ՏՊԱԳՐԵԼ Է ,,ՄԱՇՏՈՑ,, ՀԱՆԴԵՍԸ
14.04.2011 թ.
Վանաձորում հրատարակվող ,,Մաշտոց,, հասարակական, կրթամշակութային, հայագիտական հանդեսը իր վերջին համարներից մեկում տպագրել է ՀՊՄՀ ,,Մանկավարժական համալսարան,, պաշտոնաթերթի խմբագիր Սիլվա Ասրյանի բանաստեղծությունների նոր շարքը: Սիլվան ,,Մաշտոց,, հանդեսի խմբագիրներից է և հանդեսի 2005-2006 թվականներին լույսընծայված համարներում 15 լավագույն ճանաչված հրապարակումներից մեկի /բանաստեղծի/ հեղինակն է: Վերջերս Հայաստանի Ազգային գրադարանը հանդեսի խմբագրակազմին շնորհել է իր բարձրագույն ,,Հակոբ Մեղապարտ,, մեդալ` հայ պարբերական մամուլի զարգացմանն ու կայացմանը մատուցած ավանդի համար: Սրանում անշուշտ մեծ է նաև Սիլվայի ներդրումը:
Ներկայացնում ենք երկու բանաստեղծություն այդ շարքից:
ԾԱՌԸ
Ծառը թեքվել է լուսամուտիս, Ճկվել է հոգնած քամու առաջ, Հուսաբեկ սիրտը բացել սրտիս` Կարծես ուզում է երգով նահանջ... Քամին համառ է, քամին` զորեղ, Ծառը` անզոր ու անօգնական, Իսկ քամու սերը ծառի հանդեպ` Պայթյունի պատրաստ ահեղ ական... Դե, սերը սեր է` քնքուշ, թե բիրտ, Ու մերթ լինում է նա խելահեղ, Բայց ծառը չունի ոչ ուժ, ոչ սիրտ, Ու նրա համար` աշխարհը նեղ... Ծառը իր սիրտն է բացել իմ դեմ, Ճյուղերով հենվել լուսամուտիս, Նա ինչ իմանա` աշխարհն անդեմ Փականք է դրել միտք ու սրտիս:
Հորինիր, հեքիաթներ հորինիր Գույների, ձևերի հանդեսում, Որոնիր, քո հոգին որոնիր Հեռացող օրերի խենթ ծեսում: Որոնիր երազի ծփանքում Փշրվող ալիքը ծավի, Դու գիտես ինչպես է մորմոքում Բյուրեղյա արմատը ցավի... Հորինիր, հեքիաթներ հորինիր Ու խառնիր օրերի քմայքին, Խառնվիր հեռացող օրերին, Գուրգուրող սերերի հմայքին: Հուշերդ մեղմորեն օրորիր, Մի փորձիր տվածդ վերցնել, Ամենուր ինձ մի որոնիր, Թող թվա` ոչինչ չես կորցրել...
|