ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՐՑՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՍՏԵՂԻ ՀԵՏ...
28.03. 2011 թ.
Այս օրերին ամփոփուեցին «Սփիւռք»
Գիտաուսումնական Կենտրոնում Համաստեղի ստեղծագործութիւնների հիման վրայ
յայտարարուած միջազգային մրցոյթի արդիւնքները, որ հովանաւորել էին
արձակագիր Արամ Սեփեթճեանը (Լիբանան) եւ բանաստեղծ Մանուէլ Ադամեանը (Մեծ
Բրիտանիա): Եզրափակիչ փուլ հասած 10 աշխատանքները ըստ պարտադիր ծրագրի
ներկայացնում էին «Աղջի Եղսիկ» եւ «Աստղկան սայլը» պատմուածքները: Մրցոյթն
անցկացւում էր Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ բանասիրական 4-րդ լսարանի ուսանողների
միջեւ: Արդիւնքներն այսպիսին էին. յանձնախումբը, որը գլխաւորում էր
Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, որոշեց այս անգամ առաջին մրցանակ չշնորհել:
Երկրորդ մրցանակի արժանացաւ Լիլիթ Ալեքսանեանը (Սիւնիքի մարզ, Քաջարան),
երրորդ մրցանակ շնորհուեց երկու ուսանողների` Նարինէ Յարութիւնեանին
(Արագածոտնի մարզ, գիւղ Վարդենուտ) եւ Քրիստինէ Մանուկեանին (Կոտայքի մարզ,
Արայ գիւղ): Ստեղծագործական մրցանակի տիրացաւ Նարինէ Ղուկասեանը`
գեղարուեստական բարձր տեսողութեան համար: Փակման հանդիսութիւնը
կայացաւ Մարտի 28-ին: Բոլոր ուսանողներին տրուեցին յուշանուէրներ: Նրանց
քաջալերողների թւում էին հայրենի բանաստեղծ Մերուժանը, որի «Մելամաղձ»
նորերս հրատարակուած քերթողական ժողովածուն, հակառակ խորագրի, լուսաւորեց
բոլոր մասնակիցներին: Ուսանողներին տրուեցին Արամ Սեփեթճեանի «Տագնապը
բանաստեղծութեան ընդմէջէն» վերլուծական գիրքը: Մանուէլ Ադամեանը եւս
լրացուցիչ մրցանակ էր շնորհել առաջին բնագիծ նուաճած ուսանողի համար: Մի
շարք ուսանողներ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնից ստացան արժէքաւոր
նուէրներ: Միջոցառումը վարում էր Կենտրոնի տնօրէն, սփիւռքահայ
գրականութեան դասախօս Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, ով գնահատեց ուսանողների
աշխատանքը` միաժամանակ ընդգծելով այն դժուարութիւնները, որ յաղթահարում են
նրանք` արեւմտահայ հեղինակների լեզուական եւ գեղարուեստական համակարգերի
իւրացման ճանապարհին: Դասախօսը միաժամանակ հպարտանում է իր սաներով, որոնց
մէջ տեսնում է շնորհակալ այս գործի շարունակականութիւնը: Համալսարանի
ուսումնական գծով պրօռեկտոր, Պրօֆ. Մեժլում Երիցեանը բարձր գնահատեց այն
քայլերը, որոնք բերելու են արեւմտահայ մշակոյթի իւրացմանը Հայաստանում, իսկ
այդ առումով մեծ պատասխանատուութիւն է ընկնում ուսանողների ուսերին: Նա
փոխանցեց նաեւ Համալսարանի ռեկտոր, Պրօֆ. Ռուբէն Միրզախանեանի ողջոյնի
խօսքը: ԵՊՀ գրականութեան դասախօս, Պրօֆ. Սերժ Սրապիօնեանը բարի նախանձով եւ
միաժամանակ հպարտութեամբ է նայում մանկավարժականցիներին: Մշակութային
ճանաչողութիւնը սկսւում է դպրոցից, իսկ ուսուցիչներ հիմնականում այստեղի
շրջանաւարտներն են դառնում: Միջոցառմանը ներկայ էր նաեւ մրցութային
յանձնախմբի անդամ Մարօ Խաչատրեանը: Ուսանողներից ելոյթ ունեցան Լիլիթ
Ալեքսանեանը, Սիրարփի Գէորգեանը, Նարինէ Յարութիւնեանը, ովքեր սրտաբուխ
շնորհակալութիւն յայտնեցին ե՛ւ հովանաւորներին, ե՛ւ «Սփիւռք»
Գիտաուսումնական Կենտրոնին, ե՛ւ համալսարանի ղեկավարութեանը: Հանդիսութեան
աւարտին մասնակիցների համար բացուեց սիրոյ սեղան: Նշենք, որ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում մրցոյթն աւանդական է: Այն իրականացւում է 2000-ից ի վեր:
|