Մանկավարժականի ամենակրտսեր այցելուները գիտական գրադարանում 27.02.2013
«Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին
մեռնի՜մ, ձեր արևին ղուրբա՜ն. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր
հավատը ղայիմ բռնեցեք». Խաչատուր Աբովյանի այս ուղերձով ոգեշնչված՝ Մանկավարժական համալսարան էին այցելել Վահան Թոթովենցի անվան №57 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները: Բուհի
ամենափոքրիկ հյուրերը շրջեցին թանգարանում, ծանոթացան համալսարանի
պատմությանը, անվանի շրջանավարտներին: Թանգարանի գիտաշխատող Սիրարփի
Անանյանի օգնությամբ և աշակերտների անմիջական մասնակցությամբ ներկաները մի
պահ տեղափոխվեցին 5-րդ դար. բեմադրվեց հայ գրի ստեղծումն ու տարածումը,
ապա կրտսեր աբովյանականները ներկաներին հղեցին Մեծ Լուսավորչի մտքերը
մայրենի լեզվի պահպանման մասին: Դասվար Կարինե
Մանգոյանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին և կամավոր ուսանողներին
աջակցության համար՝ նշելով. «Այս այցելությունը կարծես երկրորդ
շնչառություն լիներ մեզ համար: Մեր աշակերտներն իրենց ելույթով
պարտավորվում են լինել Խաչատուր Աբովյանի արժանի հետնորդներն ու բարձր
պահել նրա անունը կրող կրթօջախի բարի համբավը»: Աշակերտների հաջորդ կանգառը բուհի գիտական գրադարանում էր: «Գիրքը
մարդու ամենալավ բարեկամն է. սիրեք նրան». այսպես ողջունեց գիտական
գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Աշակերտները շրջեցին ընթերցասրահում,
ծանոթացան հարուստ գրականություն ունեցող գրապահոցներին՝ խոստանալով մի
քանի տարի անց լինել այս ընթերցասրահի ամենասպասված ուսանողները: Աշակերտներին
սպասվում էր մեծ անակնկալ. նրանք գրադարանում հանդիպեցին նաև իրենց
դասագրքերի հեղինակներ մանկավարժական գիտությունների թեկնածու Սուրեն
Իսկանդարյանին, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ
Տեր-Գրիգորյանին, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան մանկավարժական
գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե խաչատրյանին ու Հայոց լեզվի և
տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների
թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանին: Հանդիպման
ավարտին միջոցառման նախաձեռնող Սկզբնական կրթության ֆակուլտետը
աշակերտներին նվիրեց ուղղագրական ու հատուկ անունների բառարաններ, տետրեր և
հուշանվերներ, իսկ Տիգրան Պետրոսյանցը դպրոցի գրադարանին նվիրեց իր
հեղինակած «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «Խենթերը» գրքերը:
|