Նոր նախագծեր Գիտական խորհրդի նիստում
01.11.2012
Մանկավարժականում գիտական խորհրդի հերթական նիստը սկսվեց
անակնկալով. գիտխորհրդի անդամներն առաջիններն էին, ում ռեկտոր Ռուբեն
Միրզախանյանը արժանացրեց բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալների: Մանկավարժական
համալսարանի նոր Կանոնադրության վերաբերյալ զեկուցեց Ընդհանուր հարցերի
գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Խոսելով բուհում կատարվող արմատական
բարեփոխումների, ռազմավարական նոր խնդիրների և մարտահրավերների մասին` նա
գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Կանոնադրության նոր նախագիծը`
ամբողջական և մշակված տարբերակով: «Համալսարանի
գործող Կանոնադրությունը հաստատվել է դեռևս 10 տարի առաջ` ՀՀ կառավարության
որոշմամբ: Նոր Կանոնադրության նախագծի համաձայն` փոփոխություններ և
լրացումներ են առաջարկվում բոլոր բաժիններում,վերաշարադրվել են մի շարք
դրույթներ: Ամբողջությամբ տարանջատվել են Համալսարանի աշխատողների և
ուսանողների իրավունքներն ու պարտականությունները»,- նշեց Արմեն
Թամազյանը:
Հայցորդների
և ասպիրանտների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների
ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Գիտության և հետբուհական
կրթության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը: Վերջինս
նշեց, որ ուսումնասիրության հիմնական նպատակն է նախապատրաստվել Համալսարանի
գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման բարեփոխումներին և
հայցորդների համար կրեդիտային համակարգի ներդրմանը: «Ուսումնասիրության
ընթացքում անդրադարձել ենք ուսումնահետազոտական և գիտական աշխատանքների
անհատական պլանին, դրա կատարմանը, հայցորդի կամ ասպիրանտի ընդհանուր և
մասնագիտական պատրաստվածությանը, ատեստավորմանը: Ատենախոսության թեմայի և
գիտական ղեկավարի հաստատման կարգի նախագիծը հնարավորություն կտա
ասպիրանտների և հայցորդների հետ աշխատանքներն իրականացնել առավել ողջամիտ և
կանխատեսելի`նպաստելով նրանց գիտական գործունեությանը»,-հավելեց
Հետբուհական կրթության գծով պրոռեկտորը: Գիտական խորհրդի քննարկմանն առաջադրված հաջորդ հարցը վերաբերվում էր համալսարանում պրակտիկայի գործընթացին: Սկզբնական
կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ներկայացրեց մանկավարժական
պրակտիկայի թղթապանակի կիրառման կառուցվածքն ու ընթացակարգը, դրույթները,
ուսանողների մանկավարժական պրակտիկայի շրջափուլերը, սկզբունքները: Վերջինս
վստահեցրեց` պրակտիկայի թղթապանակը նպատակ ունի մանկավարժական գնահատման
բարելավման և զարգացման միջոցով նպաստել սովորողների ուսումնական
ձեռքբերումներին և մասնագիտական կոմպետենցիաներին: Հեղինե
Խաչատրյանը նաև նշեց, որ հիմք ընդունելով տվյալ ուսումնական տարում
մանկավարժական պրակտիկայի ընթացքում դրա կիրառման արդյունավետությունը`
տարեկան մեկ անգամ ընթացակարգը կարելի է պարբերական գնահատման և վերանայման
ենթարկել: Գիտխորհուրդը որոշեց ֆակուլտետների,
ամբիոնների և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմել
հանձնաժողով` ուսանողների պրակտիկայի փաստաթղթային փաթեթի նախագիծը
լրամշակելու համար: Օրակարգում
ընդգրկված հաջորդ հարցի`ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման
կարգի մասին զեկուցեց Կրթության զարգացման և որակի ապահովման վարչության պետ
Մկրտիչ Ավագյանը: Նա վստահ է` գնահատումը միջոց է մի կողմից հավաստելու
ուսանողների առաջադիմությունը, յուրացրած գիտելիքի մակարդակը, ստացված
վերջնարդյունքը, մյուս կողմից` դրա համապատասխանությունը կրթական
նպատակներին և խնդիրներին: Կրթության զարգացման
մասնագետը կարծում է, որ ուսանողի գնահատման հիմքում պետք է ընկած լինեն
օբյեկտիվությունը, մատչելիությունը, արդյունավետությունը, չափելիությունն
ու թափանցիկությունը: Այն հնարավոր կլինի վերահսկել ընթացիկ, միջանկյալ
ստուգումների և հանրագումարային ամփոփման միջոցով, իսկ գնահատման
առավելագույն ցուցանիշ սահմանել 100 միավոր`նախկին 20-ի փոխարեն: Գիտխորհրդի նիստում առաջադրված բոլոր նախագծերն արժանացան ներկաների հավանությանը: Նիստի
ավարտին փակ քվեարկության արդյունքում հայտնի դարձավ, որ համալսարանի
Հատուկ մանկավարժության և հոգեբանության, Փիլիսոփայության և տրմաբանության,
Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնների վարիչներ ընտրվեցին
վերոնշյալ ամբիոնների վարիչների պաշտոնակատարները: |