ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԻՄ ԵՐԵՎԱՆ
Տիգրան ՊետրոսՅանց
Ե Ր ԵՎ Ա Ն
Երևան, Հայոց քաղաքամայր,
Արգիշտին է դրել քո հիմնաքարը,
Բայց դու կայիր դեռ նրանից առաջ:
Դու Մարդատուն էիր,
Դու Հայատուն էիր դեռ նրանից առաջ:
Հրազդանի ձորում հարյուր հազար տարի
Մշակույթ էիր կերտում,
Շենգավիթ էիր հիմնում,
Ծիծեռնակաբերդում թշնամիներիդ դիմակայող
Բերդ կառուցում...
Երևան, Հայոց քաղաքամայր,
Հայկական զեն ու զորքով
Արգիշտի արքան եկել
Եվ կարմրահող բլրի վրա,
Արարատի դիմաց,
Բերդ-քաղաքի
Հիմնաքար է դրել
Ու կոչել Էրեբունի:
Երևան, Հայոց քաղաքամայր,
Քո գլխով դարերն ակնթարթի պես են սահել,
Թշնամիներդ փոշի են դարձել դարերի մեջ,
Եվ դու Էրեբունուց դարձել ես Երևան...
Երևան, Հայոց քաղաքամայր,
Դու Հաղթել ես Ժամանակին,
Դու եղել ես, դու կաս,
Եվ պարտք ունես՝
Մնալ Հավերժ մայրաքաղաք...
1967 |