Երեքշաբթի, 18.02.2020, 04:30
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11192
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Նոյեմբեր » 17 » ՕՐԵՐ, 7-9 /65/ 2012, էջ 17-19
22:59
ՕՐԵՐ, 7-9 /65/ 2012, էջ 17-19

«ՍՓԻՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԸ

16 Նոյեմբեր 2012

  Մանկավարժական Համալսարանի փառահեղ 90-ամեակին նուիրուած բացառիկ համար է հրատարակել Չեխիայում լոյս տեսնող «Օրեր» եւրոպական անկախ ամսագիրը: Համարի կարգախօսն է` «Խ. Աբովեանի դասերը եւ 90-ամեայ Մանկավարժական Համալսարանը»: Համարում տպագրուած են Համալսարանի ռեկտոր Պրօֆ. Ռուբէն Միրզախանեանի պատասխանները «Օրեր»ի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանի հարցերին: Դեռ անցեալ տարի հանդէսը անդրադարձել էր կրթական հասատատութիւնում տեղ գտած բարեփոխումներին: Հանդէսում տպագրուած է Մանկավարժականի դասախօս, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանի յօդուածը իր ղեկավարած Կենտրոնի հին ու նոր օրերի մասին:

  Սփիւռքահայ ուսուցիչների կրթութեան «փշոտ» ճանապարհին

  «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, որպէս Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ուսումնական առանձին ստորաբաժանում, անցած տարիներին լայնածաւալ աշխատանք է տարել հայրենիքի եւ Սփիւռքի կրթական ու գրամշակութային ոլորտներում:
  Կենտրոնի վերակառուցումն ու կահաւորումը իրականացրել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը:
Պետական բաւարար միջոցների բացակայութեան պայմաններում, աւելի քան 15 տարի, յաղթահարելով կեցութեան ու գործունէութեան վարչական ու նիւթական տարատեսակ դժուարութիւններ, կառոյցը մշտապէս զգացել է կրթական առաքելութեան շուրջ Սփիւռքի սրտացաւ ներկայութիւնը:
  Միանգամից ընդգծենք. արեւմտահայի ինքնութեան պաշտպանութիւնը մեր գործունէութեան գերխնդիրն է եւ երկրի ռազմավարական կարեւոր բաղադրամասը:
  Կենտրոնի հիմնական կրթական ուղղութիւնը եղել է արեւմտահայ եւ հայրենի ուսուցիչների վերապատրաստութիւնը արեւմտահայ լեզուի ու գրականութեան գծով, դասագրքերի, մասնագիտական, պատմական եւ գրական ծրագրային գրքերի հրատարակութիւնը: 
Սակայն գտնում ենք, որ գլխաւորը վերապատրաստութիւնից արեւմտահայ ուսուցչի համալսարանական պատրաստութեան անցնելն է: Խնդիրն այն է, որ Սփիւռքի հայկական վարժարաններում մասնագիտացում ստացած ուսուցիչներ չկան, ուստի վերապատրաստութիւնը բնութագրիչ որակ չի կարող ապահովել: Հարցը քանիցս բարձրացուել է, ընդգծել ենք, որ Սփիւռքի հայապահպանման այլ ճանապարհ չենք տեսնում:
  «Վերեւները» տարբեր ժամանակ տարբեր կերպ են արձագանգում ազգային անվտանգութեան համարժէք այս խնդրին: Մի մասը «գլխացաւանք» է համարում ուսուցչի պատրաստութեան ճանապարհը, որին իբր պատրաստ չէ կառավարութիւնը` ֆինանսական եւ հոգեբանական առումներով: Միւս մասը գտնում է, որ հրապարակի վրայ մասնագէտներ չեն մնացել այլեւս, ուստի հարցը «ուշացած է» եւայլն: Կան այսպէս կոչուած հարցի «հանգրուանային» լուծման կողմնակից պաշտօնեաներ, որոնց թւում է, թէ Երեւանի Պետական Համալսարանում Սփիւռքագիտութեան ամբիոն բացելով` բոլոր խնդիրները լուծւում են: Եւ` ի զուր: Դա պատրաստութիւն չէ: Դիպլօմային կամ թեզեր յանձնարարելու քայլերը մասնագէտի ձեւաւորման «ուղիղ ճանապարհ» չեն` Նալբանդեանի շրջանից մինչեւ այսօր: Կայ ծայրայեղ մի դրսեւորում եւս. եթէ Կենտրոնից «բողոքներ» կան, ուրեմն կարելի է նրան զրկել վերապատրաստութեան ծիրից` «վստահելով» գերատեսչական ուրիշ օղակների: Հոգ չէ, որ Կենտրոնի ծրագրերը, Կենտրոնի գիտական կազմը պահպանում են «աչքի լոյսի» պէս, բայց ցուցանակն է փոխուած:
  Մեզ համար արեւմտահայ կամ պարսկահայ ուսուցիչների նման վերապատրաստութիւնը նպատակի չի ծառայելու: Էլի նո´յն արդիւնքն է, ուսուցչի նո´յն թերի որակների ամբողջութիւնը: Յետո՞յ: Իսկ մասնագիտացո՞ւմը:
  Տարանջատուած են «մեր» ու «նրանց» մշակոյթները եւ, ի հա´րկէ, կրթութիւնը: Այսօր էլ երկու մշակոյթների միջեւ գործում են լեզուի, գրի, գրականութեան, պատմութեան ընկալումների արգելափակոցներ, թէեւ Խորհրդային Հայաստանը ինքն է վաղուց պատմութիւն դարձել: Գրի ու լեզուի ընդհատ վէճերը երեւան են հանում ան-հանդուրժողութեան տարրերը, յատկապէս արեւելահայերի շրջանում, որոնք «աւագ եղբօր» նման շարունակում են արեւմտահայերին յորդորել հրաժարուել Մեսրոպեան ուղղագրութիւնից, հեռանալ ակունքներից: Կրթական անբարեացակամութեան այս պայմաններում, երբ արեւելահայ ուսուցիչը չի հաւատում արեւմտահայ գրամշակութային համակարգի ապագային (ակա˜նջդ կանչի, Վահա´ն Տէրեան), ի հա´րկէ, կրթական որակ ակնկալել հնարաւոր չէ: Ուսուցիչը համալսարանական ուսումնառութիւն պիտի ստանայ, ուսուցիչը գրագէտ պիտի լինի դասարան մտնելուց առաջ: Այդպէ՞ս է:
  Մենք նախապատրաստել ենք արեւմտահայ բարձրագոյն կրթութեան առաջին աստիճանի (բակալաւրիատ) երեք տարուայ ուսումնառութեան եւ մագիստրական շրջանի 1,5 տարուայ համակողմանի ծրագիր, որ հաւանութեան է արժանացել մանկավարժական մեր համալսարանի ղեկավար «միջանցքներում» եւ անցնում է մասնագիտական փորձաքննութիւն: Այնտեղ արդէն արեւմտահայերէնը «խորթ ազգականի» կարգավիճակում չէ, ինչպէս հիմա է, այլ համակողմանի, արեւելահայերէնին համարժէք, «յարգալիր» ժամաքանակով:
Ուրեմն` սպասե´նք պետական վերաբերմունքի փոփոխութիւնների: Անշո´ւշտ:

Հայրենի ուսուցիչների վերապատրաստութիւն

  Գաղտնիք չէ, հայոց լեզուի եւ գրականութեան հայրենի ուսուցիչները յարաբերականօրէն թոյլ են տիրապետում արեւմտահայերէնին եւ նրա գրական աշխարհին: Դա վերաբերում է դասական ու նորագոյն շրջանների գրական երկերի մակերեսային, հպանցիկ իւրացմանը, լեզուական իւրայատկութիւնների ի սպառ անծանօթութեանը:
  Ահա թէ ինչու «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը ձեռնամուխ է եղել հայրենի ուսուցիչների մասնագիտական վերազինման` արեւմտահայ հանրակրթական առարկաներից: 2002 թ. սկսած Կենտրոնում անցկացուած 12 դասընթացներին վերապատրաստուել են Երեւանի, ՀՀ մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ 500 ուսուցիչներ: Այժմ նոր դասընթացի շեմին ենք, որին պիտի մասնակցեն Երեւանի աւագ դպրոցների ուսուցիչներ:
  Պէտք է նկատել, որ վերջին տարիներին դասընթացների ֆինանսական ծախսերը ամբողջութեամբ հոգում է Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ղեկավարութիւնը:
  Ուսուցիչները խոստովանում են, որ այս դասընթացների առիթով տանը եւ Կենտրոնում աւելի շատ են աշխատում արեւմտահայ ու սփիւռքահայ հեղինակների վրայ, քան դա արել են ուսանողական շրջանում:
  Անշո´ւշտ, դա գալիս է մատուցուած բաւարար ժամաքանակից. մէկ ամսուայ ընթացքում լեզուի դասերի համար յատկացւում է 48 ժամ, նոյն շրջանում կրկնակի ժամաքանակ (96 ժամ) «խլում են» գրականութեան զոյգ դասընթացները, որոնք լուսաբանում են արեւմտահայ դասական շրջանը եւ նորագոյն սփիւռքահայ հեղինակներին` գերակշիռ մասով անծանօթ մեր ուսուցչին:

Մեկամեայ փորձնական ծրագրի հետքերով


Փարիզի «Մաշտոց» Հայ լեզուի պաշտպանութեան միութիւնը յայտնի է արեւմտահայ մշակոյթի հանդէպ նախանձախնդիր վերաբերմունքով:
Ֆրանսիայում ու նրա սահմաններից դուրս համբաւ ձեռք բերած կազմակերպութիւնը, ողջունելով «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի գործունէութեան` արեւմտահայ ուղղուածութիւնը, 2002 թ. առաջարկել է միասնական կրթական համագործակցութիւն, որը ներառում է Կենտրոնում վերապատրաստուած հայրենի ուսուցիչների լրացուցիչ ուսուցում, որպէսզի նրանց միջից մրցոյթի եղանակով ընտրուածները հանրակրթական դպրոցների աւագ դասարաններում արեւմտահայ գրականութեան եւ լեզուի մէկամեայ ծրագիր իրագործելու իրաւունք ստանան:
«Մաշտոց» Միութիւնը եւ «Սփիւռք» Կենտրոնը միասին կազմել են արեւմտահայ լեզուի եւ գրականութեան ուսումնական ծրագիր` շաբաթը 4 ժամ ծաւալով` այն պատշաճեցնելով Հայաստանի կրթական ընկալումներին, հայրենի աշակերտների ճանաչողութեան իրական մակարդակին: Ծրագիրը ժամանակին հաստատուել է ՀՀ ԿԳՆ կողմից: Անցած տարիների ընթացքում այս ծրագիրը յաջողութեամբ իրականացրել են Հայաստանի եւ ԼՂՀ վեց տասնեակից աւելի դպրոցներ: Իսկ դա նշանակում է 1500 եւ աւելի հայ պատանիներ ընտանի են դարձրել արեւմտահայերէնը, սիրել ու գնահատել արեւմտահայ ու սփիւռքահայ նուիրական գրողներին:

Կենտրոնի գիտամշակութային առօրեան

  Կենտրոնի գործունէութեան սկզբից եւեթ սկսել է աշխատել գրադարան-ընթերցասրահը, ուր ստացւում են Սփիւռքի պարբերականներ, նորահաս գրքեր: Ըստ էութեան` Հայաստանում արեւմտահայ ուղղուածութեամբ միակ ընթերցասրահը դարձել է գրամշակութային օջախ, ուր աշխատում են ոչ միայն մեր համալսարանից, այլեւ տարբեր հաստատութիւններից ուսանողներ, գիտաշխատողներ: Գրադարանը գրեթէ ամէն օր համալրւում-հարստանում է գիտական, գեղարուեստական գրականութեամբ, սփիւռքահայ մամուլով: Այստեղ կենտրոնացել է արեւմտահայ եւ սփիւռքահայ գրական, գիտական ու կրթամշակութային աւելի քան 4.500 կտոր գրականութիւն: Ընթերցասրահում առանձնացուած են անձեռնմխելի եօթը ֆոնդեր` երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կոթողիկոսի, Աղասի Ազիզեանի (Իրան-Հայաստան), Գեղամ Սեւանի (Հայաստան), Մանուէլ Բաբլոյեանի (Հայաստան), Սեդա եւ Սարգիս Դէմիրճեանների (ԱՄՆ), Լեւոն Զաքարեանի (Հայաստան), Ալեքսանդր Թոփչեանի (Հայաստան) անձնական գրադարանների արժէքաւոր հաւաքածուները:
  Կենտրոնում պարբերաբար կազմակերպւում են գրական երեկոներ, գործում են բանավէճի ակումբներ, շնորհանդէսներ:

  Կենտրոնը ծաւալել է նաեւ հրատարակչական լայն գործունէութիւն: Դարասկզբից այստեղ լոյս են տեսել Սփիւռքին վերաբերող կրթական, հայագիտական եւ գեղարուեստական երեք տասնեակից աւելի անուն գրքեր, դասագրքեր: Կենտրոնի հրատարակած գրքերից առանձին գնահատութեան արժանի են Վահան Թէքէեանի, Պետրոս Հաճեանի, Ռոպէր Հատտէճեանի, Վազգէն Շուշանեանի, Զարեհ Խրախունու, Գէորգ Աճէմեանի եւ այլոց ծրագրային գեղարուեստական գրքերը, մենագրութիւն Պօղոս Նուպար Փաշայի մասին (Սամուէլ Պօղոսեան), սփիւռքահայ գրականութեան պատմութեան ակադեմիական առաջին հատորը` «Միջուկի տրոհումը» (Սուրէն Դանիէլեան), տարբեր ձեռնարկներ, իրանահայ աշակերտութեան համար ութ դասարանների մայրենիներ:

Պրօֆ. ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն
Հոկտեմբեր 20-30, 2012


Просмотров: 607 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/65
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz