի որմնափակ խաչքարը կառուցվել է
Խաղբակյանների տան ծառայական Խոդյանի որդիների՝ Մխիթարի և Արևիկի պատվերով:
Որմնափակ խաչքարի արևելյան կամարին, պատուհանից վերև քանդակված է
իշխանատիրույթի տերերի՝ Խաղբակյանների զինանշանը՝ դիմահայաց, կիսաբաց
թևերով արծիվը, որ մագիլներով ճզմել է դեմքով դեպի ձախ դարձած խոյին: Այս
քանդակի արծիվը ձևով կրկնում է Գլաձորի Սուրբ Ստեփանոսի թմբուկի վրա եղած
քանդակին:
Հետաքրքրական է, որ նույն որմնափակ խաչքարի արևմտյան կողմում, ներքևի
ճակատին պահպանվել է ևս մեկ զինանշանային քանդակ. իրար դեմ-հանդիման
կանգնած են առյուծ և ցուլ: Ինչպես Գեղարդում՝ Խաղբակյանների տոհմի հիմնական
զինանշանում, այստեղ ևս առկա են առյուծը և ցուլը: Հավանական է, որ
որմնափակ խաչքարի նաև այս զինանշանային պատկերաքանդակը նույնպես պատկանում է
Խաղբակյաններին: Որմնափակ պաչքարը, որ նույնաբնույթ հուշարձանների մեջ
լավագույններից է, ինչպես նաև զինանշանները, պատրաստել են քարգործ
վարպետներ Մխիթարը և Շնորհավորը:
Մեծանուն հայագետ Գարեգին Հովսեփյանցը դարասկզբին Գոմք գյուղի մոտ
գտնվող գյուղատեղում տեսել, նկարագրել է մի խոյաձև տապանաքար, որը
պատրաստվել է 1264 թվականին, Փուրղուլի եղբոր՝ Ճուրղուլի հիշատակին:
Տապանաքարի մի երեսին դեմ առ դեմ կանգնած են շղթայից զարկված առյուծ և
ցուլ, իսկ մյուս երեսի պատկերների մեջ առկա է մագիլների մեջ խոյ բռնած
արծիվը: Փաստորեն տապանաքարի վրա առկա են Խաղբակյան տոհմի զինանշանային
պատակերները:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 69-73 |