ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի երեք ցուցապատերին, կանանց միամսյակի շրջանակներում, մեկ ամսից ավելի ցուցադրվում էին համալսարանի բոլոր ժամանակների կին դասախոսների հրատարակած գրքերը: Ապրիլի 15-ին այդ ցուցապատերին բացվեցին երեք նոր ցուցադրություններ: Մեկ ցուցապատում վերականգնվել է ՛՛ՀՊՄՀ հրատարակություններ՛՛ բաժինը: Ներկայացվել են ՀՊՄՀ տարբեր գիտական ամսագրերի օրինակներ, համալսարանի 90-ամյակի շրջանակներում տպագրված գրքերը և համալսարանի գիտական գրադարանի հրատարակությունները: Ինը ցուցադարակներում ներկայացված են վերջին երկու ամսում գրադարանի ձեռք բերած և նվիրատվությամբ ստացած 69 նոր գրքեր: Այս շարքում խիստ ուշագրավ է ԱՊՀ հովանու ներքո Մինսկում բավականին շքեղ տպագրությամբ իրականացված վեց ազգերի հեքիաթների գրքերը: Դրանց թվում է նաև հայկական հեքիաթների գիրքը: Այս հրատարակության մի խումբը կլինի հումանիտար գրականության ընթերցասրահում, մյուսը՝ բանասիրական ֆակուլտետի շենքում բացված նոր ընթերցասրահում: Գեղարվեստական գրքերի մի խմբաքանակ էլ ստացվել է Ճապոնիայից: Ճապոնական ժամանակակից գրողների 10 վեպեր ռուսերեն լեզվով կմնան հումանիտար գրականության ընթերցասրահում, իսկ անգլերեն լեզվով 10 գրքեր՝ բանասիրական ֆակուլտետի շենքի ընթերցասրահում: Մեկ ցուցապատով բացվել է ՛՛Հայոց ցեղասպանությունը գրքերում՛՛ ցուցադրությունը: Ներկայացված է շուրջ հարյուր հրատարակություն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Այստեղ են ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի կազմած ՛՛Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում՛՛ աշխատության հայերեն և ռուսերեն գրքերը, տարբեր երկրներում ցեղասպանության ուղղությամբ կատարված աշխատանքներին նվիրված գրքեր, գերմանացի մեծ հայասեր Լեպսիուսի, ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի և այլոց հուշերը կամ նրանց գործունեության մասին պատմող գրքեր: Այս բաժնում նորություն են վերջերս ձեռք բերված ՛՛Հայոց ցեղասպանություն. վերապրողների հուշեր՛՛ եռահատոր աշխատությունը, օտար հուշագրողների աշխատանքներն ընդգրկող ՛՛Սև գիրք՛՛ աշխատության հայերեն և ռուսերեն օրինակները, Լիբանանից նվիրատվության կարգով ստացված Ցեղասպանության վերապրողների հուշերի երկու հատորները և մեկ տասնյակից ավելի վերջին տարիներին տպագրված գրքեր:
Աննա Մարտիրոսյան
|