ԻՄ ՀՅՈՒՐԸ
Ուրբաթ օրը՝ հուլիսի 12-ին գրադարան էր եկել Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Էմմա Սիմոնյանը համակուրսեցի ընկերուհու՝ Վարսենիկի հետ: Նա ծնվել է պատմական Փարպի գյուղում, որի եկեղեցու պատին ուղիղ 828 տարի առաջ՝ 1191 թվականին արձանագրություն է փորագրել Հայոց պետականության վերականգնող ԶԱՔԱՐԵ շահնշահը:
Հանգամանալից խոսակցություն ծավալվեց գրականության և մերձգրական հարցերի շուրջ:
Էմման գրադարանին նվիրեց իր առաջին՝ «Ապրելու ապրիլ» գրքի երկու օրինակ:
ԷՄՄԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ
Երեկ հանդիպեցի ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն պարոն ՊետրոսՅանցին: Գնացել էի գրադարանին նվիրելու «Ապրելու ապրիլը»: Զրույցի ընթացքում իմացա, որ մեր մեծանուն դասախոսը ոչ միայն մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրենն է, այլև 1993-94 թթ-ին մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել վաշտի հրամանատար՝ փոխգնդապետ: Հետաքրքիր էր լսել պարոն ՊետրոսՅանցի անցած ուղու մասին: Բազմաթիվ գրքերի, թերթերի, հանդեսների հեղինակն այսօր էլ զսպված հուզմունքով է վերհիշում Արցախյան ազատամարտն ու հակառակորդի արած վայրագությունները: Փոքր-ինչ զայրացած ասում է.
-Ես չեմ ներելու թուրքին, ես տեսե՛լ եմ, ես զգացե՛լ եմ նրա արածների հետևանքները:
Գոյապայքարի ժամանակ վնասվել էր պարոն ՊետրոսՅանցի ձեռքը, բայց դա չկոտրեց նրա աննկուն կամքն ու մարտական ոգին: 2016 թ-ի գոյապայքարն սկսելուն պես լեգենդար հրամանատարը նորից շտապես սահման՝ սատար կանգնելու հայ զինվորին: Չէ՞ որ խիզախ հայորդին կերտել էր փառահեղ մարտական ուղի և Արցախյան ազատամարտի ժամանակ ճակատ ուղարկել նաև որդիներին: Այսօր էլ պարոն ՊետրոսՅանցի երկու որդիները ծառայում են ՀՀ զինված ուժերում, իսկ Մեծ Հայրենասերը հայրենասիրություն և թշնամու նկատմամբ ատելություն է սերմանում բոլոր նրանց մեջ, ովքեր երբևէ պատիվ կունենան լսելու իր կյանքի հերոսական պատմությունը: Պարոն ՊետրոսՅանցը հայրենասիրության վառ օրինակ է, ում օրինակն աչքի առաջ ունենալով դեռ բազում երիտասարդներ են բանակ զորակոչվելու:
Լուսանկարը՝ Աննա Մարտիրոսյանի |