Հրաչյա
/''Չորեքշաբթի՛՛ գրական ակումբ/
ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
Ամեն տարի երկարում է ճանապարհը...
Ու այդ ճամփին`
Նորածիննե՜ր... նորածիննե՜ր... նորածիննե՜ր...
Ու այդ ճամփին`
Ալ կակաչնե՜ր... յասամաննե՜ր... ու մեխակնե՜ր,
Որ ճոճվում են մանուկների
Աչքերի՛... աչքերի՛.... աչքերի՜ մեջ:
Ամեն տարի շատանում են բարձունքն ի վեր
Ելնողները...
Ոտնահետքե՜ր... ոտնահետքե՜ր... ոտնահետքե՜ր...
... ելնողները,
Վիշտը սրտում, ծիծաղո՜ւմ են մահվան վրա,
... շատանում են ու քայլում են
Բարձունքն ի վե՜ր... բարձունքն ի վե՜ր.... բարձո՜ւնքն ի վեր:
Ամեն տարի օ՛րը այդ նույն, շուռ է գալիս
Գլխի վրա...
Ու գլխիկո՜ր... ու գլխիկո՜ր... ու գլխիկոր
Գլորվում է
Հայոց ոգու բերդը տանող ճանապարհով`
Ուր պահվում են միլիոնավոր
Սառա՜ծ աչքեր... մանկա՜ն ճիչեր... հառաչանքնե՜ր:
Ամեն տարի նո՛ւյն այդ օրը` միգապաղաղ,
Մատուցվում են
Պատարագնե՜ր... պատարագնե՜ր... պատարագնե՜ր`
Միաձայն-եռաձայն-քառաձայն ու ազգաձայն
Պատարագներ,
Որ հանդարտվեն ու խաղաղվեն
Անգերեզման... անշիրմաքար ոգիները աստանդական:
Ամեն տարի ճանապարհը երկարում է...
Ու այդ ճամփին`
Նորածիննե՜ր... ոտնահետքե՜ր... յասամաննե՜ր:
21.ապրիլ.14 /Երևան/ |