Սեյրան Օհանյանը Մանկավարժականի հյուրն էր
15.11.2012
Մանկավարժական համալսարանում տարբեր այցերով շարունակում են նշվել
բուհի հիմնադրման 90-ամյակը: Այդ առթիվ այսօր բուհում էր ՀՀ պաշտպանության
նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով
գիտական խորհրդի անդամներին և պրոֆեսորադասախոսական կազմին` նախարարը
նկատեց. «Մանկավարժ լինելն ամենապատվաբեր մասնագիտությունն է. չկա մի ոլորտ
որտեղ մանկավարժի դերակատարումն ընդգծված չլինի: Մանկավարժական
համալսարանի դերը հսկայական է մեր ժողովրդի պատմության բոլոր
ժամականերում`այդ թվում նաև հայոց բանակի կազմավորման գործում:
Արցախի
ազատագրմանը մասնակցած Մանկավարժականի կամավորական ջոկատների և բուհի
շրջանավարտներ Մովսես Գորգիսյանի, Մեխակ Մեխակյանի, մյուս 11 հերոսների
մասնակցությունն այդ պատերազմում շրջեցին պատմության անիվը:
Այսօր
էլ բուհը պատմական, ճանաչողական այցերի միջոցով անում է ամեն ինչ ապագա
սերնդի մոտ ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար»: Նախարարը
կարծում է, որ մանկավարժությունն ու ռազմարվեստը շատ նմանություններ
ունեն. հայ մանկավարժներն այսօր էլ ծառայում են հայոց բանակում,
զբաղեցնում բարձր պաշտոններ և իրենց գրագիտությամբ, նվիրումով ու
գործունեությամբ ոչնչով չեն զիջում կադրային սպաներին:
Սեյրան
Օհանյանը հույս հայտնեց, որ ուսուցիչների դարբնոցը կիրականացնի իր առջև
դրված խնդիրները, համագործակցությունն էլ կլինի շարունակական: Մանկավարժական
համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն
Միրզախանյանը մեծ պատիվ համարեց Սեյրան Օհանյանի այցը. «Մեկ անգամ ևս
ծանոթանալով Ձեր կենսագրությանը` հպարտանում եմ, որ անկախության շրջանում
մեր մեծագույն ձեռքբերումը`հայոց բանակը, հենց դուք եք ղեկավարում:
Մեզ
պատկանող հողը վերադարձնելու արդարացի պայքարում Ձեր` Արցախի ազգային
հերոսի լուման ևս հսկայական է: Տարիներ շարունակ Հայոց բանակի և
Մանկավարժական համալսարանի միջև եղել է սերտ համագործակցություն:
Ամեն
շաբաթ մեր Ուսանողական խորհուրդը, դասախոսներն այցելում են տարբեր
զորամասեր, իսկ մեր վերջին` ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական
կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ
ԶՈՒ զորամասերում» փորձնական ծրագիրը ևս մեկ անգամ ամրապնդեց այդ
համագործակցությունը»,-հավելեց ռեկտորը:
Սեյրան
Օհանյանը պատասխանեց Գիտխորհրդի անդամների`բանակի հրամանատարության
կրթական որակին, սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերին:
Հանդիպման
ավարտին Ռուբեն Միրզախանյանը Սեյրան Օհանյանին հանձնեց Մանկավարժական
համալսարանի 90-ամյակի հոբելյանական մեդալը, բուհի պատմությունն ու
տարեգրությունը ներկայացնող պատկերազարդ ալբոմի առաջին օրինակն ու
Կիրառական արվեստի բաժնի ուսանողի պատրաստած հուշանվերը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռուբեն Միրզախանյանին` «Զինված ուժերի հետ
արդյունավետ համագործակցության, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակության
ներդրման» և Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ հանձնեց «Անդրանիկ
Օզանյան» և «Հայոց բանակի 20-ամյակ» մեդալները:
Նախարարը արծաթազօծ կոմպոզիցիա նվիրեց 90-ամյա հոբելյանը նշող համալսարանին. Այն տեղ կգտնի Համալսարանի նորաստեղծ թանգարանում:
Նախարարի
հրամանով «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեցին Բանասիրական
ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը, Պատմության և իրավագիտության դեկան Էդիկ
Գևորգյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանը, Կրթության
հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիդա Արամյանը,
իսկ «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեց Շախմատի և սպորտի ամբիոնի
պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանը: |