ՀԵՐՄԻՆԵԻ ՄԵԾ ԲԵՄԵԼԸ
19.04.2011 թ.
Ապրիլի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում բանաստեղծության հրավառություն էր: ,,Մշակութային,, մարդկանց ու ամենասովորական հանդիսատեսին դահլիճ էր բերել ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող, Գավառի պետական թատրոնի դերասանուհի Հերմինե Պետրոսյանը: Դերասանուհին հանդես եկավ մենահամերգով: Հերմինեն համերգն սկսեց Արամայիս Սահակյանի ,,Հայաստան,, բանաստեղծությամբ և իր երկժամյա ծրագիրն ավարտեց Ավետիք Իսահակյանի ,,Հայաստան,, բանաստեղծությամբ: Փաստենք, որ ծրագրում հնչեցին նաև Պարույր Սևակի և Լևոն Բլբուլյանի ,,Հայաստանները,,: Հերմինեն լայն ընտրություն էր կատարել: Հնչեցին Վահան Տերյանի /,,Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին..,,, ,,Երբ կհոգնես,,/, Սիլվա Կապուտիկյանի /,,Աչք ենք բացել Երևանում,,, ,,Քելե լաո,,/, Ավետիք Իսահակյանի /,,Երբ բաց եղան...,,/, Ռազմիկ Դավոյանի /,,Բանաստեղծները չեն ծերանում,,/, Սայաթ Նովայի /,,Դուն էն գլխեն..,,/ բանաստեղծությունները: Դերասանուհին կարդաց նաև այլ հեղինակների գործեր: Հերմինեի որոշ ընթերցումներին ,,օգնեցին,, ՀՊՄՀ ջութակահարների անսամբլը, Հայկ Երեմյանի դուդուկահարների խումբը: Հերմինեին ողջունեցին և հետագա հաջողություններ մաղթեցին բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, Գավառի պետական թատրոնի ռեժիսոր Գառնիկ Պողոսյանը: Ասմունքի երեկոն վարեց հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանը:
|