Նա, ով դադարում է կարդալ, դադարում է մտածել
19.02.2014
«Գիրքն ունի զարմանալի հատկություն. եթե սիրում ես կարդալ,
աշխատել գրքի հետ, թանկ է դառնում ամեն ինչ, այդ թվում` էջերը թերթելու
բացառիկ հաճույքը»,- այսօր Մանկավարժական համալսարանում գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում նշեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս
նկատեց`գուցե համակարգչում ունենաս գրքերի մի ամբողջ պահոց, սակայն
տպագիր գիրքը ստեղծում է յուրահատուկ զգացողություն, այն, ինչ չի կարող
հաղորդել և ոչ մի էլեկտրոնային միջոց:
Գիրք
նվիրելու օրվա առթիվ բուհում հյուրընկալվել էր ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ
շրջանավարտ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս իր անմիջական մասնակցությունն էր
բերել Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված գրքահավաքին:
Ընդամենը
մի քանի օրում հավաքվել է շուրջ 300 միավոր գրականություն, որն
առաջիկայում կնվիրաբերվի Նոյեմբերյանի զորամասերից մեկի գրադարանին:
Ի
դեպ, գրադարանին գիրք նվիրելու խնդրանքով Էդուարդ Շարմազանովին դիմողը
Նոյեմբերյանի զորամասի զինծառայող, Մանկավարժական համալսարանի շրջանավարտն
է:
«Ամիսներ
առաջ, երբ աշխատանքային այցով գտնվում էի Նոյեմբերյանի զորամասում և լսեցի
գրքեր հավաքագրելու խնդրանքը, անմիջապես դիմեցի «մայր բուհիս». արձագանքը
չուշացավ. ուրախ եմ, որ ռեկտորի և ուսանողների նախաձեռնությամբ ձեռնարկը
հաջողություն ունեցավ»,-նշեց Աժ փոխնախագահն ու հավելեց. «Դուք եք ապագա այն
մանկավարժները, ովքեր դաստիարակելու են մեր երկրի քաղաքացիներին և
այսօրվա ձեր գործունեությունից է կախված է, թե ինչպիսին կլինի մեր երկրի
ապագան»:
Էդուարդ Շարմազանովը
ներկաներին շնորհավորեց նաև մեկ այլ կարևոր տոնի` Ամենայն Հայոց Բանաստեղծ
Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակի առթիվ:
Կարևորելով
գրքի և ընթերցանությանը դերը` վերջինս նկատեց.«Իդեալական կարելի է համարել
այն երիտասարդին, ով մի ձեռքում պահում է սուրը, իսկ մյուսում` գիրքը.ի
վերջո, նա, ով դադարում է կարդալ, դադարում է մտածել»: Աժ
փոխնախագահի հետ համամիտ է նաև Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի,
գրքահավաքի մասնակից Լիլիթ Վահանյանը:Օրվա խորհրդի հետ կապված Լիլիթը ևս
ակնկալիքներ ունի` Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխան»-ի տեսքով,
իսկ իր նվերը զինվորներին` ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի գրքերից է: Ի
դեպ, գիրք նվիրելու օրվա շրջանակներում այսօր համալրվեց նաև ՀՊՄՀ գիտական
գրադարանի գրապահոցը. ԱՄՆ դեսպանատունը Մանկավարժական համալսարանին է նվիրել 6
անուն գիրք:
|