Բիզնեսը նախևառաջ փիլիսոփայություն է
02.11.2012
«Ցանկացած գործ սկսելուց առաջ շատ կարեւոր է գիտակցել, հոգու
խորքում զգալ եւ վարակվել ձեր գեղեցիկ գաղափարի իրականացման հեռանկարով,
իսկ նպատակին հասնելուց հետո
հիանալ արածի արդյունքով»,-սա է ռադիոինժեներ, տնտեսագիտության թեկնածու,
գործարար եւ բարեգործ Ռուբեն Գրիգորյանի` բիզնեսում հաջողությունների
հասնելու գլխավոր նախապայմանը: «Ինչից է սկսվում
բիզնեսը» թեմայով դասախոսության շրջանակում Ռուբեն Գրիգորյանի` բիզնեսի
«փիլիսոփայության» գաղտնիքներին այսօր ծանոթացան Մանկավարժական համալսարանի
պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները.նա Հայաստանում է բուհի
հրավերով: Մոսկվայի առաջատար
ներդրումային-շինարարական «РУЦОГ» հոլդինգի ղեկավարը տեղին է համարում
հայտնի այն ճշմարտությունը, թե լավ սկիզբը գործի կեսն է, ապա խորհուրդ
տալիս` համադրել դոնկիխոտյան երազկոտությունն ու մաթեմատիկոսի
սթափությունը:
Ռուբեն Գրիգորյանը վստահ
է` բիզնեսն ավելին է քան հասարակ տնտեսագիտական հաշվարկը. դա նախ և առաջ
փիլիսոփայություն է, աշխարհայացք, որտեղ հաջողության են հասնում զգայուն
մարդիկ.«Կարծում եմ` ամենախելացի և հաջողակ մարդիկ նրանք են, ովքեր ամեն
ինչ խորությամբ են զգում: Նրանց նեսում ինչ-որ բան է խմորվում. նրանք են
ծնում մտքեր. անզգա, անկենդան մարդը գործի մարդ չէ»: Մանկավարժական
համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն
Միրզախանյանն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը ուսումնական
հաստատություններում.«Այս դասախոսությունը ևս մեկ անգամ ապացուցեց`
աշխատասիրությունը, տաղանդն ու նպատակասլացությունը կարող են օգնել ցանկալի
արդյունքի հասնելուն: Ռուբեն Գրիգորյանի օրինակը կօգնի այսօրվա հայ
ուսանողին հավատալ այդ ճշմարտությանը»:
Բուհի
ռեկտորը հանդիպման ընթացքում Ռուբեն Գրիգորյանին շնորհեց Մանկավարժական
համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, որին հաջորդեց ջազային
կատարումներով և ազգագրական պարերով հագեցած համերգային ծրագիրը:
Նշենք,
որ մեր հայրենակից Ռուբեն Գրիգորյանը 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի
պատվավոր շինարար: Նրա ղեկավարած «РУЦОГ» հոլդինգը շինարարական ոլորտում
զբաղեցնում է առաջատար դիրք: Հոլդինգն աչքի է ընկնում նաեւ բարեգործական
նախագծերով՝ հատկապես եկեղեցաշինության ոլորտում: «РУЦОГ»
-ի բարեգործությամբ են կառուցվել Հայ Առաքելական եկեղեցու Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմերի նստավայրերը, ինչպես նաեւ Հայաստանի
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին: |