| 
				
			 Հայկական մանկավարժական և Սոֆիայի համալսարանները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
 
 
 04.04.2012
  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո 
Բորիսովի ներկայությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական 
մանկավարժական համալսարանը և Բուլղարիայի լավագագույն բուհը՝ Սոֆիայի 
Սբ.Կլիմենտ Օրխիդսկու անվան համալսարանը հինգ տարվա ժամկետով 
համագործակցության հուշագիր ստորագրեցին: 
 «Մեր երկրների 
բուհերի միջև լավ հին կապեր են հաստատված:Արդեն երկար տարիներ 
համալսարանում ներառված է «հայագիտություն» առարկան»,- երեքշաբթի ՀՀ 
վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց 
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: 
 Բացի այդ, Բորիսովը 
նշեց, որ հինգ տարվա ընթացքում համալսարանական հրատարակչությունում 
բուլղարերեն լեզվով հրատարակվել է Հայաստանի պատմության մասին 
երեքհատորանոց գիրքը:  
 «Համաձայնագիրն առաջիկա հինգ տարիների
 ընթացքում բուհերի միջև համագործակցություն է նախատեսում»,-ասաց 
մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: 
 Նա 
նշեց, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է համատեղ գիտաժողովների 
անցկացում, ուսանողների, դասախոսների և ադմինիստրատիվ աշխատողների 
փոխանակություն, համատեղ հետազոտությունների կատարում, ուսումնական 
ծրագրերի իրականացում ըստ աշխատանքային ծրագրում նշված առարկաների, 
վկայագրերի փոխադարձ ձանաչում: 
 Համագործակցությունը կլինի 
կրթության, գիտական և ուսումնամանկավարժական գործունեության ոլորտներում` 
ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունների և միջոցների 
կիրառմամբ: 
 Հայկական մանկավարժական համալսարանի ռեկտորը 
չբացառեց ստորագրված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում Բուլղարիայի 
պատմությանը վերաբերող գիտահետազոտությունների անցկացումը: 
 Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922թ-ին: 
 Սոֆիայի
 համալսարանը, որը կրում է սլավոնական գրի հիմնադիրներից մեկի՝ Սբ. Կլիմենտ
 Օրխիդսկու անունը, Բուլղարիայի ավագագույն բուհերից է և հիմնադրվել է 
1888թ-ին: 
 Սոֆիայի Սբ.Կլիմենտ Օրխիդսկու անվան համալսարանի ներկայիս ռեկտորը պատմական գիտությունների դոկտոր, 13 գրքերի հեղինակ  Իվան Իլչևն է:Ի
 դեպ, հետաքրքիր համընկնումով  համաձայնագիրը կնքած երկու ռեկտորներն ունեն
 մի շարք նմանություններ: Նրանք երկուսն էլ պատմական գիտությունների դոկտոր
 են, յուրաքանչյուրն իր երկրում ավարտել է նույն համարը կրող` 114 
անգլիական թեքումով դպրոցը, և մինչև ռեկտոր ընտրվելը եղել են նույն 
համալսարաններում ֆակուլտետի դեկաններ, երկուսի հայրերն էլ աշխատել են 
նույն բուհերում, և մասնագիտությամբ պատմաբաններ են:   
 
 |