«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 24-03-2011ԳԵՂԵՑԻԿՆ ՈՒ ՄԱՔՈՒՐՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՄԵՋ ՊԻՏԻ ԳՏՆԻ ԱՆԻ ՌԱՓՅԱՆ Երբեմն
պատահում է, որ մտնում ես մեկի տուն ու միանգամից հասկանում, որ սա ոչ
միայն արվեստասերի, այլեւ արվեստագետի տուն է: Նման տուն մտա եւ ես:
Պատերից կախված նկարները, տան տարբեր անկյուններում դրված քանդակներն ու
կոլաժները, կենցաղային հասարակ իրերի գեղագիտական ձեւավորումը փաստեցին, որ
չեմ սխալվում... «Ինչ աչքս բացել եմ, արվեստի մեջ
եմ եղել: Միշտ ձգտել եմ` պապայի պես նկարեմ, պապայի պես քանդակեմ. պապայի
ազդեցությունը միշտ էլ եղել է ինձ վրա»,- խոստովանում է 25-ամյա Հայկ
Մարկոսյանը` ավելացնելով. «Այս պայմաններում իմ ոճը ստեղծելը շատ դժվար
եղավ, բայց շատ ուրախ եմ, որ երբ հիմա երկու նկար իրար կողքի են կախված,
մարդիկ զանազանում են` որն է իմը, որը` հայրիկինս»: Հայկի
հայրը` Աշոտ Մարկոսյանը, քանդակագործ է, 1974 թ. ավարտել է Փ.
Թերլեմեզյանի անվան ուսումնարանը: Քանդակագործության հանդեպ սերը իր մոտ
ժառանգական չի եղել, առաջացել է 4-րդ դասարանում, երբ մի հնդկական ֆիլմ
դիտելիս քանդակներ է տեսել ու տարվել է դրանով: Հենց այդ տարիքում էլ
քանդակել է Վարդան Մամիկոնյանի եւ Սայաթ-Նովայի կիսանդրիները: Վերջինը
հետագայում կորել է, իսկ առաջինն այժմ դրված է Արթիկի 7-րդ դարի եկեղեցու
դռան մոտ եւ քչերը գիտեն, որ դա նրա գործն է: Ա.
Մարկոսյանը դեմ չի եղել, որ որդին շարունակի իր ուղին: Միշտ էլ ձգտել է, որ
որդին ոչ թե իրեն նմանվի, այլ գտնի իրենը: Երբ Հայկն այլ ոճ ընտրեց, հայրը
շատ գոհ էր եւ ուրախ: Հայկի համար մասնագիտության ընտրությունը երբեք էլ
տարակուսանքի տեղիք չի տվել. փոքրուց էլ իմացել է` ինչ է դառնալու: 2008 թ.
ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
կիրառական արվեստների բաժինը, հետո Գյումրիում վերապատրաստվել է վարպետի
մոտ: Համադրելով ուսուցիչների ոճերը` ստեղծել է իրենը. հիմնական
ուղղվածությունը գեղանկարչությունն է. «Գտնում եմ, որ յուրաքանչյուր երեխա
էլ դպրոցից պիտի ուսումնասիրի նկարչություն, որովհետեւ այն արվեստի,
բնության, գեղեցիկի նկատմամբ սեր է ձեւավորում, ճաշակ է կրթում»,- նշում է
Հայկը: Ավագ արվեստագետը գտնում է, որ մշտական կապի
մեջ է բնության հետ: Աշխատանքները ոչ միայն քարից են, գիպսից, կավից,
այլեւ` փայտից: Ծառի արմատներից, ճյուղերց այնպիսի բաներ է ստեղծում, որ
հեռվից դիտելիս երբեք չես ասի, որ փայտից են: Պակաս
կապված չէ բնությանը նաեւ որդին. նկարներում մեծամասամբ գյուղական պարզ
միջավայրն է, կիսախարխուլ ու հնամենի տները, որոնք իրենց մեջ ընտանեկան
դարավոր ջերմություն ու իրական կյանք են պարունակում: Ըստ
Ա. Մարկոսյանի, թեեւ քանդակագործությունն ու նկարչությունը շատ կապված են
իրար, բայց նկարչությունն ավելի մեծ հնարավորություններ է տալիս:
Այնուամենայնիվ նրա համար առաջնահերթը, հոգեհարազատ քանդակագործությունն է,
իսկ նկարում է միայն ազատ ժամանակ: Ի տարբերություն հորը, որդին քանդակով քիչ է զբաղվում` երբեմն փոքրիկ խաչքարեր է պատրաստում, նաեւ խեցեգործությամբ է հետաքրքրվում: «Քանդակագործը
բազմակողմանի զարգացած մարդ պիտի լինի, շատ կարդացած, լավ իմանա անատոմիա,
հոգեբանություն»,- վստահեցնում է քանդակագործը եւ հավելում. «Պատահում է,
որ պատվերը չեմ ընդունում, եթե սխալ բան են պահանջում, բայց բացատրում եմ
դրա անհնարինությունը»: Արդեն 24 տարեկանում Հայկը
ստացել է ժողովրդական վարպետի կոչում, մասնակցել է շատ ցուցահանդեսների,
Երեւանում ունեցել է նաեւ 3 անհատական ցուցահանդես. «Անհատական
ցուցահանդեսը շատ պատասխանատու երեւույթ է, կարծես ստուգողական աշխատանք
լինի: Հատկապես 1-ին ցուցահանդեսիս ժամանակ աննկարագրելիորեն մեծ էր
հուզմունքս»,- պատմում է նա: Իսկ ավագ արվեստագետի
բախտը այս առումով «չի բերել». «Իմ երիտասարդության լավ տարիներին երկիրը
քանդվեց, երկրաշարժ եղավ ու ստիպված էի ավելի շատ կենցաղի մասին մտածել»,-
հիշում է նա: «Երկրաշարժից հետո սկսեց գերեզմանի քարեր քանդակել»,-
հավելում է կինը` տիկին Էլմիրան: Այդ ժամանակ հիմնականում աստվածաշնչյան
թեմաներով քանդակներ էին պատվիրում: Բայց անցյալ տարվանից էլ
գերեզմանաքարեր չի պատրաստում: Ա. Մարկոսյանը շատ
պատվերներ է ստանում, նույնիսկ արտասահմանից. «Ավելի շատ սիրում եմ առանց
պատվերների աշխատել, որովհետեւ սահմանափակված չեմ, իրականացնում եմ բոլոր
մտահղացումներս»: Այդպիսի գործերից մեկն էլ` Քրիստոսի քանդակը, գնել է
բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ տեղադրել է Նորագավիթում: Հայկը
դեռ երիտասարդ է, դեռ չի կարեւորում եկամուտը. «Եթե արվեստը մարդու համար
միայն եկամտի աղբյուր է դառնում, իրականում նա շատ է հեռանում արվեստից, իր
ոճից, իր մտածողությունից»,- ընդգծում է Հայկը: Երիտասարդ արվեստագետին
բարկացնում է, որ այսօր շատերը իբր դիմում են աբստրակցիայի ոճին, ինչ-որ
անհասկանալի բան են գծում ու իրենց նկարիչ են հռչակում. «Մարդ պիտի
կարողանա ակադեմիական նկարն անել, նոր միայն անցնի այլ ոճերի: Սալվադոր
Դալին այնքան լավ էր ակադեմիական նկարչությունից, այն կարգի դպրոց էր
անցել, որ կարող էր Ռեմբրանտի պես դիմանկար նկարել, բայց իր ոճը գտավ
աբստրակցիայի մեջ»: Հայր ու որդի եւս մեկ ընդհանուր
նախասիրություն ունեն` որսորդությունը: Ի տարբերություն հորը, որը մոտ 35
տարի է զբաղվում է որսորդությամբ, Հայկը դեռ ոչ մի կենդանու չի սպանել.
ինչպես նկատում է մայրը, որդուն ավելի շատ որսորդության ռոմանտիկ պահն է
գրավում: Հայկը, թեեւ Երեւանում աշխատանք ուներ,
բայց նախընտրեց վերադառնալ հայրենի քաղաք` Արթիկ: «Ինչ էլ որ լինի, քո
տունն ուրիշ է, մանավանդ որ միայն մեր արվեստանոցում եմ կարողանում լավ
նկարել»,- խոստովանում է Հայկը եւ ավելացնում, որ շատ է ուզում, որ իր
հայրենի քաղաքում երեխաների կապը արվեստի հետ մեծանա: Ծրագրում է Արթիկում,
հետո նաեւ` Արցախում ցուցահանդեսներ կազմակերպել: Ավագ
արվեստագետն էլ պլաններ ունի` կապված իր հայրենի քաղաքի հետ. ուզում է
արթիկցիների պարծանքի` Կարմիր վանքի մոտ մի լավ քանդակ դնել. «Մեր քաղաքի
սիրահարները հաճախ վանքի մոտ են հանդիպում: Մտածում եմ, որ կարելի է նրանց
հովանավոր մի քանդակ անել»: Երիտասարդ արվեստագետը
մի մեծ երազանք էլ ունի, մի երազանք, որը երեւի բնորոշ է բոլոր
նկարիչներինՙ իր գործերը տեսնել աշխարհի ամենամեծ պատկերասրահներում: |