«ԶՈՐԱՎԱՐ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական «Զորավար» խորագիրը կրող համերգը: Այն կազմակերպել էր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի հեղինակ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, ՀՀ զինված
ուժերի պահեստի փոխգնդապետ, Դոնի կազակական միավորման գեներալ, Բնության և
հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս
Տիգրան ՊետրոսՅանցը: Ձեռնարկի գերագույն նպատակը հայ մարդու
հայրենասիրական ոգուն էր ուղղված, ինչպես նաև այն ներդրմանը, որ հայ մարդն
ունեցել է համաշխարհային ռազմական նվաճումների գործում:
Համերգին
մասնակցեցին հայտնի երգիչ-երգչուհիներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ
Ամալյանը, Կարեն Մշեցին, Արսեն Ղամբարյանը, Գոռ Մեծոյանը, Լիլիթ
Համբարձումյանը, երիտասարդ երգչուհիներ Տիգրանուհի Արմենակյանը /Երևանի
պետական համալսարանի ուսանողուհի/, Գոհար Մարտիրոսյանը /Խաչատուր Աբովյանի
անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի/, Տաթևիկ Պիճոյանը
/Վալերի Բրյուսովի անվան լեզուների պետական համալսարանի ուսանողուհի, Երգի
պետական թատրոնի երգչուհի/, Գրիգոր Միրզոյանը /«Ժայռ» փառատոնի հաղթող/,
«Զորական» /գեղարվեստական ղեկավար՝ Արամ Գալստյան/, «Կարին» /գեղարվեստական
ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Գինոսյան/, «Զարթոնք» /գեղարվեստական
ղեկավար՝ Պետական մրցանակի դափնեկիր Ղուկաս Ղուկասյան/ համույթները:
Համերգը «Հայոց բանակ» երգով բացեց «Զորական» համույթը:
Նույն համույթի կատարմամբ տեղի ունեցավ «Զորավար» երգի առաջին կատարումը
/խոսք՝ Տիգրան ՊետրոսՅանցի, երաժշտությունը՝ Լիլիթ Համբարձումյանի/:
Հանդիսատեսը սիրով ընդունեց քայլերգային այդ երգը: Ինչպես միշտ,
անզուգական էին Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ», Արսեն Համբարյանի «Ձայն մը
հնչեց», «Վահագնի ծնունդը», Կարեն Մշեցու Արցախյան ազատամարտի մասնակից
Արմենակ Արմենակյանի և ազատամարտում զոհված Արտակ Օհանյանին նվիրված, Գոռ
Մեծոյանի «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Վերցումք տղերք հրացան», Լիլիթ
Համբարձումյանի «Աղոթք» /կատարվեց առաջին անգամ/, «Հայաստան», Գրիգոր
Միրզոյանի «Երազ իմ երկիր, Հայաստան», Գոհար Մարտիրոսյանի «Թաթուլ Կրպեյան»
երգերի կատարումները: Առաջին բեմելով հանդիսատեսին հիացմունք պատճառեցին Տիգրանուհի Արմենակյանը /«Կիլիկիա»/, Տաթևիկ Պիճոյանը /«Արցախ», «Մարտիկի երգը»/:
Հանդիսատեսի երկարատև ծափերին արժանացան «Կարին» համույթի «Պարսկահայքի
ռազմամարտ», «Մուսալեռան դաշույններով պար՝ Չալ մը դանգ» /Հայաստանում
կատարվեց առաջին անգամ/, «Սասնա յարխուշտա», «Զարթոնք» համույթի «Զուռնի
տրնգի», «Բերդ» պարերը: Այս պարով եզրափակվեց համերգը:
Ամբողջ
համերգի ընթացքում «Պարենք հայերեն» խմբի անդամներն ու նրանց միացած
երիտասարդները համերգասրահի երեք հարթակներում պարում էին /համերգի ավարտին
երիտասարդները շարունակեցին պարել համերգասրահի ճեմասրահում, ապա՝ օպերայի
և բալետի շենքի բակում/: Տիգրան ՊետրոսՅանցի անունից «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի հայերեն տարբերակը նվիրվեց բոլոր ելույթ ունեցողներին:
Վերջում Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության և
մշակութի նախարարություններին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի կոլեկտիվին՝
համերգին աջակցելու համար: Համերգի մասնակից, ՀՀ զինված ուժերի
պահեստի գնդապետ Գևորգ Բաղդասարյանը ասաց. «Հոյակապ էր: Վաղուց այսպիսի
հաճույք չէի ստացել»: Բանասիրական գիտությունների դոկտոր, Խաչատուր
Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի
դեկան Յուրի Դավթյանը նշեց. «Ուրախ եմ, որ ունենք այսպիսի կատարողներ,
երիտասարդություն և Տիգրան ՊետրոսՅանցի նման կազմակերպիչ, որ մեզ
հանդիպեցրեց այս համերգի հետ»: Ուսանողուհի Տիգրանուհի Աշխակյանի համար այս
համերգը դրական լիցքերի ամբողջություն էր: Համերգի
նախապատմության մասին կազմակերպիչը՝ Տիգրան ՊետրոսՅանցը նշեց. «2002 թ-ին
Հայկ Խաչատրյանի հետ հրատարակել ենք ՛՛Հայկազունք՛՛ հանրագիտարանը, որտեղ
ներկայացվել են ավելի քան 1900 պետական գործիչների, զորավարների,
զինվորականների, դիվանագետների կենսագրություններ: Այդ գրքում ներկայացվել
են նաև 406 բարձրաստիճան զինվորականներ: 2005 թ-ին միայն բարձրաստիճան
զինվորականներին վերաբերող հանրագիտարան ստեղծելու գաղափար առաջացավ և
սկսվեցին որոնումներն ամբողջ աշխարհում: 2008 թ-ին հավաքվեց աշխարհի 34
երկրների պետական համակարգից գեներալական աստիճաններ ստացած 1106 անձի
անուն: Յուրաքանչյուր անուն ստուգվել է մի քանի աղբյուրներով: Գիրքը
բաղկացած է չորս բաժիններից: Առաջին բաժնում ներկայացված են ցամաքայի
զորքերի, անվտանգության ծառայությունների, ոստիկանության, այլ հատուկ
ծառայությունների գեներալներ: Երկրորդ բաժնում ներկայացվել են ծովակալները:
Այս երկու բաժինների հանրագումարն է 1106 թիվը: Այս հաշվից դուրս ևս երկու
բաժին է ներառվել հանրագիտարանում: Երրորդ բաժնում ներկայացվել են դասային
աստիճանով շուրջ 80 դատախազական համակարգի գեներալներ: Չորրորդ բաժինը
ճանաչողական է: Այստեղ ներկայացված են գեներալական պատվո աստիճան ստացած
անձինք, հեռավոր հայկական ծագմամբ գեներալներ, մոր գծով հայ գեներալներ,
կասկածելի կամ թեական հայկական ծագմամբ գեներալներ, կազակական և
ակադեմիական կոչմամբ գեներալներ: Այս ամբողջը շուրջ 700 էջի վրա: Երբ ծագեց
հանրագիտարանի անվան հարցը ուղղակի բարեհնչյունության համար ընտրվեց 1000
թիվը՝ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ»: 2008 թ-ի սեպտեմբերի 29-ին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվեց բարեգործական համերգ և
ստացված հասույթով, ինչպես նաև Viva cel-MTS ընկերության
համաֆինանսավորմամբ 2009 թ-ին տպագրվեց գրքի հայերեն տարբերակը: 2011
թվականին, հանրագիտարանն այլալեզու ընթերցողին հասանելի դարձնելու
նպատակով, կազմակերպվեց գրքի անգլերեն թարգմանությունը: Գիրքի անգլերեն
տարբերակը անցած տարվա վերջին պատրաստ էր: Թարգմանության ժամանակ կատարվել է
մոտ 30 տոկոսի բարեփոխում /որոշ կենսագրություններ բարեփոխվել են,
ավելացվել են 2010 թ-ից հետո կոչումների արժանացած անձանց
կենսագրություններ, տպագրված գրախոսականներում եղած մի քանի
դիտողությունների հիման վրա կատարվել են լրացումներ/: «Արամ Խաչատրյան»
համերգասրահում այս նոր համերգի կազմակերպումն ամբողջովին բարեգործական էր,
հասույթի նպատակ չէր հետապնդում և իրականացվեց հասարակությանը գրքի
անգլերեն տարբերակի պատրաստ լինելու փաստը ճանաչելի դարձնելու համար»: |