Ուրբաթ, 26.04.2024, 09:26
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հուլիս » 18 » ՆՇԱՆԱՎՈՐ ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԸ
09:24
ՆՇԱՆԱՎՈՐ ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԸ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 16-07-2011


)




ՍԱՍՈՒՆՑԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

(գիտնականը, դասախոսն ու հայրենանվեր հայորդին)



Գիտամշակութային մեծ նվաճումներով աշխարհին հայտնի մեր ժողովուրդը աչքի է ընկել վառ անհատականություններով ու նվիրյալներով, որոնք անմնացորդ ծառայել ու ծառայում են իրենց հայրենի երկրին ու ժողովրդին: Այդ մարդանց համար հաստատուն ու հանրօգուտ նկարագիր ունենալը գոյատեւումի երեւելի իմաստ է, ընտրած բնագավառների խոր իմացություն: Այս բարձր հատկանիշների ներդաշնակությունը կերպավորված է կատարյալ հայրենասեր հայի ու քաղաքացու, վաստակավոր գիտնական ու լավագույն մտավորական Գեղամ Եղիշի Կիրակոսյանի կյանքի 79-ամյա տարեգրության մեջ:

Պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Գեղամ Կիրակոսյանի 80-ամյակը լրանում է այս տարվա հուլիսի 18-ին, սակայն շատ ափսոս, որ նա չի զգալու իր հոբելյանական տարելիցի բերկրանքը, բայց նրա ապրած կյանքի իմաստավորված 79 տարիները դեռ երկար են շարունակել տալու բեղմնավոր վաստակի արգասիքը:

Ժամանակն է ստեղծում, ձեւավորում եւ կերտում մարդու դիմանկարը: Մարդ-արարածն ապրում եւ գործում է իրեն բաժին ընկած ժամանակի մեջ: Ժամանակները կարող են նպաստել մարդու վեհացմանն ու բարձրացմանը կամ ընդհակառակը: Սակայն ամենակարեւորն ու էականն այն է, երբ պատմական դժնդակ ժամանակներում գործող անհատը ինքն է նպաստում հասարակական մթնոլորտի վեհացմանը, մարդկային փոխհարաբերությունների բյուրեղացմանը, զգացմունքների ու հասարակահանրային կրքերի առողջացմանը:

Գեղամ Կիրակոսյան պատմաբանը իր գիտահասարակական ու մանկավարժական գործունեութունը սկսեց 1960-ական թվականներին: Նրա արմատները ձգվում են դեպի անկրկնելի Սասնո աշխարհը, որտեղից իր ծնողները, բռնագաղթելով 1915 թ. զարհուրելի օրերին, եկել ու հաստատվել էին Թալինի շրջանի Աշնակ գյուղում, որտեղ էլ 1931 թ. ծնվել է Գեղամ Կիրակոսյանը: Նա էլ իր հայրենակից մեծ Սասունցու, տաղանդավոր գրող Մուշեղ Գալշոյանի նման մեծացավ Էրգրի կարոտով ապրող մեծերի շրջապատում: Հավանաբար իր ծնողների բնօրրան ծննդավայրը, նրանց թողած Էրգրի կարոտի զգացումը եւս դեր խաղաց, որ նա հետագայում իրեն նվիրեր հայոց միջնադարյան դժվարին ժամանակաշրջանի եւ Սասունի հերոս ժողովրդի պատմության հարցերի ուսումնասիրությանը:

Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գեղամ Կիրակոսյանը ընդունվեց Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը: Ավարտելուց հետո 1971 թ. պաշտպանեց թեկնածուական, իսկ 1997թ. դոկտորական ատենախոսություն: Նա չորս տասնյակից ավելի տարիներ դասավանդել է մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում, զբաղեցնելով ավագ դասախոսի, դոցենտի, ապա պրոֆեսորի պաշտոններ, եղել է համալսարանի կուսքարտուղար, պատմության ֆակուլտետի դեկան: Ֆակուլտետում Կիրակոսյանը դասավանդել է համաշխարհային պատմության նորագույն շրջանը եւ մասնագիտական մի շարք դասընթացներ: Նա սովորել էր ավելի շատ տալ, քան ստանալ եւ բոլոր հարաբերություններում աչքի էր ընկնում պատմաբան-բանասերի բարեխղճությամբ: Ծնողի նման էր վերաբերվում ուսանողների բոլոր հարցերին, բայց դա չէր մեղմում նրա զայրույթը ծույլերի ու անբարեխիղճների նկատմամբ: Անուրանալի են նշանավոր գիտնականի ծառայությունները երիտասարդ գիտական կադրերի, մանկավարժ ուսուցիչների պատրաստման գործում: Ազնվությունը, սկզբունքայնությունը, բարեխղճությունը, պահանջկոտությունն ու պատասխանատվությունը սեփական անձին ու շրջապատի նկատմամբ նրա կենսագրականի բնութագրիչներն էին:

Նվիրյալ ամուսնու եւ ծնողի կոչումն էր, որ ստիպում էր Գ. Կիրակոսյանին երբեմն «օտարվել» իր նկարագրից, սիրում էր խոսել ընտանիքի, երեխաների ու թոռների մասին, որոնցով նա հպարտանում էր, քանզի նրա պարզ նկարագիրը թույլ չէր տալիս շատերի նման հեռու պահել իրեն զուտ անձնական միջավայրից:

Նրա գիտական հետաքրքրությունների արդյունքները ամփոփված են 40-ից ավելի գիտական հոդվածներում եւ 4 մենագրություններում: Խոր եւ բազմակողմանի գիտելիքները, միանգամայն ինքնուրույն ու ինքնատիպ դատողությունները, տրամաբանական եզրակացությունների հասնելու ունակությունները հնարավորություն են տվել նշանավոր պատմաբանին քննարկվող հարցերին մոտենալ նորովի:

Նրա պատմագիտական հետաքրքրությունների շրջանակները ընդգրկում են միջնադարյան Հայաստանի հարուստ պատմության հիմնահարցերից մինչեւ իր սիրելի պապերի բնօրրանի` Սասունի պատմությունը, հողի եւ արյան կանչով գրված հուշագրությունները: Հենց քննական եւ վերլուծական հմտությունները նրան մղել են դիտարկելու 14-15 դդ. հայոց դժնդակ պատմությունը Լանկ-Թեմուրի եւ թուրքմեն ցեղերի արշավանքների ու տիրապետության շրջանում: Հայոց պատմության հատկապես Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության շատ հարցեր լուսաբանվել են գիտնականի ոչ միայն թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններում, այլեւ մյուս աշխատություններում: Բազմաթիվ արխիվային նորահայտ փաստաթղթերի վերլուծության շնորհիվ Գ. Կիրակոսյանին հաջողվել է շարադրել հայոց պատմության բարդ ու հակասական ժամանակաշրջանի 14-15-րդ դարերի լիակատար պատմությունը, բացահայտել պատմական իրադարձություններն ու տալ դրանց գիտական բացատրությունները:

Գ. Կիրակոսյանի «Հայաստանը Լանկ-Թեմուրի եւ թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500 թթ.)» մենագրությունը նվիրված է հայոց պատմության միջնադարի քիչ ուսումնասիրված շրջանին:

Նրա պատմագիտական ժառանգության մեջ ուրույն տեղ ունեն հուշագրությունները նվիրված իր հայրենի բնօրրանի պատմությանը` «Հողի եւ արյան կանչով» եւ «Էրգիրն է կանչում» աշխատությունները: Վերջինս նվիրված է դեպի Արեւմտյան Հայաստան նշանավոր եկեղեցական ու հասարակական գործիչ, մեծ բարերար Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի կողմից 2000թ. կազմակերպած ուխտագնացությանը:

Հեղինակը խիստ հուզական պատմություն է ներկայացնում Արեւմտյան Հայաստան այցելած բնակավայրերի եւ ավերված հուշարձանների մասին: Միանգամայն հարուստ տպավորություններով բնութագրելով իր անցած ուղինՙ Գ. Կիրակոսյանը նկատում է. «Սիրելի ընթերցող, երջանիկ ճակատագիրը ինձ տարավ հայերի պատմական հայրենիքը` Արեւմտյան Հայաստան: Ես անցա նրա չքնաղ եզերքներով, տեսա մշակութային մեծ արժեք ներկայացնող վանքերի, եկեղեցիների, բերդերի ու քաղաքների ավերակները, առանձին տեղերում, դեռեւս կանգուն մնացած ճարտարապետական գոհարներ:

Ապրեցի հոգեւոր վերածննդի եւ հայոց անցյալի պատմության հերոսական դրվագների վսեմ զգացմունքների պահեր: Լսեցի մեր նախնիների արյամբ ներծծված հողի տնքացող ձայնը, ավելի շատ ապրեցի ափսոսանքի եւ կորստի ցավը, նզովեցի կարոտի ու ցավի պատճառները, հանուն ապագայի անսխալականության դատապարտեցի թույլ տված վրիպումներն ու սխալները»:

Նա տպագիր 200 էջի սահմաններում նկարագրում է Անիից` Բայազետ, Արածանիի ափին մկրտությունը, Ալաշկերտի, Վասպուրականի ու Ռշտունիքի, ինչպես նաեւ Մուշի պատմական վայրերի այցելությունները, Սասունը իբրեւ սիրելի նախնիների օրրան, դրախտային Խնուսի, Կարինից դեպի Կարս երթուղու պատմությունը:

Ամփոփելով իր հուշագրությունըՙ Գ. Կիրակոսյանը հետաքրքրական ու պատմաբանին վայել եզրափակումով է ավարտում խոսքըՙ գրելով.

«Մեր պատմական հայրենիքում 10 օրերի հրաշք ճանապարհորդությունն անցավ վայրկյանի պես շատ շուտ եւ մենք հոգով ու սրտով հուզված, հաճախ արցունքախառն աչքերով էինք հրաժեշտ տալիս մեր չքնաղ հայրենիքի գեղատեսիլ եզերքներին: Երազային հեռուներում մնացին Սասունը, Մուշը, Վանը, դրախտային Խնուսը, Էրզրումը, Մանազկերտը, Բուլանըղը, Բասենը, Կարսը, Սիփանը, Նեմրութն ու Գրգուռը:

Մնացին իբրեւ կապույտ երազներ, իբրեւ այդ օրերի տեսած ու ապրած անուշ վերհուշ, իբրեւ իրական մորմոք:

Ասում են, թե կապույտ երազները շուտ են իրական դառնում, իսկ սպասումի հույսն անխորտակ է եւ հզոր:

Մեծ հավատով ու անխորտակ հույսով սպասենք մեր կապույտ երազների իրականացմանը»:

2010 թ.-ին լույս տեսավ Գ. Կիրակոսյանի ուշագրավ մի այլ աշխատություն` «Սասուն»-ը, որը լիովին արժանի է իր վրա բեւեռելու գիտական հասարակայնության ուշադրությունը: Գեղամ Կիրակոսյանի մեծարժեք ուսումնասիրությունում մանրազնին եւ անաչառ պատմական քննության են ենթարկված հայոց բազմադարյան պատմության հանգուցակետում գտնվող այն հիմնահարցերը, որոնք առնչվում են հայոց ազգային-ազատագրական պատերազմի միջնաբերդերից մեկի` պատմական Սասուն աշխարհի մինչ այսօր չմեկնաբանված եւ հիրավի կնճռոտ էջերի լուսաբանմանը:

Հայոց պատմության մեջ կան հիմնահարցեր, որոնց նորովի եւ ամբողջական մեկնաբանման խնդիրը երկար տարիներ սպասել է իր հետազոտողներին, եւ իր վերոնշյալ աշխատանքում արծարծված հարցերի համախմբով եւ ցուցաբերված պատմագիտական մոտեցման բարձր մակարդակով Գեղամ Կիրակոսյանը ապացուցում է, որ ինքը արդարացիորեն պատկանում է բարձրաճաշակ եւ խորագիտակ պատմաբանների համաստեղությանը: Գեղամ Կիրակոսյանի աշխատասիրությամբ ստեղծված այս բարձրարժեք հետազոտությունը ըստ էության պատմական Սասունի պատմությունն ամփոփելու նպատակադրում հետապնդած աշխատանք է, եւ ինչ-որ տեղ եզակի:

Գրքում հեղինակը կարեւոր տեղ է հատկացրել Սասունի հնագույն անցյալի պատմական հիշողության վերականգնման հարցերին, փորձելով լրացնել այդ հարցի վերաբերյալ պատմագիտության մեջ առկա բացը:

Գեղամ Կիրակոսյանի բեղմնավոր գրչի տակ կենդանացել են նաեւ Սասունի պատմության Բագրատունյաց ժամանակաշրջանի իրադարձությունները:

Չափազանց ուշագրավ է եւ դիտարժան Գեղամ Կիրակոսյանի ամփոփիչ բնույթի եզրահանգումը Սասունի ունեցած հերոսական դերակատարման մասին ընդհանրապես արաբական նվաճումների եւ տիրապետության ողջ ժամանակաշրջանում, բազմաթիվ հետաքրքիր եւ ոգեշնչող օրինակներ են բերվում սասունցիների քաջագործությունների, ռազմական բացառիկ տվյալների եւ ընդունակությունների, ոգու ուժի եւ անկոտրում կամքի դրսեւորումների մասին: Գ. Կիրակոսյանը հետեւության է գալիս, որ միանգամայն օրինաչափորեն հենց Տարոն-Սասունն էր այն աշխարհագրական միջավայրը, որն առատ սնունդ տվեց «Սասնա ծռեր» հայ ժողովրդական հիասքանչ պատմական էպոսի ձեւավորմանը:

Այս համապարփակ բնույթի, հիրավի մի շնչով ընթերցվող պատմագիտական երկում Գ. Կիրակոսյանը զգալի տեղ է հատկացրել Սասունի տեղագրության, ժողովրդագրական տարաբնույթ հարցերին:

Նշանավոր պատմաբանը մտավորականի բարձր տիպար էր` բնավորությամբ պարզ, անկեղծ ու բարյացակամ:

Просмотров: 1564 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/196
Всего комментариев: 2
2 Yditvu  
0
buy atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin</a> buy atorvastatin 40mg for sale

1 Ncwslj  
0
atorvastatin 80mg canada <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg canada</a> purchase lipitor

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz