Տեղեկատվություն
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Դեկտեմբերի 20-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ 2018 թ-ի լավագույն ընթերցող մրցույթի հաղթողների վկայականներ հանձնելու արարողությունը:
Գրքի մեծարման մրցանակաբաշխություն
20.12.2018
9 տարի առաջ ստեղծված «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությունը մի հարթակ է, որտեղ մեծարվում է գիրքը:
Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին «Լավագույն ընթերցող» ամենամյա մրցանաբաշխության արդյունքները, որի ընթացքում մրցանակներ և վկայականներ հանձնվեցին 10 ֆակուլտետների, ՀՊՄՀ հիմնական և ավագ դրպրոցների լավագույն ընթերցողներին։
Գիրքը տիեզերք է, և այդ տիեզերական մտածողությունն է գիրքը հասցնում սերունդներին,- ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը այսպես ողջունեց ուսանողներին, կրթության առաջին գծում ՝ խրամատում կանգնած մասնագետներին և ասաց, որ գրքերը գրադարաններում կապրեն միշտ, քանի դեռ կա ընթերցողը: «Ապագան որքան էլ տեխնիկապես զարգացած լինի, անգամ եթե օդում մատներով սկսենք գրել, գիրքը չի մեռնի. գրքի մահվան մասին բոլոր խոսակցությունները չափազանցված են»,- ասաց Տիգրան Պետրոսյանցը:
Որպես գրադարանի տնօրեն՝ նա հավաստիացրեց, որ ուսանողները մշտապես օգտվում են գրքից, այցելում համալսարանի գրադարան՝ թե գեղարվեստական, թե մասնագիտական գրականությունից օգտվելու. տարվա ընթացքում նրանցից մի քանիսն օգտվել է անգամ 350 տպագիր նյութից:
Ամեն տարի ՀՊՄՀ Գիտական գրադարանի տպագրած գրքույկները պատմում եմ լավագույն ընթերցասեր ուսանողների մասին: Տասնյակ հազար տպագիր գրքեր, էլեկտրոնային գրականություն. հնի և նորի այս համակցումը ծառայում է բուհի բոլոր մասնագիտությունների ուսուցման օժանդակմանը:
Միջոցառմանը ներկա ֆակուլտետների դեկանները կարևորեցին ամեն տարի անցկացվող ձեռնարկը՝ վկայակոչելով գրքի մեծարման առանձնահատկությունը: Նրանք վստահեցրին, որ մրցանակակիրներին կարելի է համարել խիզախ՝ թղթային ընթերցանությունը արժևորելու գործում:
2018 թվականի «Լավագույն ընթերցող» ճանաչվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Օհանյանը: Մրցանակների արժանացան նաև ՀՊՄՀ Հենակետային վարժարանի աշակերտ Արինե Մխիթարյանը և ՀՊՄՀ № 57 հիմնական դպրոցի աշակերտ Հասմիկ Հովսեփյանը: Հաղթողներին շնորհավորեցին և նվերներ հանձնեցին ֆակուլտետների դեկանները, համալսարանի հիմնական և ավագ դպրոցների տնօրենները, ծնողներն ու ընտանիքի անդամները:
«Ամենակարդացված հեղինակ» անվանակարգում 7-րդ տարին անընդմեջ ամենապահանջված ոչ համալսարանական հեղինակ է դարձել հոգեբան Ալբերտ Նալչաջյանը (գրքերը պահանջվել են ավելի քան 25.000 անգամ), իսկ բուհից՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Իսկանդարյանը (գրքերը պահանջվել են ավելի քան 10.000 անգամ):
Մանկավարժական գերժամանակակից ընթերցասրահում այսօր առկա է 509.996 միավոր գրքային ֆոնդ:
Աղբյուրը՝
https://aspu.am/hy/content/grqi_metsarman_mrcanakabashkhutyun/#sthash.yg1kt9m4.dpbs
|