Մանկավարժականում թևածեց պոեզիայի շունչն ու ոգին
26.10.2012
«Բարև, Մեկ
հատիկ այս բառն եմ ասում…» Պարույր Սևակի այս անզուգական
բանաստեղծությամբ էլ մեկնարկեց Ուսանողական գիտական ընկերության
կազմակերպած ասմունքի ամենամյա մրցույթ-փառատոնը, որն անցկացվում էր
Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների
շրջանակում: Երկրորդ անգամ անցկացվող ասմունքի
փառատոնին մասնակցում էին բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողները, որոնք
հանդես եկան իրենց հեղինակած ստեղծագործություններով: Լավագույններին
ընտրելու իրավունքը վստահված էր բանասիրական գիտությունների թեկնածու,
դոցենտ Յուրի Հովհաննիսյանին, Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա
Հովհաննիսյանին, Աշոտ Աբրահամյանի անվան հայոց լեզվի և գրականության
դասավանդման մեթոդիկայի կաբինետի վարիչ Հասմիկ Սահակյանին՝ բանասիրական
գիտությունների թեկնածու, դոցենտ Աբգար Ափինյանի նախագահությամբ: Արդյունքների
ամփոփումից պարզ դարձավ, որ «Լավագույն հեղինակային ստեղծագործություն»
անվանակարգում երրորդ մրցանակին արժանացավ Հատուկ կրթության ֆակուլտետի
4-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Հարությունյանը: Նրան մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի նախագահ և քաղաքապետի օգնական Սամվել Մեթաջյանը: Երկրորդ
մրցանակին արժանացած Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի
2-րդ կուրսի ուսանող Ժորա Հակոբյանին պարգևատրեց ուսումնական և
գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր
Մելիք-Բախշյանը: Վերջինս առաջարկեց, որ հաջորդ տարի կազմակերպվի ավելի
մեծամասշտաբ՝ ասմունքի միջբուհական մրցույթ-փառատոն: Նույն
անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և
ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ադամյանը, ում
մրցանակը շնորհեց Աիդա Հովհաննիսյանը: Նա
ողջունեց միջոցառման անցկացումն ու վստահեցրեց՝ այս մրցույթ-փառատոնը և´
հեղինակների, և´ ասմունքողների համար կարևոր քայլ է դեպի պոեզիա: Նա
ժյուրիի անդամների անունից խոստովանեց՝ լավագույնին ընտրելը դժվար է եղել: «Լավագույն
ասմունքող» մրցանակին արժանացավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
շրջանավարտ Սյունե Մանուչարյանը, ում մրցանակը հանձնելու համար բեմ
հրավիրվեց Ուսանողական գիտական ընկերության նախագահ Գեորգի Գաբրիելյանը: «Այսօրվա
միջոցառումը վկայությունն է այն բանի, որ մեր համալսարանում կան շնորհաշատ
ուսանողներ: Կարող ենք վստահորեն ասել՝ մեր վաղվա դպրոցները հուսալի
ձեռքերում են»,-նշեց Գեորգի Գաբրիելյանը: Միջոցառումն
ամբողջական դարձրեցին Մարիամ Մելիք-Բախշյանի, Էմիլի Ղուկասյանի, Հայկազն
Եփրեմյանի ու Յուրի Աբրահամյանի երաժշտական կատարումները:
|