ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՎ ՔՐԻՍՏԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ Ապրիլի 4-ին Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետ էր այցելել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը : Հանդիպման սկզբում բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը
Շարմազանովին ներկայացրեց նախ որպես Մանկավարժական համալսարանի
շրջանավարտի, ապա` իր գաղափարներին հավատարիմ, հայրենասեր եւ
քաղաքականության գիտակ մարդու: Շարմազանովը,
կարեւորելով երկրի ներկայիս իրավիճակին տեղեկացված լինելը, ուսանողներին
ներկայացրեց «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով
դասախոսություն: Դասախոսության ընթացքում ԱԺ
փոխնախագահը վերլուծեց ՀՀ-ի հետ առնչություն ունեցող տարբեր երկրների
քաղաքական վիճակը, ապա` դրա համատեքստում, նաեւ Հայաստանի Հանրապետության
վարած արտաքին քաղաքականությունը: Խոսելով Արցախ-Ադրբեջան հարաբերությունների մասին` Շարմազանովը հստակեցրեց. «Արցախն
իր անկախությունը հայտարարել է դեռ Ադրբեջանից առաջ: Դարերի ընթացքում
մենք մեր արյամբ ենք ապացուցել, որ հայն ապրելու եւ արարելու իրավունք
ունի: Ադրբեջանն այսօր լուրջ հակահայկական քաղաքականություն է վարում բոլոր
ուղղություններով: Սա նշանակում է, որ արտաքին քաղաքականությունում մենք
նույնպես պետք է լինենք նախաձեռնող»: Դիմելով
ուսանողներին` Շարմազանովն ընդգծեց, որ հայերն իրավունք չունեն հետ մնալու
աշխարհից եւ նրան համընթաց չքայլելու: Այսօր յուրաքանչյուրն ունի
ինֆորմացիա տարածելու լայն հնարավորություն, պարզապես պետք է կարողանալ
մրցունակ լինել տեղեկատվական տարածքում: Նա նաեւ
առաջարկեց ազգայինը քարոզելու համար պայքարել հնարավոր բոլոր
տարբերակներով, մինչեւ անգամ` ինֆորմացիայի տարածումը սոցիալական
ցանցերում: Դասախոսության ընթացքում
վերլուծությունների, փաստերի համադրմամբ Շարմազանովը համեմատություններ
կատարեց Հայաստանի եւ հարեւան պետությունների միջեւ: «Մեզնից
շատերն անգամ չեն էլ պատկերացնում, որ Հայաստանն այսօր չհայտարարված
պատերազմի մեջ է: Մենք պետք է պատրաստ լինենք 21-րդ դարի նետած
մարտահրավերներին: Հայաստանն այսօր հարեւանների հետ հարաբերությունները
կառուցում է երկարատեւ խաղաղության եւ կայունության սկզբունքներով: Ուստի
պետք է առաջնորդվել միայն ազգային-պետական շահերով, ազգային խնդիրներով,
լինել միասնական եւ իրականացնել ճկուն հայակենտրոն քաղաքականություն»,-
ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: Մեջբերելով Գարեգին
Նժդեհի խոսքը` նա հորդորեց ուսանողներին հպարտանալ հայ լինելու համար, քանի
որ նրանք են կերտում անկախ պետության պատմությունը. «Այն մարդը, որը
դժգոհում է իր հայրենիքից, նա տառապում է ոգու
հիվանդությամբ»,-դասախոսության ավարտին ասաց Էդուարդ Շարմազանովը: Դասախոսությանը
ներկա բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը հանդիպման ավարտին
դիմելով ԱԺ փոխնախագահին, ասաց. «Փաստերով ապացուցված վերլուծությունը եւ
աշխարհաքաղաքական զարգացումների մասին Ձեր փոխանցած տեղեկատվությունը մեզ
անչափ մտահոգեց»: Բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Վանուհի Բաղրամյանը
շատ է կարեւորում նման դասախոսությունները. «Մեզ համար կածրատիպ է
դարձել, որ քաղաքական գործիչները խոսում են միայն տերմիններով: Հաճելի էր
լսել Էդուարդ Շարմազանովի այս յուրօրինակ դասախոսությունը, որում
տերմիններին փոխարինում էր հայրենասիրական ոգին: Մեզանից յուրաքանչյուրն
իրեն զգաց հայրենիքի համար մղվող գաղափարական պայքարում հզոր
անհատականություն»: Ի դեպ, ազգայինը քարոզելու համար բանասիրական ֆակուլտետում հաճախ են կազմակերպվում միջոցառումներ, բաց դասեր, դասախոսություններ: |