՛՛ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ՛՛ ԳԻՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ
2013 թվականի ապրիլի 23-ին Արթիկ քաղաքի քաղաքապետարանի և քաղաքային
գրադարանի նախաձեռնությամբ քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ ծնունդով
արթիկցի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության և
նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների
թեկնածու, դոցենտ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին քաղաքի և տարածաշրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մտավորականներ: Բացման խոսք ասաց քաղաքային գրադարանի տնօրեն Օլգա Նահապետյանը:
Գիրքի բովանդակությունը ներկայացրեցին քաղաքի թիվ 1 դպրոցի
աշխարհագրության ուսուցչուհի Մարիամ Միքայելյանը և թիվ 5 դպրոցի
աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը: Գրքի մասին խոսեցին,
արժևորեցին քաղաքապետի տեղակալ Գևորգ Ղուլիջօղլյանը, քաղաքապետարանի
կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Համլետ
Գասպարյանը, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Արփիկ Մանանդյանը, Շիրակի մարզային
գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը: Գրքի խմբագիր Տիգրան ՊետրոսՅանցն իր
խոսքում նշեց. ՛՛Աշոտ Աջամօղլյանը Արթիկի զավակ է և այս շնորհանդեսը նաև
հաշվետվություն է իր հարազատ ծննդավայրին, իր ուսուցիչներին ու
համաքաղաքացիներին: ՛՛Վերելք Արարատ՛՛ գիրքը ուղիղ 200 տարվա պատմություն է
ընդգրկում և ներկայացնում է 1701-1902 թվականներին Հայոց Սուրբ լեռան՝
Արարատի 20 վերելքների պատմությունը: Գիրքը և գիտական, և հանրամատչելի
տարրերի հանրագումար է և սեղանի գիրք պատմության, աշխարհագրության,
գրականության ուսուցիչների համար: Հեղինակը շուրջ 10 տարի պրպտել է,
ծանոթացել բազում աղբյուրների, նորովի թարգմանել է տվել մի քանի
հեղինակների տեղեկությունները և սեղանին դրել այս ավարտուն աշխատանքը՛՛:
Տ.Պետրոսյանցն օգտվելով առիթից, որ ներկա են դպրոցների տնօրեններ,
ուսուցիչներ կոչ արեց, որ նրանք իրենց դպրոցների շրջանավարտներին ուղղորդեն
ուսումը շարունակելու մանկավարժական համալսարանում: Նա քաղաքային
գրադարանին նվիրեց համալսարանի 90-ամյակի կապակցությամբ հրատարակված շքեղ
ալբոմի հայկական տարբերակը, համալսարանը ներկայացնող ուղեցույցներ: Նա
Շիրակի մարզային գրադարանին, Արթիկի քաղաքային գրադարանին, ՛՛Շանթ՛՛
հեռուստաընկերությանը նվիրեց իր ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛,
՛՛Խենթերը՛՛, ՛՛Ապարանի հերոսամարտը՛՛ գրքերի օրինակներ: Հուզիչ էր
Աշոտ Աջամօղլյանի խոսքը. ՛՛Ես ծնվել ու հասակ եմ առել այս քաղաքում և
ավարտելով մանկավարժական մայր բուհը վերադարձել ու աշխատել եմ այստեղ: Թեև
հետագայում աշխատել եմ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում և արդեն մեկ
տասնամյակից ավելի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում,
երբեք չեմ կտրվել իմ ծննդավայրից: Ես միշտ այստեղ եմ և մասնակից եմ իմ
քաղաքի հասարակական-մշակութային կյանքին ու դրանով միշտ հպարտանում եմ՛՛:
Նա Շիրակի մարզային գրադարանին և Արթիկի քաղաքային գրադարանին նվիրեց
՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի օրինակներ: Շնորհանդեսի մասնակիցները ևս ստացան
գրքի հեղինակային ստորագրությամբ օրինակներ: Շնորհանդեսին զուգահեռ
կազմակերպվել էր Մանկավարժական համալսարանի նույն ամբիոնի աշխատակից,
քարտեզագիր, ճանապարհորդ, լուսանկարիչ Տիգրան Բաբայանի ՛՛Պատմական
Հայաստանը լուսանկարներում՛՛ ցուցադրությունը: Մասնակիցներն առանձնակի
կարոտով դիտում էին Անի մայրաքաղաքի, Կիլիկիայի, Կապադովկիայի, Երզնկայի,
Վանի, Տիգրանակերտի հայկական արժեքներին, բնապատկերներին նվիրված
լուսանկարային տախտակները: Վերջում ցուցադրվեց ռուս ալպինիստների խմբի Արարատի գագաթ բարձրանալուն նվիրված ֆիլմը: Շնորհանդեսի մասին ընդարձակ հաղորդում ցուցադրեց ՛՛Շանթ՛՛ հեռուստաընկերությունը:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
|