ՆՇՎԵՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆԻ ՏԱՐԵԼԻՑԸ
Ձեռքիս Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի հրավերն էր Հայֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հուլիսի 25-ին մասնակցելու վիահայ անվանի գիտնական, բանաստեղծ ու գրական գործիչ Օքրո Օքրոյանի 75-ամյա հոբելյանական հանդիսությանը:
Իմ պատրաստած «Աբովյանցիներ» կենսագրական հանրագիտարանում Օքրո Օքրոյանի մասին կա հետևյալ տեքստը.
«ՕՔՐՈՅԱՆ ՕՔՐՈ ՄԿՐՏԻՉԻ /ծն.25.07.1939 թ., Վրաստան, Ջավախք, Ախալքալակի շրջան, գ.Տուրցխ - 02.05.2003 թ., Երևան/, բանասիրական գիտությունների թեկնածու /1998 թ./, Հայաստանի գրողների միության անդամ: Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1967 թ.` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ քիմիակենսաբանական ֆակուլտետը:
Երկեր`
1. Հանդիպում ուղեծրում: Ե., 1983:
2. Շուշանաց հովիտ: Ե., 1996:
3. Լեռան զանգեր /վեպ/: Ե., 1996:
4. Աստված սեր է /հտ. 1-4/: Ե., 1998-2003:
5. Գիրք մնացորդաց: Ե., 2000:
6. Արջացած շնագայլերը /վեպ/: Ե., 2003:
7. Երկնաբնակը: Ե., 2004:
8. Երկերի ժողովածու: Ե., 2005:
9. Հատընտիր: Ե., 2006:
10. Նռան հատիկ: Ե., 2007»:
Հրավերը կանչում էր անվանի հայի տարեդարձին:
Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի ճեմասրահը հանդիսությանն արժանի տեսք ուներ. տեղադրված էին Օքրո Օքրոյանի կյանքի տարեգրությունը ներկայացնող լուսանկարային պլակատներ, մի առանձին տեղում` անվանի մտավորականի գրական երախայրիք գրքերը: Բեմը ևս համապատասխան ձևավորում ուներ. մի կողմում Օքրո Օքրոյանի մեծադիր դիմանկարն էր` 75 գրությամբ, մյուս կողմում` էկրան, որի վրա անընդհատ ցուցադրվում էին մտավորականի կյնքի ընթացքում կատարված նկարահանումներից հատվածներ:
Դահլիճում էին Օքրո Օքրոյանի հարազատները, նրա ջավախքցի հայրենակիցները, երևանյան գործընկերները, «Աստված սեր է» գրական հիմնադրամի ներկայացուցիչները, Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության անդամները նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, Վրաստանից ժամանած հյուրերը Անահիտ Բոստանջյանի գլխավորությամբ:
Անվանի բանաստեղծի մասին ջերմ ու սրտագին խոսք ասաց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը:
Երեկոն իրենց անզուգական կատարումներով զարդարեցին վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը, Անդրանիկ Հարությունյանը, Դավիթ Հակոբյանը, Ռուբեն Կարապետյանը, Զարուհի Բաբայանը, երգիչ-երգչուհիներ Իրինա Զաքիյանը, Կարեն Քոչարյանը, Սամվել Գալստյանը /կատարեց Օքրո Օքրոյանի բանաստեղծության հիման վրա իր գրած երգը/, «Կարին» ազգագրական պարի համույթը, «Տաղարան» լարայի քառյակը և ուրիշներ:
Հոբելյանական հանդիսությունը վարեցին հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը և դերասան Սոս Ջանիբեկյանը:
Հոբելյանական հանդիսությունը տուրք էր անվանի հային և ապրողներին մեկ անգամ ևս առընչակից դարձրեց Օքրո Օքրոյան մտածողի խոհին ու խոսքին:
Տիգրան ՊետրոսՅանց
Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն
«Աբովյանցիներ» կենսագրական հանրագիտարանի հեղինակ
«Զորավար» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն
ՀԳ. Մեկ անգամ ևս կարևորեմ Ցուկենբերգյան «Ֆեյսբուքի» կարևորությունը: Հանդիսության դահլիճում այդ հարթակի իմ հարյուրավոր ընկերներն էին: Այստեղ առաջին անգամ առերես հանդիպեցի ևս մեկին` Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ, գյումրեցի Լորետա Լ. Մուրադյանին:
|