Հայ-ռուսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է
20.07.2012
Հուլիսի 16-18-ը Հայկական պետական մանկավարժական համալսարանի
Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Սրբուհի
Գեւորգյանն ու Տարիքային եւ
մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Կարապետյանն
աշխատանքային այցով ՌԴ-ում էին: Նրանք հանդիպումներ ունեցան Մոսկվայի
քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի ղեկավարության հետ՝ երկու
բուհերի միջեւ համագործակցության համաձայնագրի շրջանակում: ՀՊՄՀ
ներկայացուցիչները ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռուբեն Միրզախանյանի որոշմամբ Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական
համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի իսկական անդամ,
ակադեմիկոս Վիտալի Ռուբցովին շնորհեցին «Մանկավարժական համալսարան»
բարձրագույն պարգեւը եւ փոխանցեցին ՀՊՄՀ 90- ամյակի հոբելայնական
միջոցառմանը մասնակցելու հրավեր: Երկօրյա
այցելության ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին
պրոֆեսորդասախոսական կազմի եւ ուսանողների փոխայցելությունների վերաբերյալ,
ինչպես նաեւ մագիստրոսական ծրագրերի համատեղ կազմակերպման, երեքշաբաթյա
ժամանակահատվածում մանկավարժական պրակտիկայի համատեղ կազմակերպման շուրջ՝
Երեւանում եւ Մոսկվայում: Ձեռք բերվեց նաեւ պայմանավորվածություն
տարածաշրջանային հոգեբանական կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Դրանից
զատ, ՀՊՄՀ պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու այդ
բուհի ռեսուրսներին, մասնավորապես, 300 000 էլեկտրոնային գրականությամբ
հարուստ գրադարանի: Ի դեպ, նրանց գրադարանի կայքը ճանաչվել է 2011 թվական
«Ոսկե կայք»: Գրադարանի տնօրեն Նատալյա Կրիվիտսկայան ներկայացրեց
էլետրոնային գրադարանի պատմությունը, պարբերականությունը, ռեսուրսային
հագեցվածությունը: Հեռավար
կրթության ֆակուլտետի դեկան Այսմոնդաս Բրոնյուսի հետ Սրբուհի Գեւորգյանն
ու Վլադիմիր Կարապետյանը քննարկեցին էլեկտրոնային տարբերակով ուսուցման
կազմակերպման եւ on line ռեժիմով դասախոսություններ կարդալու
հնարավորությունը՝ ՀՊՄՀ ուսանողների համար, ինչը մեզ հետ զրույցում Սրբուհի
Գեւորգյանը համարեց իրականանալի եւ շատ արդյունավետ ծրագիր: Մանկավարժականի
հյուրերին ռուս գործընկերները ծանոթացրին «Խաղալիքի հոգեբանական
փորձաքննության կենտրոն»-ի հետ, որի ղեկավար Ելենա Սմիրնովան ներկայացրեց
կենտրոնի աշխատանքները եւ փորձաքննությունների կազմակերպման գործընթացը,
դրա առանձնահատկությունները եւ այլն: Մեկ ժամից
ավելի աշխատանքային հաղորդակցություն է տեղի ունեցել Մոսկվայի քաղաքային
հոգեբանամանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Զոյա
Մակարովսկայայի հետ: Առանձին հանդիպումներ միջազգային հարաբերությունների
բաժնի ղեկավար Գալինա Գաբունյայի աշխատակազմի հետ, որն առանձնահատուկ
ուշադրության կենտրոնում է պահել հայ գործընկերներին: Սրբուհի Գեւորգյանն
աշխատանքային արդյունավետ հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ է ունեցել
նաեւ պրոռեկտորներ Արկադի Մարգոլիսի, Յուրի Զաբրոդինի, ինչպես նաեւ
հոգեբանական մշտադիտարկման լաբորատորիայի վարիչ Սվետլանա Ալյոխինայի հետ:
|