21.01.2013
Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի հումանիտար
գրականության ընթերցասրահը Հայոց բանակի հիմնադրման 21-ամյակին ընդառաջ
կազմակերպել է բացառիկ ցուցահանդես:
«Հայոց
բանակ 21» խորագրով ցուցադրությանը ներկայացված են Արցախյան ազատամարտի,
հայոց կանոնավոր բանակի ստեղծման, տարեգրության, զարգացման և ներկայիս
նվաճումների մասին պատմող 160 գիրք, գրքույկ:
Վերջին 21 տարում հրատարակված գրքերից շուրջ 100-ը նվիրված են Արցախյան գոյամարտին և դրան մասնակից մարտիկներին:
Գրադարանի
տնօրեն, պատմաբան, մատենագետ, Արցախյան ազատամարտի մասնակից Տիգրան
Պետրոսյանցը վստահեցնում է` ոչ մի գրադարանում բանակաշինությանն ու
Արցախյան պատերազմին նվիրված գրքերի նման քանակություն չես հանդիպի:
«Առաջին
անգամ կազմակերպված այս ցուցադրությունը կնպաստի ուսանողի
ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Հատկապես ուրախալի է, որ
գրականությունից օգտվելու համար մեր համալսարան են այցելում այլ
ուսումնական հաստատությունների ուսանողներ ևս»,-ասաց Տիգրան Պետրոսյանցը:
Վերջինս
տեղեկացրեց, որ ցուցադրությունը կտևի մեկ ամիս և հորդորեց` չդժգոհել նման
գրքերի սակավությունից` որպես ապացույց մատնանշելով ցուցադրությանը
ներկայացված գրքերը:
Նշենք, որ «Հայոց
բանակ 21» ցուցադրությանը ներկայացված են Արցախյան ազատագրական շարժման
կազմակերպիչներից ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր
հրամանատար, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի «Հայոց բանակ- 10» գիրքը, Հայոց
բանակի հիմնադիրներից, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ
Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն», ՀՀ
պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի
«21-րդ դարի բանակ», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» և այլ
գրքեր: